Սարգիս Ծատուրյան

Հայկական Երազանք

Կարդալ գիրքը

Նախաբան

Ի՞նչ է երազանքը։ Դա ապագայի վերաբերյալ դրական պատկերացումների ամբողջություն է՝ արտահայտված կոնկրետ պատկերներով։ Երազանքն իրենց ճակատագրին տեր հանդիսացող ուժեղ մարդկանց վճիռն է: Եթե մարդը երազանք չունի, ապա նա դառնում է ուրիշի երազանքի մի մասը: Այդպես է պատահում նաև ազգերի հետ. երբ ժողովուրդը կորցնում է ուղենիշներն ու իր երազանքը, սկսում է ծառայել ոչ թե իրեն, այլ երազանք ունեցող մյուս ժողովուրդներին:

«ժողովուրդ, ասա ինձ՝ որն է քո իդեալը, և ես կասեմ քո ապագան»,- խորաթափանց միտք էր հայտնել հայ ազատագրական շարժման առաջնորդ Գարեգին Նժդեհը։ Ժողովուրդը ստանում է այն, ինչը ցանկանում է։ Եթե ժողովուրդը երազում է ազատության մասին, ապա կլինի ազատ։ Եթե երազում է փողի մասին, ապա կստանա այդ փողը։ Հարցը միայն գնի մեջ է։ Փողի համար ժողովուրդները վճարում են երեք «արժույթներով»՝ արյամբ, հողերով և ժամանակով։ Ազատության համար ժողովուրդները վճարում են միայն արյամբ, իսկ փոխարենը ստանում են հողեր և ժամանակ։

Հայկական երազանքը Հայաստանի միակ շանսն է բուֆերային պետության ճակատագրից խուսափելու համար։ Ի՞նչ է բուֆերային պետությունը: Դա գոյացություն է, որը ծառայում է որպես արտաքին շահերի ֆորպոստ: Այսպես, օրինակ, Տիգրան Բ Արտաշեսյան թագավորի մահից հետո՝ Քրիստոսից առաջ 55 թվականին, Մեծ Հայքը դարձավ Հռոմի բուֆերային պետությունը, և մնում է այդպես նաև 2023 թվականի դրությամբ։ Միայն այն տարբերությամբ, որ այս գիրքը գրելու պահին Հայաստանը «Երրորդ Հռոմի»՝ Ռուսաստանի բուֆերային պետությունն է։ Եվ այդ «Երրորդ Հռոմը» փորձում է որոշել իր «բուֆերի» ճակատագիրը «Երկրորդ Հռոմի» (Թուրքիայի) հետ սակարկություններում և «Առաջին Հռոմի» (Եվրամիության) հետ դիմակայությունում։

Ինչո՞վ է բուֆերային պետությունը տարբերվում ցանկացած այլ պետությունից: Բուֆերային պետությունը երազանք չունի։ Բուֆերային պետությունը ծառայում է ուրիշի երազանքին [ռուսական, թուրքական, ֆրանսիական, ամերիկյան և այլն], բայց ինքն իրեն չի ծառայում։ Բուֆերային պետությունը կարելի է վաճառել, գրավ դնել, մանրացնել, դնել դանակի տակ և ամենևին հաշվի չնստել նրա կենսական շահերի հետ։

Ինչպե՞ս ազատվել «բուֆերի» կարգավիճակից։ Ամեն ինչ հեշտ է՝ հայերը պետք է ձեռք բերեն Հայկական երազանք, որպեսզի ծառայեն իրենց, այլ ոչ թե օտարներին: Գտնել՝ նշանակում է քո գիտակցության մեջ հաստատել Արարատյան թագավորության վերակերտման ուղին։

Մեզանից յուրաքանչյուրի մասնավոր կյանքում գործում է նմանատիպ սկզբունք․ երբ մենք հստակ պատկերացնում ենք այն պատկերը, որին ուզում ենք հասնել, ապա մեր ճանապարհին հայտնվում են մարդիկ և իրադարձություններ, որոնք հանգեցնում են ցանկալի պատկերի իրականացմանը: Եվ եթե մենք ոչինչ չենք պատկերացնում, մեր կյանքը վերածվում է քաոսային իրադարձությունների շարքի: Բայց իրականում քաոսային իրադարձությունների այս շարանը այդպիսին է միայն մեզ համար, քանզի քո քաոսը ուրիշի երազանքի իրականացման հետևանքն է: Գիտակցությունը չի կարող գոյություն ունենալ դատարկության պայմաններում, քանի որ այն տարածություն է: Եվ յուրաքանչյուր տարածություն ունի իր լրացումը:

Մենք ինքներս ենք այն լրացնում, կամ ուրիշները լրացնում են այն մեր փոխարեն: Յոհան Գյոթեին վերագրվում է հետևյալ կարգախոսը՝ «Դու կա՛մ մուրճ ես, կա՛մ՝ զնդան»։ Օգտագործելով գերմանացի մեծ գրողի անալոգիան՝ կարելի է միանշանակ հայտարարել, որ Հայկական երազանքը հնարավորություն է համայն հայության համար՝ դառնալու համաշխարհային պատմության «մուրճը», այլ ոչ թե «զնդանը»: Եթե դու զնդան ես, ապա քեզ են հարվածում: Եթե մուրճ ես՝ հարվածում ես դու։ Մեկ ընտրություն և երկու բացարձակապես տարբեր ճակատագրեր:

Հայ ժողովուրդն ունի կրոն, պետականություն և հարուստ մշակույթ, բայց չունի ապագային նայող երազանք: Ավելի ճիշտ՝ երազանք կա, բայց այն դեռ ապրում է ժողովրդական հոգու մեջ՝ ինտուիցիայի մակարդակով, նրա ենթագիտակցության մեջ, և, հետևաբար, թղթի վրա անցնելու կարիք ունի։

Գիրքը, որն ընթերցողը պահում է իր ձեռքերում, նպատակ ունի հիմք ստեղծել հայկական նոր գաղափարախոսության համար՝ հենվելով անցած չորսուկես հազար տարվա ընթացքում Հայկ Նահապետի ժառանգների փորձի վրա: Հայերն ունեցել են և ունեն գաղափար, ունեցել են նաև գաղափարախոսություն։ Բայց 387 թվականին Հայաստանի բաժանումից հետո գաղափարախոսությունը մոռացվեց։ Այդ պատճառով պահպանվել է միայն այն գաղափարը, որը խորհրդային դարաշրջանի վերջում արտահայտվել է Միացում շարժման և գաղութատիրական կախվածությունից ազատագրման մեջ։

Ինչո՞վ է գաղափարը տարբերվում գաղափարախոսությունից: Գաղափարը պարզապես գործողության կամ առարկայի մտավոր նախատիպն է, իսկ գաղափարախոսությունը լիարժեք նավիգացիոն համակարգ է, որը թույլ է տալիս մարդուն ինքնորոշվել իրեն շրջապատող աշխարհի վերաբերյալ և ընտրել իր ճանապարհը:Ես նորից հեծանիվ չեմ հորինում, այլ փնտրում եմ արդիական հարցերի պատասխաններ՝ անդրադառնալով անցյալին:

Այսպիսով, ինչ են իրենցից ներկայացնում Հայկական երազանքի սկզբունքները:

Հայկական երազանքը հայ ժողովրդի և Աստծո միջև Պայմանագրի վերականգնումն է։ Արարիչը հայերին հող շնորհեց Եդեմի պարտեզի սահմաններում՝ Եփրատից մինչև Կուր, որպեսզի ժողովուրդն ապրի այնտեղ, «ուր կաթ ու մեղր է հոսում»՝ Նրա Պատվիրանները կատարելու և Նրա Լույսը տարածելու դիմաց: Քանի դեռ հայերը կատարում էին պատվիրանները և տարածում Աստծո Լույսը, նրանք մնում էին Հայոց Հողի տերը: Սակայն Պայմանագրի խախտումից հետո հայերը սկսեցին հողեր կորցնել, քանի որ նրանց հոգևոր կյանքը դադարեց համապատասխանել Հայոց Հողի էներգիային։ Աստծո երազանքն այն է, որ հայերը կատարեն Նրա Պատվիրանները, որոնց հավատարմության միջոցով ժողովուրդը կվերականգնի իր իրավունքները Հայոց Հողի վրա: Այսինքն՝ հայ ժողովրդի՝ Մեծ Հայքի վերականգնման երազանքը հենց Աստծո երազանքն է, որն ունի խիստ հետևողականություն. նախ՝ հավատք, հետո՝ հող, քանի որ հողն առանց հավատքի պղծվում է: Հավատքն ու հողը միմյանցից նույնքան անբաժան են, որքան վարդակի «պլյուս» և «մինուս» նշանները, որոնց համադրությունը լույս է վառում էլեկտրական լամպի մեջ:

Հայկական երազանքը արդար հասարակության կառուցումն է, որը Հայաստանի քաղաքացիներին երաշխավորում է կրթության և բժշկական օգնության հավասար հասանելիություն՝ առանց քաղաքացիների նյութական վիճակի կամ սոցիալական ծագման հետ կապի: Արդար ապրել բառացիորեն նշանակում է «ապրել ճշմարտության հետ»: Ըստ Հովհաննեսի Ավետարանում ասվում է, որ «նա, ով գործում է ճշմարտությամբ, գնում է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը բացահայտվեն, քանի որ դրանք Աստծո մեջ են»: Հետևաբար, ճշմարտության հետ ապրելը նշանակում է ապրել Աստծո հետ, ով առաջին հերթին մտածում է աղքատների և անապահովների մասին:

Հայկական երազանքը հասարակությունն է, որտեղ նյութական բարիքներն ու բնական ռեսուրսները բաշխվում են հօգուտ մեծամասնության, այլ ոչ թե քաղաքացիների փոքրամասնության: Տնտեսական և հասարակական հարթություններում մեկ Աստծուն հավատացյալների և հեթանոսների միջև ջրբաժանը հենց վերաբաշխման մոդելի մեջ է: Հեթանոսները հոգ են տանում միայն իրենց ցեղի և իրենց ընտանիքի մասին՝ առանձնանալով արտաքին աշխարհից արյունակցական և կլանային կապերով: Իսկ միաստվածները հոգ են տանում բոլոր այն մարդկանց մասին, ովքեր հավատում են մեկ Աստծուն՝ չսահմանափակելով ազգակցական և կլանային կապերով:

Հայկական երազանքը ապագայի համազգային տեսլական է, որը թույլ կտա ժողովրդին իրականացնել իր առաքելությունը Մեծ Հայքի վերաստեղծման միջոցով՝ Եփրատից մինչև Կուր սահմաններում:

Այս տեսլականը իմաստավորելու և նկարագրելու ճանապարհը փշոտ էր, քանի որ Հայկական երազանքը մշտապես բախվում էր այլ ազգերի երազանքներին, որոնք առաջ էին մղում և առաջ են մղում ապագայի սեփական կերպարները: Օրինակ՝ Հին դարերում և Վաղ միջնադարի ժամանակաշրջանում Հայաստանում տարածված էին հելլենիզմը և դասական զրադաշտականությունը, որի վրա հիմնված էր հայերի նախաքրիստոնեական հավատը մեկ Աստծո հանդեպ։ Այնուհետև քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո Հայ Առաքելական Եկեղեցին իր լուսավորիչների միջոցով զբաղված էր հավատքի պաշտպանությամբ և տարածմամբ: Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, Եզնիկ Կողբացու և այլ մտածողների շնորհիվ հայերը պաշտպանեցին իրենց ինքնությունը։ Շնորհիվ նրա, որ IV-V դարերի սահմանագծին Հայաստանին արևմուտքից ճնշում էր հելլենիստական Հռոմը, իսկ արևելքից՝ Սասանյան Իրանը (որտեղ զրադաշտականությունը ենթարկվում էր հեթանոսական նորամուծությունների), Մաշտոցը ստիպված էր մշակել ինքնուրույն հայկական գրեր՝ ժողովրդին պահպանելու համար։ Արձագանքելով իրենց ժամանակի մարտահրավերներին՝ հայ գիտնական այրերը գործել են քրիստոնեական քարոզը պահպանելու և տարածելու տրամաբանությամբ, սակայն նրանց առջև քաղաքական գաղափարախոսություն ձևավորելու խնդիր չի դրվել, քանի որ գաղափարախոսությունը՝ որպես հասկացություն և սոցիալական երևույթ, լույս աշխարհ է եկել Մաշտոցից և Խորենացուց տասնչորս դար անց։ Այսինքն՝ մարդկության պատմության աշխարհիկ շրջանում, որը կոչվում է Լուսավորության դարաշրջան և որն ավարտվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ։

Ո՞րն է կրոնի և քաղաքական գաղափարախոսության միջև տարբերությունը: Կրոնի խնդիրն է ապահովել մարդու հոգևոր կապը Տիրոջ հետ, իսկ քաղաքական գաղափարախոսության խնդիրն է ձևավորել հասարակական հարաբերությունների արդար համակարգ՝ հենվելով Տիրոջ շնորհած հոգևոր օրենքների վրա: Կրոնը հիմք է, իսկ քաղաքական գաղափարախոսությունը՝ գերկառուցվածք: Հետևաբար, կրոնը կարող է հիմք հանդիսանալ քաղաքական գաղափարախոսության համար, բայց կրոնը չի կարող փոխարինել քաղաքական գաղափարախոսությանը, ինչպես տան հիմքը, որը չի փոխարինում տանիքը: Հիմքը ծառայում է որպես աջակցություն տան համար, իսկ տանիքը պաշտպանում է տունը ջերմությունից, անձրևից, ձյունից և այլ արտաքին ազդեցություններից:

Կրոնը ավելի շատ ֆորմալ սահմանափակումներ ունի, քան գաղափարախոսությունը: Ի տարբերություն կրոնի, որն իր բնույթով բացառիկ է և հենվում է հավատացյալ հոտի վրա, քաղաքական գաղափարախոսությունը կառուցված է ներառական սկզբունքների վրա: Գաղափարախոսությունը պետք է ստեղծի կոորդինատային համակարգ՝ «յուրային-օտար» սկզբունքով։ Հենվելով սոցիալական արդարության գաղափարի, ճշմարտության, գեղեցկության և բարության վրա՝ քաղաքական գաղափարախոսությունը կարող է հայկական երազանքի շուրջ համախմբել բոլորին՝ հավատացյալներին, աթեիստներին և անգամ ագնոստիկներին: Այն ժամանակաշրջանում, երբ աշխարհիկ մտածողությունը դառնում է եթե ոչ գերիշխող, ապա առնվազն հավասարազոր կրոնական մտածողությանը, Հայկական երազանքն առանձնահատուկ արդիականություն է ձեռք բերում, քանի որ այն օրգանիկ տեղավորվում է հայ ժողովրդի կրոնական և աշխարհիկ ավանդույթների մեջ:

Եվրոպայում քրիստոնյա սոցիալ-դեմոկրատների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում սիոնիստների և արաբ սոցիալիստների փորձը ցույց է տալիս, որ կրոնը կարող է սնուցել տարբեր ազատագրական շարժումներ, նույնիսկ հիմք ծառայել դրանց, բայց ազատագրական շարժումն ինքնին ընդգրկում է զանգվածներին միայն այն դեպքում, եթե կա գերկառուցվածք՝ քաղաքական գաղափարախոսություն: Հետևաբար, հրեաները, արաբները և գերմանացիները, հենվելով իրենց կրոնների վրա, նրանց համար մշակեցին աշխարհիկ գաղափարախոսություն՝ տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց դրոշի տակ միավորելու համար: Պատահական չէ, որ սիոնիզմի գաղափարը միավորում է Իսրայելում հոսանքների լայն շրջանակ՝ սոցիալիստականից մինչև օրթոդոքսալ-կրոնական:

Եթե նկարագրվածը ներկայացնենք կենցաղային օրինակով, ապա կրոնը բջջային հեռախոս է՝ իր խելացի չիպերով, իսկ քաղաքական գաղափարախոսությունը՝ հեռախոսի հավելված, որն իր մեջ կրում է հատուկ գործառույթ: Բջջային հավելվածից օգտվելու համար մարդը կարիք չունի իմանալու բջջային հեռախոսի ճարտարապետությունը: Բավական է հետաքրքրվածություն և հետաքրքրասիրություն ցուցաբերել։ Միևնույն ժամանակ, ոչ ոք նրան չի արգելում տեխնիկական կրթություն ստանալ՝ հեռախոսի և դրա չիպի կառուցվածքը ներսից ուսումնասիրելու համար, քանի որ մեզանից յուրաքանչյուրը աշխարհը հասկանում է իր հոգևոր և նյութական գիտելիքների պրիզմայով:

Հայերը բազմակրոն ժողովուրդ են, որոնք այդպիսինն են դարձել հայոց պատմության շարունակականության շնորհիվ։ Վերջին չորսուկես հազար տարիների ընթացքում հայերը, լինելով այս աշխարհի հայելիները, դավանել են միաստվածության վրա հիմնված գրեթե բոլոր կրոնները, այդ թվում ՝ զրադաշտականությունը, քրիստոնեությունն ու իսլամը՝ իրենց բոլոր դավանանքներով: Կողքից թվում է, թե նման բաժանումը ժողովրդի խոցելիությունն է արտաքին սպառնալիքների առջև։ Բայց իրականում բազմակրոնությունը եզակի հատկություն է. հայերը միաժամանակ կլանել են բոլոր միաստվածական կրոնները, ինչի շնորհիվ մենք ձեռք ենք բերել միջկրոնական հաղորդակցության փորձ, որը թույլ է տալիս կամուրջներ կառուցել ցանկացած օտար միջավայրում:

Հայերի հոգևոր առաքելությունը հայ ժողովրդի ներսում դավանանքների միջև ընդհանուր լեզու գտնելն է և նրանց հետ երկխոսության միջոցով աշխարհին միջկրոնական հաղորդակցության իրական օրինակ ծառայելը. բազմակրոն հայ ժողովրդի ներսում առանց երկխոսության, երկխոսություն չի կարող լինել մնացյալ աշխարհում:

Ուստի Հայկական երազանքը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցու հայ ծխականներին։ Հայկական երազանքը հավասարապես պատկանում է հայ կաթողիկեներին, բողոքական հայերին, ինչպես նաև ուղղափառ ծեսի հայերին: Հայկական երազանքը պատկանում է մահմեդական հայերին։ Հայկական երազանքը պատկանում է հայերին, ովքեր իրենց աթեիստ են համարում։ Հայկական երազանքը պատկանում է հայ ժողովրդի հնագույն հարևաններին՝ եզդիներին և ասորիներին, ինչպես նաև այլ ազգերին, ովքեր իրենց ապագան կապում են անկախ և բարգավաճ Հայաստանի հետ:

Առանց Հայկական երազանքի մեր ժողովուրդը հիշեցնում է կոտրված անտիկ ծաղկաման, որը ժառանգություն է մնացել նախահայրերից։ Հայկական երազանքը լուծույթ է, որը պետք է սոսնձի այս ծաղկամանը նոր հիմքերի վրա: Տիգրան Բ Արտաշեսյան թագավորի նախաքրիստոնեական Մեծ Հայքը սոսնձել Վռամշապուհ արքայի և Մաշտոց Լուսավորչի քրիստոնեական Հայաստանի հետ: Սոսնձել Կիլիկյան Հայաստանը Ղարաբաղի մելիքության և Հայաստանի Առաջին Հանրապետության հետ, որը բոլշևիկյան և թուրքական օկուպացիայի արդյունքում զրկվեց իր բուն հողերից Արևմուտքում և Արևելքում: Սոսնձել Հայաստանի Առաջին Հանրապետությունը հետխորհրդային Հայաստանի հետ, որը նախկինի պես գտնվում է օտարերկրյա օկուպացիայի տակ:

Օկուպացիայի արտաքին ձևը օտարերկրացիների կողմից զավթված հայկական հողերն են, բայց կա նաև օկուպացիայի ներքին ձև, որն արտահայտվում է ժողովրդի բարոյահոգեբանական աղքատացմամբ: «Պատերազմ և Աստվածաշունչ» աշխատության մեջ երանելի Նիկոլայ Սերբսկին ճշգրիտ նկարագրել է այս երևույթը․«Ի վերջո, մարդիկ կենդանի ոգիներ են, իրենց մարմնական, ֆիզիկական գործողություններով և փոխհարաբերություններով նրանք միայն խորհրդանշականորեն արտահայտում են այն, ինչ կա, կամ արդեն տեղի է ունեցել, կամ միայն տեղի կունենա իրենց [էության] ներսում՝ այս կենդանի ոգիների մեջ: Հետևաբար, ցանկացած ժողովրդի արտաքին ֆիզիկական ստրկությունը միայն արտաքին արտահայտությունն է (բառ․՝ խորհրդանիշ - խմբ.) նրա նախնական հոգևոր ստրկացման»: Ուստի Հայկական երազանքը ազգային ազատագրական գաղափարախոսություն է, որը գլխավորապես ենթադրում է հաղթանակ հայկական ներքին արատների նկատմամբ:

Աշխարհը եղել և մնում է փոխկապակցված. ինչ ցանես, այն էլ կհնձես: Հայկական ներաշխարհը արտացոլվում է արտաքին աշխարհի հայելու մեջ։ Եթե հայերը դադարում են սիրել և հարգել միմյանց, ապա արտաքին աշխարհը փոխադարձաբար պատասխանում է հայերին։ Իսկ եթե հայության ներսում հարաբերությունները կառուցվում են եղբայրության սկզբունքների վրա, ապա արտաքին աշխարհն էլ ստիպված է ի պատասխան հեռարձակել եղբայրական վերաբերմունք հայերի նկատմամբ։ Աշխարհը չի կարող հայերին ավելի լավը դարձնել, Եթե հայերն իրենք չցանկանան ավելի լավը դառնալ։ Սակայն հայերը կարող են աշխարհն ավելի լավը դարձնել, եթե օրհնություն դառնան՝ նախ իրենք իրենց համար։

Ներհայաստանյան հարաբերությունների էթիկան առաջնային նշանակություն է ունեցել պատմական դարաշրջանների շարքում. երբ մեր հարաբերությունները կառուցվում են սիրո վրա, հայոց պետականությունը, ակնաղբյուրի նման, ճանապարհ է հարթում դեպի երկրի մակերևույթ՝ հաստատելով Մեծն Անանիա Շիրակացու (610-685 թթ.) բանաձևը՝ «Ամեն մի ծնունդ իր մեջ պարունակում է ոչնչացման սաղմը, ամեն մի ոչնչացում իր հերթին նոր ծննդի սկիզբն է։ Եվ այս անխորտակելի հակասությունից աշխարհը ձեռք է բերում հավերժություն»: Նմանատիպ մտքեր է թարգմանել նաև Սուրբ Գրիգոր Տաթևացին (1346-1409 թթ.) «Հարցագիրք» աշխատության մեջ՝ հայտարարելով, որ կրակը, օդը, ջուրը և երկիրը, լինելով բնության աստվածաստեղծ հիմքերը, «իրենց առաջացման և ոչնչացման մեջ անսպառ են, չեն մեռնում և չեն ոչնչացվում»։ «Որևէ երևույթների ոչնչացումն այլ երևույթների ի հայտ գալն է․․․ Տարրերը հավերժ են այս շրջապտույտի շնորհիվ»:

Հայկական երազանքը հնարավորություն է՝ վերականգնելու մեր մեղքերից և օտար զավթիչներից պատռված պատմության կտավը: Ուրիշ ճանապարհ չկա։ Հայաստանն իսկական անկախություն ձեռք կբերի միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր հայ գիտակցի իր ժողովրդի ճակատագրի շարունակականությունը: Առանձին վերցրած հայը կարող է զարգանալ՝ ապրելով իր հայրենիքում կամ արտերկրում՝ օտար գաղափարախոսության լծի տակ։ Բայց հայ ժողովուրդը, որպես սեփական ճակատագրի տեր, չի կարող զարգանալ օտար գաղափարախոսության լծի տակ, որը ծառայում է օտար շահերին։

Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Օտար գաղափարախոսությունը հայ գիտակցության մեջ առաջ է մղում օտար, այլ ոչ թե Հայկական երազանքը։ Այս առումով կոմունիզմի գաղափարախոսությունը բացառություն չէր, քանի որ արևմտահայ և արևելահայ հողերի հանձնումը թուրքերին ծառայում էր Խորհրդային Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում ինդուստրացման և խաղաղության երազանքին, բայց հակասում էր ազատագրման Հայկական երազանքին։ Այո, Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ տարիներին բարգավաճել է տնտեսական և մշակութային իմաստով, բայց շատ ավելի շատ ներդրումներ է կատարել կայսերական շինարարության մեջ, քան ստացել է դրա դիմաց։ Եվ այստեղ խնդիրը ոչ թե նյութական բարիքների մեջ է, որոնցով խորհրդային իշխանությունը ապահովեց Հայաստանը և մյուս միութենական հանրապետությունները, այլ այն, որ հայերի համար սրբազան տարածքների՝ Արցախի, Ուտիքի, Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի նահանգների կորուստը վնասեց ազգային ինքնագիտակցությունը՝ ժողովրդին զրկելով հողի հետ կապից։

Հին աշխարհի շատ քաղաքակրթություններ դարերի ընթացքում անհետացել են ոչ միայն ռազմական կամ տնտեսական խնդիրների պատճառով, այլ առաջին հերթին ապագայի երազանքի բացակայության պատճառով: Ի դեպ, ժամանակակից քաղաքակրթությունները բացառություն չեն դարձել: Օրինակ՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց ոչ թե Արևմուտքի հետ «սառը պատերազմի» արդյունքում, որը տոնուսի մեջ էր պահում ռուսական քաղաքակրթությունը, այլ այն պատճառով, որ խորհրդային իշխող դասի վերնախավը, որը բաղկացած էր կուսակցական-ուժային նոմենկլատուրայից, որպես ուղենիշ ընտրեց եվրոպական երազանքը՝ ոտնահարելով սեփական ազգային գաղափարը։ Մնացած իրադարձությունները նախկին Խորհրդային Միության տարածքներում դրա հետևանքը դարձան։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն պահպանվել է, թեկուզ օկուպացված տարբերակով, ժողովրդական ենթագիտակցության մեջ Հայկական երազանքի առկայության շնորհիվ, որը հատվածաբար դրսևորվում էր ինտուիցիայի միջոցով։ Այդ իսկ պատճառով հայերը, ի տարբերություն իրենց հասակակից խեթերի, պահպանվել են Անատոլիական սարահարթում, որտեղ մարդկության պատմության մեջ առաջին անգամ երկաթից զենք են ստեղծել։ Այդ երկաթը մինչև հիմա հոսում է հայկական երակներով։ Սակայն գոյատևման ծայրահեղ հմտությունները, որոնք մեզ բաժին են հասել գենետիկորեն, բավարար չեն հայկական հողերի ազգային զարգացման և վերադարձի համար։ Մեզ պետք է «Տապան»՝ քաղաքական գաղափարախոսության տեսքով։ Եվ այդ «Տապանը» կդառնա Հայկական երազանքը։

Ինչո՞ւ հենց «Տապան»: Որովհետև այն, հանգրվանելով Արարատի մոտ, հնարավորություն տվեց մարդկային ցեղին։ Այդպես էլ հայ ժողովուրդը XIX – XX դարերի «ջրհեղեղից» հետո, որը կոչվում է Ցեղասպանություն, պետք է վերադառնա Արարատ և Վանա լիճ, որպեսզի հնարավորություն տա ինքն իրեն և մարդկային ցեղին։

Արարատ լեռը և Վանա լիճը պարզապես ազգային խորհրդանիշներ չեն։ Սրանք այն ուժային կենտրոններն են, որոնց վրա Հայկ Նահապետը և նրա ժառանգները հիմնել են հայկական քաղաքակրթությունը։ Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր զորության կենտրոնները, որոնք օրհնված են և կտակված հենց իրեն: Այո, հայ երեխաները ծնվում ու մեծանում են օտար հողում, բայց ժողովուրդը, լինելով մեր քաղաքակրթության շարժիչը, նման է մի յուրահատուկ բույսի, որն իր տաղանդները կարող է բացահայտել միայն հայրենիքում: Վանի ափերի մոտ ծնված քաղաքակրթությունն, այնտեղ էլ հարություն կառնի։

Եդեմի [դրախտային] պարտեզի սահմաններում ստեղծված Հայաստանը միասնական Աստծո եկեղեցին է։ Ընդ որում՝ ուղիղ իմաստով։ Արարատն ու Վանը միասնական Աստծո եկեղեցու խորանն են, որի սպասավորներն են Մուշի, Կարսի, Էրզրումի և արևմտահայ այլ հողերի հայերը: Եփրատը Հայաստանի և բուն խորանի արևմտյան սահմանն է։ Այդ կողմերում մի աղբյուր կա, որ մեծ մտածողներ ու հոգևորականներ է պարգևել Հայաստանին ու աշխարհին: Ցեղասպանության հետևանքով կորցնելով եկեղեցու խորանը՝ հայերը ընկղմվեցին հոգևոր ճգնաժամի մեջ, քանի որ ժողովուրդը կորցրեց կապը Արարատի հետ։

Ի՞նչ է Արարատը։ Հազարամյակների ընթացքում հայերենը մեզ համար պահպանել է տեղանվան առեղծվածը. «մարդ», «անհատականություն», «անձ»՝ այս հասկացությունները հայերենում բացատրվում են «արարած» բառով, իսկ Բարձյալ Աստվածն անվանվում է «Արարիչ»։ Հետևաբար, Արարատ լեռը բառացիորեն նշանակում է «Արարչագործության լեռ», իսկ Հին Կտակարանում հիշատակված Արարատյան թագավորությունը՝ «Արարչագործության թագավորություն»:

Բացի խորանից, մեկ Աստծո եկեղեցին, ինչպես ցանկացած ավարտված եկեղեցի, ունի գմբեթ, որը կառույցը պահում է անձրևից, ձյունից և այլ դժվարություններից: Հայաստանի գմբեթը նրա հյուսիսային Նահանգներ Լոռին և Ջավախքն են՝ Թորգոմի տան սահմանային հողեր, որոնք վկայում են հայ և վրաց ժողովուրդների հոգևոր միասնության մասին։ Եկեղեցու գմբեթի հողը պատմականորեն օրհնել է հայերին Արևմտյան և Արևելյան Հայաստանի քաղաքների ազատագրման համար: Դրա օրինակն են արաբների և սելջուկ թուրքերի դեմ հայ-վրացական համատեղ ռազմական արշավները, որոնց արդյունքում XII դարում հաջողվեց ազատագրել Անին և Գանձակը։

Ինչ վերաբերում է եկեղեցու դարպասներին, ապա դրանք գտնվում են Ուտիք և Արցախ նահանգներում։ Ըստ էության, երկու նահանգներն էլ արտաքին և ներքին դարպասներ են, որոնք կազմում են Հայաստանի արևելյան սահմանը, որն անցնում է Կուր գետով։ Ումի՞ց էր այդ ջրագիծը պաշտպանում Եդեմ-Հայաստանի բնակիչներին։ Կայենի հետնորդներից՝ առաջին մարդասպանից, ով իր եղբոր՝ Աբելի կյանքը խլեց և դրա համար անիծվեց Տիրոջ կողմից: «Եվ Կայենը հեռացավ Տիրոջ առաջից և բնակվեց Նոդի երկրում»,- ասվում է Ծննդոց գրքում [Գլուխ 4, հատված 16]:

Արդեն Քրիստոսի ծնունդից ի վեր XXI դարում, երբ չկա Կայենը կամ նրա հետնորդները, մարդասպանի գործը շարունակում են նորաստեղծ ցեղերը, որոնք ճնշում են Կուրի երկու ափերի բնիկ ժողովուրդներին: Ուստի Ուտիքից հայերի բռնի տեղահանման արդյունքում, որն արագացավ Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին, եկեղեցու արտաքին դարպասները գրավվեցին, իսկ առաջնագիծը տեղափոխվեց հարևան Արցախ՝ վերջին սահմանագիծը, որի անկումը թույլ կտա բարբարոսներին գրավել Աստծո եկեղեցին և պղծել այն։ Ուտիքի և Արցախի հայերը պահակներ են, ովքեր հսկում են Դրախտի և Դժոխքի միջև ընկած դարպասները: Այսպիսին է Հաղթանակի չորս հայ մարշալների՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի [գ. Չարդախլու, Ուտիքի նահանգ], նավատորմի ծովակալ Հովհաննես Իսահակյանի [գ. Հաջիքենդ, Ուտիքի նահանգ], զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի [գ. Չարդախլու, Ուտիքի նահանգ] և ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի [գ. Մեծ Թաղեր, Արցախի նահանգ] ֆենոմենը։ Նացիզմի դեմ նրանց հաղթանակը նոր փուլ է բացում հայերի նախահայր Հայկ Նահապետի և նրա սերունդների հավերժական պատերազմում հեթանոսական Բաբելոնի հետ, որում մի մարդ ցանկանում է գերակայել մեկ այլ մարդու նկատմամբ:

Եվ այսպես, կան Եդեմ-Հայաստանից հոսող չորս գետերը և կան չորս հայ մարշալները, ովքեր իրենց քաջությամբ ու աշխատանքով մոտեցրին Բեռլինի անկումը: Այն նույն Բեռլինի, որը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասնակիցն էր։ Նույն Բեռլինի, որտեղ մինչև 1921 թվականի մարտը թաքնվում էր մարդասպան Թալեաթ փաշան, մինչև որ նրան հասավ Տիրոջ պատիժը։

Հայկական անցյալը հայկական արարքների հուշարձանն է։ Անցյալը կարելի է հիշել և դրանից դասեր քաղել, բայց դրա մասին չի կարելի երազել, քանի որ անցյալը հնարավոր չէ փոխել մարդկային կամքի ազդեցության տակ: Կամքի կիրառման օբյեկտը կարող է լինել միայն դեպի ապագա ուղղված երազանքը: Ուստի Հայկական երազանքը նվիրված է մեր ժողովրդի ապագային, այլ ոչ թե նրա անցյալին։

«Հայկական երազանքը» ապագայի համառոտ պատմություն է, որը գրված է մեր նախնիների փորձի իմաստավորման միջոցով: Սա գիտական մենագրություն չէ։ Սա հայկական մանիֆեստ է, որի դրույթները պետք է նյութականացվեն և դառնան մեր ներկան, իսկ հետո արդեն՝ ժառանգություն հայերի նոր սերունդների համար:

Գիրքը բաղկացած է երեք մասերից, որտեղ տրվում են երեք հարցի պատասխաններ՝ ովքե՞ր են հայերը, ինչպե՞ս են հայերն ու աշխարհն ազդում միմյանց վրա, ի՞նչ սկզբունքներով պետք է վերականգնվի Մեծ Հայքը։ Գրքում ներկայացված եզրակացությունները մեկ նպատակ ունեն՝ ապահովել Հայաստանի բոլոր երեխաների երջանիկ ճակատագիրը։

ՄԱՍ I. Ովքե՞ր են հայերը․ ճանապարհորդություն դեպի դարերի խորքը

Հայ ժողովրդի ինքնանվանումը սկիզբ է առնում Արարատ լեռից։ Արարատ լեռան անունը հայոց լեզվում նշանակում է «Արարման լեռ»՝ արարել: Այդ բառից են կազմվում «արարած», ինչպես նաև «Արարիչ» բառերը: Այսինքն «ար» արմատի տակ գաղտնագրված է «Աստված» բառը։ Այլազգիները մեզ արմեններ են կոչում։ «Արմեն» բառը կազմված է «ար» և «մեն» բառերից, այսինքն՝ «Արարչի կողմից ստեղծված մարդ», «Աստծո մարդ», այսինքն ազնվաբարո [«մեն» բառը ծագել է սանսկրիտից [manu], ինչը նշանակում է «մարդ», անգլերենում գրվում է man, իսկ գերմաներենում՝ mann]:

Ինչո՞ւ հենց ազնվաբարո։ Որովհետև «բարի» բառը ռուսերենում [«благой»] հանդիսանում է «Աստվածային» [«Божий»] ածականի հոմանիշը։ Պատահական չէ, որ Սուրբ Զատկի նախօրեին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարից հանվող Սրբազան կրակը ռուսերենում կոչվում է «благодатный», այսինքն՝ «Աստծուց տրված»: Հուշումը թաքնված է Աստվածաշնչի այս տողում․ «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէ՛կ (Աստված) է բարին» (Ավետարան ըստ Մատթեոսի, 19:17):

Այսպիսով, հայը դա «ազնվաբարո մարդն» է, իսկ Հայաստանը՝ «ազնվաբարո մարդկանց երկիր»։

«Ար» արմատի հետ է կապված նաև «Արև» բառը։ XII դարի կաթողիկոս Ներսես IV Շնորհալին հիշեցնում էր, որ որոշ գավառներում հայերն իրենց «արևորդիք» էին անվանում՝ դրանով ընդգծելով իրենց անմիջական կապը Միասնական Աստծո հետ։ Արևի պաշտամունքն իր արտացոլումն է գտել մի շարք անունների մեջ՝ Արեգ, Արեգակն, Արփի, Արևիկ և Արդի։ Այդ պատճառով՝ «ար» արմատով և Արև իմաստով բառերը լեզվաբան Հրաչյա Աճառյանը դասում էր արմատական հայկական բառերի շարքին։

Հոգնակի թվով հայազգիներն իրենց կոչում են հայեր, ինչն իր արտացոլումն է գտել մեր ազգի նախահոր՝ Հայկի անվան մեջ։ Հատկանշական է, որ զրադաշտականության մեջ Երկրի վրա Արարչի կողմից ստեղծված առաջին մարդը կոչվում է «Խայոմարտ» կամ «Գայոմարտ» [Gayōmart]: Զրադաշտականանների սուրբ տեքստերի հավաքածուից՝ «Ավեստայից» [Յաշթ XIII 87], մենք հետևյալը գիտենք նրա մասին․ «Մենք հարգում ենք ֆրավաշի [բարի ոգի` թարգմ.] արդար Գայոմարտին, ով առաջինը լսեց Ահուրա Մազդայի [Իմաստուն Տեր՝ թարգմ․] մտքերն ու պատվիրանները, և որից [նա, Ահուրա-Մազդան] արիական ժողովուրդների ընտանիք է ստեղծել»: Ի դեպ, հայերը մինչ օրս դիմում են միմյանց «հայ մարդ» խոսքով՝ այդպիսով ընդգծելով զրուցակցի էթնիկ ծագումը։

«Հայ» բառի ածանցյալներն են «հայր» և «Հայրենիք» բառերը։ «Հայ»-ը թարգմանվում է նաև որպես «առաջնորդ»: Ավելին, «հայ»-ն ու «ար»-ը նույնն են։ Սանսկրիտից թարգմանված «ար» արմատը նշանակում է [kars] «տեր», «տան տեր»: Այստեղից էլ Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքի անվանումը։ Ստացվում է, որ Կարսը էթնանուն է, որն իր գոյությամբ հաստատում է քաղաքի հայկական ծագումը։ «Ար» տառերի համադրությունն իրեն զգացնել է տալիս նաև «առնել» բայի մեջ, որը հայերենում նշանակում է «ձեռք բերել»: Այսինքն՝ «տեր դառնալ»։

Մեզ հայ անվանելով՝ հույներն ու իրանցիները շեշտում էին ժողովրդի արիական ծագումը։ Նրանք հայերին շատ լավ էին ճանաչում։ Չէ՞ որ հույներն ու իրանցիները նույնպես սերում են արիական նախահորից։

Բառացիորեն «արիա» բառը թարգմանվում է որպես «հողագործ»: Դրանից բխում է բայը, որը սանսկրիտում նշանակում է «հերկել, հող մշակել», ինչպես նաև «արյա» ածականը, որը թարգմանվում է որպես «արժանի», «արդար», «պարկեշտ» և «ազնիվ»։ Ուստի հնդեվրոպական լեզուներում բառի սկզբում տեղակայված «ար» տառային համադրությունը դրական իմաստ ունի։ Օրինակ՝ «ճարտարապետ» (architect) կամ «արիստոկրատ» (aristocrat) բառերում, որոնք կիրառվում էին մեծ հողային սեփականություն և քաղաքական ազդեցություն ունեցող ազնվականների նկատմամբ, քանի որ միապետի առաջին կոչով նրանք պարտավոր էին մեկնել արշավանքի:

Ըստ ավանդության, մարդու անվան մեջ արդեն դրված է նրա ճակատագիրը՝ այն, ինչպիսին նա պետք է դառնա։ Ճանաչեցի՞ք ինքներդ ձեզ: Յուրաքանչյուր հայ երազում է սեփական գործի ու ձեռնարկության տեր լինել, ձգտում է տիրակալ լինել և մերժում է բռնակալությունը, քանի որ աշխարհում ամենից շատ ազատություն է տենչում: Անկախության հավերժական ձգտումն իր հետքն է թողել հայոց լեզվի և ժողովրդի հավաքական ոգու մեջ: Պատահական չէ, որ Մեծ Հայքում վարչական իշխանությամբ օժտված անձինք կոչվել են «տանուտեր» [Բառացիորեն նշանակում է «տան տեր»]։

Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ բարձր անունը պատասխանատվություն է, այլ ոչ թե հպարտության առարկա: Եթե հայն իրեն անազնիվ և անարժան է պահում, նա դադարում է իրականացնել իր անվան մեջ դրված պատգամը՝ դժբախտություն բերելով իր տանը: Եթե անազնիվ ու անարժան հայերը շատանում են, ապա նրանք փորձանք են բերում արդեն ողջ ժողովրդին։ Պատմությունը բազմիցս հաստատել է նման պատճառահետևանքային կապը։

Գլուխ 1. Հայկի ժողովուրդը եվ նրա բնօրրանը

Հոգնակի թվով հայազգիներն իրենց կոչում են հայեր, ինչն իր արտացոլումն է գտել մեր ազգի նախահոր՝ Հայկի անվան մեջ։ Հատկանշական է, որ զրադաշտականության մեջ Երկրի վրա Արարչի կողմից ստեղծված առաջին մարդը կոչվում է «Խայոմարտ» կամ «Գայոմարտ» [Gayōmart]: Զրադաշտականանների սուրբ տեքստերի հավաքածուից՝ «Ավեստայից» [Յաշթ XIII 87], մենք հետևյալը գիտենք նրա մասին․ «Մենք հարգում ենք ֆրավաշի [բարի ոգի` թարգմ.] արդար Գայոմարտին, ով առաջինը լսեց Ահուրա Մազդայի [Իմաստուն Տեր՝ թարգմ․] մտքերն ու պատվիրանները, և որից [նա, Ահուրա-Մազդան] արիական ժողովուրդների ընտանիք է ստեղծել»: Ի դեպ, հայերը մինչ օրս դիմում են միմյանց «հայ մարդ» խոսքով՝ այդպիսով ընդգծելով զրուցակցի էթնիկ ծագումը։

«Հայ» բառի ածանցյալներն են «հայր» և «Հայրենիք» բառերը։ «Հայ»-ը թարգմանվում է նաև որպես «առաջնորդ»: Ավելին, «հայ»-ն ու «ար»-ը նույնն են։ Սանսկրիտից թարգմանված «ար» արմատը նշանակում է [kars] «տեր», «տան տեր»: Այստեղից էլ Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքի անվանումը։ Ստացվում է, որ Կարսը էթնանուն է, որն իր գոյությամբ հաստատում է քաղաքի հայկական ծագումը։ «Ար» տառերի համադրությունն իրեն զգացնել է տալիս նաև «առնել» բայի մեջ, որը հայերենում նշանակում է «ձեռք բերել»: Այսինքն՝ «տեր դառնալ»։

Մեզ հայ անվանելով՝ հույներն ու իրանցիները շեշտում էին ժողովրդի արիական ծագումը։ Նրանք հայերին շատ լավ էին ճանաչում։ Չէ՞ որ հույներն ու իրանցիները նույնպես սերում են արիական նախահորից։

Բառացիորեն «արիա» բառը թարգմանվում է որպես «հողագործ»: Դրանից բխում է բայը, որը սանսկրիտում նշանակում է «հերկել, հող մշակել», ինչպես նաև «արյա» ածականը, որը թարգմանվում է որպես «արժանի», «արդար», «պարկեշտ» և «ազնիվ»։ Ուստի հնդեվրոպական լեզուներում բառի սկզբում տեղակայված «ար» տառային համադրությունը դրական իմաստ ունի։ Օրինակ՝ «ճարտարապետ» (architect) կամ «արիստոկրատ» (aristocrat) բառերում, որոնք կիրառվում էին մեծ հողային սեփականություն և քաղաքական ազդեցություն ունեցող ազնվականների նկատմամբ, քանի որ միապետի առաջին կոչով նրանք պարտավոր էին մեկնել արշավանքի:

Ըստ ավանդության, մարդու անվան մեջ արդեն դրված է նրա ճակատագիրը՝ այն, ինչպիսին նա պետք է դառնա։ Ճանաչեցի՞ք ինքներդ ձեզ: Յուրաքանչյուր հայ երազում է սեփական գործի ու ձեռնարկության տեր լինել, ձգտում է տիրակալ լինել և մերժում է բռնակալությունը, քանի որ աշխարհում ամենից շատ ազատություն է տենչում: Անկախության հավերժական ձգտումն իր հետքն է թողել հայոց լեզվի և ժողովրդի հավաքական ոգու մեջ: Պատահական չէ, որ Մեծ Հայքում վարչական իշխանությամբ օժտված անձինք կոչվել են «տանուտեր» [Բառացիորեն նշանակում է «տան տեր»]։

Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ բարձր անունը պատասխանատվություն է, այլ ոչ թե հպարտության առարկա: Եթե հայն իրեն անազնիվ և անարժան է պահում, նա դադարում է իրականացնել իր անվան մեջ դրված պատգամը՝ դժբախտություն բերելով իր տանը: Եթե անազնիվ ու անարժան հայերը շատանում են, ապա նրանք փորձանք են բերում արդեն ողջ ժողովրդին։ Պատմությունը բազմիցս հաստատել է նման պատճառահետևանքային կապը։

Գլուխ 2. Հայաստանի սահմանները․ որտեղ է վերջանում Մեծ Հայքը

Հայաստանի աշխարհագրական դիրքը վճռել է նրա ճակատագիրը։ Բայց ի՞նչ է իրենից ներկայացնում Հայոց ճակատագիրը և ինչո՞վ է այն տարբերվում այլ ժողովուրդների ճակատագրերից: Հայկական ճակատագիրը Հայկական հարցն է, որը չի սահմանափակվում Օսմանյան կայսրության կամ ժամանակակից Թուրքիայի գոյատևման խնդրով, ինչպես մեզ երբեմն հրամցնում են պատմության դասագրքերում: Արդյո՞ք Թուրքիան Հայաստանը մասնատում էր միայնակ, ինքնուրույն։

Օտար զավթիչները Մեծ Հայքը բաժանում էին երկու մասի․ սկզբում Հռոմը՝ Իրանի հետ, հետո Օսմանյան կայսրությունը՝ Պարսկական կայսրության հետ, հետո Օսմանյան կայսրությունը՝ Ռուսական կայսրության հետ, հետո Թուրքիան՝ Խորհրդային Ռուսաստանի հետ, իսկ XXI դարում մենք տեսնում ենք Թուրքիայի երրորդ փորձը Ռուսաստանի հետ միասին Հայաստանը բաժանելու։ Օրինակ, Ի տարբերություն Լեհաստանի, որը երեք անգամ բաժանվել է (1772, 1793 և 1795 թվականներին) երեք տերությունների (Պրուսական թագավորություն, Ռուսական կայսրություն և Ավստրիական կայսրություն) միջև, Հայաստանի բաժանումը իրականացվել է միայն երկու զավթիչների կողմից։ 20-րդ և 21-րդ դարերում Ադրբեջանի առկայությունը չպետք է մոլորության մեջ գցի․ և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը Ադրբեջանին դիտարկում են որպես «շինծու ձեռնարկություն», որի հաշվեկշռում «գրանցվում» են հայերից զավթված հողերը:

Հայկական հարցը Հայկական [Արարատյան] թագավորության վերականգնման հարցն է։ Քանի որ այն ավանդաբար բաժանվում էր երկու զավթիչների միջև, ուրեմն Հայաստանի վերածնունդը պետք է կառուցվի հենց այդ զավթիչների բեկորների վրա։

Հայկական հարցն ունի հստակ աշխարհագրական սահմաններ, քանի որ Արարատյան թագավորության սահմանները, որոնք գծված են աստվածաշնչյան չորս գետերով (Տիգրիս, Եփրատ, Արաքս և Կուր), ներառում են Եդեմի պարտեզը, որտեղ Տերը ստեղծել է առաջին մարդուն: Ուստի հայկական հարցը չի կարող սահմանափակվել հայերի ազգային-ազատագրական պայքարով։ Սա մարդկության հոգևոր ինքնորոշման հարցն է։ Աշխարհի բոլոր ժողովուրդները, այդ թվում նաև հայերը, պետք է կողմնորոշվեն Հայկական հարցի շուրջ «կողմ» և «դեմ» սկզբունքով։ Նրանք «կո՞ղմ» են այն Թագավորության վերականգնմանը, որտեղ ծնվել է կյանքը, թե՞ «դեմ» են։

Չեզոքություն չի կարող լինել, որովհետև Հայաստանը քաղաքակրթության օրրան է։ Ժամանակն է, որ մենք բոլորս որոշենք՝ արդյո՞ք ցանկանում ենք, որ մեր օրրանը մասնատվի: Հիշեք ձեր մանկության լուսանկարները օրորոցում, որոնք ծնողները խնամքով պահպանել են: Հիմա պատկերացրեք, որ բարբարոսը մոտենում է ձեր օրորոցին և կացնով կտրում, կիսում այն երկու մասի։ Ինչպե՞ս կվերաբերվեք նման տեսարանին։

Հայկի հետնորդները յուրաքանչյուր սխալի համար վճարում էին կյանքով ու հողերով, քանի որ արտաքին ուժերը կարողանում էին օգտվել տեղի տիրակալների թուլությունից։ Դարից դար Ասորեստանը, Բաբելոնը, Մարաստանը, Հռոմը, Բյուզանդիան, Սասանյան Իրանը, Արաբական Խալիֆայությունը, Օսմանյան, Պարսից և Ռուսական կայսրությունները պայքարում էին իրար դեմ, որպեսզի տիրեն հայկական հողերին։ Մի կողմից, Հայաստանի նկատմամբ վերահսկողության նրանց ձգտումը բացատրվում էր առևտրի, քաղաքականության և անվտանգության շահերով։ Եվ մյուս կողմից, այն ուներ մետաֆիզիկական հարթություն, քանի որ կայսրությունները, որոնք հայտարարում էին իրենց բացառիկությունը և համաշխարհային տիրապետության պահանջները, ցանկանում էին միանձնյա վերահսկել այն հողերը, որոնց վրա Արարիչը ստեղծեց Եդեմը՝ դրախտային պարտեզը, որտեղ ծնվել է մարդկային ցեղը:

Էլ ի՞նչն էր միավորում կայսրություններին: Նրանցից յուրաքանչյուրն ուներ հզոր թիկունք՝ ի դեմս ծովի, որը դադարի հնարավորություն էր տալիս և թույլ էր տալիս կուտակել ռազմա-տնտեսական հզորություն։ Ասորիների, բաբելոնացիների և պարսիկների համար այդպիսի թիկունք դարձան Պարսից ծոցը և Արաբական ծովը։ Մակեդոնացի հույների, հռոմեացիների և թուրքերի համար Միջերկրական ծովն էր հենակետ։ Արաբների համար, որոնց քաղաքակրթությունը ծագում է Եմենում, այդ հենակետերը Ադենի ծոցն ու Արաբական ծովն են: Իսկ ռուսների համար՝ Բալթիկ, Ազովի և Սև ծովերը։

Հայաստանը բացառություն չէր։ Նրա տիրակալները զգալիորեն ընդլայնում էին թագավորությունը, երբ ինքնուրույն իրենց համար ելք էին ապահովում դեպի ծով, կամ երբ դաշնակցում էին այնպիսի տերության  հետ, որն ուներ դեպի ծով այդ ելքը։

Օրինակ է հանդիսանում Տիգրան Ա Երվանդունու (թագավորել է մ․թ.ա. 565-535 թթ.) և Պարսից Կյուրոս Բ Մեծ թագավորի միությունը, ովքեր համատեղ ջանքերով մ.թ.ա. 550թ. գրավեցին Մարաստանը՝ գերելով նրա Աստիագես թագավորին։

Ահա, թե ինչպես է նկարագրում բուն գործընթացը ռուս պատմաբան Վիկտոր Աբազան. «Դաժան ճակատամարտում Տիգրանն իր ձեռքով հարվածեց Աստիագեսին, և Մարաստանի թագավորությունն ընկավ։ Հաղթողը վերադարձավ տուն՝ ծանրաբեռնված ավարով և բազմաթիվ գերիներով, որոնց թվում էին Աստիագեսի հարազատները և նրա առաջին կինը՝ Անույշը։ Նրանց բոլորի նկատմամբ ցուցաբերվեց մեծահոգություն, և նրանք բոլորը բնակություն հաստատեցին Նախիջևանի գավառում, որը հանձնվեց Տիգրանուհուն [թագավորի հարազատ քույրը - Հեղ.], ում պատվին Տիգրանը կառուցեց Տիգրանակերտ քաղաքը»։

Այսօր Տիգրանակերտը կոչվում է Դիարբեքիր, որը Ցեղասպանության հետևանքով հայերի հեռացումից հետո համարվում է թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը։ Տիգրան Երվանդունուց չորսուկես դար անց՝  մ.թ.ա. 77 թ., Մեծ Հայքի Տիգրան Բ Արտաշեսյան թագավորը (մ.թ.ա. 95-55 թթ.) հիմնում է ևս մեկ Տիգրանակերտ՝ արդեն Արցախում: Ըստ Պլուտարքոսի՝ քաղաքը լի էր գանձերով և թանկարժեք նվերներով աստվածներին, ազնվականները ցանկանում էին գոհացնել թագավորին՝ միմյանց հետ մրցելով քաղաքի կառուցման և ընդլայնման գործում․ «Արքան այստեղ է հրավիրում հայերից լավագույններին՝ սպառնալով բռնագրավել այն ամենը, ինչը նրանք իրենց հետ չեն տանի Տիգրանակերտ»:

Վերադառնանք Քրիստոսից առաջ VI դարի իրադարձություններին: Իր «Կյուրոպեդիայում » (մ. թ.ա. IV դ.) հին հույն պատմիչ և զորավար Քսենոփոնը պարզաբանում է, որ Տիգրանի գլխավորած հայկական զորքը բաղկացած էր 40 հազար հետևակից, 8 հազար հեծելազորից, իսկ նրա հարստությունը արծաթով գնահատվում էր ավելի քան 3000 տաղանդ, ինչը տպավորիչ թիվ է նույնիսկ ներկայիս ժամանակներում, քանի որ 1 տաղանդը հավասար էր մոտ 26 կիլոգրամի:

Եթե մ.թ.ա. VI դարում հայերն ու պարսիկները համատեղ ջանքերով նվաճեցին Մարաստանը՝ պաշտպանելով իրենց սահմանները վերջինիս արշավանքներից, ապա ինչո՞ւ չեն կարող կրկնել իրենց փորձը  XXI դարում։ Եթե պատմության մեջ գոնե մեկ անգամ ինչ-որ իրադարձություն է տեղի ունեցել, ապա այն կարող է կրկնվել՝ ժամանակակից հանգամանքների փոփոխություններով: IX-X դարերի սահմանագծին ապրած Հովհաննես Դրասխանակերտցի Կաթողիկոսը հիանում էր Տիգրան թագավորի հաղթանակով. «Մեր հայրենիքի սահմանները նա հասցնում է մինչև ծովափ և մեր ազգին փառաբանելով՝ էլ ավելի է բարձրացնում։ Եվ ովքեր ուրիշի լծի տակ էին, այժմ բոլորը նրան են ենթարկվում ու հարկատու դառնում»:

Հայաստանը պատմական գործընթացի սուբյեկտ է, որն ունի իր ֆիզիկական բնագծերը։ Նրանց նկարագրությունը առաջնային է, քանի որ ժողովրդի ճակատագիրն անբաժան է աշխարհագրությունից և այն հողից, որտեղ նա ծնվել է: Առանց քաղաքակրթության ֆիզիկական սահմանները նկարագրելու հնարավոր չէ նշել այն տարածքը, որտեղ XXI դարում պետք է իրագործվի Հայկական երազանքը: Հետևաբար, սույն գլխում ես պատասխանում եմ երկու հարցի՝ 

1․ Հայաստանի ո՞ր սահմանների մասին կարող է խոսք լինել այսօր։

2․ Որտե՞ղ է իրականում ավարտվում Հայաստանը և սկսվում արտաքին աշխարհը։

Փորձը ցույց է տալիս, որ արտաքին աշխարհի հետ կայուն և համեմատաբար անվտանգ հայկական սահմաններն անցել են միայն ֆիզիկական սահմաններով՝ լեռնաշղթաներով, գետերով կամ ծովերով: Եթե սահմանը հիմնված է բնական   խոչընդոտի վրա (լեռ, գետ կամ ծով), ապա այն կայուն է, քանի որ այն կարող է պաշտպանել զավթիչից: Իսկ եթե բնական արգելք չկա, ապա դա այլևս սահման չէ, այլ շփման գիծ, որը ժամանակի ընթացքում կփոխվի՝ կախված ուժի քանակական և նյութական այլ գործոններից։ Պատահական չէ, որ ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև սահմանը 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով անցնում էր Արաքս գետով [բիբլիական Գեհոն գետ]։

Վկայակոչելով Մովսես Խորենացու պատմությունը՝ Հովհաննես Դրասխանակերտցի Կաթողիկոսը հաստատում է այս թեզը Հայկի ավագ որդու՝ Արամանյակի մասին իր պատումով․ «Իսկ Արամանյակը, իշխելով մեր ազգի վրա, գնում, դադար է առնում ու բնակվում մի գեղեցկատես դաշտում, որը պարսպի նման շրջափակված է բարձրագագաթ սպիտակափառ լեռներով, որտեղ կան արագընթաց գետեր, որոնք խոխոջելով և հուն բացելով, կտրում անցնում են դաշտի երկայնությամբ։ Այնուհետև հյուսիսային լեռան ծործորներում շենքեր է կառուցում և լեռն իր անունով կոչում է Արագած, իսկ լեռան ստորոտում գտնվող կալվածքները՝ Արագածոտն»։ 

Նույն տրամաբանությամբ էին առաջնորդվում նաև Մեծ Հայքի թագավորները։ Հատկանշական է, որ մ.թ.ա. 331 թ. Աքեմենյան տերության անկումից հետո քաղաքական քարտեզի վրա միաժամանակ հայտնվում են հայկական երկու պետություններ՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը: Մ.թ.ա. 112 թվականին Փոքր Հայքի թագավորությունը հունական Պոնտոսի կազմում ընդգրկելուց հետո «Մեծ Հայք» եզրույթը պահպանվում է որպես Արտաշեսյանների (մ.թ.ա. 190-ից մ.թ. 12/14 թթ.), ապա նաև Արշակունիների (մ.թ. 52/66-ից 428 թթ.) թագավորության պաշտոնական անվանումը: Այս իմաստով տերմինը գործածվում է հին հայկական, հունա-լատինական, պարսկական, ասորական և մահմեդական աղբյուրներում:

Ինչ վերաբերում է Մեծ Հայքի սահմաններին, ապա դրանք արևմուտքում անցնում էին Եփրատ գետով, իսկ արևելքում՝ Կուր գետով: Դրա հաստատումը գտնում ենք I-II դարերի անտիկ հեղինակների մոտ, ովքեր պնդում են, որ հայկական և աղվանական թագավորությունների միջև սահմանը անցել է Կուրով մինչև Արաքսի հետ միանալը։ Ընդ որում, այնպիսի պատմական շրջաններ, ինչպիսիք են Ուտիքը, Շակաշենը (հունարեն անվանումը՝ Սակասենա) և Արցախը, մտել են Հայաստանի տարածքի մեջ։

Պատմական Արցախը Մռավի լեռնաշղթայով բաժանվել է հյուսիսային և հարավային մասերի։ Վաղ միջնադարում հյուսիսային մասը կազմում էր Գարդմանքի իշխանությունը, որի տարածքը ներկայումս օկուպացված է բաքվաթուրքական կազմավորումների կողմից։ Հին և ժամանակակից հեղինակների մի մասը Գարդմանքը վերագրում են Արցախին, Սակայն Մեծ Հայքի դասական վարչական բաժանման տեսանկյունից Գարդմանքը Ուտիք գավառի մի մասն է։ Խորհրդային իշխանության տարիներին Գարդմանքը բաժանվել է Ղազախի, Թովուզի, Շահումյանի, Գետաբեկի, Շամքորի, Խանլարի և Դաշքեսանի վարչական շրջանների, որտեղից 1990-ական թվականների Արցախյան պատերազմի արդյունքում բռնի տեղահանվել է բնիկ հայ բնակչությունը։

Հայաստանի կազմի մեջ մտնող Արցախ և Ուտիք նահանգների մասին հիշատակումներ հանդիպում են դեռևս ուրարտական սեպագիր արձանագրություններում։ Ուրարտուի թագավոր Սարդուրի II (Մ.թ.ա. 764-735 թթ.)՝ Արգիշտի թագավորի որդին, հյուսիս կատարած իր արշավանքի ժամանակ Ծովակ գյուղի մոտ (Սևանա լճի ափամերձ շրջան) թողել է սեպագիր արձանագրություն, որտեղ պատմել է Ուրտեխե երկրի նվաճման մասին, որը ուրարտագետ գիտնականները համարում են Արցախի մասին առաջին հիշատակումը: Խորհրդային շրջանում, մեծ համարձակություն ցուցաբերելով, այս մասին «Վանի թագավորությունը» մենագրության մեջ գրել է ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկին․ «Լճի (Սևանա լճի) կողմից դեպի արևելք առաջ շարժվելու որևէ բնական խոչընդոտ չկա ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղ, որը մշտապես կապված է եղել Հայաստանի հետ»: 

Մ.թ.ա. VI դարի առաջին կեսից Արցախը, ինչպես և հարևան Ուտիքը, եղել է Երվանդունիների հայկական թագավորության անբաժանելի մասը: Մ.թ.ա. I դարի կեսերին (մ.թ.ա. 74-41թթ.) ոչինչ չէր փոխվել. Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի օրոք Արցախը մտնում էր Մեծ Հայքի կազմի մեջ: Այդ պատճառով Խաչենում և Գարդմանքում հատուկ կառուցվել են երկու Տիգրանակերտ՝ երկու բերդեր, որոնք պաշտպանել են Հայաստանի հյուսիսային և հյուսիս-արևելյան սահմանները Դերբենտի և Դարիալի կիրճերով արշավանքներից։

Աշխարհագրությունը ձևավորել է հայկական ճակատագիրն ու ազգային բնավորությունը։ Շնորհիվ բարդ տեղանքի, երբ լեռները, գետերն ու լճերը բարդացնում են օտարերկրացիների համար Հայաստանը գրավելու խնդիրը, նրա գավառներից յուրաքանչյուրը ձևավորեց իր մշակութային ներաշխարհը, որը հիմնված էր յուրահատուկ բարբառի վրա:

Մեծ Հայքն ինքնին բաղկացած էր 15 նահանգներից (հին հայ․ աշխարհ), բաժանված 188 շրջանների (հին․ հայ. գավառ):

  1. Բարձր Հայք (Կարինի երկիր)

  2. Տայք (արդյունքում՝ Ախըլցխա)

  3.  Գուգարք (գտնվում է Կուրի վերին հոսանքներում, 2022 թվականի դրությամբ բաժանված է Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի միջև)

  4. Ուտիք (դասական Օտենա, ներկայումս՝ Շաքի)

  5. Չորրորդ Հայք (դասական Սոֆենա)

  6. Տուրուբերան (գտնվում է Վանա լճի արևմուտքում, նահանգն առավել հայտնի է իր Տարոն շրջանով, 2022 թվականի դրությամբ՝ Թուրքիայի Մուշ նահանգ)

  7. Այրարատ (Հայաստանի սիրտը)

  8. Վասպուրական (Մեծ Հայքի հարավը՝ Վանա և Ուրմիա լճերի միջև, բյուզանդացիները նահանգն անվանում էին Ասպուրական կամ Վասպուրական)

  9. Սյունիք (այլ կերպ՝ Սիսական)

  10.  Արցախ (թյուրքական տարբերակով՝ Ղարաբաղ)

  11.  Փայտակարան (ներառում էր Շիրվանը, որը հայերի մոտ կոչվում էր Խորին Հայք)

  12.  Աղձնիք (Սասունից հարավ գտնվող նահանգ, բյուզանդացիներն այն անվանում էին Արզանա և Արզանենա)

  13.  Մոկք (դասական՝ Մոկս)

  14.  Կորճայք (Այսինքն՝ Քուրդ-Հայք, լատինական և հույն հեղինակների մոտ հանդիպում է որպես Քարդու կամ Կորդուք, նահանգը գտնվում էր Վանա լճից հարավ և բաղկացած էր 11 գավառներից, որոնք բնակեցված էին առավելապես քրդերով)

  15.  Պարսկահայք

Մեծ Հայքից հյուսիս-արևմուտք էր գտնվում Փոքր Հայքը (մ.թ.ա. 322 – մ.թ. 72, թագավորության տարածքը կազմում էր 68100 քառ. կմ):

Հայաստանի սահմանները հաստատվում են նաև հայոց լեզվի տարածման արեալով։ Հայերեն խոսել են Կուր-Արաքսի հովտում, Շակաշեն-Ուտիքում (Գանձակի գավառ), Արցախում, Կամբեճանում (Կուրի ձախ ափ) և Փայտակարանում։ Լեզվաբան Հրաչյա Աճառյանը պարզաբանում է, որ հայոց լեզվի 51 բարբառներից ամենատարածվածը Արցախի բարբառն է, որը հյուսիսում տարածվում էր մինչև Կամբեճան, Խորձեան, Զաքաթալ, Ջար և Շաքի, հարավում՝ Թավրիզ (Փայտակարան - Քարադաղ), իսկ արևելքում՝ Կասպից ծով:

20-րդ դարում Աճառյանի կողմից նախանշված Հայաստանի արևելյան սահմանները լիովին համապատասխանում են հայկական սահմաններին, որոնք նկարագրում է հին հույն աշխարհագրագետ և մաթեմատիկոս Կլավդիոս Պտղոմեոսը (մ.թ. մոտ 100-170 թթ.): Ըստ Պտղոմեոսի՝ Մեծ Հայքը հյուսիսից սահմանակից է Կոլխիդային, Վիրքին և Աղվանքին՝ Կուր գետի երկայնքով անցնող գծի երկայնքով [Պտղոմեոսը այս գետն անվանում է Կիր], արևմուտքից՝ Կապադովկիային Եփրատի երկայնքով և Կապադովկիայի Պոնտոսի գծով Մցխեթի լեռներով մինչև Կոլխիդա (Կողքիս), իսկ արևելքից՝ Վրկանաց ծովին [հնում Կասպից ծովը կոչվում էր Վրկանաց ծով, կամ Գուրգանաց], Կուրի գետաբերանից մինչև 79°45' - 43°20' սահմանը։

Այդ մասին խոսել է նաև հին հռոմեացի գրող Պլինիոս Ավագը. «Այսպես, Մեծ Հայքը սահման ունի մինչև Ադիաբենե, նրանից բաժանվելով լայն լեռնաշղթայով, իսկ ձախ կողմում ձգվում է մինչև Կուր գետը»։ Ադիաբենեն հնագույն պետություն է ժամանակակից Իրաքի հյուսիսում, որի մայրաքաղաքը գտնվում էր Արբելում (ներկայիս Էրբիլ): Տեղի բնակչությունը դավանում էր հուդայականություն, զրադաշտականություն, մանիքեություն և հայ եկեղեցու ծեսով քրիստոնեություն։

Հայաստանի մանրամասն նկարագրությունը գտնում ենք նաև հույն պատմաբան Ստրաբոնի մոտ, ով Արցախ նահանգն անվանում է Օրխիստենա, իսկ Կուր գետը՝ Կյուրոս․ «Բուն Հայաստանում կան շատ լեռներ և լեռնադաշտեր, որտեղ որթատունկը հեշտությամբ չի աճում. (կան նաև) շատ հովիտներ, մի մասը՝ միջակ, մյուսները՝ խիստ բերրի, ինչպես Արաքսի դաշտը, որով Արաքս գետն է հոսում մինչև Աղվանքի եզրերը և թափվում է Կասպից ծով, այնուհետև՝ Շակաշենը, որը սահմանակից է Աղվանքին և Կուր գետին, հետո՝ Գոգարենեն… Հայաստանի նահանգներն են նաև Փավենը, ինչպես նաև Կոմիսենան և Օրխիստենան՝ հայտնի իր մեծաքանակ այրուձիով»:

Այնուամենայնիվ, գետերը ոչ միայն ռազմաքաղաքական նշանակություն ունեն, այլև նվիրական բնույթ ունեն: Ինչպես վերը նշեցի, աստվածաբան գիտնականները կարծում էին, որ երկրային դրախտը Հայաստանում էր։ Այս դիրքորոշման հաստատման համար ենթադրություն էր առաջ քաշվում, որ Աստվածաշնչում նշված երկու գետեր հոսում են այստեղ: Կուրը համարվում է Եդեմից հոսող բիբլիական Փիսոն գետը, իսկ Արաքսը՝ Գեհոնը [կամ Գիհոն, իսկ հայերը մինչև հիմա գետը հին ձևով են անվանում՝ Երասխ]։ Այդպիսին էր Արարչի պատգամը. Կուրը դարեր շարունակ ապահովել է Հայաստանի և Աղվանքի միջև սահմանը: Ուստի, առաջնորդվելով անվտանգության շահերով, մ.թ.ա. 87 թ. Տիգրան Բ Մեծ թագավորն իր տերության կազմում ընդգրկեց Կուրի ձախ ափին գտնվող Աղվանքը, ինչը պատերազմ հրահրեց Պարթևստանի դեմ, որտեղ հայերը հաղթեցին երկու տարի անց։

Տիգրան Բ-ից գրեթե չորս դար անց՝ արդեն մ.թ. 3-րդ դարում, հայոց թագավորները Կուրի ձախ ափը և ամբողջ Աղվանքը դիտարկում էին որպես կախյալ տարածքներ։ Սակայն արդեն 4-րդ դարի 60-ական թվականներին Պարսկաստանի և Բյուզանդիայի պատերազմների ժամանակ իրավիճակը սկսեց փոխվել։ Ի հակակշիռ հայերի՝ Աղվանքի թագավորն իրեն հայտարարեց շահ Շապուհ II-ի դաշնակիցը, ում ռազմական հաջողությունների արդյունքում հայկական Ուտիք, Շակաշեն, Գարդմանք և այլ շրջաններն անցան Աղվանքին։ Սակայն Հայոց Պապ թագավորի օրոք, ով Բյուզանդիայի դաշնակիցն էր, Հայաստանն այդ շրջանները վերադարձրեց։

Հայ տիրակալները զրկվեցին Կուրի ձախ ափից 387 թ., երբ Բյուզանդիան և Պարսկաստանը բաժանեցին Հայոց թագավորությունը։ Առաջնորդվելով «բաժանիր և տիրիր», սկզբունքով՝ Սասանյան շահերը Աղվանքի ռազմա-վարչական շրջանի (այսուհետ՝ մարզպանություն) կազմում ընդգրկեցին Արցախ (11 528 քառ.կմ), Ուտիք (11 315 քառ. կմ) նահանգները և Փայտակարանի Հրաքոտ-Պերոժ շրջանը (3 650 քառ. կմ)։ Քարթլիի մարզպանությունը ստացավ հայկական Գուգարքը (11 695 քառ. կմ): Իսկ Ատրպատականի մարզպանության մեջ պարսիկները ներառեցին Պարսկահայքը (11 010 քառ.կմ մակերեսով) և Փայտակարանն առանց Հրաքոթ-Պերոժի (17 350 քառ. կմ մակերեսով): Ասորեստանի մարզպանությունը ստացավ Կորճայքը (14 707 քառ. կմ) և Աղձնիքի Արևելյան կեսը (9 707 քառ.կմ)։ 

Այսինքն՝ Սասանյանները փորձում էին «լուծարել» հայկական հողերը իրենց վերահսկողության տակ գտնվող նահանգներում։ Ուստի պարսիկների կազմած Հայաստան մարզպանության տարածքը կազմեց 134 361 քառ.կմ կամ Մեծ Հայքի տարածքի 48,5%-ը։ Ընդ որում, Քարթլիի մարզպանությունը Սասանյաններն ընդլայնեցին մինչև 37 012 քառ.կմ, իսկ Աղվանքի մարզպանությունը՝ մինչև 72 204 քառ. կմ: Բյուզանդացիներին ամբողջությամբ բաժին հասավ միայն 2 նահանգ (Բարձր Հայք և Ծոփք) և Աղձնիքի շրջանի արևմտյան կեսը (50 575 քառ. կմ ընդհանուր մակերեսով կամ հայկական թագավորության տարածքի մոտ 18,4%-ը): Պարսիկներն էլ ստացան Մեծ Հայքի 12 նահանգները և Աղձնիքի արևելյան կեսը (225 323 քառ.կմ ընդհանուր մակերեսով կամ հայկական թագավորության տարածքի մոտ 81,6%-ը)։

Ինչո՞ւ եմ հղում անում այս պատմական սյուժեին: Բոլշևիկների կողմից Արցախը և Նախիջևանը Խորհրդային Ադրբեջանին հանձնելուց շատ առաջ հայ ժողովուրդը նման մի բան ապրեց 387 թվականին։ Տարբերությունը միայն այն էր, որ 1921 թվականին հայկական հողերի վերաբաշխումը տեղի ունեցավ արդեն Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև։ Տիպիկ իմպերիալիզմ՝ անաստված և ստախոս:

Բոլշևիկները, լինելով պանթուրքիստների և նրանց կողմից իրականացված Հայոց ցեղասպանության աջակիցները, չէին նկատում, որ նույնիսկ երկու հազար տարի անց հույների և հռոմեացիների կողմից նախանշված Հայաստանի սահմանները ծառայում էին որպես գիտական էտալոն, որին հավասարվում էին կովկասագետ գիտնականները Ռուսական կայսրությունում և նրա սահմաններից դուրս։ Այսպիսով, Ֆյոդոր Զասի «Կովկասի նկարագրությունը Վրաստանի համառոտ պատմական և վիճակագրական նկարագրությամբ» գրքում, որը 1805 թվականին թարգմանվել է ֆրանսերենից, տրվում է տարածաշրջանի սահմանների հետևյալ նկարագրությունը․ «Իբերիան ձգվում էր Կուր գետի սկզբից, նրա երկու ափերի երկայնքով մինչև Արաքս գետը, և Հայաստանից բաժանվում էր լեռներով. Աղվանքը Հայաստանից բաժանվում էր Կուր գետով։ Այդպիսին էին երեք ազգերի սահմանները, որոնց մասին մեզ պատմում է հին պատմությունը՝ հիշատակելով վրացիներին»։

Տասնամյակներ անց՝ արդեն 1852 թվականին, հետազոտող Իվան Շոպենն իր «Հայկական մարզի վիճակի պատմական հուշարձանը ռուսական կայսրությանը միանալու դարաշրջանում» աշխատության մեջ (որը լույս է տեսել Սանկտ Պետերբուրգում՝ Կայսերական գիտությունների ակադեմիայի հովանավորությամբ) մանրամասն նկարագրում է հայկական սահմանները․ «Հայաստան անունով հայտնի երկիրը ժամանակին բավականին նշանակալից պետություն էր, որը Եփրատի ափերից մինչև Կուր և Կասպից ծով ձգվում էր 1,500 վերստ, իսկ Լազերի, Կոլխիդայի, Կովկասյան լեռների և Իբերիայի հողերից մինչև Դիարբեքիրի հարավային սահմանները՝ 1200 վերստ։ Այս ընդարձակ երկիրը, որն իր մեջ ներառում է մոտ 1 800 000 քառակուսի վերստ [Վերստ - երկարության ռուսական չափման միավոր, որը համապատասխանում է ներկայիս 1066․8 մետրին - Հեղ․] տարածք, հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ովքեր, ստիպված կրելով իրենց հայրենիքը պատուհասած վայրիվերումները, հաճախ գաղթել են այնտեղից մեծ խմբերով և փոխարինվել նոր գաղթականներով տարբեր ազգերից, որոնք իրար հետևից իշխում էին Փոքր Ասիայում։ Մեծ Հայքը արևմուտքից սահմանակից էր Փոքր Հայքին, որից բաժանվում էր Եփրատով, հարավից սահմանակից էր Միջագետքին, Ասորեստանին և Քուրդիստանին, որոնցից բաժանվում էր Տավրոսի լեռների մի մասով, արևելքից սահմանակից էր Պարսկաստանի Ատրպատական (Ադերբայգան) նահանգին և Կասպից ծովին, իսկ հյուսիսից՝ Աղվանքին (ներկայիս Շաքի և Շիրվան), Վիրքին (Վրաստան) և Կոլխիդային (Մինգրելիա, Իմերեթիա և Գուրիա), Տրապիզոնի փաշայության մի մասին»։

Այնուհետև Շոպենը թվարկում է Հայաստանի այն հատվածները, որոնք 19-րդ դարի կեսերի դրությամբ գտնվում էին Ռուսաստանի վերահսկողության տակ։ Նրանց թվում վեցերորդ կետով նշվում է Ղարաբաղը, որը Շոպենն անվանում է նաև հնագույն նահանգ Արցախ։ Հատկանշական է, որ հայկական տարածքների շարքում հինգերորդ կետում է նաև Ելիզավետպոլի շրջանը։ Այն Շոպենը բնութագրում է որպես հին հայկական Ուտիք նահանգի մաս։ Ելիզավետպոլի շրջանի մայրաքաղաքը հայկական Գանձակ քաղաքն է։ Խորհրդային տարիներին այն վերանվանել էին Կիրովաբադ, իսկ այժմ պարսկական ձևով այն կոչվում է Գյանջա։

Շոպենը պարզապես գրող չէր, նա ուներ պետական խորհրդականի կոչում, որը զինվորական ծառայության մեջ հավասարեցվում էր գեներալ-մայորի կամ փոխծովակալի կոչմանը: Շոպենի աշխատությունը Արցախի և նախկին Խորհրդային Հայաստանի Արևելքում այլ նահանգների՝ հայ ժողովրդին պատկանելու միակ վկայությունը չէ։ 

Ուշադրության է արժանի նաև պետական խորհրդական Ալեքսանդր Խուդաբաշևի «Հայաստանի ակնարկը աշխարհագրական, պատմական և գրական առումներով» աշխատությունը, որը հրատարակվել է Սանկտ Պետերբուրգում 1859 թվականին: Նրա գիտական աշխատության 23-րդ էջում Արցախը նշվում է որպես հայկական նահանգ։ 

Հայոց աշխարհը նույն կերպ է նկարագրում ցարական գեներալ Վիկտոր Աբազան իր «Հայոց պատմության» մեջ, որը լույս է տեսել 1888 թվականին: Հեղինակը հիշեցնում է, որ Արցախ նահանգը բաղկացած է 12 մարզերից։ Աբազան Արցախի շարքին է դասում նաև Գանձակ քաղաքը, որը «Արշակունիների անկումից հետո վերցրել են աղավունները», այսինքն՝ աղվանները, և «նրանց կողմից վերանվանվել է Գանձակ Աղվանից»։ Պատմաբանի խոսքերով՝ 11-րդ դարի վերջին այստեղ է եղել աղվանաց պատրիարքը։ Իսկ 1804 թվականին քաղաքը գրավվել է ռուսների կողմից և վերանվանվել Ելիզավետպոլ։ Աբազան առանձին հիշատակում է նաև Ամարասը՝ «այն վայրը, որտեղ պահվում էին Սուրբ Գրիգորի մասունքները» (Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռը)։

Ովքե՞ր են աղվանները։ Շփոթությունից խուսափելու համար անմիջապես պարզաբանենք, որ Կովկասում կար երկու Աղվանք (կամ Ալբանիա)։ Առաջինը գտնվում էր Կուրի ձախ ափին և բնակեցված էր լեզգիներով։ «Գանձակի աղվաններ» ասելով, Աբազան նկատի ունի լեզգիներին, ովքեր արշավանքի արդյունքում անցել են Կուրի աջ՝ հայկական ափ: Ձախափնյա Աղվանքում մեծամասնություն կազմող լեզգիների հետ միասին ապրում էին մոտ 26 փոքր ցեղեր, այդ թվում՝ ուդիներ, որոնք ծագումնաբանությամբ մոտ էին լեզգիներին։ Աղվանների խոսակցական լեզուն լեզգիներենն է։ Սակայն աղվանները ժամերգություններ կատարել են հին հայերենով [գրաբար]։

Աղվանական այբուբենը պատկանում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գրչին և իր տառերով հիշեցնում է հայերենը։ Այբուբենը Մաշտոցին և նրա հետևորդներին թույլ տվեց քրիստոնեությունը տարածել Կուրի ձախ ափին՝ այնտեղ ընդլայնելով հայկական քաղաքակրթության մշակութային և քաղաքական ներկայությունը։ Աղվանից այբուբենի գյուտի մանրամասները մեզ պատմում է մատենագիր Կորյունը՝ Մաշտոցի աշակերտը, ով աղվաններին անվանում է աղուանք․ «…Նրա մոտ եկավ Բենիամին անունով աղուանցի մի քահանա։ Նա (Մաշտոցը) հարցուփորձ արեց նրան, քննեց աղուանց լեզվի բարբարոսական խոսքերը, ապա ի վերուստ ուղարկված իր սովորական խորաթափանցությամբ գիր ստեղծեց (աղուանց համար) և Քրիստոսի ողորմությամբ հաջողությամբ կշռեց, դասավորեց և ճշտեց»։ 

Այնուհետև Կորյունը հայտնում է Մաշտոցի ուղևորության մասին դեպի Աղուանք երկիր, «թագավորների նստավայր», որտեղ լուսավորիչը «հանդիպեց Աղուանքի սուրբ եպիսկոպոսին, ում անունը Երեմիա էր, ինչպես նաև նրանց թագավոր Արսվաղենին և բոլոր ազատներին»․ «Նրանք բոլորը Քրիստոսի անունով ավելի հնազանդ ընդունեցին նրան։ Եվ երբ նրան հարցրին, նա հայտնեց իր գալու նպատակը: Եվ նրանք՝ եպիսկոպոսն ու թագավորը, երկուսն էլ հավասարապես համաձայնեցին ընդունել այդ գիրը և հրաման արձակեցին տարբեր գավառներից և իրենց տիրակալության վայրերից բերել պատանիներին՝ գիր սովորեցնելու համար, հավաքել նրանց, բաժանել խմբերի դպրոցներում, հարմար և պատշաճ վայրերում և խնամակալություն նշանակել (նրանց) ապրուստի համար»։

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանն իր «Աղվանից երկիր և դրացիք» գրքի մեջ (1902 թ.) Աղվանքի սահմանները նկարագրում է հետևյալ կերպ. «Կովկասյան Ալբանիան արևելքում սահմանակից էր Կասպից ծովին և Արաքս գետին, հյուսիսում տարածվում էր մինչև Դերբենտ, արևմուտքում՝ Ալազանի, Հնարակերտ և Ձորագետ գետը, իսկ հարավում՝ Արցախի լեռները և Գարգառ գետի Արաքսին միացման տեղը»։ 

Երկրորդ Աղվանքը գտնվում էր Կուրի աջ ափին և կոչվում էր Հայկական Աղվանք [տերմինը հաճախ հիշատակվում է ցարական շրջանի փաստաթղթերում և տեքստերում], որին պատմաբան Մովսես Կաղանկատվացին նաև Աղուանք էր կոչում [տես ավելին «Աղուանից աշխարհի պատմութիւն», գիրք I, գլուխ 4]․ «Աստ սկիզբն առնու նախագահութեան Աղուանից. զի յսկզբանն աշխարհագրութեան մարդկութեանս, որ զմեծ լերամբն Կաւկասու բնակելոցն, չունիմք ինչ ասել զստոյգն ի պէտս լսողաց մինչև Վաղարշակ արքայն Հայոց, որ ի կարգելն իւրում զհիւսիսայինսն, կոչեաց զվայրենի եկամուտ ազգս, որ ի դաշտին հիւսիսոյ, կամ որ զստորոտովն Կաւկասու, կամ ի հովիտս, կամ ի խորաձորս՝ զհարաւով մինչև ցմուտս դաշտին, պատուէր առնէր զաւազակութիւն և զմարդադաւութիւն թողուլ և հարկաց

արքունի հնազանդ կալ: Ապա կարգեաց նոցա առաջնորդ և վերակացուս, յորոց գլխաւոր ոմն ի Սիսական տոհմէ Յաբեթական ծննդոցն կարգի հրամանաւ Վաղարշակայ, Առան անուն, որ ժառանգեաց զդաշտս և զլերինս Աղուանից՝ ի գետոյն Երասխայ մինչև ցամուրն Հնարակերտ: Ի սորա՝ Առանայ ծննդոց, ասեն, արք անուանիք»։ Ինքը՝ Սիսակը, ում պատվին հետագայում կոչվեց Սյունիք նահանգը, Հայաստանի հինգերորդ թագավոր և Հայկ Նահապետի անմիջական հետնորդ Գեղամի որդին էր։

Առանի հայկական ծագման հաստատումը գտնում ենք նաև 10-րդ դարի սկզբին արաբ պատմաբան Իբն-ալ-Ֆակիհ Աբուբաքր Ահմեդի կողմից գրված «ալ-Բուլդան» աշխատության մեջ, որտեղ տրվում է հետևյալ պարզաբանումը. «Առանը՝ առաջին երկիրը Արմինիայում, ունի 4 հազար գյուղ»։ Հեղինակը Հայաստանը բաժանում է չորս մասի և դրանք անվանում «Արմինիա Առաջին, Երկրորդ և այլն»՝ ներառելով Առանը «Առաջին Արմինիայի» կազմի մեջ։ Ըստ Իբն-Ֆակիհի՝ Պարտավ (Բարդա), Բայլական, Կապալա, Շիրվանշահ, Շամքոր և Բալասական քաղաքները գտնվում էին Առանի տարածքում։ Այսինքն՝ բնիկ հայկական էին։

Ի դեպ, Հայաստանի և Աղվանքի սահմանը Կուր գետով հաստատել է նաև ադրբեջանական պատմական դպրոցի հիմնադիր Աբբասղուլի աղա Բաքիխանովը։  «Համադրելով տարբեր հանգամանքներ և պատմաբանների ցուցմունքները՝ կարելի է ենթադրել, որ Կուր գետի աջ ափը կազմում էր Հայաստանի սահմանը»,- գրել է Բաքիխանովն իր «Գյուլիստան-ի Իրամ» աշխատության մեջ, որը հրատարակվել է պարսկերենով 1841 թվականին: Վկայակոչելով 15-16-րդ դարերի սահմանագծին ապրած պարսիկ պատմաբան Գիյաս ադ-Դին Խոնդեմիրի «Հաբիբ աս-սիյար» (Կենսագրությունների բարեկամ) գիրքը, Բաքիխանովն ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, որ նույնիսկ «Թիֆլիսը եղել է Հայաստանի կազմի մեջ»․ «Պլինիոսն ու Պտղոմեոսը գրում են, որ Հայաստանի հյուսիսային սահմանը հասել է մինչև Կուր, որի աջ ափին գտնվում են Թիֆլիսը, Դմանիսը, Բունիսը և այլն: Ներկայիս Վրաստանի այս հատվածը կոչվում է Սոմխեթի, որը վրացերենով նշանակում է Հայաստան, և իսկապես Սոմխեթիում հայերն ավելի շատ են, քան վրացիները»։

Կովկասյան թյուրքերը ոչ մի կապ չունեն աղվանների և նրանց մշակութային ժառանգության հետ, քանի որ նրանք մինչև 11-րդ դարի կեսերը չեն բնակվել տարածաշրջանում. սելջուկ թուրքերը Տուղրիլ բեկի գլխավորությամբ 1054 թվականին ներխուժել են պարսկական Ատրպատական նահանգ [ներկայիս «Ադրբեջան» կոչվող պետության մի մասը]իսկ նրա իրավահաջորդ Ալփ-Արսլանը (1063-1073 թթ.) շարունակել է գրավել հայկական հողերը։

Հայկական Աղվանքի մշակութային և քաղաքական մայրաքաղաքը Գանձակ (Ուտիք – Մեծ Հայքի 12-րդ նահանգ) հարուստ քաղաքն էր, որով անցնում էին Եվրոպայից Պարսկաստան գնացող ու դեպի Հնդկաստան և Չինաստան ուղևորվող առևտրային քարավանները: Սելջուկների արշավանքի ժամանակ հայկական զորքերը տեղափոխվել են Վրաստան, որտեղ ստացել են Բագրատունիների վրացական ճյուղի [Հայաստանում և Վրաստանում տարբեր ժամանակաշրջաններում իշխած հայկական իշխանական տոհմ] աջակցությունը, որպեսզի շարունակեն պայքարը ազգային ազատագրման համար։ Վրաց Դավիթ Դ Շինարար թագավորը (1089 - 1125թթ.) 1122թ. սելջուկներից ազատում է Թբիլիսին, Շաքին, Կապաղակը և Գանձակը: Հայ-վրացական զորքերի համատեղ հաղթանակները շարունակվեցին նաև վրաց թագավոր Գեորգի Գ-ի օրոք (1156-1184թթ.). նրա հրամանատար Իվանե Օրբելյանը սելջուկներից ազատեց Անին և Դվինը, որոնք նախկինում հայկական մայրաքաղաքներ էին:  

Գանձակը օրհնված քաղաք է։ Այստեղ է ծնվել և մեծացել հայ իրավագետ Մխիթար Գոշը (1120 – 1213թթ.)` առակի ժանրով գրված «Դատաստանագրքի» (1184թ.) հեղինակը, որը իրավական մտքի հուշարձան է: Ծնունդով Գանձակից էր նաև պատմիչ Կիրակոս Գանձակեցին (1200 – 1271թթ.)՝ «Հայոց պատմության» հեղինակը, որտեղ նկարագրվում են XII-XIII դարերի իրադարձությունները: Գանձակով կարող են հպարտանալ նաև պարսիկները, քանի որ այնտեղ է ծնվել և ստեղծագործել պարսիկ բանաստեղծ Նիզամի Գյանջևին (1141-1209թթ.): Նիզամիի գրչին են պատկանում համաշխարհային գրականությունը հարստացրած «Խոսրով և Շիրին», «Լեյլի և Մեջնուն», «Յոթ գեղեցկուհիները» и «Իսկանդար Նամե» պոեմները։

Արտաքին տերությունների գաղութային քաղաքականությանը և թշնամական շրջապատին հակառակ՝ Գանձակի հայերը դարեր շարունակ իրենք են որոշել հայրենի հողի ճակատագիրը՝ չնայած XIII դարի թաթար-մոնղոլական արշավանքներին, չնայած XIV-XV դարերում քոչվոր ցեղերի՝ Ջալալի, Չոբանիդների, Ակ-կոյունլուների («Սպիտակ ոչխարներ») և Կարա-կոյունլուների («Սև ոչխարներ») ավերիչ արշավանքներին, և չնայած  XVI-XVIII դարերում Սեֆևյան Պարսկաստանի գերիշխանությանը։

XVIII դարի փաստաթղթերը վկայում են, որ Արցախի ազատագրական շարժմանը ակտիվ մասնակցություն է ունեցել Գանձակի մելիքությունը։ Մասնավորապես, 1721թ. ապրիլի 1-ին Եսայի կաթողիկոսի ուղղած նամակը Պետրոս I կայսրին, բաղկացած է հետևյալ հատվածներից.«Ես Եսայի Պարտայու և մելիք Յովսէփ ի գանճայու, միմեանց ծեռ արկաք Ժ (10) և ԺԲՌ(12000) մարդ [10-12 հազար] ժողովեցանք, պատերազմ մտանք կամ թե լազկոյ հետ կամ թէ տանս Աղուանից թուրքաց հետ. ամուր ծայրս քարանց սըղնաղ կապեցինք ի մեծի թագաւորիդ սուրդ աղօթիւն շատ կոտորումն և յաղթութիւն եմք առեալ ի վերայ թուրքաց…»։ Որպես խնդրանք՝ հայ իշխանները միապետից փաստաթուղթ են խնդրում․ «Ես՝ Եսայիս Պարտայու, Շրվանն և Սարգիսը Չարայպերթու, մելիք Յովսեփն ի Գանճայու. Այս Դ(4) մարդկանցս իրաղամ գրեալ և կնքեալ շնորհես վասն մերում անուանայդիր երկրացս, որ հասանէ մեզ ի մեք ի զօրութենե քումե առնումք զօրութիւն և կապեմք զրեհ, մենայմարտինք թշնամոյն, մինչև ի գալուստ թագայորին»։ Եսայի Կաթողիկոսը պարզաբանում է ռուս ցարին․ «եմ ի երկրէն Պարդայու, ի գեուղեն, որ և կոչի Գուլստան»։

Պատմաբան Կիմ Ղահրամանյանը հիշեցնում է, որ Պարտավ քաղաքը կառուցվել է 5-րդ դարի երկրորդ կեսին՝ որպես Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի կողմից Արցախում և Ուտիքում կազմավորած Հայոց թագավորության մայրաքաղաք: Հենց Պարտավում է ընդունվել Հայոց պատմության մեջ առաջին Սահմանադրությունը՝ Հուստինիանոսի օրենսգրքից (հռոմեական քաղաքացիական իրավունքի հայտնի կանոնագրքից, որը կազմվել է 529-534 թվականներին բյուզանդական Հուստինիանոս Մեծ կայսեր օրոք) երկու տասնամյակ առաջ։ Պարտավ երկիրը ներառում էր Պարտավ քաղաքը, Կուրի ափամերձ շրջանները, Գյուլիստանը և Գետաշենը՝ իրենց շրջապատող հողերով։

Հակառակ տարածված կարծիքի, որ Արցախը բաղկացած էր հինգ մելիքություններից (Խաչեն, Գյուլիստան, Ջրաբերդ, Վարանդա և Դիզակ), որոնք մնացել էին ժողովրդական հիշողության մեջ Րաֆֆու «Խամսայի մելիքությունները» վեպի ազդեցության տակ, Արցախի մեջ էին մտնում նաև Շամքորի, Գետաշենի, Ոսկանապատի, Գանձակի և այլ մելիքություններ։ Սրանք են պատմական իրողությունները, որոնք գիտակցաբար անտեսվել են խորհրդային և թուրքական գաղութարարների կողմից։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) Ադրբեջանական ԽՍՀ կազմում ապօրինի ընդգրկելու ժամանակ բոլշևիկները Արցախից գիտակցաբար կտրեցին նրա պատմական հյուսիսային շրջանները (Շամքորի, Գետաբեկի, Թովուզի, Դաշքեսանի, Խանլարի, Ղազախի և Շահումյանի շրջանները) թյուրքական «ծովում», որոնք բնակեցված էին հայերով։ Պատահական չէր, որ սովետական իշխանությունը  այդպես վարվեց Ուտիք նահանգի հետ, որը թագավորական փաստաթղթերում սկզբում կոչվում էր Գանձակի մելիքություն, իսկ ռուսների՝ տարածաշրջան գալուց հետո, Ելիզավետպոլի նահանգ: Փոխելով անվանումը՝ գաղութարարները փորձում էին փոխել հին հայկական հողի էությունը։

Մեր ընդդիմախոսները կարող են առարկել, թե իբր հայերը միայն իրենց հին պատմությամբ են քողարկվում, իսկ ներկայիս ժամանակաշրջանում նրանք ոչ մի փաստարկ չունեն։ Եթե ձեզ դուր չեն գալիս հռոմեական, հունական և ռուսական աղբյուրները, ապա նայեք վրաց թագավոր Հերակլ II-ի 1769 թվականի գրությունը, որտեղ ասվում է հետևյալը․ 

«Խամսան [այսինքն՝ Արցախ - Հեղ․] տիրույթ է, որում 7 վոյեվոդություն կա, ժողովուրդն ամբողջությամբ հայոց օրենքով է ապրում և այնտեղ հայոց պատրիարքն է գտնվում» [Տե՛ս ավելին՝ «Վրաստանին վերաբերող XVIII դարի պատվոգրեր և այլ պատմական փաստաթղթեր», հ. I, 1768-1774 թթ., խմբ․ Ա.Ա. Ցագարելի, Սանկտ Պետերբուրգ, 1891, փաստաթուղթ 198, 434, 435 և 436 էջեր]։

Այնուհետև իր նկարագրության մեջ Հերակլ II թագավորը բերում է մի փաստ, որը հաստատում է, որ դեռևս XVIII դարում Կուրի աջ ափին գտնվող Շաքիի խանության բնիկները եղել են հայեր, ինչպես նաև «հունական օրենքի» ներկայացուցիչներ՝ նկատի ունենալով վրացիներին և, հավանաբար, աղվանցիներին․

«Շաքիի Խանի պապին Հաջի Չալաբի էին կոչում, նրա հայրը հայ քահանա էր, բայց Հաջի Չալաբին ընդունեց մահմեդական հավատը և որոշակի կարողության միջոցով տիրացավ Շաքիին, որը հին ժամանակներում գտնվում էր Կախեթի թագավորի տիրապետության տակ, բայց ուժով խլվեց մահմեդական պարսկական Շահ Աբբաս I-ի կողմից: Եվ այդ տիրապետության մեջ շատերն են ապրում՝՝՝ հայկական օրենքին բացեիբաց հպատակվելով, իսկ մեր հունական օրենքին՝ վախով հպատակվելով»։

Այսինքն՝ հայերը Շաքիի խանության մեջ մեծամասնություն էին կազմում և բացահայտ դավանում էին իրենց հավատքը։ Իսկ որտե՞ղ են ապրում այդ հայերի ժառանգները հիմա։ Նրանց համար տեղ չգտնվեց Ադրբեջանում։

Բաքվի ռեժիմը խորհրդային տարիներից ամեն ինչ արել է, որպեսզի հայերը, լինելով Կուրի ձախափնյա շրջանի բնիկներ, լքեն իրենց տները՝ Բաքվի և Սումգայիթի հայերի հետքերով։ Հենց այդ Ադրբեջանի հետ է, որ Հայաստանի իշխանություններն առաջարկում են խաղաղության պայմանագիր կնքել, որը գործնականում կվերածվի նոր էթնիկ զտումների։

Ուստի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման ցանկացած կողմնակից, առանց արցախահայության անկախության իրավունքը հաշվի առնելու, հանդիսանում է բաքվաթրքական ավազակախմբերի և նրանց կողմից վարվող ցեղասպան քաղաքականության աջակիցը։

Այդ հողերի սրբազան նշանակությունը հասկանում էին ոչ միայն տեղի հայերը։ 19-րդ դարի առաջին կեսին գերմանական Վիտենբերգի ավետարանիչ-քարոզիչները պնդում էին, որ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը պետք է տեղի ունենա հենց Արցախում: Նույնիսկ ճշգրիտ տարեթիվը նշվեց՝ 1836 թվական: Իջման վայր էր համարվում Կասպից ծովից արևմուտք ընկած շրջանը, այսինքն՝ Կուրի և Արաքսի հովիտը։ Այդ պատճառով դեռևս 1818 թվականի վերջին Գերմանիայից Արցախ և Ուտիք են գաղթել 194 ընտանիք, որոնք հայերի աջակցությամբ ձևավորել են գերմանական 4 գաղութներ՝ Ելենենդորֆ, Աննեֆելդ, Գեորգսֆելդ և Գետաբեկ: Մեկ տարի անց Վրաստանի գեներալ-նահանգապետ Խավենը Կովկասում ցարական զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսեյ Երմոլովին ուղղված իր ուղերձում գրել է. «Ելիսավետպոլի հայերը բարեհամբույր կերպով ընդունեցին Վիտենբերգյան գաղութարարներին, նրանցից ոմանք այդ նոր վերաբնակիչներին առանց վարձի սնունդ են մատակարարում և այլ հնարավոր նպաստներ տրամադրում։ Ես ինձ համար հաճույք եմ համարում հրամայել հայտարարել Ելիսավետպոլի հայ հասարակությանը... այս թուղթը՝ ի նշան իմ երախտագիտություն նման գովելի արարքի համար»։

Հայաստանը պատմաբանների կամ բանաստեղծների գյուտ չէ, այլ կոնկրետ սահմաններով քաղաքակրթություն, որը ձևավորվել է հարթավայրերով, լեռներով և գետերով։ Այս քաղաքակրթությունը տեր ունի՝ հայ ժողովուրդը, որն ավելի քան չորսուկես հազար տարի իր ինքնությունը պահպանում է հողին պատկանելու շնորհիվ: Ազգային ինքնությունը պղտորելու համար նվաճողներն ու գաղութարարներն ամեն անգամ հայերի նախնադարյան հողերը բաժանում են հարևան ժողովուրդներին։ Զավթիչների նպատակը մակերեսի վրա է. թուլացնել հայերի կապը հողի հետ, նրանց ազգային-ազատագրական պայքարը մղել հարևանների հետ առճակատման և ժողովրդին լուծարել նոր «սահմանների» մեջ: Այսինքն՝ հողերի կորուստը պետք է դիտարկել որպես հարված ինքնությանը։ Այդպես է եղել 387 և 1921 թվականներին։ Այդպես տեղի ունեցավ նաև 2020 թվականին։ Եվ այդպես կլինի հետագայում, եթե Հայկական երազանքի փոխարեն օտարները հայերին պարտադրեն ուրիշի երազանքը։

Գլուխ 3. Հայկական պայքարը ապագաղութացման դարաշրջանում

Հայերն իրենց նախահայր Հայկ Նահապետի ժամանակներից պայքարում են գաղութատիրության դեմ՝ որպես ստրկության և մարդու կողմից մարդու շահագործման վրա հիմնված սոցիալական համակարգ: Այլ կերպ ապրել՝ նշանակում է մերժել սեփական ճակատագիրը։ Արարատի գագաթին հանգրվանած Նոյան տապանը հայերին կտակել է հատուկ առաքելություն՝ գնահատել Ջրհեղեղից հետո շնորհված նոր կյանքը չարի ու անօրինականության դեմ անզիջում պայքարի միջոցով: Մի կողմից, առաքելությունը դա օրհնություն է։ Իսկ մյուս կողմից՝ հայ ժողովրդի վրա դնում է հավաքական պատասխանատվություն, քանի որ արտաքին չարիքը կարելի է հաղթահարել միայն ներքին չարիքի, սեփական արատների դեմ տարած հաղթանակի միջոցով: Չէ՞ որ չի կարելի անօրինություն գործել սեփական տանը և միաժամանակ օրինակ ծառայել հարևանի համար։

Աշխարհը փոխկապակցված է։ Հայաստանն ունի նույն ծննդաբերական վնասվածքները, ինչ աշխարհը։ Իսկ աշխարհն ունի նույն ծննդաբերական վնասվածքները, ինչ Հայաստանը։ Հայերը չեն կարող արտաքին աշխարհին ավելի լավ վերաբերվել, քան իրենք իրենց։ Այդպես էլ արտաքին աշխարհը չի կարող հայերին ավելի լավ վերաբերվել, քան հայերն են միմյանց վերաբերվում։ Չնայած Հայկի ժառանգների վաստակը հնարավոր չէ անտեսել։

Հայաստանի և հայության պատմական նշանակությունն ընդգծել են բազմաթիվ ժողովուրդներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Այսպես, Հայաստանում ամերիկյան ռազմական առաքելության 1919թ. հոկտեմբերի 16-ի զեկույցում հայերին տրվում է բնութագիր, որը հաստատում է իմ կողմից ավելի վաղ բերված փաստերը․ «Հայերն իրենց անունով պատմությանը հայտնի էին դեռևս մ.թ. ա. 5-րդ դարում և այդ ժամանակվանից ապրում են մի տարածաշրջանում, որտեղ նրանց այսօր պատուհասում են դժբախտությունները: Հայաստանն իրենից ներկայացնում է ծովի մակերևույթից 3 հազարից մինչև 8 հազար ֆուտ բարձրության վրա գտնվող մեծ, խորդուբորդ սարահարթ, որտեղ Արարատ լեռը հանդիսանում է գերիշխող գագաթ: Հնում հայկական թագավորությունն ունեցել է ելքեր դեպի Միջերկրական, Կասպից և Սև ծովեր։ Ավելի ուշ դարերում Հայաստանի տարածքը կրճատվել է մինչև 140 հազար քառակուսի մղոն, մոտավորապես նույն տարածքով, ինչ Մոնտանա նահանգը։ 1914 թվականին հայկական հողերը բաժանված էին երկու մասի․ արևելյան, որը պատկանում էր Ռուսաստանին, բաղկացած էր Կարսից և Էրիվանից, ինչպես նաև ներկայիս Ադրբեջանի տարածքի որոշ մասերից, և արևմտյան մասը, որը թուրքական Հայաստանն է՝ բաղկացած Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Դիարբեքիրի, Խարբերդի և Կիլիկիայի վիլայեթներից։ Հայերը ցրվել են նաև ամբողջ Անդրկովկասում և Փոքր Ասիայում։

Հայաստանը հազար տարի ավելի շուտ պետականություն ձեռք բերեց, քան եվրոպական բոլոր երկրները՝ բացառությամբ Հունաստանի և Հռոմի։ Իր պատմության քսանհինգ դարերից ավելի քան տասներկուսի ընթացքում Հայաստանն անկախություն է վայելել իր սահմաններում, որոնք ժամանակի իրադարձություններով պայմանավորված փոփոխվում էին։

Կիլիկիայից վտարված Լևոն Զ հայոց թագավորն իր վերջին տարիներն անցկացրել է փորձելով վերջ դնել Ֆրանսիայի և Անգլիայի միջև հարյուրամյա պատերազմին: Կիլիկյան Հայաստանի թագավորն այն ժամանակ պայքարի կիզակետում էր և փաստացի գլխավորում էր Բուլոնի խաղաղության համաժողովը, որը 1386 թվականին հանգեցրեց փոխըմբռնման և Փարիզի ու Լոնդոնի միջև պատերազմի ավարտին։ 

Հայաստանը քրիստոնեացվել է առաքյալների կողմից, ովքեր մեր Տիրոջը տեսել են դեռևս մ.թ. 33 թվականին: Հայերը պետական մակարդակով ընդունել են քրիստոնեությունը և հիմնել ազգային եկեղեցին մ.թ. 301 թվականին, որը դարեր շարունակ փոթորիկներ է ապրել և կենսական նշանակություն ունի այսօր: Հայաստանն առաջին երկիրն էր, որ պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը։ Ընդ որում, այս ամենը տեղի էր ունեցել հեթանոսական աշխարհում։

Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրումից հետո առաջին երկու դարերը հայ գրականության ոսկե դարն էին, հայերն իրենց համար այբուբեն հորինեցին, Աստվածաշունչը թարգմանեցին ժողովրդական լեզվով: Հայերը կենտրոնացել են ժամանակի խոշոր գիտական կենտրոններում՝ Աթենքում, Բորնայում և Ալեքսանդրիայում։ Զարգացրել են ճկուն գրական լեզու, որը դարձել է ազգային կյանքի մեծագույն արժեքներից մեկը։

Իր աշխարհագրական դիրքով Հայաստանը մի մեծ ճանապարհի վրա էր, որով իրականացվում էին Արևելքից Արևմուտք արշավանքներ։ Պարսկաստանի հավակնությունները, սարակինոսները, իսլամի տարածումը, ինչպես նաև խաչակրաց արշավանքները Հայաստանը վերածեցին Արևելքում քրիստոնեության վերջին սահմանագծի: Եթե համեմատենք  ըստ բնակչության թվաքանակի, ապա Հայ Եկեղեցին պարսիկների, պարթևների, սարակինոսների, թաթարների և թուրքերի դեմ պայքարի զոհասեղանին ավելի շատ նահատակներ է դրել, քան ցանկացած այլ ժողովուրդ: Հայկական վերջին տոհմը գահընկեց է արվել Եգիպտական սուլթանի կողմից՝ Մեհմեդ Բ-ի կողմից 1453 թվականին Կոստանդնուպոլսի նվաճումից 78 տարի առաջ»։ 

Անհատապաշտ ժողովուրդները, ինչպես առանձին վերցրած մարդիկ, ձգտում են ազատություն ձեռք բերել՝ իրենց ճակատագիրն ինքնուրույն կառավարելու համար։ Պատմության մեջ այս գործընթացը կոչվում է ապագաղութացում, որը սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում և շարունակվում է մինչ օրս՝ ապրելով արդեն իր Երրորդ ալիքը։ Դրա երկրորդ ալիքը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իսկ երրորդը՝ Խորհրդային Միության փլուզմամբ՝ մեկ տասնամյակ անց տարածվելով դեպի Մերձավոր և Միջին Արևելքի տարածքներ։ 

Կայսրությունները, որոնք ստրկություն են կիրառում նվաճված ազգերի նկատմամբ, չեն կարող ստանալ Աստծո օրհնությունը, քանի որ նա մեզ պատվիրեց սիրել մեր մերձավորներին որպես ինքներս մեզ, այլ ոչ թե օգուտ քաղել նրանց թուլություններից: Հետևաբար, հեթանոսական Հռոմեական կայսրությունը, որը խաչեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ամեն կատարված մեղքով մոտեցրեց իր կործանումը: Հռոմի ճակատագիրը կիսում էին բոլոր մյուս կայսրությունները, որոնք իրենց անվանում էին քրիստոնյա, բայց, ըստ էության, մնում էին հեթանոսական, քանի որ ստրկությունը, որը նրանք շարունակում էին սերմանել, հեթանոսական մտածողության արդյունք է: Որովհետև հասարակությունը, որտեղ նյութական բարիքները բաշխվում են արյունակցական սկզբունքով, և ոչ թե մարդու արժանիքներով ու աշխատանքով, հեթանոսական են: Եվ որքան ավելի արագ է կայսրությունը գլորվում հեթանոսության մեջ (ժամանակակից լեզվով ասած՝ ֆաշիզմի մեջ), այնքան ավելի մոտ է նրա կործանումը։

Երբ գաղութային կայսրությունները փլուզվում են, ստրկության մեջ ապրող ժողովուրդները ազատություն ձեռք բերելու հնարավորություն են ստանում։ Եվ սա ոչ թե գրական պաթոս է, այլ տիեզերքի օրենք, որը 7-րդ դարում հակիրճ նկարագրել է Լուսավորիչ Անանիա Շիրակացին՝ հայտարարելով, որ «Ամեն մի ծնունդ իր մեջ պարունակում է ոչնչացման սաղմը, ամեն մի ոչնչացում իր հերթին նոր ծննդի սկիզբն է»։

 Ինքներդ դատեք. մ.թ․ա. 331 թվականին Աքեմենյան տերության անկումից հետո քաղաքական քարտեզի վրա միաժամանակ հայտնվում են հայկական երկու պետություններ՝ Մեծ Հայքը (275.898 քառ. կմ տարածքով) և փոքր Հայքը (68.100 քառ. կմ): Իսկ 1080 թվականին բյուզանդական կայսրության թուլացման ֆոնին առաջանում է Կիլիկյան հայկական թագավորությունը (40 հազար քառ․ կմ տարածքով), որը գոյատևում է մինչև 1424 թվականը։ Նմանատիպ օրենք աշխատեց նաև 1918 թվականին Օսմանյան և Ռուսական կայսրությունների փլուզումից հետո, երբ մայիսի 28-ին՝ Սարդարապատի ճակատամարտում թուրքական բանակի նկատմամբ տարած հաղթանակից հետո, հայերը հռչակեցին  հայկական հողերի իսկական ժառանգորդի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը, որի հողերը երկու տարի անց օկուպացվեցին բոլշևիկների և նրանց բաքվաթրքական հանցակիցների համատեղ ագրեսիայի արդյունքում։

Այն ժամանակ մենք հաղթեցինք, որովհետև օրհնված էինք և միասնական։ Չէ՞ որ Սարդարապատի հերոսների շարքում (Խաչատուր Կարապետյան, Անդրանիկ Օզանյան, Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյաններ, Միխայիլ Արեշև և այլք) միայն էթնիկ հայեր չէին։ Օրինակ, լեգենդար Զորավար Մովսես Սիլիկյանը, որի ղեկավարության տակ ծառայում էր ԽՍՀՄ ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ուներ ուդինյան արմատներ։ Հատուկ վաստակ են ունեցել նաև եզդի ժողովրդի մեծ զավակներ Ջհանգիր աղա Խատիֆովը և Ուսուբ Բեկ Թեմուրյանը:

Հայ գեներալները հաղթեցին թուրք գեներալներին։ Եվ սովետական իշխանությունը նրանց չներեց այս հաղթանակը․ այն զորահրամանատարները, ովքեր չլքեցին հայրենիքը, բոլշևիկների կողմից բռնադատվեցին և սպանվեցին երկու փուլով՝ 1921 և 1937 թվականներին։ Ոչնչացնելով մեր ազգի ռազմաքաղաքական էլիտան՝ բոլշևիկները հույս ունեին վերջ տալ Հայկական հարցին, բայց չհասցրեցին. հայերը վերապրեցին բոլշևիզմը:

Խոսքը երկու նախկին մետրոպոլիաների գաղութային դավադրության մասին է, որոնք իրենց գոյությունը երկարացրել են հայկական հողերի մասնատման շնորհիվ։ Բոլշևիկներին ու քեմալականներին միավորում էր նույնիսկ ոչ թե աշխարհաքաղաքականությունը, այլ դասակարգային շահը՝ հայերի ազգային-ազատագրական պայքարի ճնշումը՝ ստրկության վրա հիմնված իշխանական ուղղահայացը պահպանելու համար։ Նրանք ոտնատակ տվեցին հայկական երազանքը, որպեսզի դրա փլատակների վրա կառուցեն իրենց սեփական երազանքը։ Ահա թե ինչպես է բոլշևիկների և քեմալականների գործողությունները գնահատել Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջերարդը (1913 – 1917թթ.)․ «Այս օրերին՝ 1921 թ.մարտի 16-ին, բոլշևիկները պայմանագիր կնքեցին Քեմալի հետ, որով Թուրքիային հանձնեցին Հայաստանի Հանրապետության մի մասը, մյուս երկու մասերը հանձնեցին Ադրբեջանին, իսկ մնացածի վրա դաջեցին «Խորհրդային Հայաստան» պիտակը և բռնակցեցին Ռուսաստանին»:

Որպեսզի հասկանանք այն պայմանները, որոնցից օգտվում էին քեմալականները և բոլշևիկները, անդրադառնանք Հայաստանում ամերիկյան ռազմական առաքելության 1919թ. հոկտեմբերի 16-ի հաշվետվությանը: «Ադրբեջանում չկա կրթված դաս, որը կարողանա արդյունավետ կառավարել պետությունը։ Վրաստանը չի կարող իրեն պաշտպանել բոլշևիզմից, իսկ Հայաստանը հայտնվել է ավերակների մեջ և տառապում է սովից։ Մեր բոլոր հետազոտությունները հանգեցնում են այն համոզման, որ այդ երկրներից յուրաքանչյուրում մարդիկ կողջունեն վստահելի արտաքին ուժի հարկադիր միջամտությունը: Ռուսական Հայաստանն այսօր, հավանաբար, կքվեարկեր Ռուսաստանի մանդատի օգտին, եթե այդ իշխանությունը վերականգնվեր։ Վրաստանը հիշում է իր հնագույն անկախությունը և այդպես էլ չհաշտվեց ռուսական իշխանության հետ։ Ադրբեջանը, որը բնակեցված է թաթարներով և մահմեդականներով, կրկնակի կապ է զգում Թուրքիայի հետ և չի վստահում քրիստոնյաներին, բայց այնտեղ ավելի խելամիտ մարդիկ հասկանում են, որ արտաքին վերահսկողությունն անխուսափելի է և նույնիսկ անհրաժեշտ՝ քրիստոնեական երկրների հետ իրենց հարաբերություններում, և որ Թուրքիան չի կարող դիտարկվել որպես նման վերահսկողության կատարող»։

Միացյալ նահանգները ճանաչել է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը 1920 թվականի ապրիլի 23-ին՝ պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին անձամբ նոտա է փոխանցել հայ ներկայացուցիչ Գարեգին Պաստերմաջյանին՝ տեղեկացնելով նրան ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշման մասին:

Իսկ արդեն 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի պայմանագիրը, որի ստորագրողները, հենվելով Մեծ Հայքի պատմական ժառանգության վրա, դիմեցին նախագահ Վիլսոնին՝ խնդրելով իրավարար վճիռ կայացնել Հայաստանի Առաջին հանրապետության արևմտյան սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ։ Եվ այդպիսի իրավարար վճիռ Վիլսոնը կայացրեց 1920 թվականի նոյեմբերի 22-ին՝ բավարարելով Սևրի մասնակից երկրների կոչը, որոնց թվում էին Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Բելգիան, Հունաստանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հայաստանը, սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորությունը, Հիջազը և Չեխոսլովակիան։

Սևրի պայմանագրի 88-րդ և 89-րդ հոդվածներում՝ «Թուրքիան ճանաչում է Հայաստանը, ինչպես դա արդեն արել են դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն»: Իսկ 90-րդ հոդվածում Թուրքիան պարտավորվում է ճանաչել արբիտրաժի արդյունքները. «Իրավարար վճռի ընդունման օրվանից Թուրքիան հրաժարվում է [Հայաստանին] փոխանցված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և տիտղոսից»: Փաստաթղթում նաև ասվում է, որ Թուրքիան և Հայաստանը, պայմանավորվող մյուս բարձր կողմերի հետ, «Համաձայնում են ԱՄՆ նախագահի միջնորդության որոշման ներկայացնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի որոշումը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում և ընդունել նրա որոշումը, ինչպես նաև բոլոր միջոցները, որոնք նա կարող է ձեռնարկել Հայաստանի՝ դեպի ծով ելքի և նշված սահմանին հարող Օսմանյան ցանկացած տարածքի սահմանազատման վերաբերյալ»:

Սակայն մասնագետները հազվադեպ են վկայակոչում Սևրի պայմանագրի 92-րդ հոդվածը, որը մինչ օրս արդիական է. «Հայաստանի սահմանները Ադրբեջանի և Վրաստանի հետ ըստ պատկանելության կորոշվեն ընդհանուր համաձայնությամբ շահագրգիռ պետությունների կողմից։ Այն բանից հետո, երբ 89-րդ հոդվածով նախատեսված որոշումը կայացվի, և այն բանից հետո, եթե այս կամ այն շահագրգիռ պետությունները, ընդհանուր համաձայնությամբ, չկարողանան որոշել իրենց սահմանները, վերջինս կորոշվի գլխավոր դաշնակից տերությունների կողմից, որոնք միևնույն ժամանակ պետք է հոգ տանեն այն տեղում կիրառելու մասին»։ 

Այսինքն՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Կրեմլի կողմից Հայաստանին Հայկական ԽՍՀ սահմանները ճանաչելու ցանկացած պարտադրանք անօրինական է միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այն հաշվի չի առնում Սևրի պայմանագիրը ստորագրող երկրների դիրքորոշումը։ Ի դեպ, Սևրի դրույթները չեն կորցրել իրենց իրավական ուժը, քանի որ դրանք կարելի է չեղարկել միայն ստորագրող երկրների համաձայնությամբ։ Եթե պանթյուրքիստներն ու նրանց աջակիցները չեն ճանաչում Սևրի դրույթը, դա չի նշանակում, որ պայմանագիրը չեղյալ է հայտարարվել։ Սա նշանակում է, որ Վիլսոնյան Հայաստանը նախագիծ է, որը նախկինի պես արդիական է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար։ Դատելով նրանից, թե պանթյուրքիստներն ու նրանց հանցակիցները որքան ջանք են գործադրում Երևանի վրա իրենց ռազմաքաղաքական ճնշման մեջ, Վիլսոնյան Հայաստանը ժամանակի առումով հեռավոր հեռանկար չէ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 1920թ. դեկտեմբերի 1-ին, իր երրորդ ենթահանձնաժողովի զեկույցի հիման վրա, Ազգերի լիգայի հինգերորդ կոմիտեն, արձագանքելով Հայաստանի (Արցախի և Սյունիքի) և Վրաստանի (Զաքաթալի շրջան, որը մինչև 1903թ. գտնվում էր Թիֆլիսի նահանգի կազմում, որից հետո ցարական վարչակազմը նրան շնորհեց հատուկ շրջանի կարգավիճակ) նկատմամբ Բաքվի տարածքային նկրտումներին, դեմ արտահայտվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության՝ Ազգերի Լիգա  ընդունվելուն: «Վրաստանի և Հայաստանի հետ սահմանի շուրջ վեճը թույլ չի տալիս որոշել, թե արդյո՞ք ադրբեջանական պետության սահմանները վերջնականապես հաստատված են...»,- ասվում է Լիգայի կոմիտեի որոշման մեջ:

Արցախի նկատմամբ հավակնություններից Ադրբեջանի հրաժարվելը գրանցվել է Ազգերի Լիգայի վեհաժողովի բանաձևում, որն ընդունվել է 1920 թվականի դեկտեմբերի 18-ին նրա 30-րդ նիստում: Ուստի, Ազգերի Լիգայի գլխավոր քարտուղարի 1921 թ. փետրվարի 16-ի հուշագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության սահմանները Թուրքիայի հետ զինադադարի կնքումից հետո «ընդհանուր առմամբ համապատասխանում էին Ռուսաստանի Էրիվանի նահանգին, Կարսի նահանգին և Ելիզավետպոլի նահանգում Ղարաբաղի տարածքի մի մասին»։

Ազգերի լիգայի ֆրանսիական ծառայության կողմից 1921թ. ապրիլի 4-ին ներկայացված «Հայաստանի մասին Արտաքին գործերի նախարարին հասցեագրված տեղեկություններ (1921թ. փետրվարի վերջի դրությամբ)» հուշագրում նշվում է.  «Խորհրդային Ռուսաստանը ճանաչում է Հայաստանի լիակատար անկախությունը և նրա տարածքը սահմանափակում է հետևյալ շրջաններով․ «Ռուսական Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հետ, Զանգեզուրն ու Նախիջևանն ամբողջությամբ, Կարսը և Կարսի մարզը, բացի թուրքերի մոտ մնացած Բորչալույից, ամբողջությամբ (ժամանակակից Վրաստանի հարավ՝ Հեղ.)»։

Իրավական դրությունը, սակայն, ոչ մի կապ չուներ ռազմաքաղաքական իրադրության հետ։ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի՝ այդ ժամանակ չճանաչված երկու կառավարությունների դավադրությունը ոտնատակ տվեց միջազգային իրավունքը: 1921 թվականի մարտի 16-ին երկու մերժվածներ ստորագրեցին Մոսկվայի պայմանագիրը, իսկ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Կարսի պայմանագիրը։ Թեև դեռևս 1920 թվականի նոյեմբերի 11-ին Երևանի և Մոսկվայի միջև կնքվեց համաձայնագիր, որով խորհրդային զորքերը օկուպացրին «վիճելի» տարածքները «մինչև խաղաղության պայմանագրի վերջնական կնքումը»։ Ոչինչ չի՞ հիշեցնում: Այս փաստաթուղթը հիշատակվում է նաև Ազգերի Լիգայի գլխավոր քարտուղարի 1921 թվականի հունվարի 27-ի հուշագրում։ Այնտեղ նաև տեղեկություններ են բերվում Հայաստանի խորհրդայնացման և «Սովետների պնդմամբ Ադրբեջանի կողմից Զանգեզուրն ու Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու» մասին, ինչը խաբեության վերածվեց։

Բաքվի և Մոսկվայի գաղութարարներին միավորում էր մեկ նպատակ՝ լուծարել հայկական ինքնությունը թյուրքական «ծովում»։ Այդ իսկ պատճառով նրանք հորինել են այնպիսի արհեստածին անվանումներ, ինչպիսիք են՝ «լեռնային» և «հարթավայրային», որոնք կոչված էին հայերի ազատագրական պայքարը սահմանափակել ԼՂԻՄ-ի սահմաններով։ Չէ՞ որ մինչև Ադրբեջանական ԽՍՀ-ի ստեղծումը մենք ոչ մի հիշատակում չենք տեսնում «Լեռնային Ղարաբաղի» կամ «Հարթավայրային Ղարաբաղի» մասին։ Արքունական փաստաթղթերում և գրվածքներում Արևելքի հայկական հողերը հիշատակվում էին որպես Ղարաբաղ կամ Արցախ։

Զավթիչներին այս մեթոդաբանությունը ձեռնտու էր. հարթավայրային հատվածներում ավելի հեշտ է կոտորել բնիկ հայ բնակիչներին, հողերը բնակեցնել թյուրքական տարրով և հետո յուրացնել գրավյալ տարածքները՝ հենվելով երկրամասի նոր ժողովրդագրական կազմի վրա։ Հարթավայրային հատվածներում բնիկ հայ բնակիչների ռազմական խիզախությունը հաճախ զիջում էր զավթիչների թվային գերազանցությանը։ Օրինակ է Արցախյան Մարաղա (Մարգուշևան) գյուղի ճակատագիրը, որը գտնվում է տափաստանում՝ Պարտավից քսան կիլոմետր հեռավորության վրա, և որի բնակիչները ջարդի են ենթարկվել 1992 թվականի ապրիլի 10-ին Բաքվի զինված կազմավորումների կողմից։

Ազգային-ազատագրական պայքարը դարեդար ստիպում է հայերին ամեն ինչ նորից սկսել։ Միայն 20-րդ դարում մենք երկու անգամ ամեն ինչ նորից սկսեցինք՝ 1918-ին և 1988-ին։ Մենք կրկին պետք է ամեն ինչ նորից սկսենք, բայց առանց սեփական սխալների վրա աշխատելու, առանց դրանք շտկելու անհնար է վերածնվել:

XXI դարը հայերից պահանջում է աշխատել սխալների վրա։ Մենք պալատներ էինք կառուցում՝ առաջնային դնելով անձնական շահը, բայց նոր Օզանյան, Բեկ-Փիրումյան կամ Սիլիկյան չէինք դաստիարակում։ Ուստի 2020 թվականի բաքվաթրքական ագրեսիան, որը համաձայնեցված էր բոլշևիկյան գաղութատիրության ժառանգների հետ, հետ մղեց հայերի ազգային պայքարն առնվազն 30 տարով։

Այժմ հայ ժողովրդին խաբեությամբ պարտադրում են Ադրբեջանի հետ կնքել այսպես կոչված խաղաղության պայմանագիր, որպեսզի բաքվաթրքական օկուպանտներն օրինականացնեն իրենց տարածքային զավթումները։ Ագրեսորները շտապում են, քանի որ միջազգային իրավիճակը չի փոխվում հօգուտ Թուրքիայի։ Զավթիչներին թուղթ է պետք՝ իրենց մերկությունը ծածկելու համար։

Անարդար է ստացվում։ 1994 թվականին, Արցախյան ազատամարտի արդյունքում, Բաքուն և Մոսկվան ստիպեցին հայերին սահմանափակվել հրադադարով, որը կարելի է ցանկացած պահի խախտել, իսկ հիմա նրանց հանկարծ պետք է խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ։ Որտեղի՞ց է այդ ընտրողականությունը: Բայց ամենատխուրն անգամ այդ երկակի ստանդարտների մեջ չէ, այլ նրանում, որ Երևանի կառավարությունը հայ ժողովրդին սպառնում է նոր պատերազմով՝ նրան փաստացի վերջնագիր ներկայացնելով. կա՛մ համաձայնում եք թուրքական օկուպացիային, կա՛մ էլ ձեզ վրա նորից կհարձակվեն։ Այսինքն՝ այդ կերպարները բացահայտ գործում են հայ ժողովրդի թշնամիների կողմից։

Ո՞ւր են նրանք այդքան շտապում: Տեղյա՞կ են արդյոք նրանք, որ 1945 թվականից մինչև 2005 թվականը խաղաղության համաձայնագրով ավարտվել են 288 հակամարտություններից միայն 39-ը, այսինքն՝ 13,5%-ը։ Այս տվյալներն իր հետազոտության մեջ բերում է Ուփսալայի շվեդական համալսարանը։ Ստացվում է, որ ռազմական գործողությունների ավելի քան 86%-ն ավարտվել է առանց խաղաղության համաձայնագրի։ Ժողովուրդներն ապրում են խաղաղության մեջ և առանց որևէ պայմանագրի: Երկիր մոլորակի վրա կան բազմաթիվ երկրներ, որոնք պատերազմների արդյունքում խաղաղության համաձայնագրեր չեն կնքել։ Օրինակ՝ Ռուսաստանն ու Ճապոնիան նման համաձայնագիր չունեն։ Ապրում են խաղաղության մեջ նույնիսկ տարածքային խնդիրների առկայության դեպքում։

Գիտե՞ք՝ ինչի է դա նման: Դուք ապրում եք ձեր բնակարանում սերնդեսերունդ: Եվ հանկարծ, ամենաանսպասելի պահին, կողոպտիչները ներխուժում են ձեր տուն, գրավում հյուրասենյակը, միջանցքը և խոհանոցը։ Իսկ ձեզ թողնում են ամենահեռավոր սենյակը և սպառնում՝ կա՛մ դուք կգնաք, կա՛մ ձեզ գիշերը կսպանեն։ Միևնույն ժամանակ, կողոպտիչները պայմանավորվել են բնակարանային և կոմունալ ծառայությունների պետի հետ և իրենց կեղծ սեփականության վկայական են պատրաստել, որը ձեզ պարտադրում են: Այո, հենց այդպես: Արցախի և Հայաստանի նկատմամբ բաքվաթրքական բոլոր նկրտումները կեղծ «սեփականության վկայական» են՝ Մոսկվայի պայմանագիր և Կարսի պայմանագիր անվանումներով, որոնք հայ ժողովրդին զրկել են արևմուտքում և արևելքում իրենց նախնիների հողերից:

Փորձը մեզ կոչ է անում, որ այսօր՝ արդեն XXI դարում, հայ ժողովուրդն իր ճակատագիրը վերցնի իր ձեռքը, այլ ոչ թե հույսը դնի օտար տերությունների վրա։ Յուրաքանչյուր ժողովուրդ, ինչպես մեկ մարդ, ունի իր ճակատագիրը և իր առաքելությունն այս կյանքում:

Հայոց ճակատագիրը՝ սեփական արատները հաղթահարելու միջոցով ազատության և անկախության ձեռքբերումն է: Ազատությունն ու անկախությունն անհնար են առանց էթիկայի, որը հիմնվում է մերձավորի հանդեպ սիրո վրա: Առանց սիրո ազատություն չկա: Իսկ առանց ազատության չկա ժողովրդի բարգավաճումը՝  նրա ստեղծագործական ներուժի բացահայտումը։ Միայն իր ազատագրումից հետո հայ ժողովուրդը փարոս կդառնա հարևան ժողովուրդների համար։ Ուրիշների համար օրհնություն դառնալու համար մենք պետք է կրկին արժանանանք Աստծո օրհնությանը:

Գլուխ 4. Պատմության դասեր

Հայոց պատմության, ինչպես և մյուս ժողովուրդների պատմության մեջ, ոչինչ պատահական չի լինում։ Բոլոր իրադարձությունները ներառյալ հաղթանակները, պարտությունները, փորձությունները և ողբերգությունները, ունեն իրենց օրինաչափությունները: Պարզապես ամեն իրադարձություն չէ, որ մենք ի վիճակի ենք բացատրել մետաֆիզիկական կարգի երևույթների պատճառով։

Այն հայերը, ովքեր սովոր են խոսել իրենց բացառիկության մասին, այդպես էլ չհասկացան, որ Արարիչը չունի ընտրյալ և բացառիկ ժողովուրդներ, չկա այն էլիտար «սիգարային ակումբը», որտեղ անդամակցության համար վճարում են հնությամբ կամ զրնգուն մետաղադրամով: Բայց Արարիչն ունի ժողովուրդներ, որոնց վրա Նա հատուկ հույս է դնում, քանի որ այդ ժողովուրդներն ավելի մեծ փորձ են կուտակել՝ արտահայտված գիտության, մշակույթի և արվեստի նվաճումներով: Փորձը պաշտամունքի վերածելը և այն հպարտության առարկա դարձնելը հիմարություն է: Մանավանդ որ անցյալից հայ ժողովուրդը մինչև հիմա չի քաղել այն դասերը, որոնք թվարկում եմ ստորև։

Դաս I. Մարդկությունը երեք անգամ նոր կյանք է ձեռք բերել Հայկական լեռնաշխարհում, ինչը հայ ժողովրդի վրա հատուկ Առաքելություն է դնում՝ տանել Աստծո լույսը չարիքի դեմ անզիջում պայքարում:

Առաջին անգամ․ Աստծո կողմից Եդեմի պարտեզի ստեղծումը Արարատյան թագավորության հենց սրտում, որի սահմանները Արևմուտքում անցնում էին Եփրատի երկայնքով, իսկ արևելքում՝ Կուր գետի երկայնքով: Նայեք Տիգրան Ա-ի (Ք.ա․ VI դար), Արտաշես Ա-ի (Ք.ա․ III դար) կամ Տիգրան Բ-ի (Ք.ա․ I դար) օրոք Հայաստանի քարտեզին․ նրանք իրենց նվաճումներով վերականգնում էին ընծայված հողի սահմանները։ 

Երկրորդ անգամ. Ջրհեղեղից հետո Տապանը հանգրվանել է Արարատին, որտեղ ուխտ է կնքվել Աստծո և նրան հավատարիմ բիբլիական Նահապետ Նոյի միջև։ Հայկը՝ Նոյի ծոռ Թորգոմի որդին, հիմնել է Արարատյան թագավորությունը, որը հաղթել է հեթանոսական Բաբելոնին՝ Մեկ Աստծո մասին վկայելու համար։ 

Երրորդ անգամ․ Մեծ Հայքի մկրտությունը 301 թվականին՝ նրա կայացումը որպես մարդկության պատմության մեջ առաջին քրիստոնյա պետություն: 

Այնպես որ, հայկական իշխանությունները, որոնք այսօր Կրեմլի միջնորդությամբ հայկական հողերը հանձնում են բաքվաթրքական ֆաշիստներին, հանցանք են գործում Աստծո դեմ։ Հայերի մի մասը չի կարող իր երջանկությունը կառուցել հայերի մյուս մասի դժբախտության վրա։

Արցախը և Ուտիքը Արարատյան թագավորության արևելյան սահմանն են, որն անցնում է Կուր գետով։ Իսկ բաքվաթրքական ագրեսորները ոչ թե առաջին մարդասպան Կայենի (կայենացիների) գենետիկ, այլ գաղափարական հետնորդներն են, որ Տիրոջ կողմից վտարվեց Եդեմից արևելք: Այստեղ գործում է պարզ օրինաչափություն. որքան շատ են հայերը հանցանքներ գործում սեփական ժողովրդի դեմ, այնքան ավելի են ուժեղանում Կայենի ժառանգները: 

1999թ. հոկտեմբերին հայկական խորհրդարանի գնդակահարությունը կայենացիների հաղթանակն է, ովքեր թափանցել են հայ ժողովրդի թիկունք և գործել հայ դավաճանների միջոցով: Բայց ինչպե՞ս ազատվել դավաճանությունից այն հայերի շարքերում, ովքեր մինչ օրս ծառայում են կայենացիներին։ 

Սա ֆիզիկական հաշվեհարդարի հարց չէ, այլ հոգևոր խնդիր, որը հնարավոր չէ լուծել առանց Աստծո առջև ապաշխարության: Մի պարզեցրեք Արցախի հարցը ձեր քաղաքագիտությամբ։ Արցախի ճակատագիրը Հայկական հարցի անքակտելի մասն է և հոգևոր մարտահրավեր է համայն հայության համար: Իսկ Արցախի վիճակը հայ բարոյականության հայելին է։ Քանի դեռ վախենում ենք նայել այդ հայելու մեջ, Հայաստանի ոչ մի վերածնունդ չի լինելու։ 

Ե՞րբ հայերը վերջապես կհասկանան, որ Ալիևն Աբդուլ Համիդ 2-րդից հետո նրանց ամենասատանայական արարածն է, իսկ ռուսական իմպերիալիզմն իր բնույթով և հետևանքներով չի կարող ավելի լավը լինել, քան թուրքականը կամ որևէ այլ իմպերիալիզմ:

Հայերի կոչումն Աստծո պարգևած կյանքը գնահատելն է, Նրան երախտապարտ լինելը։ Եվ այս երախտագիտության միջոցով աշխարհը բարելավելը՝ տարածելով Աստծո Լույսը: Նոր Կտակարանում Պողոս և Բառնաբաս առաքյալների միջոցով այս առիթով ճակատագրական խոսքեր են ասված․ «Որովհետեւ Տէրն այսպէս պատուիրեց մեզ թէ Քեզ հեթանոսների լոյս դրի, որ դու փրկութիւն լինես մինչեւ երկրի ծայրերը։ Հեթանոսներն այս լսելով ուրախանում էին. Եւ Տիրոջ խօսքը փառաւորում էին. Եւ հաւատացին քանիսը որ կարգուած էին դէպի յաւիտենական կեանքը» (Գործք Առաքելոց 13 - 42։52):

Աստծո Լույսի տարածումը չի սահմանափակվում նրա խոսքը քարոզելով, այլ առաջին հերթին ենթադրում է Նրա խոսքի վրա հիմնված ապրելակերպ։ Հայկի ժառանգների խոսքերը չպետք է շեղվեն իրենց արարքներից։ Չի կարելի տարածել այն, ինչ ինքդ չունես։ Դա նման է էլեկտրահաղորդման գծերի, որոնք չեն կարող էլեկտրաէներգիա տարածել, եթե ենթակայանը չի արտադրում այն:

Երբ հայերը գնահատում էին կյանքը, առաջնորդվում էին միմյանց նկատմամբ սիրո, եղբայրության և արդարության սկզբունքներով, նրանց հաջողվում էր ստեղծել հզոր թագավորություն, որի սահմաններն ու ազդեցությունը դուրս էին գալիս Հայկական լեռնաշխարհի սահմաններից, քանի որ հարևան ժողովուրդները հայերին վերաբերվում էին այնպես, ինչպես հայերն էին վերաբերվում իրենք իրենց: Հայերի հեռանալը սիրո, եղբայրության և արդարության սկզբունքներից Արարչի կողմից դիտվում էր որպես Աստծուց հեռանալու, երես թեքելու փորձ: Այդ պատճառով էլ պատիժը երկար սպասեցնել չէր տալիս. նման դեպքերում հայերը կրկնում էին Ադամի, Եվայի և նրանց սերունդների ճակատագիրը, ում Աստված Եդեմից վտարել էր գործած մեղքի համար:

Պատահական չէ, որ Եդեմից հոսող չորս գետերի՝ Եփրատի, Տիգրիսի, Արաքսի և Կուրի,  ակունքները սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից: Չէ՞ որ դա հայկական արտոնություն չէ, այլ մեր պատասխանատվությունն է մարդկության հանդեպ։ Երբ մենք մեղանչում ենք Աստծո առաջ, ապա թվարկված գետերը, որոնք սնուցում են հարևան երկրներն ու քաղաքակրթությունները, բացասականություն են հաղորդում արտաքին աշխարհ՝ հայերի հասցեին առաջացնելով նույնպիսի բացասական պատասխան: Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ ջուրը էներգիա է փոխանցում:

Սուրբ հողի վրա բարեպաշտ ապրելը պատասխանատվություն և խորհուրդ է, որի խախտման համար Արարիչը ժողովրդին դուրս է հանում Հայկական լեռնաշխարհից: Իսկ դա նշանակում է, որ հայրենիք վերադառնալ և հայրենիք վերադարձնել հնարավոր է միայն հոգևոր ինքնազարգացման միջոցով:

Դաս II. Եթե Աստծո հանդեպ հավատ չկա, ապա չի լինի նաև միասնական թագավորություն

301 թվականին հայերի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը հարկադրված միջոց էր, քանի որ հռոմեացիներն ու պարսիկները, որոնք դարեր շարունակ վիճարկում էին միմյանց միջև առևտրային ուղիների նկատմամբ վերահսկողությունը, հայերին աստվածներ էին պարտադրում սեփական պանթեոնից՝ իրենց կողմը գրավելու հույսով։ Այսինքն՝ Հռոմն ու Պարսկաստանը խարխլում էին Հայաստանի միասնությունը օտար հեթանոսական հավատալիքների սերմանման միջոցով՝ այդպիսով օտար երազանք պարտադրելով հայերին։ 

Երկու տարի անց՝ 303 թվականի փետրվարի 24-ին, հեթանոսության հետևորդ հռոմեական կայսր Դիոկղետիանոսը քրիստոնեությունը հայտարարեց օրենքից դուրս: Սակայն, ինչպես հիշեցնում է Եվսեբիոս Կեսարացին իր «Եկեղեցական պատմության» մեջ, Հռոմը կանգ չառավ ձեռք բերածով. 312 թվականին Մաքսիմին II Դայա կայսրը կրոնական պատերազմ սկսեց հայերի դեմ՝ նրանց քրիստոնեությունից շեղելու համար։ Քրիստոնեությունը Հռոմեական կայսրության պաշտոնական կրոն հռչակվեց միայն 325 թվականին՝ Նիկիայի Ա տիեզերական ժողովում։ 

Քրիստոնեության քննադատները հաճախ պատճառը շփոթում են հետևանքի հետ՝ հայտարարելով, թե Հայաստանը սկսել է հող կորցնել իբր միաստվածական հավատքի ընդունման պատճառով։ Այդ դեպքում, ինչո՞ւ Հռոմը՝ Հայաստանի արևմտյան հարևանը, որը քրիստոնեությունն ընդունեց հայերից ընդամենը 24 տարի ուշ, ընդլայնում էր իր տիրույթները, իսկ հայերը կորցրեցնում էին իրենց հողերը։ Չէ՞ որ 387 թվականին, երբ Հռոմն ու Պարսկաստանը մասնատեցին Մեծ Հայքը, Հռոմը նույնպիսի քրիստոնյա երկիր էր, ինչպիսին ինքը՝ Հայաստանը։ Ինչո՞ւ էր քրիստոնեություն ընդունած հույն ազնվականն ընդլայնում իր ունեցվածքը, իսկ քրիստոնեություն ընդունած հայ ազնվականն իր ունեցվածքը հանձնում օտարներին։ Պատասխանը մակերեսի վրա է. հայ ազնվականությունն, ի տարբերություն հունական ազնվականության, այլասերվեց և չցանկացավ սրտերը բացել հավատքի համար:

Հայ ազնվականության կույր ձգտումը դեպի իշխանություն և շահույթ հանգեցրեց նրան, որ ճգնաժամերի պահերին խոշոր հողատեր ֆեոդալները, ովքեր կոչվում էին նախարարներ, սատարում էին կենտրոնական իշխանության թուլացմանը՝ հույս ունենալով ամրապնդել իրենց իշխանական դիրքերը և պահպանել իրենց հարստությունները։ Նախարարների խնդրանքով է, որ Արշակունյաց արքայատոհմը (52/66 - 428 թթ.) դադարել է գոյություն ունենալ Արևմտյան Հայաստանում արդեն 389թ., իսկ Արևելյան Հայաստանում՝ 428թ., երբ իշխաններն ազատվեցին Արտաշես Դ-ից՝ իրանական Սասանյանների ստրկության տակ ընկնելու համար: Բայց ամեն անգամ ժողովրդի շահերը դավաճանելով՝ նախարարները կորցնում էին իրենց հարստությունն ու իրենց վերահսկողության տակ գտնվող հողերը։ Այդպես կրկնվելու է դեռ շատ անգամ։ Այդպես էր համեմատաբար վերջերս՝ 2020 թվականին։

Հատկանշական է, որ նախարարների ինքնավարությանն ու եսասիրությանը ակտիվորեն դեմ էր հանդես գալիս Սահակ Պարթև Կաթողիկոսը, ինչի համար էլ իշխանները գահընկեց արեցին նրան հայրապետական աթոռից։ Եկեղեցու առաջնորդը գիտակցում էր, որ անհեռատես նախարարները «սեփական կործանումն են ծրագրում» և գերության մեջ են ընկնելու օտարների մոտ։ «Եվ ինչպե՞ս կարելի է այդ իմ հիվանդ ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է»,- մեջբերում է Մովսես Խորենացին Պարթևի խոսքերը, որոնք մարգարեական եղան։

Խորենացու գրչի շնորհիվ մեզ հաստատ հայտնի է այն ժամանակվա ազնվականության հոգևոր անկման խորությունը. «Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։ Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։ Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։ Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։ Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ։ Դատավորները՝ տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անհաստատ, հակառակող։ Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։ Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար»։

Ստացվում է, որ Վարդանանց պատերազմը (428 - 451թթ.), որը հայ ժողովրդի կողմից մղվել է իր ազգային և կրոնական ինքնության պահպանման համար, հատուցում էր ազնվականության մեղքերի համար: Ավելին, մեղքերի հատուցումը ընկավ ոչ միայն աշխարհիկ իշխանների, այլև եկեղեցու և ամբողջ ժողովրդի վրա, քանի որ մարդիկ և նրանց գործողությունները փոխկապակցված են: Սա նման է Աստվածաշնչյան Ժողովող գրքի այս տողին․ «Ես ծառաներ եմ տեսել, որ ձի հեծած են շրջել, և իշխաններ, որոնք երկրի վրայ քայլել են ծառաների նման» (10:7)։

5-րդ դարում ապրած մատենագիր Եղիշեն փոխանցում է ժամանակի ոգին ու միջավայրը․ «Երբ Արշակունյաց ցեղը վերացավ, Հայոց աշխարհին տիրեց պարսից Սասանի ցեղը, որ իր իշխանությունը վարում էր մոգերի կրոնի համաձայն և շատ անգամ կռիվ էր մղում նրանց հետ, ովքեր չէին ընդունում նույն կրոնը, սկսելով Տիրանի որդի Արշակ թագավորի օրերից կռվում էր մինչև Վռամշապուհի որդի հայոց Արտաշես արքայի վեցերորդ տարին... Վռամի որդի [պարսից] արքայից արքա Հազկերտին սատանան իրեն գործակից գտավ և հավաքված ամբողջ թույնը դուրս թափեց և լցրեց նրան ինչպես թունավորված նետերով լի կապարճ։ Եվ սկսեց նա հոխորտալ անօրենությամբ, գոռոզանում էր և աղմկելով քամի էր բարձրացնում աշխարհի չորս կողմերը, և մեզ, Քրիստոսի հավատացյալներիս, իրեն թշնամի և հակառակորդ էր ներկայացնում և նեղվում ու տագնապում էր անխաղաղասեր կյանքով։ Որովհետև նրան շատ սիրելի էր խռովությունն ու արյունահեղությունը, այդ պատճառով էլ ինքն իր մեջ ալեկոծվում էր, թե ո՞ւմ վրա թափեմ դառն թույներս կամ ո՞ւր արձակեմ բազմաթիվ նետերս»։ 

Ֆեոդալիզմի մեկնարկով հայ իշխաններն իրենց իշխանությունն ամրապնդելու համար օգտագործում էին բարդ աշխարհագրական առանձնահատկությունները։ Նման ժամանակաշրջաններում ցրված նախարարությունների միջև կապն ապահովում էր Եկեղեցին՝ պահպանելով հասարակության հոգևոր-մշակութային միասնությունը և իր կառավարման համակարգով կրկնելով իշխանների  աշխարհիկ կառավարման ուղղահայացը։ Յուրաքանչյուր նահանգում եպիսկոպոսը լիարժեք իշխանություն ուներ, իսկ եկեղեցական հարկերի միջոցով ձևավորվում էր միասնական հարկային համակարգը։ Արշակունիների գահընկեցությունից հետո ազգային ինքնության աղբյուր են դառնում Հայ Առաքելական Եկեղեցու այրերը։ Զորավար Վարդան Մամիկոնյանը, ով Սահակ Պարթևի թոռն էր և Մեսրոպ Մաշտոցի աշակերտը, ապացուցեց, որ եկեղեցին կարող է ոչ միայն լուսավորել, այլև ապստամբություններ կազմակերպել զավթիչների դեմ։ 

Թերևս եկեղեցական միջավայրում պակասում էր միասնությունն ու հավատը։ Ագահ նախարարները սկսեցին հայրենիքը բաժանել առանձին իշխանությունների, իսկ քահանաները, որպես դաս, հիմնականում բաժանվում էին ասորականի և հունականի՝ ըստ այն լեզվի, որով մատուցվում էին ծառայությունները։ Ընդ որում, ասորականները միտված էին դեպի Պարսկաստան, իսկ հունականները՝ դեպի Բյուզանդիա, սրելով ազնվականության պառակտումը։ 

Իրավիճակը բարդանում էր նրանով, որ Գրիգոր Լուսավորչից մեկ դար անց քրիստոնեության տարածումը ժողովրդի մեջ արգելակվում էր հայկական այբուբենի բացակայության պատճառով։ Անհրաժեշտ էր կոորդինատային համակարգ, որը կկապեր ազնվականներին և ժողովրդին։ Եվ այդ ժամանակ Եկեղեցին Հայոց աշխարհին ցույց տվեց մի հրաշք, որի անունն է Մեսրոպ Մաշտոց։ Հատկանշական է, որ Մաշտոցը լույս աշխարհ է եկել արևմտահայ Տարոն գավառում (Հացեկաց գյուղ), որը գտնվում է մեր բնօրրանի՝ Վանա լճի մոտակայքում, որը Հայկ Նահապետի ժամանակներից ի վեր հայ ժողովրդի ուժի կենտրոնն է: 

Այբուբենի գյուտով Սուրբ Մեսրոպը հիմք դրեց Հայոց երազանքին, որը մեր պատմության տարբեր դարերում ենթադրում էր օտար լծից զերծ Հայաստանի ստեղծում: Մաշտոցի գործը օրհնված է եղել ի սկզբանե. այբուբենը լույս աշխարհ է տեսել 405-406 թթ. Կապադովկիայի Եդեսիա քաղաքում, որի հիմնադիրը Հիսուս Քրիստոսի ժամանակակից Աբգար Ե Արշակունի թագավորն էր, ով նամակագրություն էր վարում Մարգարեի հետ: Շատ սուրբ իրադարձություններ են կապված այս վայրի հետ: Այսպես, իր աշխարհիկ կյանքի վերջին տարիներին Եդեսիա է այցելել Մարիամ Աստվածածինը Հովհաննես առաքյալի հետ։ 

Հնությունից բերված օրինակների փոխարեն կարելի է վկայակոչել նաև ժամանակակից իրադարձությունները, բայց պատմական դեկորացիաները նշանակություն չունեն, քանի որ բոլոր չարիքների արմատը հայության ներսում է, այլ ոչ թե նրա սահմաններից դուրս: Հիմնական խնդիրը ձեռք բերված անօգնականության բարդույթն է, որը Աստծո և Նրա նախախնամության հանդեպ մեր անհավատության հետևանքն է: Մոռանալով Աստծո մասին, մենք դրանով իսկ մերժեցինք մեր ազգային առաքելությունը՝ Նրա Լույսը տարածելը:

Դաս III. Առաքելությունից հրաժարվելը հանցագործություն է Տիրոջ առաջ

Հայերն իրենց անվանում են առաջին ժողովուրդ, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Սակայն անցած 18 դարերի ընթացքում մեր ժողովուրդն իր առօրյա կյանքում հեռացել է Հիսուս Քրիստոսի պատվիրաններից: Հայերը նման են քարի, որը հայտնվել է ջրի մեջ։ Արտաքինից քարը թաց է, բայց եթե այն ջարդեք երկու մասի, ապա ներսում այն չոր կլինի, քանի որ ջուրը չի ներթափանցել քարի ներսը: Մենք մեզ հռչակել ենք քրիստոնյա, բայց միևնույն ժամանակ հրաժարվել ենք ամենակարևորից՝ Քրիստոսի քարոզի ընդունումից։

Մենք դեռ օրհնություն չենք դարձել ինքներս մեզ համար, քանի որ մեր մերձավորի, մեր ժողովրդի ներկայացուցիչների հանդեպ սիրո փոխարեն նախընտրում ենք դավադրություն անել ամբարիշտների հետ: Հայերը նախընտրում են ծառայել օտար շահերին, բնականաբար, իշխող դասի առանձին ներկայացուցիչների համար այսրոպեական նյութական բարիքների դիմաց։

Մենք այնքան ենք հպարտացել մեր «բացառիկությամբ», որ մեզնից վանել ենք ուղղափառ ծեսի հայերին, կաթոլիկ հայերին, մահմեդական հայերին և մեր այն եղբայրներին ու քույրերին, ովքեր աշխարհիկ հայացքներ ունեն կյանքի նկատմամբ։

Շահույթի պաշտամունքը վաղուց ստվերել է Լեռան քարոզը, և դավաճանությունը, խաբեությունն ու կեղծավորությունը ավելի պահանջված հատկություններ են, քան անձնազոհությունն ու հասարակությանը ծառայելը: Հայերը խրվել են անպետք ու մանր-բուրժուական մտածողության մեջ, որտեղ անզուսպ սպառումը հաջողության գլխավոր չափանիշն է։

Մագնիսի պես մարդն իր կյանք է գրավում հենց այն, ինչ ինքն է իրենից ներկայացնում։ Բողոքո՞ւմ եք մշտական պատերազմներից, աղքատությունից և նվաստացումներից։ «Ամբարիշտների համար խաղաղութիւն չկայ, ասում է Տէրը» (Եսայի. 57:21)։

Շատ հայեր իրենք իրենց տալիս են այն հարցը, որը Ք․ա․ V դարում Արարչին էր տալիս Եզրաս մարգարեն․ «Ես չէի ուզում քեզ հարցնել բարձրյալի մասին, այլ այն մասին, թե ի՞նչ է պատահում մեզ հետ ամեն օր։ Ինչո՞ւ է Իսրայելը մատնվում հեթանոսների նախատանքին: Ինչո՞ւ է այն ժողովուրդը, որ Դու սիրեցիր, տրված ամբարիշտ ցեղերին, և մեր հայրերի օրենքը հասցվել է ոչնչության, և գրված վճիռները ոչ մի տեղ չկան» (Եզրասի երրորդ գիրքը, Գլուխ V): Սիրաք մարգարեի գրքում (Գլուխ 12, հատված 6) տրվում է ուղիղ պատասխան. «Որովհետև դու կստանայիր զուտ չարիք այն բոլոր բարիքների համար, որ կանեիր նրան, որովհետև Տերն էլ ատում է մեղավորներին եւ ամբարիշտներից վրեժ է լուծում»:

Հիմա հասկանալի՞ է, թե ինչու են Հայաստանն ու նրա Արցախ նահանգը ենթարկվում տարբեր երկրների մշտական հարձակումների։ Որովհետև մենք ինքներս ենք հեռացել Աստծուց և Նրա սիրուց։ Եթե մարդիկ մերժում են սերը, ապա ի պատասխան նրանք ստանում են արդար հատուցում:

Սուրբ Նիկոլայ Սերբսկու (Վելիմիրովիչ) մոտ, ով ապրել է 20-րդ դարում և առաջնորդվել է արդեն Նոր Կտակարանով, մենք գտնում ենք նույն բացատրությունը. «Եթե ժողովուրդը նահանջում է Միասնական և Կենդանի Աստծուց, ապա, ըստ էության, դառնում է մեռած, և նրա գոյությունն այս աշխարհում միայն դողում և օրորվում է ստվերի պես, - [այն] նման է ծառի, որը սղոցված է, բայց դեռ չի ընկել: Բայց բավական է՝ տեղի ունենա երկրաշարժ, կամ ջրհեղեղ, կամ ծովային խոց, կամ պատերազմ, որ այս ստվերը ցրվի, դատապարտված ծառը տապալվի և մահացածների հեղեղ առաջացնի։ Ի վերջո, Միասնական և Կենդանի Աստծուց հրաժարվելը նշանակում է պատերազմել Արարչի դեմ և ոտնահարել Նրա ամբողջ օրենքը: [Բայց] ինչպե՞ս կարող է խոտը կռվել գերանդավորի հետ: Արդյո՞ք սափորներն ի վիճակի են դիմակայել բրուտին»։

Հիշո՞ւմ եք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ: Պատմիչ Եվսեբիոս Կեսարացու (IV դար) շնորհիվ մեզ այսօր հաստատ հայտնի է, որ Արշակունիների արքայատոհմի Աբգար Ե թագավորը (Արշամ Արշակունու որդին և Տիգրան Մեծի եղբորորդին) նամակագրություն է վարել Հիսուս Քրիստոսի հետ։ Եկեղեցական պատմության հայրը ռուսական արխիվում հայտնաբերել է մի փաստաթուղթ, որում հայ տիրակալը դիմում է Տիրոջը:

«Աբգար Արշամից աշխարհի իշխան, բարերար և փրկիչ Հիսուսիդ, որ Երուսաղեմում հայտնվեցիր, ողջո՛ւյն: Լսել եմ քո մասին, և այն բժշկությունների, որ կատարվում են քո ձեռքով առանց դեղերի և արմատների, որովհետև, ինչպես ասում են, դու կույրերին տեսցնում ես, կաղերին քայլեցնում, բորոտներին մաքրում, չար ոգիներ ու դևեր հանում, դու նաև մեռածներին ես կենդանացնում: Երբ այս ամենը քո մասին լսեցի, մտքումս դրի այս երկուսից մեկը՝ կամ որ դու Աստված կլինես, որ երկնքից է իջել, կամ Աստծո որդի: Այս պատճառով քեզ գրեցի, աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ ունեցած հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզանից դժգոհում են և ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր ու գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»։

Հիսուսի պատասխանը Աբգարի ուղերձին իր գրառումներում հիշատակում է Թովմաս առաքյալը. «Երանի նրան, ով ինձ հավատում է, թեպետ տեսած չլինի, որովհետև իմ մասին այսպես է գրված, թե որոնք ինձ տեսնում են, ինձ չեն հավատա, իսկ որոնք չեն տեսնում, կհավատան և կյանք կգտնեն։ Իսկ որ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ, ես այստեղ պետք է կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ: Երբ այս բոլորը կկատարեմ, կհամբառնամ նրա մոտ, որ ինձ ուղարկեց, և երբ համբառնամ, քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկե և կյանք շնորհե քեզ և քեզ հետ եղողներին»։

Պահպանվել է նաև Աբգար թագավորի նամակագրությունը Հռոմի Տիբերիոս կայսեր հետ, որտեղ հայ միապետը բողոքում է հռոմեական կառավարիչ Պոնտիոս Պիղատոսի գործողություններից, ով դատապարտել է Տիրոջը խաչելության: Տպավորիչ է, այնպես չէ՞: Ի՞նչ արեցին հայերն իրենց ժառանգության հետ։ Մենք այն ոտնատակ տվեցինք՝ հանդես գալով փոխկախվածության օրենքի դեմ, որը գործում է Հայկական լեռնաշխարհում և արդեն դրանից սկսած՝ ամբողջ աշխարհում…

Դաս IV. Հողը միշտ ավելի կարևոր է, քան աշխատանքն ու կապիտալը

Հողը հայկական ինքնության հիմքն է, քանի որ դրա վրա ազգը վերարտադրվում է՝ շարունակելով անցյալի իր ինքնության թելը: Հողն ապահովում է ժողովրդի շարունակական կապը նրա ընդերքի հետ, որն իր մեջ պահում է նյութական և հոգևոր ժառանգությունը: Բացառապես իր պարարտ հողի վրա լայնքով ու երկարությամբ աճող ծառի նման, հայ ժողովուրդը պետք է ապրի ու բազմանա իր հայրենիքում, որպեսզի պահպանի անտեսանելի, բայց իր հավաքական ոգով զգացող կապը հողի հետ:

Գրքի սկզբում ես հիշեցրի, որ «հայ»-ը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «ազնվաբարո մարդ»։ Իսկ արիացի բառը, որից գալիս է մեր անունը, նշանակում է «հողագործ»։ Սա հատուկ իմաստ է կրում, քանի որ հողի իսկական տերը նա է, ով հերկում է այն՝ աշխատելով իր տան բարօրության համար։

Ուստի հողը եղել և մնում է հայերի համար հարստության գլխավոր աղբյուրը։ Հողը միշտ ավելի կարևոր է, քան կապիտալը, քանի որ կապիտալը կարող է ֆիզիկապես տեղափոխվել մի երկրից մյուսը, իսկ հողը չի կարող բեռնվել և տեղափոխվել ավելի մեկուսացված վայր: Երկիրը միշտ ավելի կարևոր է, քան աշխատանքը, քանի որ երկիրը կարող է գոյություն ունենալ առանց աշխատանքի և նույնիսկ առանց մարդկանց, իսկ աշխատանքը, ներառյալ մտավոր աշխատանքը, առանց հողին կապվելու, կորցնում է իր ողջ իմաստը՝ դառնալով խոցելի և անշոշափելի: 

Հայոց թագավորները, պաշտպանելով իրենց հողերը, առաջնորդվում էին ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլև տնտեսական նպատակահարմարությամբ։ Դրա օրինակն է Տիգրան Ա Երվանդունու կառուցած Տիգրանակերտ քաղաքը (քոչվորների կողմից վերանվանվել է Դիարբեքիր), որով անցնում էր Հերոդոտոսի նկարագրած հայտնի «Արքայական ճանապարհը»․ «Կիլիկիայի և Արմենիայի սահմանը նավարկելի գետն է՝ անունը Եփրատ: Արմենիայում հիսունվեց ու կես փարսախ (մոտ՝ 300 կմ) տարածության վրա կա տասնհինգ կայան՝ իջևանատներով, այնտեղ կա նաև պահակային ամրություն: Արմենիայից ճանապարհը մտնում է Մատիենե, որտեղ կա երեսունչորս կայան՝ հարյուր երեսունյոթ փարսախ տարածության վրա»։

«Արքայական ճանապարհի» հեղինակը պարսից Դարեհ I թագավորն էր, ով Ք.ա. 6-րդ դարում մտադիր էր իր հողերում ճանապարհ տալ Էգեյան ծովից (ք․Սարդես / Sardes) եկող առևտրային քարավաններին, որոնք անցնում էին հունական Կապադովկիայով և հայկական հարավային հողերով՝ մուտք գործելով ասորական Նինվե (ներկայիս Մոսուլ), որտեղից հասնում էին պարսկական Շոշ և Պերսեպոլիս քաղաքներ՝ շարժվելով դեպի հնդկական սահման: Երբ մարդիկ խոսում են հելլենիզմի մասին, առաջինը հիշում են հույն փիլիսոփաներին կամ Ք․ա․ 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, ով նվաճեց Դարեհ III-ի թագավորությունը՝ ստեղծելով հսկայական կայսրություն: Սակայն քչերն են հիշում «Արքայական ճանապարհը», որն առևտրային փոխանակումների միջոցով տարածում էր հելլենիզմը՝ ազդելով տարածաշրջանի բնիկ ժողովուրդների՝ հույների, հայերի և պարսիկների ճակատագրերի վրա։

Բացի «Արքայական ճանապարհից», որը լայնակի հատում էր հայկական հողերը, անցնում էր նաև ուղղահայաց ճանապարհ․ Սև ծովի նավահանգիստներից Պարսկաստան տանող ճանապարհն անցնում էր հայկական Արտաշատ քաղաքով (թարգմանաբար նշանակում է «Արտաշեսի ուրախություն»), որը կառուցել էր Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա-ն (հունարեն արտասանությամբ՝ Արտաքսեոս) Արաքսի ափին՝ Արարատյան բերրի հարթավայրում։ Արդեն Արտաշեսի օրոք, շնորհիվ այդ երթուղու, Հայաստանի սահմանները չորս գետերով վերականգնվեցին՝ հյուսիսում հասնելով Կուր, իսկ արևելքում՝ Կասպից ծով։ 

«Հայաստանի սահմանների ընդլայնմամբ դեպի Սև և Կասպից ծովեր, այն ոչ միայն հիմնովին տիրապետեց Արարատյան հարթավայրով դեպի Պոնտական Տավրոս ձգվող մայրուղային ցամաքային ճանապարհագծին, այլև մասամբ կարող էր վերահսկել նաև աղվանցիների և իբերիացիների շրջաններով դեպի Կոլխիդա անցնող ավելի հյուսիսային ճանապարհը։ Այդ ուղիների գրավմամբ, թերևս, մեծապես պայմանավորված էր հետագա դարերում Անդրկովկասում նրա գերակշռող դերը», հիշեցնում է պատմաբան Հակոբ Մանանդյանը։

Այսինքն՝ տարանցիկ առևտրի հիմնական զարկերակը ոչ թե Կասպից ծովով անցնող ջրային ճանապարհն էր, որի վրա 21-րդ դարում հույս են դնում Բաքուն և Անկարան, այլ ցամաքային մայրուղին, որը Սև ծովի ափերից դեպի Պարսկաստան էր գնում հայկական Արտաշատ և Գանձակ քաղաքներով։ 

Հին շրջանում Տրանսկասպյան առևտրի թույլ զարգացման մասին գրել է դեռևս արևելագետ Վլադիմիր Գուրկո-Կրյաժինը. «Միջին Ասիայի առևտրային հարաբերությունները Անդրկովկասի հետ Կասպից ծովով միշտ եղել են չափազանց քիչ զարգացած»։ Բացի փոթորկոտ Կասպից ծովով նավարկելու դժվարությունից, գիտնականը մատնանշում է «միջինասիական մետաղադրամների բացակայությունը Անդրկովկասում և հակառակը»։ Գիտնականն իր դիտարկումը կատարել է 1927 թվականին, սակայն այն արդիական է մինչ օրս։ Հայացք գցեք Բաքու-Թբիլիսի-Կարս-Էդիրնե երկաթուղու բեռնմանը, որը գործարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2017 թվականի հոկտեմբերին՝ Միջին Ասիայից բեռներ տեղափոխելու համար: Տարեկան 17 միլիոն տոննա բեռնափոխադրման առավելագույն  հզորությամբ այս երթուղով 2021 թվականին փոխադրվել է ընդամենը 1 միլիոն 360 հազար տոննա բեռ։ Փոխվում են դարաշրջանները, երկրների անունները և կառավարիչների անունները, բայց առևտրային երթուղիները մնում են անփոփոխ։ 

Այդ պատճառով պարզամիտ են Բաքվի և Թուրքիայի կառավարիչների ձգտումները՝ ռազմական ուժով Կասպից ծովի ափերից դեպի Հայաստան տրանսպորտային միջանցք կտրել։ Եթե սելջուկ թուրքերին և նրանց ժառանգներին (թվային գերազանցության պայմաններում) չհաջողվեց հազար տարվա արշավանքների  ընթացքում հայերին ամբողջությամբ դուրս մղել տեղի առևտրային ուղիներից, ապա ինչո՞ւ սրանց մոտ դա պետք է հաջողությամբ պսակվի 2023 կամ 2024 թվականներին։ Դա անհնար է, քանի որ ագրեսիան և պատերազմները հակասում են Աստծո օրենքներին, որոնք գործում են Հայկական լեռնաշխարհում Եդեմի և Նոյան տապանի ժամանակներից ի վեր:

Կարելի է երկար փնտրել այն պատճառները, թե ինչու են որոշ հողերով ճանապարհներն արդյունավետ եղել հնագույն ժամանակներից, իսկ մյուսներով՝ ոչ, բայց կարևոր է թվում մեկ այլ բան․ փողը կենտրոնացված կերպով փոխանցում է իր տիրոջ էներգիան և խուսափում այն հողերից, որտեղ տիրում են բռնությունը, կողոպուտներն ու սպանությունները: Դրա պատճառով էլ այն երկրները, որտեղ դարերով բազմապատկվում են անօրինություններն ու անմեղ արյուն է թափվում, աղքատանում են։ Սա մետաֆիզիկայի համընդհանուր օրենք է. պատերազմները, որոնք սկսվում են փողի համար, երբեք հարստություն չեն բերում արյունահեղության մեջ ներգրավված երկրներին: 

Դաս V. Ժողովրդի և ղեկավարների մեղքերը փոխկապակցված են

Հայ ժողովուրդը պետք է դառնա մաքուր անոթ, որը Տերը կլցնի իր օրհնությամբ՝ մաքուր ջրով: Այլ կերպ չի կարող լինել: Եթե մարդը ջուր չի խմում կեղտոտ անոթից, ապա ինչո՞ւ պետք է Արարիչը ջուր խմի կեղտոտ անոթից:

Մարդկային հարաբերություններում, ինչպես ֆիզիկայում, գործում են խիստ օրենքներ։ Օրինակ՝ ֆիզիկայում, որը նկարագրում է իրերի բնույթը, գործում են համընդհանուր ձգողականության և թերմոդինամիկայի օրենքները։ Իսկ մարդկային հարաբերություններն ավելի բարդ բնույթ ունեն, քանի որ դրանցում (ֆիզիկայի օրենքների հետ միասին) ներկա է Արարիչը, ով մարդկանց տվել է մետաֆիզիկական, այսինքն՝ հոգևոր օրենքներ։ Դրանցից գլխավորը փոխկախվածության օրենքն է։

Մեզանից յուրաքանչյուրը կախված է մյուսից, իսկ միասին մենք՝ հավաքական հոգով միավորված, դառնում ենք ժողովուրդ։ Հետևաբար, ժողովրդի առանձին ներկայացուցիչների կողմից կատարված մեղքերը ծանր բեռ են ամբողջ ժողովրդի վրա, քանի որ դրանք վնասում են ժողովրդի հավաքական հոգուն: Այսինքն՝ իշխանությունն ու ժողովուրդն անբաժան են միմյանցից. ինչպես ցեխը լցվում է կուժի մեջ ու սկսում եզրերից թափվել, այնպես էլ ժողովրդի մեղքերը բարձրանում են վեր՝ տիրակալներին պատելով: Նման կախվածություն է գործում  նաև իշխանությունների մեղքերի հետ։ Եվ շատ ավելի արագ, քանի որ ցեխը, որը լցվում է կուժի մեջ, անցնում է վերևից ներքև՝ համընդհանուր ձգողականության օրենքով: Սակայն ժողովուրդը միշտ ընտրություն ունի. ցեխի փոխարեն կուժը կարելի է լցնել մաքուր ջրով՝ բարի գործերով:

Արդյո՞ք սովորական կյանքում այլ կերպ է: Հոգեպես ընկնելու կամ պարզապես փողոցում ընկնելու համար բավական է ոչինչ չանել։ Բայց ոտքի կանգնելու և հոգեպես ուժեղանալու համար հարկավոր է անընդհատ աշխատել սեփական անձի վրա։ Սեփական անախորժությունները նվաճողներին վերագրելն անօգուտ է, քանի որ պետք է պայքարել բուն պատճառի դեմ, այլ ոչ թե դրա հետևանքների…

ՄԱՍ II. Հայերը եւ աշխարհը

Հայերն աշխարհ են եկել իրենց առաքելությամբ, որպեսզի օրհնություն դառնան աշխարհի համար, այլ ոչ թե վերադասվեն աշխարհի վրա: «Հայ» բառիս բուն իմաստով նշանակում է «ազնվաբարո մարդ»։ Ի՞նչ է նշանակում «ազնվաբարո»: Ըստ Մատթեոսի Աստվածաշնչում (19:17) Տերն ասում է. «Ոչ ոք բարի չէ, այլ միայն Աստված»: Ազնվաբարո, այսինքն՝ «Աստծուց ծնված»: Հայկական նպատակը Նրա կամքն իրականացնելն ու Նրա Լույսը Արարատյան թագավորության հողերում տարածելն է, որը արևմուտքում սկսվում է Եփրատից, իսկ արևելքում սահմանափակվում է Կուրով: Այդ պատճառով էլ Եդեմից դուրս եկող աստվածաշնչյան բոլոր չորս գետերն էլ սկիզբ են առնում հայկական լեռնաշխարհից։ Ֆիզիկական աշխարհագրության և նրա տեղանունների   միջոցով Բարձրյալը հայ ժողովրդին հիշեցնում է իր նպատակի մասին:

Հայկական երազանքը անբաժան է Աստծո երազանքից. Բարձրյալը երազում է, որ հայերը պահեն Իր պատվիրանները: Այսինքն՝ պահպանեն Նրա Ուխտի դրույթները։ Հնազանդության դիմաց Նա Հայոց հող է շնորհում մեր ժողովրդին, իսկ անհնազանդության դիմաց՝ Հայոց հողը հանձնում հեթանոսների իշխանությանը, որոնք բռնությունների և նվաստացումների միջոցով հայերին հիշեցնում են Աստծո հետ կնքված Ուխտի մասին։ Հայկ Նահապետի ժամանակներից ի վեր հայերը երբեք ամբողջությամբ չեն կորցրել Հայոց հողը, չնայած բազմաթիվ ու ավերիչ օտար արշավանքներին: Ինչո՞ւ էր այդպես լինում: Պատճառն Աստված է, ով հիշում է Ուխտի մասին նույնիսկ այն ժամանակ, երբ հայերը մոռանում են այն։

Առաջին մասում խոսվեց հայկական քաղաքակրթության ակունքների և նրա ֆիզիկական սահմանների մասին։ Տրվեց այն հարցի պատասխանը, թե ովքեր են հայերը և ինչ դասեր պետք է քաղեն անցյալից։ Երկրորդ մասում ես պատմում եմ հայերի մասնակցության մասին հարևան ժողովուրդների ճակատագրին, ինչպես նաև հարևան ժողովուրդների՝ հայկական ճակատագրին մասնակցության մասին: Մենք պետք է հասկանանք, թե ովքեր են հայերն աշխարհի համար՝ ազգամիջյան և միջտարածաշրջանային փորձի տեսանկյունից, որն, անկախ արդյունքից, բարիք է։ Պատմության տարբեր հատվածներում ժողովուրդները սովորում են միմյանցից՝ որդեգրելով միմյանց ուժեղ կամ թույլ կողմերը։ Յուրաքանչյուր ժողովուրդ, որի հետ հայերը գործ են ունեցել իրենց պատմության ընթացքում, հայկական արժանիքների և թերությունների հայելին է. եթե հայերը համապատասխանում էին իրենց առաքելությանը, ապա իրենց ճանապարհին ստանում էին նույնպիսի դիմադարձ, իսկ երբ հեռանում էին առաքելությունից, ապա անպայման բախվում էին օտար զավթիչների և ավերիչների հետ: Այն բոլոր ժողովուրդները, որոնք հայերի հետ ուղղակի կամ անուղղակի համագործակցել են, ձգտել են հայկական արարքներին ու մտքերին։

Երկրորդ գլխի նպատակը փորձի ուսումնասիրությունն է, որի ամբողջությունից ձևավորվում է պատմությունը: Պատմությունն ինքնին բաղկացած է փորձից և ժամանակից. արտաքին աշխարհի հետ հայերի համագործակցության փորձը պատկանում է մեզ և այն ժողովուրդներին, որոնց հետ մենք փոխգործակցել ենք: Ինչ վերաբերում է ժամանակին, ապա այն պատկանում է Աստծուն, քանի որ Բարձրյալն է որոշում, թե երբ և ինչ պետք է տեղի ունենա հայության և մյուս ժողովուրդների ճակատագրերում: Սա է ժամանակի գաղտնիքը, որը հայտնի է միայն Նրան:

Իրենց պատմության տարբեր ժամանակահատվածներում ժողովուրդները ճակատագրական ընտրություն են կատարում. կա՛մ օրինակ են դառնում հարևան ժողովուրդների համար՝ ցույց տալով նրանց զարգացման ճանապարհը, կա՛մ հակաօրինակ են դառնում հարևան ժողովուրդների համար՝ ցույց տալով նրանց այն ճանապարհը, որով կտրականապես չի կարելի գնալ։ Հետևաբար, աշխարհի բոլոր ժողովուրդները ուսուցիչներ են միմյանց համար:

Հայ ժողովուրդը դարերի խորքից ստացել է և՛ այս, և՛ այն փորձը։ Սկզբում հայերը օրինակ էին հարևանների համար. պատահական չէ, որ մեր նախահայրը՝ Հայկը, վրացական «Քարթլիս ցխովրեբա» տարեգրության մեջ ավագ է կոչվում այն դյուցազունների մեջ, որոնցից սերում են Կովկասի ժողովուրդները: Կարևոր մի տարր՝ մենք մեզ ավագ չենք տեսել, մեզ այդպես են տեսել վրացիները։ Սակայն վերջին տասնամյակները ցույց տվեցին, որ օրինակի փոխարեն հայերը դարձել են հակաօրինակներ։

Ի՞նչ է սպասվում հաջորդիվ: Իսկ հաջորդիվ կրկին ընտրություն է, որը հայերը պետք է կատարեն արդեն մոտ ապագայում։ Այս անգամ մենք պետք է բռնենք զարգացման ուղին, որպեսզի կրկին օրինակ լինենք հարևանների համար։

Գլուխ 5․ Իրանցիներ։ Պատմության քարավան՝ Կյուրոս Մեծից մինչեւ Խոմեյնի

Հայերն ու իրանցիները հաբեթական ժողովուրդներ են՝ միավորված աշխարհագրությամբ և հոգևոր նշանակությամբ։ Ըստ Հին Կտակարանի «Ծննդոց» գրքի՝ իրանցիները Նոյի կրտսեր որդու՝ Հաբեթի գծով թոռան՝ Հավանի հետնորդներն են։ Ժողովրդի և նրա լեզվի ինքնանունը գալիս է Թարսիսից (թարսիսեցիներ), ով Հավանի որդին է։ Հույները իրանական երկիրն անվանում էին Պարսկաստան, իսկ ժողովրդին՝ պարսիկներ, հավանաբար հենվելով Սուրբ Գրքում նշված ծագումնաբանության վրա, որն իր արտացոլումն է գտել Ֆարսի նահանգի անվանման մեջ։ Իրանցիներն իրենք իրենց երկիրն անվանում են «Այր-ան» կամ «Իր-ան», ինչը բառացիորեն նշանակում է «արիացիների Երկիր»։

Հին ժամանակներից հայերն ու իրանցիները առաջ են մղել միաստվածությունը՝ օգնելով նաև Նոյի ավագ որդի Սեմի սերունդներին, որից Եբերի միջոցով լույս աշխարհ է եկել հրեա ժողովրդի նախահայր Աբրահամը, ով ծնել է Իսրայելի հայր Իսահակին: Աբրահամի միջոցով լույս աշխարհ եկավ նաև Իսմայելը՝ արաբ ժողովրդի նախահայրը, որը VII դարից ի վեր իր ներդրումն է ունեցել իսլամի միջոցով միաստվածության տարածման գործում։ 

Հրեաների կողմից Հին Կտակարանը գրելուց շատ առաջ Մարգարե Զրադաշտը, ով ապրում էր Իրանում Քրիստոսի ծնունդից առաջ VIIVI դարերում, աշխարհի մասին խոսել էր որպես Աստծո՝ բոլոր բարիքների հավիտյան գոյություն ունեցող Արարչի ստեղծման արդյունք: Միասնական Աստծո հանդեպ հավատը հայ-իրանական միության հիմքն էր։ Ուստի Պարսկական կայսրության հիմնադիր Կյուրոս Բ Աքեմենյանը և Հայոց թագավոր Տիգրան Ա Երվանդունին համատեղ ջանքերով նվաճեցին Մարաստանը (մ.թ ա. 550 թ.) և Բաբելոնը (մ.թ.ա. 538 թ.)՝ գաղութային ճնշումից ազատելով նախ իրենց ժողովուրդներին, ապա նաև Հրեաստանի գերված ժողովրդին, որին երկու կառավարիչները նյութական աջակցություն ցուցաբերեցին Երուսաղեմի երկրորդ տաճարի կառուցման համար․ «Հայերի հեծյալներն ընդամենը 8 հազար են, իսկ հետևակայինները՝ մինչև 40 հազար։ Ինչ վերաբերում է փողին, ապա հորս թողած գանձերի հետ միասին ընդհանուր գումարը, եթե արծաթի փոխանցենք, կկազմի ավելի քան 3 հազար տաղանդ»,- Տիգրան թագավորի խոսքը մեջբերում է Քսենոփոնն իր «Կյուրոպեդիա»-ում։

Այդպես նախատեսված էր ի վերուստ: Պատահական չէ, որ Եսայի մարգարեի գրքի 45-րդ գլխում Կյուրոս թագավորը կոչվում է Տիրոջ օծյալ․ «Այսպէս է ասում Տեր Աստված իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, բացեմ քո առաջ դռները, և քաղաքները չփակվեն»։ Այնուհետև գալիս է Երուսաղեմի տաճարի վերականգնման հետ կապված գագաթնակետը․ «Նա կկառուցի իմ քաղաքը և իմ գերված ժողովրդին հետ կբերի առանց կաշառքի և առանց ընծաների»,- ասում է Սավաոֆ աստվածը (այսինքն՝ «Զորաց Տերը» - Հեղ․): Վերջ դնելով մարերի և բաբելոնացիների արշավանքներին Հայաստան, որը Հին Կտակարանի հրեա Մարգարե Երեմիան անվանում է Արարատյան և Ասքանազի թագավորություն, հայերը դուրս են գալիս Եդեմից (Հայկական լեռնաշխարհ) հոսող աստվածաշնչյան չորս գետերի սահմանները: Եվ դա տեղի է ունենում պարսիկների հետ դաշինքում, և ոչ թե հակառակ նրանց: Երվանդունիների (Օրոնտես) արքայատոհմը հիմնադրած Երվանդ Սակավակյաց թագավորը և նրա որդին՝ Տիգրան I-ը, կառավարում էին Մեծ Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն՝ պտուղներ քաղելով Արևելքի գլխավոր առևտրային մայրուղուց՝ «Արքայական ճանապարհից», որն ապահովում էր ապրանքների տարանցումը Արևելյան Միջերկրական ծովից Պարսկաստան հայկական տիրույթներով՝ Եփրատի և Տիգրիսի միջև, որտեղից քարավանները Զարգոսի լեռնաշղթայով անցնում էին Բեհիսթուն ժայռի կողքով դեպի հարավ-արևելք՝ դեպի Հնդկաստանի սահման։

Ուստի պատմաբանները հայ-պարսկական հարաբերությունների մասին պատմությունները հաճախ սկսում են հիշատակելով Բեհիսթունի արձանագրությունը, որը փորագրվել է Դարեհ I թագավորի (մ.թ. ա. 522-486) հրամանով, որպեսզի հավերժացնեն իրենց նվաճումները նույնանուն ժայռի վրա, որը գտնվում է Էկբատան (ժամանակակից Համադան) առևտրային քաղաքից հարավ-արևմուտք։ Նրանց պատմվածքները հիմնավորվում էին նրանով, որ Դարեհի գրչին է պատկանում Հայաստանի առաջին գրավոր հիշատակություններից մեկը, որը պահպանվել է մինչև մեր օրերը։ Բայց ի տարբերություն Կյուրոս II-ի, ով հայոց թագավորի հետ խոսում էր որպես երդումեղբայր, նրա ժառանգն արդեն հայերի մեջ տեսնում էր իր վասալներին, գուցե այն պատճառով,  որ Պարսկաստանի հետ առևտուրը Հայաստանում գանձարանի համալրման գլխավոր աղբյուրն էր: Սակայն այդ հանգամանքը չէր խանգարում հայերին պարբերաբար ըմբոստանալ, որպեսզի հայտարարեն իրենց ինքնիշխանության  մասին։ Ինքը՝ Դարեհը, դժգոհում է նման ինքնակառավարումից և տեքստում տասն անգամ հիշատակում Հայաստանը՝ դիմելով իր ուխտավորներին ահեղ պահանջով. «գնա՛, ջարդի՛ր ապստամբ զորքը, որն իրեն իմը չի անվանում»: Արքաների արքան գործ ուներ հայկական ինքնության հետ, որը ազատություն էր փնտրում, ոչ թե հպատակություն սյուզերենին։

«Պարսիսլամական կայսերական համալիրը» աշխատության մեջ իրանցի պատմաբան Խոսրով Չաքերին բացատրում է Դարեհի տագնապները՝ նշելով, որ հայերի կապն Իրանի հետ, որոնց նա անվանում է «հայ իրանցիներ» [այսինքն՝ Հայ արիներ], «նույնքան հին է, որքան երկրի բուն պատմությունը, որը թվագրվում է Պարսկական կայսրության հիմնադրման ժամանակներով, եթե ոչ ավելի վաղ»։ Այն սկիզբ է առնում մեր հաբեթական նախահայրերից՝ Թորգոմից և Հավանից։ Այնուհետև Չաքերին հիշեցնում է, որ Դարեհի մահից հետո «երկու ժողովուրդները միախառնվեցին երկար դարերով» Պարթևների և Սասանյանների իշխանության ներքո։ Նրա խոսքերով՝ «Աքեմենյան շրջանը հանգեցրեց պարսիկների և հայերի այնպիսի մերձեցմանը, որ պարսկերենը հասկանալի էր և օգտագործվում էր որպես խոսակցական լեզու նույնիսկ Արևմտյան Հայաստանի հեռավոր գյուղերում»: Ամենայն հավանականությամբ, նույն պատճառով հայերենում ավելի քան 2 հազար բառ փոխառված է պարսկերենից։

Հեղինակի պաթոսը պատմական բացատրություն ունի։ Չէ՞ որ նախաիսլամական շրջանում հայերի և պարսիկների միջև քաղաքական ջրբաժանն ավելի հաճախ տեղի էր ունենում ոչ թե էթնիկ, այլ կրոնական սահմաններով։ Երբ տիրակալներն ու նրանց ժողովուրդները հավատում էին մեկ Աստծուն, պարսիկներն ու հայերը միմյանց ընկալում էին որպես օրհնություն և չէին փորձում վեր կանգնել մեկմեկու նկատմամբ: Եվ երբ տիրակալներն ու նրանց ժողովուրդները հեռանում էին Աստծուց՝ ընկնելով հեթանոսության մեջ, սկսվում էր արյունահեղություն, որն ուղեկցում էր սահմանների վերաձևմամբ:

Երբ պարսիկները Կյուրոս Բ Մեծի օրոք աջակցում էին հայերին բաբեոնլացիների և մարերի դեմ պայքարում, նրանք իրենք էլ անպարտելի էին դառնում։ Իսկ արդեն ուշ Աքեմենյանների օրոք, որոնք հայերին ուժով պարտադրեցին իրենց գերիշխանությունը, Իրանը հատուցում ստացավ՝ բախվելով իրեն նվաճած հունական արշավանքին։ Նկատի ունեմ Ալեքսանդր Մակեդոնացու հաղթանակը Դարեհ III-ի նկատմամբ Գավգամելայի ճակատամարտում [Քրիստոսից առաջ 331 թ.], որի արդյունքում Երվանդ III Երվանդունին վերականգնեց Արարատյան թագավորությունը:

Որոշ հեղինակներ սխալվում են՝ կարծելով, թե քրիստոնեության ընդունումը մակեդոնացիների արշավանքից վեց դար անց իբր հայերին բաժանել է պարսիկներից՝ թույլ տալով առաջիններին ձևավորել իրենց ինքնությունը։ Բայց փաստերն այլ բան են ասում։

Նախ, 301 թվականին Հայաստանի մկրտությունը օրինակ ծառայեց բուն Իրանում քրիստոնեական քարոզի ընդլայնման համար։ Ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը հիշեցնում է, որ 410 թվականին Պարսկաստանում հայտնվեց Հռոմից անկախ քրիստոնեական եկեղեցի․ «Կենտրոնական Ասիայում հնագիտական հայտնագործությունները ցույց են տվել, որ Սասանյան պետությունում քրիստոնյա պարսիկները պատարագ են մատուցել իրենց մայրենի լեզվով, ինչից եզրակացություն է արվել, որ քրիստոնեական համայնքների թիվն ավելի մեծ է, քան կարծում էին մինչ այժմ»,- գրում է Բարտոլդը «Իրան. Պատմական ակնարկ» աշխատության մեջ: Ստացվում է, որ Սասանյանների քրմական արքայատոհմը փորձել է հայերին հեռացնել Քրիստոսից՝ պահպանելու համար նաև սեփական զրադաշտական հոտը, որը թաղված էր աղանդավորության մեջ։

Այնուհետև՝ միաստվածությունը հայկական ինքնության հիմքն է մեր նախահայր Հայկի ժամանակներից ի վեր։ Միասնական Աստծո ընդունումը ջրբաժան էր Հայաստանի և հեթանոսական Բաբելոնի միջև։ Թորգոմը և Հայկը միաստվածությունը ժառանգել են աստվածաշնչյան Նոյ Նահապետից։ Հետևաբար, նրանք չհաշտվեցին Բել արքայի՝ (եբրայերեն տառադարձությամբ՝ Նեբրովթ արքա) համաշխարհային տիրապետության հեթանոսական հավակնությունների հետ։ Բելը Նոյի՝ հոր կողմից անիծված միջին որդու՝ Քամի հետնորդն էր։

Իսկ 301թ. դառնալով առաջին քրիստոնյա պետությունը՝ Մեծ Հայքն իրականացրեց այն օրհնությունը, որը տրվեց հայերին այն բանից հետո, երբ Հայկ Մելքիսեդեկը օրհնեց Աբրահամին: Հայերի կողմից քրիստոնեության ընդունումն ավարտեց մարդկությանը Աստվածային Լույսի ընդունմանը նախապատրաստելու Հին Կտակարանի փուլը: Այդ ժամանակից մինչ օրս, երբ մարդկությունը Նոր Կտակարանի փուլ է ապրում, հայ ժողովրդի ճակատագիրն արդեն Նրա Լույսի վկայությունն է։

Եվ հետո՝ Մեծ Հայքն իր ռազմա֊քաղաքական հզորությունը ձեռք բերեց Ք․ա․ II դարի սկզբին, երբ Պարսկաստանում իշխում էր պարթև Արշակունիների արքայատոհմը: Հայկական պետության վերելքի հաշվարկը սկսվում է 189 թվականին՝ Մագնեսիայի ճակատամարտից, երբ հռոմեացիները ջախջախեցին Սելևկյան պետության տիրակալ Անտիոքոս III-ին։ Արտաշես Ա-ի (հունարեն տառադարձությամբ՝ Արտաքսիոս I) առաջնորդությամբ, ով Հայաստանում հիմնում է Արտաշեսյանների արքայատոհմը, հայերը հյուսիսում և հյուսիս-արևելքում վերադարձնում են ելքը դեպի բիբլիական Քուռ գետը, իսկ արևելքում՝ ելքը դեպի Կասպից ծով։ Ի պատիվ իրեն Արտաշեսը բիբլիական Արաքս գետի վրա կառուցում է Արտաշատ քաղաքը (թարգմանաբար նշանակում է «Արտաշեսի ուրախություն»), որով պարթև Արշակունիները և նրանց հաջորդները իրենց առևտրական քարավանները ուղարկում էին Կոլխիդա՝ Սև ծովի ափերը։

Իսկ վերջում՝ հայ Արշակունիները, լինելով պարթև Արշակունիների ճյուղը, Մեծ Հայքում իրագործեցին այն, ինչը նրանց չհաջողվեց անել հենց Պարսկաստանում՝ ժողովրդին առաջնորդեցին դեպի մեկ Աստված:

Ինչո՞ւ դա տեղի ունեցավ հենց Հայաստանում։ Պատասխանը Հայկական լեռնաշխարհի նպատակի մեջ է, որը Երկրի վրա կյանքի աղբյուր է: Այնտեղ երեք անգամ նոր կյանք է ծնվել։ Սկզբում Հայկական լեռնաշխարհում Աստված ստեղծում է դրախտային այգի, որից դուրս են գալիս չորս գետեր՝ Եփրատ, Տիգրիս, Արաքս և Քուռ՝ ձևավորելով Եդեմի սահմանները։ Այնուհետև, արդեն Տիեզերական Ջրհեղեղից հետո, Հայկական լեռնաշխարհի սրտում գտնվող Արարատին հանգրվանում է Նոյի տապանը, որը մարդկությանը տվել է ամեն ինչ սկզբից սկսելու երկրորդ հնարավորությունը: Իսկ երրորդ շանսը եկավ Մեծ Հայքի՝ որպես քրիստոնյա պետության կայացման հետ, որը արևմուտքում սահմանափակվում էր Եփրատով, իսկ արևելքում` Կուրով։ Ամեն անգամ նոր դարաշրջանը սկսվում է Արարատի նախալեռներում՝ Վանա սրբազան լճի մոտ։

Սասանյանների պատերազմը պարթև Արշակունիների հետ ինքնին մերկացրեց հեթանոսների և միաստվածների դարավոր առճակատումը։ Ի տարբերություն Սասանյանների, Արշակունիները դավանում էին դասական զրադաշտականություն, որի շրջանակներում Ահուրամազդան («իմաստուն Տեր») համարվում էր միակ չստեղծված Աստվածը, որ գոյություն ուներ հավերժ: Նրան, ըստ Զրադաշտ մարգարեի, հակադրվում էր «չար ոգին» (Ահրիմանը), որը քրիստոնեության մեջ կոչվում է սատանա: Զրադաշտականության մեջ նույնիսկ խոսվում է գալիք Փրկչի մասին, որը կոչվում է Սաոշյանթա (տառ.՝ «Նա, ով բարիք կբերի»):

Արշակունիների և Սասանյանների կոնֆլիկտը կայանում էր նրանում, որ վերջիններս ներկայացնում էին զրադաշտականության շահերը, որը ծագել էր դեռևս վաղաքեմենյան շրջանում՝ այլասերելով կրոնը առասպելներով և հեթանոսական աստվածներով: Ըստ բրիտանացի իրանագետ գիտնական Մերի Բոյսի, զրվանականները նսեմացնում էին Ահուրամազդայի նշանակությունը, որին Զրադաշտ մարգարեն հռչակել է «երկրպագության արժանի միակ աստվածային էակ», «պարզ ուսմունքը խառնելով անհրաժեշտ տեսությունների և ստոր առասպելների հետ»․ 

 «Բացի այդ, ճակատագրի և ժամանակի անողոք ուժի վերաբերյալ զրադաշտական մոլորությունները մթագնել են զրադաշտական ուսմունքի մեջ գլխավորը՝ ազատ կամքի գաղափարը, յուրաքանչյուր մարդու համար իր սեփական ճակատագիրը` բարու և չարի միջև ընտրություն կատարելու միջոցով ընտրելու հնարավորությունը»:

Այնուհետև՝ Բոյսը պարզաբանում է կատարում, որը լույս է սփռում նախաքրիստոնեական և քրիստոնեական ժամանակաշրջաններում հայերի բազմաթիվ ապստամբությունների պատճառների, ինչպես նաև պատմության մեջ առաջին քրիստոնյա պետությունը ստեղծելու նրանց վճռականության վրա․ «Աքեմենյան կայսրության անկումից հետո պարզվեց, որ զրվանականությունը զրադաշտականության գերակշռող ձև է արևմուտքում գտնվող որոշ նախկին նահանգներում, մասնավորապես Կիլիկիայում, Կոմմագենեում, Կապադովկիայում և, հնարավոր է, Սիրիայում, բայց այն գերակշռում էր նաև սոգդիացիների շրջանում՝ հեռու հյուսիս-արևելքում: Նման լայն տարածումը ենթադրում է, որ զրվանականությունը ստացել է գահի աջակցությունը, այսինքն՝ վերջին Աքեմենյանները իրենք են եղել այս հերետիկոսության հետևորդները։ Պարթևական ժամանակաշրջանում զրադաշտականության զրվանական ձևը ազդեցություն է ունեցել գնոստիկ մի շարք աղանդների վրա, թեև պարթևներն իրենք, ըստ երևույթին, զրվանականներ չեն եղել։ Բայց նրանց իրավահաջորդները՝ Սասանյանները, զրվանականներ էին՝ այս, ինչպես նաև շատ այլ հարցերում հետևելով Աքեմենյան ավանդույթներին»։

Այսինքն՝ 227 թվականին Սասանյանների կողմից Արտավան V Արշակունի թագավորի սպանությունը վրեժ էր զրվանականների աղանդի համար, որը հեռացավ դասական զրադաշտականությունից և փորձեց հաշվեհարդար տեսնել ցանկացած այլախոհության նկատմամբ։ Հետագայում Սասանյանները հաշվեհարդար են տեսել նաև Արշակունիների հայկական ճյուղի նկատմամբ, որը Մեծ Հայքում իշխել է 51-428 թվականներին, բայց այդպես էլ նրանց չի հաջողվել հայ ժողովրդին շեղել Քրիստոսից։ Միաստվածների դեմ հեթանոս քրմերի պատերազմում վերջիններս հաղթանակ են տարել Ամենայն հայոց առաջին կաթողիկոս դարձած պարթև Սուրբ Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև Արշակունիների արքայատոհմի Տրդատ Գ Մեծի առաջնորդությամբ:

Անհնազանդ հայերի նկատմամբ իրենց իշխանությունը պահպանելու համար Սասանյանները 387 թվականին հայկական հողերը բաժանեցին Հռոմի հետ՝ Արցախ և Ուտիք նահանգները հանձնելով իրանցիներին ենթակա Աղվանքի (Ալբանիայի) տիրապետությանը, բայց դա չխանգարեց Հայկի ժառանգներին, որոնք Մեսրոպ Մաշտոցի և Հայ Առաքելական Եկեղեցու հայրերի միջոցով Աստծո Լույսը տարածում էին Կուրի ձախ ափին։ Մաշտոցը Իբերիային և Աղվանքին տվել է մի գիր, որի շնորհիվ Եդեմից հյուսիս և արևելք ապրող այս թագավորությունների ժողովուրդներն ուսումնասիրել են Սուրբ Գիրքը:

V դարի կեսերին Վարդան Մամիկոնյանի ապստամբությունը, իսկ երեք տասնամյակ անց նրա եղբորորդու՝ Վահանի ապստամբությունը Սասանյանների և նրանց հեթանոսական աղանդի դեմ ստացան Բարձրյալի օրհնությունը, քանի որ զրադաշտականությունն այդ ժամանակ ընկղմվեց հեթանոսության մեջ՝ հակասելով պարսիկների և հայերի առաքելությանը՝ տարածելու հավատը մեկ Աստծո հանդեպ: Դասական զրադաշտականությունը տարածված էր նաև բուն Հայաստանում, բայց զրվանականների աղանդի քայքայիչ ազդեցության տակ հայերը հեռացան զրադաշտական ուսմունքից։ Եվ V դարի վերջին Աստծուն հավատարիմ լինելու համար՝ հայերին շնորհվեց հաղթանակ. Արցախ և Ուտիք նահանգները հասան անկախության։

«Արցախի Վաչագան Գ Բարեպաշտ իշխանը Սասանյան Վաղարշ թագավորից ստանում է Աղվանքի արքայի՝ Առանշահիկի (այսինքն՝ շահ Առանի) տիտղոսը։ Առանշահիկ Վաչագանը վերանորոգում է քրիստոնեական հավատը, բացում է բազմաթիվ հայկական նոր դպրոցներ։ 7-րդ դարում Աղվանքում կազմավորվում է Աղվանից իշխանությունը, որի ներկայացուցիչները Գարդմանցի կամ Միհրանյաններ կոչվածներն էին։ Իշխանության կենտրոնը Պարտավ քաղաքն էր։ Արաբների երևալուն պես Արցախի-Ուտիքի հայ բնակչությունը՝ Առանշահիկների և Միհրանյանների գլխավորությամբ, անհավասար, սակայն համառ պայքար է ծավալում նվաճողների դեմ»,- գրել է պատմաբան Սամվել Կարապետյանն իր «Հյուսիսային Արցախ» գրքում։

Հեգնանքը կայանում էր նրանում, որ Իրանի կառավարիչները մ.թ. IV, V և VI  դարերում պայքարում էին հայերի շրջանում միաստվածության դեմ, իսկ VII դարի երկրորդ կեսին, արդեն Արաբական նվաճման արդյունքում, իրենք դարձան միաստվածներ՝ ընդունելով իսլամ: Այսինքն՝ հայերի միջոցով Արարիչը իրանցիներին օրինակ էր ցույց տալիս դեպի Մեկ Աստված իրենց սեփական ճանապարհի համար։ Եվ որքան երկար էին Սասանյանները հակադրվում  հայերի կողմից Քրիստոսին ընտրելուն, այնքան հայերը մոտենում էին Քրիստոսին՝ ճանաչելով նրան տառապանքների միջոցով, և այնքան ավելի մոտ էր արաբների հաղթանակը Կադիսի ճակատամարտում (636թ.), որի արդյունքում Խալիֆայությունը նվաճեց և հետագայում իսլամացրեց Իրանը:

Բազմաթիվ օրինակներով պատմությունը ցույց է տվել, որ երկու ժողովուրդների ճակատագրերը փոխկապակցված են։ Պարսիկներն ու հայերը կարող են բարգավաճել միասին, բայց դա տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ Թորգոմի և Հավանի ժառանգները միմյանց միջև կառուցում են ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական [հավասար] հարաբերություններ՝ օգնելով միմյանց հաղթահարել դժվարությունները: Օրինակ, 619 թվականին, երբ թյուրքերն ու նրանց դաշնակից հեփթաղները [իրանախոս ցեղ, որը կոչվում է նաև սպիտակ հոներ] հարձակվեցին Խորասանի վրա, նրանց դեմ էր հայ զորավար Սմբատ Բագրատունին՝ իր երկու հազար հայ ասվարաններից բաղկացած ջոկատով [էլիտար հեծելազոր]։ Բագրատունիների գլխավորությամբ Սասանյան բանակը ջախջախեց թյուրքերին Տուսում և Խորասանում՝ ստիպելով նրանց նահանջել Միջին Ասիա։ Այնուհետև իրանա-հայկական համատեղ բանակը հակառակորդին հասավ իր որջում՝ հաշվեհարդար տեսնելով թյուրք խաքանի [առաջնորդի] հետ։

Հայկական աղբյուրները պնդում են, որ թյուրք-հեփթաղների զորքի թվաքանակը կազմել է 300 հազար մարդ։ Կարելի է նրանց տվյալների հետ համաձայնել կամ վիճարկել դրանք, բայց իրանահայ միասնական հաղթանակի փաստը թույլ է տալիս հույն իրանագետ Կավա Ֆարոխին կատարել հետևյալ եզրակացությունը․ «Բագրատունիների հաղթանակի շնորհիվ կայսրության միջինասիական սահմանները հուսալիորեն պաշտպանված էին ընդհուպ մինչև արաբական արշավանքը»:

Աշխարհագրությունը Պարսկաստանին տվել է երկու թիկունք․ առաջին թիկունքը՝ Պարսից ծոցն է և Արաբական ծովը, իսկ երկրորդ թիկունքը գտնվում է նրա սահմանների հյուսիսում և հյուսիս-արևմուտքում, և այն կոչվում է Հայաստան։ Ուստի որքան ուժեղ է Հայաստանը, այնքան քիչ է հավանականությունը, որ պարսիկներին հակառակորդ հյուսիսային ժողովուրդներն այն կգրավեն՝ իրանական մայրաքաղաքի ուղղությամբ դեպի հարավ հետագա երթի համար։ Սակայն պարսկական թագավորների կայսերական մտածողությունը վանում էր հայերին՝ ստիպելով վերջիններիս դաշինքների մեջ մտնել հույների, հռոմեացիների կամ ռուսների հետ։ Դրա օրինակն է Քսենոփոնի նկարագրած 10 հազար հույների նահանջը Հայաստանի տարածքով դեպի Սև ծով, որը թվագրվում է դեռևս Ք․ա. 401-400թթ.:

Հայաստանի բարգավաճման շրջանում նրա աշխարհագրական դիրքը հայերի համար դարձել է առավելություն, իսկ անկման ժամանակ՝ իսկական փորձություն։ Այսպես, XI դարի 30-70-ական թվականներին, երբ սելջուկները գրավեցին հայկական հողերը, Արևմտյան և Արևելյան Հայաստանի հարյուր հազարավոր բնակիչներ ապաստան գտան Իրանում։ Բայց նույնիսկ թյուրքական ցեղերի մշտական ճնշման տակ հայերը դարեր շարունակ պահպանել են մեծամասնությունը Արևելյան Հայաստանում, որը բառիս բուն իմաստով ողողված էր օտարներով:

Ծանր փորձությունը տեղի ունեցավ 1604-1605 թվականներին, երբ իրանցի Աբբաս I Սեֆին կիրառեց «այրված հողի» մարտավարությունը՝ դատարկելով Կարսից մինչև Արցախ տարածքը։ Հայկական քաղաքները կրակի մատնվեցին և ոչնչացվեցին, իսկ բնակչությունը քշվեց Պարսկաստան։ Վերաբնակեցումն ինքնին պատմության մեջ ստացավ «Մեծ սուրգուն» անվանումը։ Պատմաբաններն Իրանում հայերի զանգվածային բռնի տեղահանման պատճառ են համարում օսմանյան զորքի մոտենալը, որին նման անիմաստ կերպով իբր փորձում էին զրկել սննդից:

Սակայն շահն առաջնորդվում էր ոչ թե աշխարհաքաղաքականությամբ, այլ շահույթով։ Ջուղայից Սպահան տեղափոխված հայ վաճառականությունը ժամանակի ընթացքում դարձավ Իրանի միջազգային առևտրի շարժիչ ուժը։ «Պարսից մեծ թագավոր Շահ-Աբբաս Առաջինը, որ հայոց ազգը արտաքսեց հայոց բնիկ երկրից և քշեց Պարսկաստան, արեց դա դիտավորությամբ, որպեսզի Հայաստանը ավերվի, և շենանա Պարսկաստանը, նվազի հայ ազգը, բազմանա պարսիկ ազգը»,- գրել է 17-րդ դարում ապրած հայ պատմաբան Առաքել Դավրիժեցին։ Ըստ մատենագրի՝ իրանական ինքնիշխանը նույնիսկ մտադիր էր Սպահան բերել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը և իր մայրաքաղաքում կառուցել նոր Էջմիածին, «որպեսզի այնտեղ նստի կաթողիկոսը, ու այնտեղից մեռոնը սփռվի ողջ աշխարհը, և դրանով հայ ազգը մնա Պարսկաստանում, նաև ամբողջ աշխարհի օգուտն ու եկամուտը հավաքվի իր քաղաքում ու իր ազգի համար»:

Մինչ Արևելյան Հայաստանն ակտիվորեն բնակեցնում էին թյուրքական քոչվոր ցեղերը, իրանահայերը զբաղվում էին պարսկական արքունիքի հարստացմամբ, որի տիրույթով անցնում էր Հնդկաստանից Եվրոպա երթուղին՝ Քանդահարի, Սպահանի, Բաղդադի, Զմյուռնիայի և Կոստանդնուպոլսի տարանցիկ կետերով։ Կարելի է երկար պատմել այն մասին, թե ինչպես 1617 թվականին շահը չեղյալ հայտարարեց Անգլիայի հետ առևտրային պայմանագիրը և Նոր Ջուղայի հայ վաճառականներին հանձնեց մետաքսի հումքի արտահանման մենաշնորհը, ինչպես նաև այլ փաստեր բերել, որոնք հանգեցրին իրանական առևտրական կապիտալի կենտրոնացմանը տեղի հայերի ձեռքում, բայց կարևորն այլ բան է. հայ ժողովուրդը կորցնում էր կապերը իր հողի հետ: Հայկական երազանքի, համազգային ծրագրի փոխարեն, որը կոչված էր վկայելու Աստծո լույսը Հայաստանի հոգևոր և նյութական զարգացման միջոցով, հայերն իրականացնում էին շահի և նրա ազնվականության հարստության մասնավոր երազանքը: Նրա համար Ոսկե հորթ ստեղծեցին։ Ընդ որում, այնքան ջանասիրաբար էին աշխատել, որ նույնիսկ հասցրել էին մերձենալ Սեֆիների հետ․ Շահ Աբբաս II-ի (1642-1666 թթ.) մայրը՝ Աննա-խանումը, հայ էր։

Հեռանալով Արարատից ու Վանից՝ ժողովուրդն իրեն հեռացրեց հայկական երազանքի իրականացումից։ Այս իրավիճակը հակառակվեց Աստծուն, և Սեֆիները ստացան նրա հատուցումը: 1722 թվականին աֆղանական Քանդահարի առաջնորդ Միր Մահմուդ-շահ Հոթաքին գրավեց Իրանը, տապալեց Սեֆյան թագավորությունը և ավերեց Նոր Ջուղան՝ տեղի հայ բնակչությանը պարտադրելով ծանր տուրք, որի ազդեցության տակ հայերը սկսեցին մտածել հայրենիք վերադառնալու մասին։ Օսմանյան թուրքերը կարողացան օգտվել իրավիճակից. նրանք գրավեցին իրանցիների վերահսկողության տակ գտնվող Թիֆլիսը, ներխուժեցին Արևելյան Հայաստան՝ գրավելով Երևանը, Նախիջևանը և Գանձակը։ Օսմաններին հաջողվեց նաև խորանալ Իրանի մեջ՝ գրավելով Համադանը։ Մինչդեռ ռուսական զորքերը վերահսկողության տակ էին վերցրել Դերբենդը, Բաքուն և Ռաշթը։ Գագաթնակետը եղավ 1725 թվականը, երբ Միր Մահմուդ-շահի հրամանով մահապատժի ենթարկվեցին Սեֆիների տան 39 ներկայացուցիչներ։

Աֆղանական, օսմանյան և ռուս նվաճողների միջոցով Տերը իրանցիներին ցույց տվեց փոխկախվածության օրենքը։ Քանի որ Հայաստանն ու նրա ժողովուրդը կոչված են նոր կյանք վերակենդանացնելու, ցանկացած իշխան, ով ապօրինություններ է գործում հայ ժողովրդի նկատմամբ, իրականում սպանում է վերածնվելու սեփական հնարավորությունները։

Սեֆյան տոհմի փլուզումը Սյունիքում, Նախիջևանում և Արցախում Դավիթ Բեկի գլխավորությամբ հայերի ազատագրական շարժման մեկնակետն էր, որը հենվում էր ոչ միայն ազնվականության և վաճառականության, այլև բազմաթիվ պարտքերով ավերված հայ գյուղացիության վրա։ Բայց նույնիսկ Դավիթ-Բեկի ապստամբությունից հարյուր տարի անց հայերի տնտեսական վիճակը ծանր էր մնում։ Այսպես, իրանական տիրապետության վերջին շրջանում Հայաստանում գոյություն ուներ 23 տեսակի դրամական հարկ։ Հարկերի և տուրքերի ընդհանուր քանակն ուներ մոտ 40 տեսակ, որոնք բաժանված էին երեք խմբի՝

  1. դրամական հարկեր և տուրքեր, 

  2. բնական հարկեր,

  3. աշխատանքային պարհակներ

Ըստ ֆինանսական հարցերով վեզիր Միրզա Իսմայելի տվյալների և 1829 թվականին թագավորական պաշտոնյաների կողմից կազմված տեղեկագրի՝ Իրանի տիրապետության վերջին տարում Էրիվանի խանությունում գանձված բոլոր գանձումներն ու տուրքերը կազմել են 653,2 հազար ռուբլի արծաթ, որից դրամական՝ 158,9 հազար ռուբլի, բնական՝ 322,4 հազար ռուբլի և աշխատանքային պարհակներ՝ 171,9 հազար ռուբլի։ Պատմաբան Մուշեղ Ադոնցն արդարացիորեն նշված գումարն անվանում է «շատ մեծ»՝ հիշեցնելով, որ դրանից բացի, գյուղացիները վճարել են նաև այլ հարկեր։ Հայ գյուղացիների վճարած հարկերի չափը գնահատելու համար հիշեցնենք, որ XIX դարի սկզբին թղթե ռուբլով կարելի էր գնել 10 կգ հաց, 2,5 լիտր արևածաղկի ձեթ, 20 կգ անցյալ տարվա կարտոֆիլ կամ 6,5 կգ թարմ կարտոֆիլ։ Խոզի միսը վաճառվում էր կգ-ը 30 կոպեկով, տավարի միսը՝ 45 կոպեկով, իսկ հորթի միսը՝ 70 կոպեկով։

Պարսից արքունիքի շահույթի ծարավը տարեցտարի մոտեցնում էր Գյուլիստանի պայմանագիրը (1813 թ.) և Թուրքմենչայի պայմանագիրը (1828 թ.), որի արդյունքում Իրանը Ռուսաստանին զիջեց հայկական հողերը։ Աղքատությունը, որի մեջ խորասուզված էր հայ գյուղացիությունը, ստիպում էր Էջմիածնին և վաճառականներին հակակշիռ փնտրել պարսկական տիրապետությանը։ Եվ այդ այլընտրանքը Ռուսաստանն էր՝ հիմնականում հայ վաճառականների շահերի ազդեցության տակ, որոնք նրա հետ հաջողությամբ առևտուր էին անում Պովոլժիեով։ Բուն Հայաստանում ազատ մտածող մարդկանց սերունդ դաստիարակելու փոխարեն, հայկական բուրժուազիան առաջվա պես մտածում էր անձնական շահի մասին՝ իրանական գաղութատիրությունը փոխելով ռուսական գաղութատիրությամբ:

Դրա հետ մեկտեղ, իրանցիները չէին կարող հայերին ավելի լավ վերաբերվել, քան հայերն իրենք էին իրենց վերաբերվում։ Ղարաբաղի հայկական հոգևոր կոնսիստորիայի արխիվներում պահպանվել է մի փաստաթուղթ, որը վկայում է հայ ազնվականության հոգևոր անկման խորության մասին.

«1841 թվականին միտրոպոլիտ Բաղդասար Հասան-Ջալալյանը... Գանձասարի վանքին նվիրեց իր ճորտերի 27 ընտանիք, որոնք ապրում էին Գանձասար գյուղում։ Նվիրատվությունը հաստատվել է Նիկոլայի կողմից, և այս 27 ընտանիքները գրանցվել են վանքի անշարժ գույքի գրքում՝ որպես նրա սեփականություն»: Այն տարիներին, երբ Եվրոպան նապոլեոնյան պատերազմներից հետո հրաժարվում էր ֆեոդալական շահագործումից, մարդ նվիրելու պրակտիկան տարածված էր մնում հայ ազնվականության և հոգևորականության շրջանում: Բայց մի՞թե կարելի էր հույս դնել, որ օտարը հայի հանդեպ ավելի ներողամիտ կլինի, քան իրենք՝ հայերը, միմյանց նկատմամբ։ Մի՞թե կարող էր իրանցին կամ ռուսը հային ավելի լավ վերաբերվել, քան հայն էր վերաբերվում իր եղբորը կամ քրոջը:

Հայ-իրանական հարաբերությունները XIX դարում պարզ չեն եղել, բայց դրանց մեջ կան նաև լուսավոր էջեր: Այսպես, 1895-1896 թվականներին, երբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ, որոնք հետագայում կոչվեցին Ցեղասպանություն, Նասր էդ-Դին շահը իջել էր հեռագրատան տարածք և խոսել Ստամբուլում իր դեսպանի և հյուպատոսների հետ՝ կոչ անելով նրանց բոլոր հնարավոր միջոցներով կանխել կոտորածները։ Պարսկական կառավարության աջակցության շնորհիվ մեծ թվով հայեր իրենց փրկությունը գտան իրանական հողում։ Փարիզ կատարած այցի ժամանակ, երբ հայտնի դարձավ Թավրիզում հայերին սպառնացող վտանգի մասին, Մոզաֆեր էդ-Դին շահն անմիջապես հեռագրեց իր վարչապետ Նեզամ էս Սալթանեին՝ պահանջելով ռմբակոծել քաղաքը, եթե հայերի վրա հարձակում տեղի ունենա։

Իրանի պատմության մեջ հայերը հիշվել են ոչ միայն որպես խոշոր վաճառականներ, այլև իրենց դրսևորել են պետականաշինության մեջ։ 1905-1911թթ. սահմանադրական հեղափոխության (օտարերկրյա մենաշնորհների գերակշռությամբ պայմանավորված բուրժուական ապստամբություն) մասնակիցների թվում, որը երկրին մեջլիս և սահմանադրություն էր շնորհում, առանձնահատուկ դեր ունեն նրա գաղափարախոսներ Մելքոն Գրիգորյան-Մելքումյանը (1833-1908թթ.) և Եփրեմ Դավթյանը (1868-1912թթ.): Նրանցից առաջինը պատմության մեջ է մտել Միրզա Մելքոմ Խան անվան տակ, ով մեծարվում է որպես պետական գործիչ, գրող և իրանական ժամանակակից դրամատուրգիայի հիմնադիր։ Մելքոմ խանը շահի ԱԳՆ-ում զբաղվել է եվրոպական գործերով, տարբեր տարիներին դեսպան է ծառայել Լոնդոնում և Հռոմում, ինչպես նաև բրիտանական մայրաքաղաքում հրատարակել է «Կանուն» («Օրենք») թերթը, որի միջոցով իրանական հանրությանը հասցրել է երկրում սահմանադրական իրավունքի ձևավորման գաղափարը։ Պատմաբան Գրիգոր Ափոյանի հաշվարկներով՝ 1890-1893 թթ. լույս է տեսել թերթի 42 համար, որոնք կարևոր դեր են խաղացել երկրի քաղաքական լուսավորության մեջ։

Ինչ վերաբերում է Դավթյանին, ում Իրանում անվանում էին «Արևելքի Գարիբալդի», «Արևելքի Դանտոն» և նույնիսկ «Արևելքի Նապոլեոն», ապա նրա ցուցադրական բնութագիրը բերեց իրանցի նախարար և սենատոր Սեիդ Հասան Թաղիզադեն, ով 20-րդ դարասկզբի հեղափոխական իրադարձությունների ակտիվ մասնակից էր․ «Իմ կարծիքով` Եփրեմը այնպիսի մարդ էր, ինչպիսին այլևս չկար ամբողջ Իրանում։ Այս ասածս, հավանաբար, հաճելի չի լինի իմ մահմեդական հայրենակիցների համար: Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ Եփրեմին չի կարելի համեմատել որևէ մեկի հետ. նա շատ խիզախ և քաջ մարդ էր... Եթե Եփրեմը չլիներ, մեր բոլոր ջանքերը վատնված կլինեին, և մենք չէինք ունենա Իրանի այսօրվա սահմանադրական իրավունքն ու կառուցվածքը»: Դավթյանի ճակատագիրն արժանի է էկրանավորման։ Ծնվել է Արցախում, կրթությունը ստացել Թիֆլիսի Ներսիսյան ուսումնարանում։ Ուսումն ավարտելուց հետո մարտնչել է օսմանյան լծից հայկական Կարսի ազատագրման համար, ինչի համար «խռովարարը» ցարական կառավարության կողմից աքսորվել է Սախալին կղզի, որտեղից երեք տարի անց փախել է Թավրիզ, որտեղ էլ զբաղվել է լուսավորչական և քաղաքական գործունեությամբ։ Ահա թե ինչ հայ տաղանդներ էր դեպի իրեն ձգում իրանական հողը։

Պարսկաստանի ճակատագրում առանձնահատուկ դեր է խաղացել նաև Արարատ լեռը։ Հատկանշական է, որ պարսիկները երկու անգամ հրաժարվել են Արարատից՝ հօգուտ օտար տերության: Մեծ Արարատը Ռուսական կայսրությանը հանձնվեց 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի պայմաններով, որը բոլշևիկները հետագայում Թուրքիային հանձնեցին 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով, իսկ 1932 թվականին Ռեզա շահը փոքր Արարատը հանձնեց թուրքերին։

Իրանցի պատմաբան Խոսրով Չաքերին պարզաբանում է, որ «Ռեզա շահը փոքր Արարատը տվել է՝ ընդառաջելով թուրքերի՝ հայերին նույնիսկ այդ պատմական խորհրդանիշից զրկելու մտքին»՝ հավելելով, որ Աթաթուրքը շահի համար «ընդօրինակման արժանի անձ էր [role model]»։ Իրանի ղեկավարը մանրակրկիտ պատրաստվել էր նման քայլին։ Ըստ Չաքերիի՝ դեռևս 1930-ականների նախօրեին, երբ երկրում տարածվեց «հակաբոլշևիկյան վհուկների որսը», «Իրանում փակվեցին հայկական դպրոցները այն պայմաններում, երբ աճման կարգով իր համար ճանապարհ էր հարթում Փահլավի ռեժիմի ֆաշիստական և պրոնացիստական գաղափարախոսությունը»: Շահը հայկական դպրոցները զրկեց բոլոր արտոնություններից, իսկ հայոց լեզուն նրանց մեջ իջեցրեց երկրորդական դիրքի։ Ավելին, Ռեզա շահը ոտնձգություն կատարեց հայերի սեփականության նկատմամբ՝ բռնագրավելով երկրի առաջին էլեկտրակայաններից մեկը, որը պատկանել է Թումանյան ընտանիքին։

Հատուցումն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Շահական ռեժիմն իր մեղքերով Իրանին ներքաշեց օտար օկուպացիայի մեջ: 1941 թվականի օգոստոսին սկսվեց անգլո-խորհրդային արշավանքը Պարսկաստան, որը շարունակվեց մինչև 1946 թվականի մայիսի 9-ը։ Ինքը՝ Ռեզա շահը, վտարվեց երկրից և մահացավ 1944 թվականին Հարավաֆրիկյան Յոհանեսբուրգում։ Արարատը ռուսներին ու թուրքերին հանձնելով՝ Իրանի կառավարիչները զրկվեցին ոչ միայն հայկական ուժի կենտրոնից, այլև զրկվեցին իրենց թիկունքից, որը եղել և մինչ օրս մնում է Հայաստանը։

Շահերի տիրապետության արդյունքում Պարսկաստանը թաղվեց սեփական ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ, որը ենթարկվեց բազմաթիվ բռնաճնշումների։ Որքան շատ էին ռեժիմի ապօրինությունները, այնքան ավելի մոտ էր դառնում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը, որն իրականացվել էր այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնիի գլխավորությամբ։

Շահի տապալումը ապահովեց Իրանի և նրա ժողովրդի վերադարձը մեկ Աստծուն: Այդ ժամանակից ի վեր երկրում գործում է աստվածապետական ռեժիմ, որն իր կառուցվածքով հիշեցնում է կառավարման մոդելը, որը գործում էր Հին Կտակարանի Իսրայելում մինչև Դավթի գահակալությունը։ 2023 թվականի դրությամբ Իրանը ղեկավարում է այաթոլլա Ալի Խամենեին՝ ԻԻՀ գերագույն առաջնորդը, ով հավասարակշռություն է ապահովում իշխանությունների օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի միջև՝ ղեկավարելով փորձագետների խորհուրդը՝ Սամուել մարգարեի կողմից ղեկավարվող հրեական մարգարեների համայնքի նախատիպը։

Հատկանշական է, որ Խամենեին իր ելույթներից մեկում Խոմեյնիին համեմատել է Հին Կտակարանի Իսրայելի մեծ տիրակալներ Դավիթի և Սողոմոնի հետ: «[Իսլամական հեղափոխության] այս շրջանում իմամը մեր առջև ներկայացավ երկու տեսանկյունից՝ որպես պետական համակարգի առաջնորդ և ղեկավար, որպես կրոնական միստիկ և ասկետ: Ես այլևս չեմ հանդիպել մարդկային անհատականության այս երկու կողմերի համադրությանը, բացառությամբ այնպիսի մարգարեների, ինչպիսիք են Դավուդը և Սուլեյմանը, ինչպես նաև իսլամի Մարգարեն (թող Ալլահը ողջունի նրան և նրա ընտանիքը)»։ Խամենեին խորաթափանց է։ Նա լռելյայն հասկացնում է, որ Խոմեյնին Իրանը վերադարձրել է դեպի այն ճանապարհը, որով հետևում էր Կյուրոս II Աքեմենյանը՝ Աստծո Օծյալը, ով հրեաներին ազատեց Բաբելոնյան գերությունից։

Իսլամական Հանրապետության համար առաջին փորձությունը իրանա-իրաքյան պատերազմն էր (1980-1988 թթ.), որում իրանահայերը խիզախություն և քաջություն ցուցաբերեցին: ԻԻՀ գիտությունների ակադեմիայի իսլամական հետազոտությունների բաժանմունքի տվյալներով՝ պատերազմում զոհվել է ավելի քան 200 հայ: Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի, Ադրբեջանի և Հնդիրանական թեմերն իրենց աջակցությունը ցուցաբերել են դրամ  հայթայթելու, հագուստ և սնունդ մատակարարելու միջոցով: «Նույնիսկ հայ դպրոցականներն են մասնակցել դրամահավաքին։ Հայ համայնքը բազմաթիվ զոհեր է տվել հանուն Իրանի տարածքային ամբողջականության պաշտպանության․․․ Արարողություններ են անցկացվել խոջա թոլ-էսլամ Քարուբիի՝ այն ժամանակ զոհվածների հիմնադրամի ղեկավարի և զինված ուժերի գլխավոր շտաբի մի շարք հայ անդամների մասնակցությամբ՝ ի հիշատակ իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայ զինվորների»,- նշում է պատմաբան Խոսրով Չաքերին։

Իրանի ժողովուրդը նման է խորջրյա գետի, որի ընթացքը պարուրում է ցանկացած չափի և ձևի քարեր: Հետևաբար, ճակատագրի բերումով Իրան տեղափոխված օտարերկրացիները ժամանակներից ի վեր հաղորդակցվել են պարսկական քաղաքակրթության բարիքներին։ Շեյբանիները, Աֆշարները, Բայանդուրներն ու Քաջարները, լինելով արաբական և թյուրքական արմատների տոհմեր, արաբական նվաճումից հետո իշխում էին Պարսկաստանում։ Ընդ որում՝ երկրին հավատարմորեն են ծառայել, ինչը պատիվ է բերում ոչ միայն նրանց, այլև Իրանի ժողովրդին, որն օտարներին հաղորդակից է դարձրել իր հարուստ մշակույթին։

Իրանական քաղաքակրթությունը միավորում է ոչ միայն հայերին և պարսիկներին, այլև հայերին Իրանի ադրբեջանցիների հետ: Ալի Խամենեիի անվտանգության հարցերով խորհրդականն ու վստահված անձը, ով ադրբեջանական արմատներ ունի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայազգի վետերան Վահիդ Հագանյանն է։

1980-ականների վերջերից Իրանի իշխանությունները, չնայած Բաքվի հասցեին հրապարակային ռևերանսներին, հավանություն են տվել արցախահայության ազատագրական պայքարին, որոնք մինչ օրս մարտնչում են բաքվաթրքական գաղութատիրության դեմ: Չէ՞ որ արաբական արշավանքից հետո, որը տեղի է ունեցել արևմուտքից և հարավից, Իրանը հազարավոր տարիներ ինքն էր պայքարում իր հողեր ներխուժման դեմ։ Եվ ամեն անգամ նման ներխուժում իրականացվում էր հյուսիսից՝ լիներ դա սելջուկների արշավանք, թե խորհրդային զորքերի մուտք։ Սակայն Հայաստանի իշխանությունները անցած երեք տասնյակ տարիների ընթացքում այդպես էլ իրական անկախություն ձեռք չբերեցին, որպեսզի Թեհրանի հետ լիարժեք դաշնակցային հարաբերություններ կառուցեն։

Պատմությունն ապացուցել է, որ Իրանի ամենախոցելի մասը ոչ Արևմուտքն է, որտեղ սկսվում է արաբական աշխարհը, ոչ էլ Արևելքը՝ իր հավերժ մխացող Աֆղանստանով, և ոչ էլ նույնիսկ հարավը՝ Արաբական ծովով (ջուրը հուսալի և մշտական բնական պաշտպանություն է): Իրանի համար գլխավոր սպառնալիքը հյուսիսն է։ Հենց հյուսիսից Իրան եկան մարերի, հույների, հռոմեացիների, խազարների, սելջուկ թուրքերի և ռուսների զորքերը․․․ Եվ ամեն անգամ հյուսիսից օտար ներխուժումը սկսվում էր Հայաստանի բռնազավթմամբ։ Թույլ Հայաստանը Իրանի անվտանգության գլխավոր սպառնալիքն է։ Ուժեղ Հայաստանն իրանական հանգստության և անվտանգության գրավականն է։

Ուստի, անկախ քաղաքական քամիներից, XXI դարում հայերի և իրանցիների ռազմավարական խնդիրը Համադանից դեպի հայկական Սյունիք առևտրային երթուղու վերածնումն է՝ Վրաստանի և Աբխազիայի Սևծովյան ափեր մուտքով, որը ստեղծվել է Հայոց թագավոր Արտաշես Ա-ի (մ.թ.ա. 230-160 թթ.) կողմից պարթև Արշակունիների հետ դաշինքով։ Այսօր այս երթուղին կոչվում է «Հյուսիս-հարավ» միջանցք, բայց դրա էությունը դեռ սրբազան է։ Այդ ճանապարհի շնորհիվ պարթև Արշակունիները աջակցում էին հայկական Արտաշեսյանների արքայատոհմին, որը բավականաչափ նյութական ռեսուրսներ էր ստացել Մեծ Հայաստանը Եփրատի և Կուրի աստվածաշնչյան սահմանները վերադարձնելու համար։ Չէ՞ որ հենց Եփրատում է Հայաստանը մկրտվել 301 թվականին։

1979 թվականի Իսլամական հեղափոխության արդյունքում Իրանը վերադարձավ Աստծուն ծառայելու ճանապարհին։ Այժմ եկել է Հայաստանի հերթը, որը նույնպես պետք է վերադառնա մեկ Աստծո մոտ՝ վերականգնելով կենդանի հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Հավատի վերածնունդը միակ ճանապարհն է Իրանից դեպի Հայաստան ռազմավարական երթուղու վերածննդի համար։ Ինչո՞ւ։

Պատճառը միաստվածության մեջ է՝ մարդկության ուղեցույց աստղը, որը մարդկանց տանում է դեպի հոգևոր առաջընթաց և ստրկությունից ազատում՝ մեկ Աստծո իմացության միջոցով: Միաստվածության հակառակը հեթանոսությունն է, որը հիմնված է պոլիթեիզմի վրա (բազմաստվածություն), և որը հիմնավորում է ոմանց ստրկությունը ուրիշների առջև՝ մարդկանց իրենց և օտարների, ազնվականների և անգրագետների բաժանման միջոցով, ինչը քրմերին թույլ էր տալիս նյութական բարիքները բաշխել ազգակցական սկզբունքով։ Պետք է սկսել ամենագլխավորից՝ կուռքերի տապալումից։ Ոսկե հորթին երկրպագելուց հայերի հրաժարվելը ճիշտ ազդակ կլինի իրանցիների և մյուս ժողովուրդների համար, ովքեր հույսով նայում են Արարատ լեռանը:

Գլուխ 6. Հայերը եւ քրդերը․ մեջք մեջքի եւ ոչ այլ կերպ

Հայերին և քրդերին հին կապեր են կապում։ Հայաստանի և Քուրդիստանի սահմանն անցնում էր Փոքր Ասիայի և Իրանական լեռնաշխարհի լեռնային համակարգերի հանգույցով՝ Անատոլիական սարահարթի և Հայկական լեռնաշխարհի հարավային եզրով՝ Տավրոսի լեռնաշղթայի արևելյան մասով (Եփրատից արևելք) և Զագրոսի լեռներով։ Եթե հիմք ընդունենք այն վարկածը, որ պարսիկների բնօրրանը Ֆարս նահանգն է, ապա քրդերը գտնվում էին նրանից հյուսիս և հյուսիս-արևմուտք։

Հայերն ու քրդերը Նոյի հետնորդներն են նրա կրտսեր որդու՝ Հաբեթի գծով։ Հայերը սերում են Նոյի կրտսեր թոռ Գոմերից (Թորգոմը՝ Հայկի հայրը, Գոմերի կրտսեր որդին էր), իսկ քրդերը հավանաբար սերում են Մադայից, ում Աստվածաշնչի մեկնիչները համարում են քրդերի նախահայրը։

Քրդերը հին իրանախոս ժողովուրդ են, որոնք իրենց պատմության տարբեր ժամանակահատվածներում Մերձավոր Արևելքում, Կովկասում և Հյուսիսային Աֆրիկայում ունեցել են իրենց իշխող տոհմերը: Նրանց թվում առանձնանում էին Շադդադյանները, ՄրվանյաններըՌավվադիները, Հասանվայհիդները, Այուբյանները և այլք։ Պարսկաստանի, Մեծ Հայքի, Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի անկման ժամանակ քրդերը իշխում էին Դիարբեքիրի, Մարդինի, Արանի, Անիի, Դինավարի, Շահրիզուրի, Լուրեստանի իշխանություններում, իսկ քրդական արմատներ ունեցող Սուլթան Սալահ ադ-Դինը [Սալադինը] ղեկավարում էր Եգիպտոսը, Սիրիան, Հիջազը և Եմենը։ Քուրդ պատմաբան Արաբ Շամիլովը պարզաբանում է, որ Սալադինի նախնիները սերում էին քոչվոր «ռավենդ» ցեղից, որը դեռևս X դարում ապրել է հայկական Դվին քաղաքի մոտ։ X-XII դարերում Շադդադյանների տոհմի քրդերը իշխում էին Հարավային Կովկասում և նույնիսկ երկու մզկիթ էին կառուցել հայկական Անիում։

Քուրդիստանի [Քրդերի երկրի] ծաղկումը տեղի է ունեցել պարթև Արշակունիների, ապա նաև Սասանյան դինաստիայի օրոք, անկումը՝ 652 թվականին, արաբական արշավանքի արդյունքում։ Այնուհետև տարածաշրջանը ընկղմվում է քաոսի և երկպառակտության մեջ։ Արդեն XIII դարի կեսերին մոնղոլների արշավանքից և խալիֆայության անկումից հետո քրդերը տեղափոխվում են հայկական Վանի շրջակայք՝ Քուրդիստանի հարթավայրերի ամայացման պատճառով։

Հայ պատմաբանները քրդերին համարում էին մարերի հետնորդներ, որոնց մի մասը մ.թ.ա. VI  դարի կեսերին մարերի անկումից հետո Տիգրան Ա Երվանդունի թագավորի կողմից տեղափոխվել է Կորդուք կամ Կորճայք նահանգ (ներկայիս Քուրդիստան), որի պատճառով մարերը ստացել են նոր անվանում՝ քրդեր։ Նման մեկնաբանության հետ համաձայն է նաև հույն պատմաբան Ստրաբոնը։ Անտիկ հեղինակները քրդերին անվանել են «քյուրտեր», որոնք Մարաստանի պատմության մեջ հիշատակվում են որպես վարձկան բանակ։ Ստրաբոնից յոթ հարյուր տարի անց, երբ Արաբական խալիֆայությունում իշխում էին Օմայանների և Աբբասյանների տոհմերը, արաբախոս հեղինակները օգտագործում էին «քուրդ» տերմինը արդեն իրանալեզու ազգությունների վերաբերյալ։ Իսկ XIX դարի վերջից արևելագիտական գրականության մեջ քրդեր են համարվում նաև լեռնային իրանախոս ցեղերը, որոնք վարել են քոչվոր ապրելակերպ։

Եվրոպացի գիտնականները քրդերին համարել են իրանական խալդերի հետնորդներ, որոնք հին ժամանակներում ներխուժել են Տիգրիս գետի ավազան, նվաճել տեղի սեմական ցեղերը՝ հաստատվելով Ասորեստանում և Բաբելոնում։

Երկու վարկածներն էլ տրամաբանական են թվում, քանի որ Մարաստանը դարձավ Բաբելոնի շարունակությունը և դաշնակից էր նրա հետ, ինչպես պատմում է ռուս արևելագետ Պյոտր Լերխը․ «Պատմական առումով մենք նրանց (քրդերի) մեջ տեսնում ենք այն ռազմատենչ և ուժեղ իրանական քաղդեացիների սերունդներին, ովքեր արդեն Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում, ռազմական ոգով լի լեռնականների տեսքով իջան Տիգրիս-Եփրատի ցածրավայր և այստեղ նվաճեցին Բաբելոնի թույլ սեմական ցեղերը՝ թարմ ուժերով վերակենդանացնելով այս պետությունը, որն արդեն հասել էր կրթության որոշակի աստիճանի»:

«Քրդերի բարքերն ու սովորույթները» աշխատության մեջ քուրդ լուսավորիչ և լեզվաբան Մահմուդ Բայազիդին (1797-1859թթ.) պնդում է, որ «քուրդ» հասկացությունը ծագել է «գիրդե» բառից, որը նշանակում է «հավաքված» և «կազմված»: «Քուրդ», «աքրադ» անունը պահպանվել է, քանի որ նրանց լեզուն հավաքովի է, խառը, կազմված է պարսկերեն և իրանական լեզուներից։ Այսպիսով, տարբեր կողմերից հավաքված այս ցեղերը սկսեցին կոչվել «քուրդ» և «աքրադ», և նրանք դարձան հայտնի ժողովուրդ: Իսկ նրանց լեզուն, տեղանքից կախված, տարբերվում է. չէ՞ որ արաբերենը, պարսկերենը և մյուս լեզուները նույնպես բարբառների մասնակի տարբերություններ ունեն»,- պարզաբանում է Բայազիդին։

«Քուրդ» էթնանունը, հավանաբար, պայմանավորված է ժողովրդի մեջ մի քանի մարդաբանական տեսակների համադրությամբ։ Արևելագետ Օլեգ Վիլչևսկին հիշեցնում է, որ Քուրդիստանում «շփվել և խաչասերվել են բոլոր հիմնական մարդաբանական տեսակները, որոնք տարածված են հնում Փոքր Ասիայում և Իրանում»: «Եթե իրանական լեռնաշխարհի արևմտյան ծայրամասերում, ինչպես նաև Իրանի և Միջին Ասիայի մեծ մասում, բնորոշ է հնդ-պամիրյան տեսակը, ապա Հյուսիսային Միջագետքում գերակշռում էին ասորիները (արմենոիդներ. - Օ. Վ.), որոնք բնորոշ են նաև Փոքր Ասիայի և Արաբական թերակղզու մնացած շրջաններին»։

Ուրարտուի թագավորները կռվել են ինչպես Բաբելոնի, այնպես էլ Մարաստանի դեմ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ խոսքը սահմանակից քաղաքակրթությունների մասին էր, որոնցից յուրաքանչյուրը փորձում էր հարևանի հաշվին ընդլայնել իր ունեցվածքը։ Սակայն բաբելացիների և մարերի հետ հայերի առճակատումն ինքնին կրում էր արժեքային, այլ ոչ թե ազգամիջյան բնույթ, քանի որ բաբելացիներն ու մարերը պաշտում էին հեթանոսական աստվածներին։ Ուստի նրանց պահանջատիրության օբյեկտներն էին Պարսկաստանը, Հայաստանը և Հրեաստանը, որոնց կառավարիչները հավատում էին մեկ Աստծուն։

Անգլաբնակ արևելագետ Արամ Սաֆրաստյանն իր «Քրդերը, նրանց ծագումն ու պատմությունը» գրքում ուշադրություն է հրավիրել մի մանրուքի վրա, որը լուսաբանում է այդ դիմակայության բնույթը․ «Քրդական ցեղերը կռվում էին շումերական տոհմերի դեմ․․․ Խեթական Սուպպիլուլիում թագավորը (մ.թ. ա. 1370) նրանց անվանում է քրդեր և հիշատակում նրանց Աստված Գիրին։ Որպես Նաիրյան համադաշնության գլխավոր բաղադրիչ, նրանք կռվեցին Ասորեստանի բոլոր մեծ թագավորների հետ՝ սկսած Սալմանասարից և այլ թագավորներից և վերջապես օգնեցին Քսերքսեսին և Կյուրոսին ջախջախել Նինվեն և Բաբելոնը»։ Այսինքն՝ քրդերը միաստված թագավորների՝ Աքեմենյան Կյուրոս Բ-ի և Տիգրան Ա Երվանդունու դաշնակիցներն էին Բաբելոնի և Մարաստանի դեմ իրենց պատերազմներում, որտեղ, ի թիվս այլոց, բնակվում էին հեթանոսություն դավանող նրանց ցեղակիցները։

Հայոց թագավորները հարգանքով էին վերաբերվում քրդերին և նրանց ազգային ինքնությանը, ինչի մասին վկայում է Կորճայք նահանգի անվանումը կամ Քրդահայքը, որը լատինական և հույն հեղինակների մոտ հանդիպում է որպես Քարդու կամ Կորդուք։ Այս նահանգը գտնվում էր Վանա լճից հարավ և բաղկացած էր 11 գավառներից, որոնք բնակեցված էին առավելապես քրդերով։ Ի տարբերություն 20-րդ դարի սելջուկ թուրքերի ժառանգների, որոնք մինչ օրս զբաղված են քրդերի բռնի թրքացմամբ, հայ կառավարիչները չեն փորձել հայացնել քրդերին այն պատճառով, որ հայերը չեն տառապում «եկվորների բարդույթով»։

Թուրք լրագրող Հասան Ջեմալը, ով Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Ջեմալ փաշայի թոռն է, «T24» թերթի համար հոդվածում այս երևույթին հետևյալ բացատրությունն է գտել. «Հայերը Անատոլիայից եկած ժողովուրդ են։ Նրանց արմատներն ու հայրենիքը Անատոլիայում են։ Հայերը, ինչպես և քրդերը, Անատոլիայում ապրել են մինչև այնտեղ թուրքերի հայտնվելը։ Ճշմարտությունն այն է, որ Թուրքիան մինչ օրս չի հաշտվել այն բանի հետ, որ հայերը 1915 թվականին կտրվել են իրենց պատմական արմատներից ու հայրենիքից»։

Լինելով հայերի հարավային հարևանները՝ քրդերը պատմականորեն ուղղվել են դեպի հյուսիս և արևմուտք, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհ, նոր արոտավայրեր փնտրելու։ Թեև դրա համար կային նաև քաղաքական պատճառներ։ Օրինակ` Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև 1514 թվականի Չալդրանի ճակատամարտի արդյունքում սուլթան Սելիմ I-ը քրդերով բնակեցրեց թուրք-իրանական սահմանն Արաքսի ափերից մինչև Միջագետքի հարավ, որպեսզի նրանց օգնությամբ զսպի պարսկական էքսպանսիան։ Հաշվարկն արվել է այն հեռանկարով, որ սուննի քրդերը, հենվելով իրենց դավանաբանական պատկանելության վրա, դիմակայելու են շիա Իրանին։ Նմանատիպ փորձառություն են կիրառել նաև Պարսկաստանի կառավարիչները` Շահ Աբբաս I-ը (1587-1628) և Նադիր շահը, ովքեր XVII–XVIII դարերում բնակեցրել են շիա քրդերին Բարձր դռան հետ շփման գծի երկայնքով։

Օսմանյան գաղութային տիրապետության արշալույսին քրդերը հաշտ էին Կոստանդնուպոլսի հետ, քանի որ սուլթաններն այն ժամանակ չէին ոտնահարում իրենց ինքնությունն ու իրավունքները։ Ավելին, օսմաններն ու պարսիկները գործնական կիրառություն գտան քրդական ռազմական ներուժի համար։ Քուրդ պատմաբան Ջալիլե Ջալիլը հիշեցնում է, որ ընդհուպ մինչև XIX դարի առաջին կեսը Քուրդիստանում թուրքերի և պարսիկների իշխանությունն այնքան անվանական էր դարձել, որ «քրդական ցեղերը ցանկացած պահի կարող էին հատել թուրք-իրանական սահմանը և ճանաչել այլ երկրի հպատակությունը»:

Ահա թե ինչպես է Կոստանդնուպոլսի դրդապատճառները նկարագրում քրդական պատմագրության հիմնադիր Շարաֆխան Բիդլիսին, ով մեծացել է պարսկական շահ Թահմասպ I Սեֆիի արքունիքում․ «Մեծագույն սուլթաններն ու բարձրաստիճան ազնվականները երբեք չեն ոտնձգել նրանց (քրդերի) երկիրի ու հողերի նկատմամբ, այլ սահմանափակվել են միայն նրանց նվերներով, նվիրվածությամբ և հնազանդությամբ, քանի որ դա անհրաժեշտ էր նրանց՝ որպես օժանդակ զորքերի ջոկատներ օգտագործելու համար»:

Իրավիճակը սկսեց փոխվել XIX դարի երկրորդ կեսին, երբ Օսմանյան կայսրությունը գնաց փլուզման ճանապարհով՝ փաստացի կորցնելով վերահսկողությունը Եգիպտոսի վրա։ Գաղութարարները որքան թուլանում, այնքան ավելի ագրեսիվ էին ճնշում քրդերի և հայերի ազգային-ազատագրական շարժումը։

Երբ ես խոսում եմ երկու ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի մասին, ապա խոսքը հիմնականում գյուղացիության և մասամբ բուրժուազիայի մասին է, բայց ոչ քուրդ կալվածատերերի և քուրդ խոշոր հողատերերի մասին, որոնք հանդես էին գալիս Օսմանյան իշխանությունների կողմից, քանի որ վերջիններիս հետ ընդհանուր դասակարգային շահեր ունեին՝ կապված կալվածքային արտոնությունների և փողի պահպանման հետ։

«(Քուրդ բեյերն) Իրենց ճորտեր կը համարուին ոչ միայն գեղացի հայ ժողովուրդն, այլ նոյն իսկ իրենց համարիւն ազգը, որոնք ցած ստրկութեամբ միշտ իբրև գերի և արծաթագին ծառայ են թոռուններուն (ազնվական ծագում ունեցող մարդկանց) ձեռք»,- վրդովմունքով գրել է Մկրտիչ Ա Խրիմյանը:

Օրինակ՝ Շատախում և Օսմանյան կայսրության արևելյան այլ վիլայեթներում բոլոր հողերը կենտրոնացած էին քուրդ ֆեոդալների ձեռքում։ Ջալիլի խոսքերով՝ «թուրքական իշխանությունները քրդական ցեղի վերնախավին իրենց կողմը գրավելու, ինչպես նաև քուրդ-հայկական թշնամանք հրահրելու համար հաճախ իրավունք էին տալիս նույն հողակտորից օգտվելու և՛ հայ ֆեոդալին, և՛ քուրդ բեյին»։ Թուրք գաղութարարների նպատակը ակնհայտ էր՝ կանխել հայերի և քրդերի ջանքերի միավորումը մետրոպոլիայի դեմ պայքարում։

Ջալիլը պարզաբանում է, որ «թուրքական իշխանություններին հատուկ ատելությամբ են վերաբերվել հայ-քրդական նստակյաց խառը բնակչություն ունեցող վայրերում, Կիլիկիայի հյուսիս-արևելյան մասում, Զեյթունում և հարակից շրջաններում»: «1875 թվականին սկսվեց Զեյթունի հայերի ապստամբությունը, որը կանխորոշեց նրանց դիրքորոշումը ապագա ռուս-թուրքական պատերազմում։ Զենք վերցրին նաև Ալբիստանի, Հաճնի և այլ շրջանների քրդական ցեղերը։ Բարձր դռան համար շատ վտանգավոր բնույթ էին կրում Դերսիմի՝ լեռնային շրջանի իրադարձությունները, այն գտնվում էր Կարասու (Եփրատի վտակ) և Մուրադչայ գետերի միջև։ Դերսիմի քրդերը հայերի հետ միասին ակտիվորեն դիմադրում էին թուրքական վարչակազմին և [50-ականներից] մինչև 70-ական թվականները փաստացի պահպանում էին իրենց անկախությունը... Դերսիմցիներին հաջողվեց պաշտպանել իրենց հարաբերական անկախությունը հազարավոր բնակիչների և քաջարի քուրդ և հայ մարտիկների արյան գնով»:

Երկու ժողովուրդներն էլ մեծ ուշադրություն են դարձրել կրթական նախագծերին։ Այսպես, 1860 թվականին մի խումբ հայ գործիչներ Հարություն Սվաճյանի և Մ. Մոմջյանի գլխավորությամբ Կոստանդնուպոլսում կազմակերպեցին «Բարեկարգություն արևելյան» կոչվող մի միություն, որի նպատակն էր գրագիտության տարածումը քրդերի շրջանում: Միության գործունեությունը շարունակվել է նաև 1870-1880-ական թվականներին՝ «նպաստելով Քուրդիստանում քաղաքական մտքի ձևավորմանը և քրդերի ու հայերի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»,- նշում է Ջալիլը:

Սակայն լուսավորչությամբ հայերի և քրդերի համագործակցությունը չէր սահմանափակվում։ Հայ բանասեր Ստեփան Մալխասյանի վկայությամբ՝ 1880-ական թվականների սկզբին հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից ոմանք, Անդրկովկասից անցնելով Օսմանյան կայսրություն, գաղտնի բանակցություններ էին վարում քուրդ Սիմկո Բեյի հետ, ով խոստացել էր քրդերին հայերի հետ միասին բարձրացնել սուլթանական կառավարության դեմ պայքարի:

XIX–XX դարերի սահմանագծին Օսմանյան իշխանությունները, հենվելով ֆաշիստական պանթյուրքիզմի գաղափարի վրա, ոչնչացնում էին քաղաքներն ու գյուղերը՝ հույս ունենալով ճնշել քրդերի և հայերի ազատագրական շարժումը։ Այդ պատճառով տվյալ ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունից Ռուսական կայսրություն է տեղափոխվել մոտ 200 հազար քուրդ։ «Եթե չհարցնեին, թե ովքեր են նրանք, հազիվ թե հնարավոր լիներ իմանալ, որ  քրդեր են, այլ ոչ թե հայեր, այնքան էր նրանց մոտեցնում, հավասարեցնում, միավորում ու եղբայր դարձնում նույն վիճակը, ընդհանուր աշխատանքը»,- նկարագրում էր հայկական «Մշակ» թերթը (1880, № 103) քուրդ գաղթականներին, որոնք 1880-ական թվականներին Մուշից Թիֆլիս էին եկել:

Արևելագետ Տատյանա Արիստովան հիշեցնում է, որ «Հայաստանի ժամանակակից քրդական գյուղերը հիմնադրվել են հիմնականում Թուրքիայից, մասամբ Իրանից փախած քրդերի, ինչպես նաև Ադրբեջանից այստեղ տեղափոխված քրդերի կողմից»․ «Քրդերի առանձին ցեղային խմբեր Հայաստանի տարածքում ապրել են արդեն XVIII – XIX դարի սկզբին, վերաբնակեցումն առավել զանգվածային բնույթ ստացավ 1853-1856 թթ. Ղրիմի պատերազմի և 1877-1888 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Նրանք հիմնականում եզդիներ էին, որոնք Թուրքիայում հետապնդումների էին ենթարկվում որպես այլահավատներ․ Թուրքիայում եզդիներին արհամարհանքով անվանում էին «սատանայի երկրպագուներ»։

Ի դեպ, քրդերի առաջին վերաբնակեցումներից մեկը դեպի Արևելյան Հայաստան թվագրվում է 1807 թվականին, երբ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Մահմեդ Սեֆի-սուլթանը 600 ընտանիքից բաղկացած իր տոհմի հետ հաստատվեց Արցախում:

Հայերի հետ կողք կողքի ապրելով՝ քրդերն իրենց ապահով էին զգում։ Երևանում՝ եզդի ընտանիքում ծնված պատմաբան Ջ. Ջալիլը դրան հետևյալ բացատրությունն է տալիս․ «Հայաստանի առաջամարտիկներին մոտ էր քուրդ ժողովրդի ճակատագիրը, որը վաղուց կապված էր հայ ժողովրդի հետ ամուր սոցիալական և տնտեսական կապերով և նույնպես տանջվում էր թուրքական լծի տակ։ Ի հեճուկս հայ բուրժուական պատմագրության, որը փորձում էր քրդերին ներկայացնել որպես հայերին մշտապես թալանող և կեղեքող ժողովուրդ, հայ ժողովրդավար մտածողները քրդերի մեջ տեսնում էին նույնքան ճնշված և ստրկացած ազգ, որքան հայերը: Նրանք ապրումակցում էին քուրդ գյուղացիությանը, որը ճնշված էր սոցիալական և ազգային ճնշմամբ, վրդովված էին թուրք պաշտոնյաների վայրագությունից և կոռուպցիայից, որոնք թալանում էին առանց այն էլ ավերված քրդերին»։

Քրդական ազատագրական շարժման առաջնորդները հասկանում էին, որ անկախության համար պայքարում հայերն իրենց դաշնակիցներն են։ Այսպես, Նաքշբանդի դերվիշական միաբանության ղեկավար շեյխ Օբեյդուլլան, լինելով թուրք և իրանցի ֆեոդալների դեմ 1880 թվականի ապստամբության առաջնորդը, աներկբա խոսեց նման դաշնակցության կարևորության մասին․ «Այնուամենայնիվ, ես ավելի շատ հավատում եմ հայերին, քան պարսիկներին ու թուրքերին։ Մենք ավելի լավ է միավորվենք հայերի հետ, քան պարսիկների ու թուրքերի, քանի որ պարսիկները մեզ ատում են, իսկ թուրքը ցանկանում է մեզ դարձնել իր քաղաքականության գործիքը»։

Պահպանվել է նաև Օբեյդուլլայի նամակը՝ ուղղված Ալաշկերտի քուրդ շեյխին, որին նա համոզում էր դադարեցնել հայերի հետապնդումները և չխաբել ինքն իրեն թուրքական առաջարկներով: «Եղբայր, ես խնդրում եմ, որ դադարեցնես հայերի հետապնդումներն ու նրանց հանդեպ անբարյացակամ վերաբերմունքը։ Մենք՝ քրդերս, ապրում ենք հայերի մեջ, թող նրանք թուրքական կառավարությանը վերաբերվեն այնպես, ինչպես ուզում են, բայց դու ոչ մեկին մի լսիր, ոչ մեկին մի հավատա, որովհետև վերջին փորձն ինձ ցույց տվեց, որ մենք թուրքերի ձեռքում խաղալիք ենք և ուրիշ ոչինչ»:

Վարդապետ Հովհաննես Քաջունու հրավերով Շեյխ Օբեյդուլլան այցելել էր Վանի շրջանում գտնվող հայկական Սուրբ Բարդուղիմեոս վանքը, որտեղ հանդես էր եկել խոստումով․ «Շնորհակալ եմ ձեզ ընդունելության համար։ Հին ժամանակներից մեզ հայտնի է հայերի բարեսրտությունն ու ազնվությունը։ Հայտնի է, որ հին ժամանակներից մեր նախնիները եղել են լավ հարաբերությունների և բարեկամության մեջ: Մեր ցանկությունն է դա չմոռանալ։ Ես վստահեցնում եմ, որ այսուհետ իմ ժողովրդից հայերին վնաս չի լինելու»։ Շեյխը նաև իրեն վանք ուղեկցող քրդերին կոչ էր արել հայերին համարել իրենց եղբայրները և երբեք չնեղացնել նրանց, քանի որ հակառակ դեպքում նա դա կընկալի որպես անձնական վիրավորանք:

Բայց Օսմանյան գործակալներն էլ չէին նիրհում։ 1880 թվականին Վիեննայում տեղի ունեցավ քուրդ առաջնորդների մեծ համագումար, որտեղ, ըստ ցարական գլխավոր շտաբի գնդապետ Վլադիմիր Կարցովի, թուրքերը քրդերին առաջարկեցին հաշվեհարդար տեսնել հայերի հետ.

«Նման առաջարկի մեջ անհնարին ոչինչ չկա, հաշվի առնելով, որ դրանից քիչ ժամանակ առաջ հրապարակվել Էր Բեռլինի տրակտատի 61-րդ հոդվածը, որն ինքնավարություն էր խոստանում հայերին»,- հիշեցնում է ռուս սպան: Եվ քրդերն այն ժամանակ իմաստություն ցուցաբերեցին։ Ըստ Կարցովի՝ երեցներից մեկը նկատել էր. «Այն ժամանակ երբ մենք ոչնչացնենք հայերին, թուրքերը կհարձակվեն մեզ վրա»։

Երեք տասնամյակ անց այդպես էլ եղավ. թուրքական կառավարության հետ գաղտնի գործարք կնքելով՝ քուրդ ֆեոդալները նախ հաշվեհարդար տեսան հայ գյուղացիության հետ, իսկ հետո Մուստաֆա Քեմալի կառավարությունը հաշվեհարդար տեսավ արդեն քուրդ ֆեոդալների հետ՝ զրկելով նրանց դասակարգային արտոնություններից։ Քուրդ բեկերը հատուցում ստանալու տեղիք տվել էին․ միայն 1913 թվականին քուրդ և թուրք ֆեոդալները հայ գյուղացիներից խլել էին 30 հազար հողակտոր։

Քրդերի հետ կապերի կարևորությունը հասկանում էր նաև օսմանյան նախարար Գաբրիել Նորատունկյանը, ով իր նամակներից մեկում գրում էր․ «Հայերի համար ամենագլխավոր հարցը համարում եմ քրդերի հետ կապ հաստատելու ուղիների որոնումն ու ճանաչումը»:

Իսկ օսմանյան իշխանությունների նպատակը քրդերի և հայերի միջև դաշինք թույլ չտալն էր։ Եվ գաղութարարները բավականին հաջողակ էին իրենց սատանայական ձեռնարկությունում: XIX դարի վերջին արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ II-ը քուրդ ֆեոդալներից ստեղծեց աշիրեթական [ցեղային] հեծյալ ջոկատներ, որոնք անվանեց իր անունով՝ Համիդիե։ Այս կազմավորումը զբաղվում էր հայ ազատագրական շարժման ճնշմամբ, ինչպես նաև քրդական ազատագրական շարժման բարոյալքմամբ և թուլացմամբ, որն ինքնաբերաբար զրկվում էր քրդական հողատիրական ազնվականության շրջանում ռազմական աջակցությունից։

Համիդիեն այնքան արդյունավետ եղավ, որ նույնիսկ օսմանյան ռեժիմի անկումից հետո երիտթուրքերը շարունակեցին քրդական հեծելազորը օգտագործել հայերի դեմ պատերազմում՝ ատելություն սերմանելով ժողովուրդների միջև։ Նման արատավոր շարունակականության վրա ուշադրություն է հրավիրել հայ գրող Լեոն (Առաքել Բաբախանյան). «Երիտթուրքերը շտապում էին ցույց տալ, որ քուրդ կալվածատերերն իրենց համար նույնքան թանկ են, որքան հին ռեժիմի համար»: Իսկ արդեն երիտթուրքերից հետո քրդական հեծելազորն օգտագործում էին քեմալականները։

Դրա հետ մեկտեղ Համիդիեն թվային առումով ընդամենը քուրդ ժողովրդի մի մասն էր։ Մարդաբան Ադնան Չելիքի խոսքով՝ քրդերի մեծ մասը հասկանում էր, որ սեփական իրավունքների համար իրենց պայքարը անքակտելիորեն կապված է Հայկական հարցի հետ։ «Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական իշխանությունները շարունակեցին հետապնդումները քրդերի դեմ։ Անցյալ դարի 20-ականների կեսերին Թուրքիայում սկսվեցին քրդական ապստամբությունները։ Այդ ժամանակ քրդերը հասկացան, որ հայերի հետ հաշվեհարդարից հետո թուրքերն անցել են իրենց։ Դա նրանց ստիպեց այլ կերպ նայել 1915 թվականի իրադարձություններին։ Քրդերը նման ասացվածք ունեն՝ «Հայերը՝ նախաճաշին, իսկ քրդերը՝ ընթրիքին»։ Այստեղ քրդական շարժման մեկնարկից հետո Հայոց ցեղասպանության հարցը հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Այսօր քրդերը կապ են տեսնում հայերի զանգվածային սպանությունների և իրենց դեմ հալածանքների միջև, այդ պատճառով քրդերի մոտ սեփական իրավունքների համար պայքարը կապված է նաև Հայկական հարցի հետ»,- ասել է Չելիքը «Ռադիո Ֆրանս Ինտերնասիոնալ»- ին տված հարցազրույցում՝ հիշեցնելով, որ «քրդերի մեջ կային նաև այնպիսի անձինք, ովքեր շատ հայերի փրկեցին Ցեղասպանությունից»։

Քրդերի և հայերի խնդիրը միասնության բացակայությունն էր ինչպես ժողովուրդների ներսում, այնպես էլ միմյանց միջև հարաբերություններում։ Դրա վառ օրինակն է Երիտքրդերի միության առաջնորդ Սեյիթ Աբդուլքադիրը, ով 1919 թվականին, արդեն ականատես լինելով Հայոց ցեղասպանությանը, հանդես էր գալիս հայերի և քրդերի ջանքերի միավորման, ինչպես նաև անկախ քրդական պետության ստեղծման դեմ։ Սակայն իր հակաժողովրդական թեզերով Աբդուլքադիրը ոչ բոլոր քրդերին էր ներկայացնում․ 1917 թվականի ապրիլին Մոսուլի լեռներում բռնկվեց Օբեյդուլլայի թոռան՝ Շեյխ Աբդուլլայի ապստամբությունը, որն արդեն ամռանը տարածվել էր Հարավարևելյան Անատոլիայի քաղաքներում։

Պատմաբան Մանվել Հասրաթյանը քրդերի ազգային շարժման մեջ բացահայտել է հինգ տարբեր հոսանքներ․

  • Առաջինը պայքարում էր Քուրդիստանի լիակատար անկախության համար։

  • Երկրորդը կողմ էր Թուրքիայի շրջանակներում Քուրդիստանի ինքնավարությանը։

  • Երրորդը՝ Իրանի պրոտեկտորատի ներքո Քուրդիստանի անկախության օգտին էր։

  • Չորրորդը՝ Քուրդիստանի անկախության կողմնակիցն էր՝ անգլիացիների պրոտեկտորատի ներքո։

  • Իսկ հինգերորդը՝ քրդերի Թուրքիային լիակատար ենթարկվելու համար։

Այնպես որ, քրդերի ազգային իրավունքների ճանաչումը 1920 թվականի Սևրի պայմանագրով դրվեց անկայուն հողի վրա, ինչը թուրքերի համար հեշտացրեց քրդական և հայկական անկախության պայքարը ճնշելու խնդիրը։

Քրդերի մի մասը շռայլորեն արյուն էր թափում թուրքական գաղութատիրական ճնշումներից իրենց ժողովրդի ազատության համար, իսկ մյուս մասը օգնություն էր ցուցաբերում Մուսթաֆա Քեմալին Անտանտի երկրների հետ պատերազմում․ քրդական հեծելազորը առաջիններից էր, որ ներխուժեց Զմյուռնիա (թուրքական անվանումը՝ Իզմիր), որպեսզի այնտեղից դուրս մղի հունական ազատագրական ուժերը, որից հետո Քեմալի սաները կոտորեցին տեղի քրիստոնյա բնակչությանը՝ հույներին և հայերին։

Ինչո՞ւ էր քրդերի՝ ազգային պետություն ստեղծելու գաղափարն այն ժամանակ դատապարտված ձախողման։ Հիսուս Քրիստոսը Մատթեոսի Ավետարանում [Գլուխ 12, հատված 25] տվել է սպառիչ բացատրություն, որն արդիական է բոլոր ազգերի համար․ «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա»։

Թուրքերը ստեղծագործաբար էին մոտենում քուրդ զորահրամանատարների հետ աշխատանքին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Քեմալը նույնիսկ Տիգրանակերտում (թուրքական անվանումը՝ Դիարբեքիր) իր շտաբին կից ստեղծեց քրդական վաշտ, որտեղ հրամանները տրվում էին քրդերեն, իսկ սպաները կրում էին ազգային հագուստ։ Դրա հրամանատար նշանակվեց քուրդ Հասան Հայրի Բեյը, որը հետագայում համարձակվեց ընդդիմանալ Քեմալին և նրա հրամանով մահապատժի ենթարկվեց։

«Թուրքիայի քրդերը նորագույն ժամանակներում» աշխատության մեջ Հասրաթյանը նկարագրում է խաբեության ժամանակագրությունը, որով Քեմալն ու իր շրջապատը սկզբում օգտագործում էին քրդերին, իսկ հետո դաժան հաշվեհարդար տեսնում նրանց հետ: Չէ՞ որ 1923 թվականի հուլիսին Լոզանի պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո քեմալականները հռչակեցին «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսը և սկսեցին քրդերին դուրս մղել երկրի քաղաքական ու տնտեսական կյանքից։

Քուրդ քաղաքական գործիչ Քյամուրան Բադրխանը այս երևույթին նվիրել է հետևյալ տողերը. «Անմիջապես Լոզանի պայմանագրի ստորագրվելուց հետո Մուսթաֆա Քեմալը համագործակցության քաղաքականությունից կտրուկ շրջադարձ կատարեց դեպի ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ իր խոստումների և նույնիսկ թուրքական կառավարության պայմանագրային պարտավորությունների խախտում... Իսկ երբ քրդերը նրան հիշեցրին ժամանակին տված խոստումների մասին, նա հրամայեց փակել դպրոցները ու ձերբակալել հայրենասերներին և ազդեցիկ անձանց: Նորից սկսեցին անօրինություններ իրականացվել... Ասես կախարդանքով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նոր պալատում ընտրվեցին քրդական տարածքների թուրք պատգամավորներ։ Նախկին մի քանի պատգամավորներ ձերբակալվեցին և հանձնվեցին ռազմադաշտային դատարան։ Ամբողջ Քուրդիստանում սկսեցին պատժիչ միջոցառումներ իրականացվել»։

1924 թվականին ընդունված Թուրքիայի առաջին Սահմանադրության մեջ, ինչպես և հետագա խմբագրություններում, ոչ մի հիշատակում չկա քրդերի և քրդերենի մասին։ Քրդերին մերժեցին ազգային ինքնության և մայրենի լեզվով խոսելու ու սովորելու իրավունքի հարցում։ Այնպես որ, 1925թ. Շեյխ Սաիդ Պիրանիի գլխավորությամբ 14 արևելյան և հարավ-արևելյան վիլայեթներ ընդգրկած ապստամբությունը կանխորոշված էր: Քրդերից բացի, ապստամբությանը մասնակցում էին հայեր, ասորիներ, չերքեզներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, իսկ թուրքական «Հաքիմիեթի միլիե» թերթը նշել էր, որ «հայ և ասորի կամավորները միացել են ապստամբներին՝ Քուրդիստանի հետ միավորված անկախ Հայաստան ստեղծելու նպատակով»։ Այս առիթով թուրքական բանակային կորպուսի հրամանատարը նույնիսկ նահանգապետերին հատուկ շրջաբերական էր ուղարկել, որում փորձել էր միջկրոնական և ազգամիջյան երկպառակություն հրահրել․

«Շեյխ Սաիդը, ով Գենջի գավառում ապստամբության առանորդ է դարձել, մասնակցել է նաև ասորական շարժմանը և Բիթլիսի ռազմական տրիբունալի կողմից դատապարտվել է հայրենիքի դավաճանության համար։ Գերիների մեջ կան կամավորներ՝ ասորիներ և հայեր։ Նրանց մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են Սաիդի համագործակցությունը հայերի և ասորիների հետ՝ անկախ Քուրդիստան ստեղծելու նպատակով... Մեր դեմ աննկուն վրեժի զգացումից ոգևորված՝ հայերն անկասկած սպասում են միայն մի առիթի, որպեսզի ոչնչացնեն բոլոր ոչ հայկական տարրերը և առաջին հերթին քրդերին, որոնց նրանք այժմ օգնում են։ Մեր տարածքում և մեր մահմեդական ռասայի ոսկորների վրա նրանք ցանկանում են վերականգնել նոր Հայաստանը»։

Ապստամբների սոցիալական բազան խարխլելու համար քեմալականների քարոզչական մեքենան մուսուլմաններին թունավորում էր քրիստոնյաների դեմ։ Այդ պատճառով Շեյխ Սաիդը ստիպված էր հատուկ հրաման արձակել, որում սպառնում էր սադրիչներին. «Ով անգամ չնչին չափով հային դիպչի, նա ամենախիստ պատժի կենթարկվի»։ Չնայած այն հանգամանքին, որ թուրք ֆաշիստները արյան մեջ խեղդեցին Շեյխ Սաիդի շարժումը, քրդական ապստամբությունները, որոնք ընդգրկում էին Դերսիմը, Դիարբեքիրը և Հայկական լեռնաշխարհի այլ շրջաններ, շարունակվեցին 1927, 1928, 1930 և 1931 թվականներին, ինչպես նաև 1936-1938 թվականներին: Արևելագետ Հարոլդ Արմսթրոնգը, ով այդ տարիների Թուրքիան ճանաչում էր ոչ միայն գրքերով ու փաստաթղթերով, այլ անձնական դիտարկումներով, տալիս էր հետևյալ նկարագրությունը. «Քուրդիստանը ավերվեց կրակով և սրով. խոշտանգեցին և մահապատժի ենթարկեցին տղամարդկանց, քշեցին և սպանեցին կանանց և երեխաներին, այրեցին գյուղերն ու դատարկեցին դաշտերը»:

Թուրքերը քրդերի կոտորած կազմակերպեցին, որը դաժանությամբ չզիջեց սուլթանաթի օրոք հայերի հանդեպ հաշվեհարդարին։ «Նրանք ջարդում էին ոչ միայն քրդերին, այլև հույներին, հայերին և բուլղարացիներին․․․ Դատարանների որոշմամբ քրդերին կախում էին, աքսորում և բանտ նստեցնում տիպիկ ռազմական արագությամբ»։ Միայն 1927-1931 թթ. Արարատյան ապստամբության շրջանում թուրք պատժատուները ավերել են 660 գյուղ և այրել 15 206 տուն:

Մինչ քուրդ հայրենասերները հերոսաբար կռվում էին թուրքական բանակի կանոնավոր զորամասերի դեմ, որոնք չէին խնայում ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին, Խորհրդային Հայաստանում քրդերին ամեն կերպ աջակցություն էր ցուցաբերվում։ Հայ մտավորականներն իրենց պարտքն էին համարում աջակցել Հայկական ԽՍՀ քուրդ բնակչության լուսավորչական նախագծերին։ Այսպես, 1921 թվականին հայկական գրաֆիկայի հիման վրա քրդագետ Հակոբ Ղազարյանը (Լազո) ստեղծում է քրդական այբուբենը։

1924 թվականին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմը ստեղծում է հատուկ հանձնաժողով՝ քրդական դպրոցներում ուսումնամանկավարժական աշխատանք հաստատելու, ինչպես նաև նրանց ուսուցչական կադրերով ապահովելու համար։ Արդյունքը երկար սպասեցնել չտվեց։ Արդեն 1925/26 ուսումնական տարում Հայաստանում գործում էր 10 քրդական դպրոց, որտեղ սովորում էր 520 երեխա։ Քրդական դպրոցներ մեկնեցին մեծ թվով հայազգի ուսուցիչներ, ովքեր ազատ տիրապետում էին քրդերենին՝ Արամ Մուրադյանը, Վահան Մխիթարյանը, Սոկրատ Մկրտչյանը, Գալուստ Գյուրջյանը, Նշան և Թագուհի Ռշտունիները, Սողոմոն Սարգսյանը, Արսեն Մարուխյանը և այլք:

Նույն 1926 թվականին ռեժիսորներ Համո Բեկնազարյանը և Արմենակ Դանիելյանը Երևանում ներկայացրին «Զարե» ֆիլմը, որը ԽՍՀՄ-ում առաջին գեղարվեստական ֆիլմն էր՝ նվիրված ցարական շրջանում Անդրկովկասի քրդերի կյանքին։

1930 թվականի մարտից Երևանում սկսեց հրատարակվել Խորհրդային Միության առաջին քրդական «Ռյա-թազա» («Նոր Ուղի») թերթը, իսկ 1954 թվականի վերջից Հայկական ԽՍՀ-ում պարբերաբար քրդերենով ռադիոհաղորդումներ էին վարում։ 

1931 թվականին Հայկական ԽՍՀ իշխանությունները բացեցին քրդական մանկավարժական տեխնիկումը և ուսուցիչների վերապատրաստման վեցամսյա կանոնավոր դասընթացները։ Հատկանշական է, որ հայկական կադրերը քուրդ ուսուցիչների պատրաստման բազա են դրել նաև Արցախի Շուշի քաղաքում, որտեղ տեղի մանկավարժական ինստիտուտում գործում էր քրդական բաժին:

«Խորհրդային Հայաստանի կատարած հսկայական աշխատանքը քրդական անդրկովկասյան մանկավարժական համալսարանի ստեղծման, մի շարք դասագրքերի և գրքույկների հրատարակման, քրդերեն «Ռյա Թազա» թերթի, քրդական կուսակցական և հասարակական ակտիվի կազմակերպման, աշխատավորներից քուրդ կադրերի պատրաստման և այլնի գործում իրենից ներկայացնում է փորձ, որը մեծագույն նշանակություն ունի ոչ միայն Անդրկովկասի քրդերի, այլև արտերկրում գտնվողների համար»,- գրել է պատմաբան Ալեքսանդր Բուկշպանը «Ադրբեջանցի քրդերը» մենագրության մեջ:

Արդեն 1939 թվականին Հայաստանի քրդական դպրոցներում սովորում էր 3330 երեխա։ 1939 թվականի դրությամբ Հայկական ԽՍՀ քրդական 21 գյուղերում գործում էին 9 ակումբներ և 20-ից ավելի ազգային գրադարաններ։

Այլ բան է Ադրբեջանական ԽՍՀ-ն, որտեղ դեռևս 1924 թվականին քրդերը լուսավորության ժողկոմատի առջև պահանջ էին ներկայացրել ստեղծել իրենց մայրենի լեզվով քրդական դպրոց, սակայն մերժում են ստացել։

«Ժամանակին Ադրբեջանում նույնպես ինչ-որ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Առաջին քրդական այբենարանը մեր կողմից կազմվել է 1924 թվականին և ուղարկվել Լուսավորության ժողովրդական կոմիսարիատ։ Բայց, ցավոք, այբուբենը, ինչպես այբբենարանը, «կարեկցանք» չգտավ և այնտեղ էլ մահացավ։ Հարցը դրանով ժամանակավորապես հետաձգվեց»,- ասվում է ազգային փոքրամասնությունների hանրապետական ժողովի 1931 թվականի հունիսի 17-ի երրորդ նիստի սղագրական հաշվետվության մեջ։

Հատկանշական է, որ ԽՍՀՄ-ում առաջին քրդական պետական թատրոնը ստեղծվել է 1937 թվականին հայկական Ապարանում, որտեղ առաջատար դերերը կատարում էին ոչ միայն Խորհրդային Հայաստանից եկած քրդերը, այլ նաև ներգրավվում էին նրանց ազգակիցները Բաքվից, Թբիլիսիից և Բաթումից:

Չնայած խորհրդային ինտերնացիոնալիզմի դեմագոգիային, որը ծառայում էր որպես քողարկում, Բաքվի ֆաշիստները արհամարհում էին ազգային փոքրամասնություններին՝ ճնշելով նրանց ինքնարտահայտման իրավունքը։ Արևելագետ Տատյանա Արիստովայի տվյալներով՝ 1959 թվականի մարդահամարի ժամանակ Ադրբեջանում քուրդ բնակչության զգալի մասը գրանցվել է որպես ադրբեջանցի։ Հետաքրքիր է, չէ՞:

Չէ՞ որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի քրդերը խորհրդային մարդահամարներում չեն գրանցվել որպես հայեր, քանի որ նրանց ինքնությանն ու ազգային իրավունքներին տեղական իշխանությունները չեն սպառնացել։ Դրա վկայությունն է քուրմանջի [քրդերենի բարբառ] իմացությունը։ Խորհրդային շրջանում քրդերը Հայաստանում և Վրաստանում խոսում էին ինչպես հայերեն և վրացերեն, այնպես էլ քուրմանջի լեզուներով։ Իսկ Ադրբեջանի քրդերը հիմնականում ադրբեջաներեն էին խոսում։ Եվ պատճառն ամենևին էլ այն չէր, որ նրանք չգիտեին մայրենի լեզուն, այլ այն, որ փողոցում և աշխատավայրում ձգտում էին ավելորդ անգամ աչքի չընկնել պանթյուրքիզմի ջատագովների մոտ։

Հայաստանի քրդերը զրկված չէին նաև քաղաքական ներկայացվածության տեսանկյունից։ Այսպես, 1963 թվականին ՀԽՍՀ Գերագույն, քաղաքային, շրջանային և գյուղական խորհուրդներում ընտրվել են 211 քրդեր, այդ թվում՝ կանայք։ Եթե Ադրբեջանական ԽՍՀ-ում քրդերը խնամքով թաքցնում էին իրենց ազգային ծագումը և իրենց հայտարարում ադրբեջանցի, ապա Հայկական ԽՍՀ-ի քրդերը, ընդհակառակը, շեշտում և նույնիսկ հպարտանում էին իրենց արմատներով:

Խորհրդային Հայաստանում հայ-քրդական բարեկամությունը ցայտուն կերպով ցույց տվեց, որ հայկական պետականությունը, թեկուզև սահմանափակված բոլշևիկների նենգ գաղութատիրությամբ, քրդերի համար օրհնություն և հենարան է ազգային ազատագրման գործում: Ինչը չի կարելի ասել թուրքական էթնոկրատիայի մասին, որը կա՛մ ուղղակիորեն բնաջնջում էր քրդերին ու հայերին, կա՛մ կեղտոտ աշխատանքը պատվիրակում ագահ քուրդ ֆեոդալներին՝ կանխելու համար երկու ժողովուրդների միասնությունը։

Նաքշբանդի միաբանության շեյխերը հայ-քրդական դաշինքի կարևորությունը հասկանում էին դեռևս XIX դարում, երբ համատեղ ջանքերով ապստամբություններ էին բարձրացնում թուրք ֆաշիստների դեմ: Այս սուֆիական հոսանքի գաղափարական ժառանգները ցույց տվեցին իրենց հայացքների ամրությունը 1920-ականների վերջին: Ես նկատի ունեմ նախապատրաստական առումով ամենահզոր ապստամբությունը Արարատի շրջանում, որը թուրքական բանակը 1927-1931 թվականներին չէր կարող ճնշել։ Ապստամբության կազմակերպիչն էր «Հոյբուն» ռազմաքաղաքական կոմիտեն, որի յուրաքանչյուր անդամ «Եղբայրության երդում» էր տալիս՝ խոստանալով պայքարել բոլոր քրդերի միասնության համար՝ հանուն անկախ Քուրդիստանի ստեղծման։

1927 թվականին «Հոյբունի» առաջին համագումարում ընդունվեց քաղաքական հռչակագիր, որտեղ ուղղակիորեն հայտարարվեց․ «Համագումարը հայտարարեց, որ Հայաստանն ու Քուրդիստանը, որոնք դարերով բնակեցված են այս երկու ժողովուրդներով, հրաժարվում են ենթարկվել որևէ պետության և ձգտում են իրենց անկախությանը։ Համագումարը հայտարարում է, որ այս երկու երկրները պատկանում են միայն հայ և քուրդ ժողովուրդներին»։ Քրդական ազատագրական շարժման առաջնորդ Սուրեյա Բադրխանը հռչակագիրն ընդունում էր որպես գործողության կոչ. «1927թ. հոկտեմբերին «Հոյբունը» քուրդ ժողովրդի և հայ ժողովրդի ներկայացուցիչների անունից, որոնք միասնական էին ընդհանուր թշնամու՝ Թուրքիայի դեմ պայքարում, իրականացրեց համընդհանուր հաշտեցում: Իմ ազգի անունից խորին համակրանք եմ հայտնում քաջարի հայ ժողովրդին և հավաստիացնում նրան, որ հարգում է ազգային օրինական ձգտումը, ինչպիսին է անկախ միացյալ Հայաստանը»:

Քրդերի և հայերի պայքարը երբեք չի բացառվել Թուրքիայի քաղաքական օրակարգից։ Ընդհակառակը, հենց այդ պայքարը ձևավորեց այն։ Նկատի ունեմ 1960 թվականի մայիսի 27-ի հեղաշրջումը, երբ իշխանությունը զավթեցին բանակի հրամանատարության ներկայացուցիչները, որոնք միավորված էին Ազգային միասնության կոմիտեում (ԱՄԿ)։ Առաջին բանը, որ արեցին ԱՄԿ-ի անդամները իշխանության բռնազավթումից հետո, զանգվածային ձերբակալություններ և բռնաճնշումներ իրականացնելն էր քրդերի նկատմամբ, որոնց Սվասում բանտարկեցին հատուկ ճամբարում, իսկ տապալված Դեմոկրատական կուսակցությանը մեղադրեցին Քուրդիստան պետություն ստեղծելու ձգտման մեջ:

Պատմությունը կրկնվեց քսան տարի անց՝ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին, երբ գլխավոր շտաբի պետ գեներալ Քենան Էվրենը ցրեց խորհրդարանը և Սուլեյման Դեմիրելի կառավարությունը՝ ձևավորելով ազգային անվտանգության խորհուրդ, որն իր ձեռքը վերցրեց կառավարման բոլոր լծակները։ 1981 թվականի հոկտեմբերի 19-ին գերմանական «Spiegel» պարբերականին տված հարցազրույցում Էվրենը խելացնոր հայտարարություն էր արել․ «Քրդերը բազմիցս ապստամբել են նաև Օսմանյան կայսրության և Աթաթուրքի օրոք։ Մեր առջև սատանայական ծրագիր է։ Երբ Թուրքիայի Հանրապետությունը թուլանում է, քրդերն ապստամբում են։ Թուրքիան ուզում են մասնատել արտաքին ուժերի օգնությամբ․․․ Քրդերը կան։ Սակայն մենք թույլ չենք տա, որ նրանք պառակտեն երկիրը։ Նրանք մեզանից ոչինչ չեն կարող ստանալ։ Մենք ամեն ինչ անելու ենք այդ հարցը արմատախիլ անելու համար»։ Քրդական աղբյուրները պնդում են, որ 1980-1983թթ. ձերբակալվել է ավելի քան 170 հազար մարդ, 200-ը զոհվել են կտտանքների արդյունքում, 700-ը՝ թուրքերի պատժիչ գործողությունների արդյունքում, 48 մարդ մահապատժի է ենթարկվել, 170-ը՝ դատապարտվել մահապատժի: Պահանջ է ներկայացվել նաև մահապատժի ենթարկել ևս 4 600 մարդու, որոնցից շատերը քուրդ են եղել։

Ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այնպես էլ XX դարի երկրորդ քառորդում, թուրք ֆաշիստները խտրականություն իրականացրեցին ռասայական հիմունքներով, որն իր էությամբ ոչնչով չէր տարբերվում Հարավաֆրիկյան Հանրապետության ապարտեիդի ռեժիմից։ Տարբերությունն այն էր, որ ապարտեիդը պաշտոնապես շարունակեց գոյությունը ՀԱՀ-ի հարավում մինչև 1994 թվականը, և այժմ այն լիովին շրջվել է․ այժմ այնտեղ ոչ թե սպիտակներն են ճնշում սևերին, այլ սևերը ճնշում են սպիտակներին: Իսկ Թուրքիայում տեղացի ֆաշիստները մինչ օրս գտնվում են իշխանության ղեկին, ինչը նրանց թույլ է տվել 2015 թվականին լայնածավալ պատժիչ գործողություն իրականացնել Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան մասում, որը բնակեցված է առավելապես քրդերով:

Ինչո՞ւ են թուրք ֆաշիստները, որոնք ակնհայտորեն թվով զիջում են քրդերին, դեռ կարողանում ճնշել նրանց ժողովրդական ապստամբությունները: Պատասխանը մակերեսի վրա է. ի տարբերություն քրդերի, որոնք մասնատված են ցեղային, կլանային և երկրի սկզբունքներով, թուրքական փոքրամասնությունը միասնական է իր ատելության մեջ և ավելի ուղորդված է գաղափարական-քաղաքական տեսանկյունից, քանի որ նրան առաջնորդում է պանթյուրքիզմի ռասայական ուսմունքը, որը քրդական ընտրազանգվածի հետ աշխատանքում մետաղադրամի հակառակ կողմի պես ակնթարթորեն փոխակերպվում, հանդես է գալիս պանիսլամիզմի քողի տակ, ինչը թույլ է տալիս աջակցություն գտնել հենց քրդերի շրջանում:

Ուրեմն քրդերին պակասում է հենց քաղաքական ուսմունքը, Քրդական երազանքը, որը դեռ պետք է մշակել։ Եվ ես հավատում եմ, որ Հայկական երազանքի մասին գիրքը ժամանակի ընթացքում կոգեշնչի քաջարի քուրդ ժողովրդին գրել սեփական ուսմունքը։ Որովհետև առանց ուսմունքի ազատագրում չի լինի:

Պատմությունն ապացուցել է, որ հայերն ու քրդերն անպարտելի են, երբ կռվում են մեջք-մեջքի և չեն դավաճանում միմյանց: Այո, զենքով կռվել քրդերն ու հայերը սովորել են և կարող են ուժեղ դիմադրություն ցույց տալ նույնիսկ իրենց կեղեքիչներին, բայց երկու ժողովուրդներն էլ դեռ չեն սովորել կռվել գաղափարական հարթությունում, որտեղ նրանք մինչև հիմա ջախջախիչ պարտություններ են կրում։

Այդ դեպքում որտեղի՞ց սկսել: Սկսենք նրանից, որ Հայկական լեռնաշխարհը, որի էպիկենտրոնը Արարատ լեռն ու Վանա լիճն են, Քուրդիստանի համար և՛ փարոս է, և՛ թիկունք։ Ինչո՞ւ հենց այդ վայրերը: Որովհետև այնտեղ Արարիչը մարդկությանը նոր կյանք պարգևեց: Ընդ որում՝ երկու անգամ անընդմեջ՝ նախ Ադամի և Եվայի միջոցով, ապա՝ նրանց սերունդ Նոյի միջոցով։ Եթե երկիրը երկու անգամ օրհնվել է մարդկանց համար, նշանակում է, որ այն իրեն կդրսևորի երրորդ անգամ ևս:

Թուրք ֆաշիստները հասկանում էին, որ հայերին վիճակված է օրհնություն դառնալ նախկին Օսմանյան կայսրության քրդերի և այլ ժողովուրդների համար։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանում ապրող հայերը մեկուկես դար շարունակ նպատակաուղղված բնաջնջվել են թուրքական էթնոկրատիայի կողմից, որպեսզի երկրի երեսից ջնջեն անգամ հայկական և քրդական անկախության ակնարկները։ Այն բանից հետո, երբ հայերը ստիպված լքեցին Վանի և Արարատի շրջակայքը՝ տեղափոխվելով Արևելյան Հայաստան, այս սրբազան հողը զրկվեց ոչ միայն իր նախնյաց բնակիչներից, այլև առաջին հերթին զրկվեց ուղեցույցներից, որոնց շնորհիվ Աստվածային օրհնությունը տարածվեց ժողովուրդների վրա Հայկական լեռնաշխարհից [Եդեմ] դուրս եկող չորս աստվածաշնչյան գետերով՝ Եփրատ, Տիգրիս, Կուր և Արաքս։

Եթե քրդերին իսկապես Քուրդիստան է պետք, ապա նրանք մեզնից ոչ պակաս պետք է շահագրգռված լինեն հայերին Հայկական լեռնաշխարհ վերադարձնելու հարցում։ Ի տարբերություն թուրքերի, հայերին անհրաժեշտ է անկախ Քուրդիստան, որը թույլ կտա քրդերին ծառայել ի շահ սեփական ժողովրդի, այլ ոչ թե օտար կառավարության: Չէ՞ որ հակառակ դեպքում թուրքական էթնոկրատիան կշարունակի քրդերին որպես գործիք օգտագործել իր իշխանական արտոնությունների պահպանման գործում՝ ամեն հարմար առիթի դեպքում սպանելով քուրդ ժողովրդի լավագույն ներկայացուցիչներին։

«Քրդերը, որտեղ էլ նրանք պատմության մեջ հայտնված չլինեին այդ անվան տակ, երբեք միասնական, ինքնատիպ պետություն չեն կազմել։ Եվ նրանց պատմական նշանակությունը կախված է այն ժողովուրդների կարևորությունից, որոնց հետ նրանք կապված էին»,- գրել է XIX դարում ռուս արևելագետ Պյոտր Լերխը։ Նրա բնութագրի հետ չես վիճի։

Քրդերն իսկապես չունեին իրենց պետությունը, բայց հնուց ի վեր այս արտասովոր ժողովուրդը պաշտպան էր այն կայսրությունների համար, որոնցում ստիպված էր ապրել: Եվ ամեն անգամ, երբ ինքնանկախ պետությունների հիմնադիր ժողովուրդները հոգնում էին իրենց ղեկավար բեռից, նրանց տեղը հրաշքով գալիս էին քրդերը։ Այսպես սկզբում տեղի ունեցավ Բաբելոնի և Մարաստանի հետ, որոնք երկարացրեցին իրենց հզորության ժամանակահատվածը հենց քրդական իշխանության շնորհիվ:

Այնուհետև նմանատիպ ճակատագիր ունեցավ Արաբական խալիֆայությունը, որն իր անկման շրջանում կործանվեց խաչակիրների և բյուզանդացիների արշավանքի ներքո՝ որպես օրհնություն ստանալով քուրդ առաջնորդ Սալադինին։ Սակայն ինքը՝ Սալադինը, Ռուսական կայսրության գլխավոր շտաբի գնդապետ Վլադիմիր Կարցովի գնահատմամբ, «ահռելի հզորության հասնելով», «Քուրդիստանում որևէ ամուր բան կազմակերպելու փորձ անգամ չի արել»։

Դիմենք մեկ այլ օրինակի․ հայ Բագրատունիների անկման շրջանում՝ Սալադինի ծնունդից 90 տարի առաջ, Հայաստանում իշխում էր քրդական Շեդդադյանների տոհմը, որը կռվում էր սելջուկների դեմ՝ ամրապնդելով իր օրինատիրությունը հայ ազնվականների հետ ամուսնությունների միջոցով։ Պարսիկ բանաստեղծ Քաթրան Թաբրիզին, ով ապրում էր Գանձակի Շադդադյանների պալատում, Փադլուն III-ին անվանում էր «Բագրատունիների տան հպարտություն»՝ այդպես ընդգծելով նրա պատկանելությունը հին հայկական տոհմին։ Պատահական չէ, որ Շեդդադյանների տոհմաբանության մեջ հանդիպում է Աշոտ անունը։ Օքսֆորդից արևելագետ Ռոբերտ Թոմսոնը նաև պարզաբանում է, որ Անի քաղաքի էմիր Մանուչեհրը հայ արքայադստեր որդի է եղել և ինքն էլ ամուսնացել է հայուհու հետ, իսկ պատմաբան Վլադիմիր Մինորսկին դինաստիայի ներկայացուցիչներին ընդհանրապես համարում է «Անիի քուրդ-հայկական թագավորներ»:

Թերևս ամենաուսուցողական և միևնույն ժամանակ բացասական օրինակը. հայկական հողը հայրենիք է դարձել նաև Ալիևների քրդական տոհմի համար, որը 1993 թվականից անընդմեջ իշխում է «Ադրբեջան» կոչվող թուրքական պրոտեկտորատում:

Ազիզ Ալիևը՝ Իլհամ Ալիևի պապը, ծնվել է Երևանի նահանգում, իսկ Բաքվի ռեժիմի պարագլխի հայրը՝ Հեյդար Ալիևը, ծնվել է Հայկական Սիսիանում։ Թեև պաշտոնական կենսագրության մեջ Ալիև ավագի ծննդավայրը նշված է Նախիջևանը, որը նույնպես հայկական հող է, որը 1921 թվականին թուրք-բոլշևիկյան համատեղ օկուպացիայի արդյունքում հանձնվեց Բաքվի ֆաշիստներին։

Իր դասակարգային տիրապետությունը պահպանելու համար Ալիևի քրդական կլանը Բաքվի մինիսուլթանատի ավարներին, լեզգիներին, ինչպես նաև թյուրքական ու իրանախոս ժողովուրդներին տրամադրում է հայերի դեմ։ Այսինքն՝ Ալիևները դիմում են թուրքական ֆաշիզմի հին մարտավարությանը, որը հաջողությամբ իրար էր բախում Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովուրդներին՝ նախկին Օսմանյան կայսրության տարածքները վերահսկելու համար։

Ի՞նչն է միավորում Սալադինին, Շադդադյաններին և Ալիևներին․ երեք դինաստիաների ակունքները գտնվում են հայկական հողում։ Ի՞նչն է նրանց առանձնացնում: Նշված քրդական տոհմերից յուրաքանչյուրը ծառայել և ծառայում է այն ժողովուրդներին, որոնց իշխել է կամ իշխում է։ Սալադինը ծառայել է արաբներին, Շադդադյանները՝ հայերին, իսկ Ալիևները՝ կովկասյան թաթարներին: Բայց նրանցից ոչ մեկը չի ծառայել Քուրդիստանի շահերին։ Ավելին, մինիսուլթանատի պարագլուխ Ալիևը թուրք ֆաշիստ Ռեջեփ Էրդողանի մերձավոր դաշնակիցն է, որը 2003 թվականից քրդական արյան գետեր է թափում։

Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Վերադառնանք այն եզրահանգմանը, որը ես բերում եմ վերևում. քրդերը գաղափար ունեն ինքնատիպ պետություն ստեղծելու մասին, սակայն այդ գաղափարը մինչ օրս չի ձևակերպվել որպես լիարժեք ազգային ուսմունք։ Միայն գաղափարը բավարար չէ, այն պետք է վերածվի Քրդական երազանքի։ Այդ պատճառով է քրդական ազնվականությունը պատմականորեն ծառայում  օտար տերություններին, բայց մինչ օրս օրհնություն չի դարձել իր ժողովրդի համար: Եվ ներկայիս իրավիճակը միանգամայն ձեռնտու է նախկին գաղութային մետրոպոլիաներին։

Դոկտրինի բացակայությունը հանգեցրել է նրան, որ Տիգրանակերտի (Դիարբեքիրի) քուրդ Զիյա Գյոքալփը, խորթ լինելով իր ժողովրդի դարավոր տառապանքներին, դարձել է պանթյուրքիզմի գաղափարախոսներից մեկը՝ ֆաշիստական ուսմունք, որն օգտագործվել է թուրք գաղութարարների կողմից XX դարում քրդական և հայ ազգային-ազատագրական շարժումները բռնի ճնշելու համար և շարունակում է օգտագործվել XXI դարում։

Օգտվելով Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի քրդերի տարանջատումից՝ թուրք գաղութարարները հաջողությամբ տրամադրում են նրանց միմյանց դեմ։ Օրինակ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պատժիչ գործողությունները Սիրիայում և Իրաքում իրականացվում են Անատոլիայի քրդաբնակ շրջաններից զորակոչված զինծառայողների մասնակցությամբ։ Թուրքական հրամանատարության նպատակն է ցեղային միությունների միջև արյունակցական թշնամանք հրահրել և դրանով իսկ խաթարել քրդերի միասնությունը ապստամբության ժամանակ: Այսինքն՝ իրականացվում է ժամանակի փորձված մարտավարությունը, երբ օսմանյան իշխանությունները քուրդ ֆեոդալներին և «Համիդիե» հեծյալ ստորաբաժանումներն օգտագործում էին հայերի և քրդերի միջև թշնամանք հրահրելու համար։

Քուրդ ժողովրդի ներսում պառակտում հրահրող գործոն է նաև քրդերին Թուրքիայում բարձրաստիճան պաշտոններում նշանակելը։ Դրա վառ օրինակն է Ազգային հետախուզական կազմակերպության (2010-2023 թթ.) ղեկավար Հաքան Ֆիդանը՝ էթնիկ քուրդ գործիչը, որի օրոք քրդական ազատագրական շարժման նկատմամբ բռնաճնշումները միայն աճել են։ Ուշադրություն է գրավում նաև Էմրե Թաների կերպարը, ով հետախուզության ղեկավարի տեղակալն էր։ Թուրքական մամուլը նրան վերագրում է ոչ միայն քրդական ծագում, այլև մասնակցություն Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալությանը, ով 1999 թվականից գտնվում է բանտում:

Քրդական ազգային-ազատագրական շարժումը ճնշելու գործում քրդերի օգտագործումը շարունակվելու է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ քուրդ մտավորականները չեն ձևակերպել Քրդական երազանքը՝ Հայկական երազանքի օրինակով, որը ես փորձում եմ ձևակերպել այս գրքի շրջանակներում: Ինքնանկախ պետություն ստեղծելու մասին երազելը բավարար չէ։ Պետք է մշակել արդար կառուցվածքի մոդել, որպեսզի այն գործի քուրդ ժողովրդի մեծամասնության, այլ ոչ թե առանձին վերցրած քրդական ցեղերի կամ արտաքին ուժերի շահերից ելնելով։

Անցյալն ապացուցել է, որ հայերի դաշնակիցներ կարող են լինել միայն այն քրդերը, որոնք ձգտում են ձեռք բերել ազգային պետություն։ Պատահական չէ, որ Նաքշբանդի միաբանության քուրդ շեյխերը պայքարում էին հայ ժողովրդի հետ դաշինքի համար և  XIX–XX դարերի ընթացքում մարտնչում էին գաղութարարների դեմ՝ իմանալով, որ հայերը պահում են թիկունքը։ Իսկ այն քրդերը, որոնք ծառայում են թուրքական ֆաշիզմին, չեն կարող հայերի համար դաշնակից լինել, քանի որ նրանք մերժում են սեփական ժողովրդի կենսական շահերը։

Շատ ջուր է հոսել հայ-քրդական հարաբերություններում, շատ ջուր է դեռ հոսելու, մինչև Հաբեթի երկու հետնորդները միավորեն ուժերը՝ աշխարհն արդար դարձնելու համար: Մենք՝ հայերս, խնդիր ունենք Հայաստանում կառուցել մի հասարակություն, որը բոլոր քաղաքացիներին զարգացման հավասար հնարավորություններ կտա, քանի որ յուրաքանչյուր մարդ պետք է հոգևոր և նյութական բարիքներ ստանա՝ ըստ արժանվույն, այլ ոչ թե արյունակցական կապերով, ինչպես դա գործել է հեթանոսների մոտ։

Ժամանակն է կառուցել ներառական Հայաստան, որը փարոս ու օրհնություն կդառնա XXI  դարում քուրդ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի համար: Եվ այդ ժամանակ կգործի փոխկախվածության սկզբունքը. եթե հայերի մոտ ստացվեց, ուրեմն կստացվի նաև քրդերի մոտ։

Գլուխ 7. Հայերը եւ հելլենները․ վերհիշելով մոռացված դասերը

Հայերը և հելլենները հաբեթական արմատի ժողովուրդներ են: Երկու ժողովուրդներն էլ աստվածաշնչյան Նահապետ Նոյի կրտսեր որդու՝ Հաբեթի հետնորդներն են։ Ըստ Սուրբ Գրքի՝ հայերը սերում են Նոյի թոռ Գոմերից և նրա որդի Թորգոմից, իսկ հույները սերում են Նոյի թոռ Հավանից և նրա որդի Եղիսեից։ Եղիսեից բխում է հույների և նրանց երկրի՝ հելլենների և Հելլադա (Ελλάδα) ինքնանվանումը։ Հելլեններին հույներ առաջին անգամ անվանել են հռոմեացիները, որոնք նրանց նվաճել են մ.թ.ա. III–II դարերում: Դժվար թե ներկայիս հույները դժգոհ լինեն այդ հռոմեացիներից: Հատկապես, որ Ալեքսանդր Մակեդոնացու օրոք Իրանը նվաճած հույներն իրենք են իրանցիներին պարսիկներ անվանել։ Հավանաբար, այդ կերպ հույները շեշտում էին իրանցիների ծագումը Թարսիսից, ով Աստվածաշնչում նշվում է որպես Հավանի որդի և Եղիսեի եղբայր:

Եթե վերծանենք «հայ» և «հելլեն» ինքնանվանումների մեկնաբանությունը, ապա ստացվում է համադրություն, որը լույս է սփռում հայերի և հույների ճակատագրի վրա: Հելլեն ինքնանվանումը թարգմանվում է որպես «Ազնվաբարո Աստված», իսկ հայ ինքնանվանումը, որով Հայկի սերունդներին կոչում էին իրանցիներն ու իրենք՝ հելլենները, նշանակում է «Ազնվաբարո մարդ»։ Հետևելով «Ազնվաբարո Աստծո» կողմից կանխորոշված Առաքելությանը՝ հույները հին աշխարհի ժողովուրդներին նվիրեցին վերազգային մշակույթ, փիլիսոփայություն և գեղագիտություն, որը XIX դարում կոչվեց հելլենիզմ:

Հելլենիստական աշխարհի սահմանները սկսվում էին Արևմուտքում՝ Իտալիայում, Սիցիլիայում և Եգիպտոսում, իսկ արևելքում ավարտվում էին Հնդկաստանում և Չինաստանում, ներառյալ Իսրայելը, Արաբիան, Հայաստանը, Իրանը և Միջին Ասիան: Իրենց փիլիսոփայության և գեղագիտության սերմանման միջոցով Եղիսեի սերունդները հոգևոր և մտավոր առումներով պատրաստեցին մարդկությանը մեկ Աստծո ընդունման համար: Իսկ Թորգոմի ժառանգները հաստատելցին նրա հավատքը որպես պետական կրոն՝ Հայաստանը վերածելով առաջին քրիստոնեական թագավորության։

Այստեղ տեղ է գտել հայ-հունա-իրանական սիմբիոզը․ Հայոց մկրտիչ պարթև Գրիգոր Լուսավորիչը, ով դարձավ Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիրը և նրա առաջին եպիսկոպոսը, մեծացել է Կապադովկիայի Կեսարիայում՝ հունական հողում, որտեղ մկրտվել և քրիստոնեական դաստիարակություն է ստացել:

Հելլենիզմից քրիստոնեություն տանող ճանապարհն ուղեկցվում էր խորհրդանիշներով. հելլենիզմի երթը Հին աշխարհով շարունակվել է երեք դար՝ Ալեքսանդր Մակեդոնացու գահակալությունից՝ մ.թ.ա. 336 թվականից մինչև Հռոմի կողմից հելլենիստական վերջին խոշոր պետության՝ Եգիպտոսի նվաճումը Ք․ա․ 30 թվականին: Փաստերի այս շղթայում տեղավորվում է նաև մ․թ․ 301 թվականը՝ Հայաստանի մկրտությունը:

Երեք թիվը Երրորդության խորհրդանիշն է: Ինչո՞ւ է այն կրկնվում հելլենիզմի և քրիստոնեության հետ կապված ամսաթվերում։ Պատասխանը կայանում է հենց Հաբեթի անվան թարգմանության մեջ՝ «Թող տարածվի», ինչին ուշադրություն է դարձրել XIX դարում ապրած հոգևոր գրող Նիկիֆոր վարդապետը (Բազանով)։ Հուշումը տրված է Ծննդոց գրքում [Գլուխ IX, հատված 27]: «Թող Աստված ընդարձակի Յաբեթին, և թող նա բնակվի Սեմի վրաններում. Քանանը նրա ծառան կլինի»: Իր «Բիբլիական հանրագիտարանում» Նիկիֆոր վարդապետը բացատրում է․ «Հաբեթի հետնորդները բնակեցրել են Եվրոպան և հյուսիսարևելյան Ասիան, ինչի հետևանքով ուշագրավ նմանություն կա եվրոպական լեզուների և Արևելյան Ասիայի լեզուների միջև, բացառությամբ չինարենի և դրա հետ միացած լեզուների։ Հաբեթին, իր հայր Նոյի մարգարեական օրհնության մեջ, խոստացվել էր հսկայական տարածքով ունեցվածք հետևյալ ուշագրավ խոսքերով, որ նրա սերունդները բնակվելու են Սեմի վրաններում (Ծննդ. IX, 27), այսինքն՝ ոչ թե որպես հաղթողներ, այլ որպես մասնակիցներ Նոյի կողմից Սեմին ուսուցանված օրհնության մեջ: Աշխարհի և Եկեղեցու պատմությունը լիովին հաստատում է Նոյի մարգարեության այս և մյուս մասի կատարումը։ Հաբեթի անունը հանդիպում է շատ հին ավանդություններում։ Նրա անվան հետքերը հանդիպում են նաև Հայաստանի Նպատ լեռան անվանման մեջ»։

Հույների և հայերի հետ միասին օրհնության երրորդ մասնակիցներն իրանցիներն են, ովքեր իրականացնում են նաև Նոյի մարգարեությունը: Հաբեթական արմատին հույների, հայերի և իրանցիների պատկանելիությունը նկատելի է նաև նրանում, թե ինչպես են նրանք անվանել մեկ Աստծուն. իրանցիները նրան անվանել են Ահուրամազդա, հայերը՝ Արամազդ, իսկ հույները՝ Հորմուզդ, ինչը թարգմանաբար նշանակում է «Իմաստուն Տեր»:

Մեկ Աստծո մասին ազդարարող մարգարեն իրանցի Զարաթուստրան է, որին հույները Զրադաշտ էին անվանում։ Իրանի թագավորներ Կյուրոս II Մեծը (մ.թ.ա. 559-530 թթ.) և Դարեհ I Մեծը (մ.թ.ա. 522-486 թթ.) իրենց հաղթանակներով փառաբանեցին նրա միաստվածական վարդապետությունը: Զրադաշտն ասում էր, որ նրանից հետո գալիս է Փրկիչը [«Սաոշյանթ» բառացիորեն նշանակում է «Նա, ով բարիք կբերի»] ՝ «Արդար, ազնվաբարո մարդ»։ Խոսքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ Դավիթ թագավորի հետնորդի մասին էր, ում Զրադաշտը կոչում էր Աստվատ-Էրետա [«Նա, ով մարմնավորում է արդարությունը, ճշմարտությունը»]։ Պատահական չէ, որ հայերը մինչև հիմա Տիրոջը Աստված [Astvats] են անվանում։

Զրադաշտականությունը, որը մինչ մեր օրեր հասել է «Ավեստա» ժողովածուում, ինչպես և դրանից հետո հելլենիզմը, մարդկությանը նախապատրաստել է Սուրբ Գրքի հիմքերն ընդունելու համար: Արդեն նախապատրաստման արդյունքում մեր Տիրոջ ուսմունքը, ում հունարեն անվանում ենք Հիսուս Քրիստոս (ηησοςς Χριστός) և ով ծնվել է Սեմի վրաններում, ընդունվել է հայկական հողի վրա, որը գտնվում է Իրանի և Հունաստանի միջև [Հռոմ/Բյուզանդիա]: Այդպես գրված էր ի վերուստ․ Հայաստանը, որը ծնվել էր Եդեմի պարտեզի սրտում, երեք անգամ նոր դարաշրջան բացեց մարդկային ցեղի պատմության մեջ՝ նախ Ադամի և Եվայի օրոք, ապա այն օրերին, երբ ջրհեղեղից հետո Նոյի տապանը հանգրվանեց Արարատին, և երրորդ անգամ՝ Քրիստոսի հավատը որպես պետական կրոն ընդունելով։ Ուստի, իր աստվածաշնչյան իմաստի տեսանկյունից Հայաստանը խորհրդանշում է Երրորդությունը։

Զրադաշտականության մեջ հեթանոսական շերտավորումը տեղի ունեցավ ուշ Աքեմենյանների ժամանակ, որոնք Դարեհ III-ի օրոք [մ.թ.ա. 336-330 թթ.] ընկել էին նվաճված ժողովուրդներին ճնշող զրվանականների աղանդի իշխանության տակ, այդ ժողովուրդների թվում են եղել հայերն ու հույները։ Այսպիսով՝ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը դեպի Իրան մի կողմից դարձավ փոխհատուցում դասական զրադաշտականությունից հեռանալու համար՝ Դարեհին և նրա աղանդին պարտության մատնելով։ Իսկ մյուս կողմից դարձավ հատուցում դեպի Բալկանյան թերակղզի իրանական արշավանքների համար, որոնք պատմության մեջ մտան որպես հույն-պարսկական պատերազմներ [մ.թ.ա. 500-449 թթ.]։ Ինքը՝ Ալեքսանդրը, միաստված չէր, բայց Արիստոտելի աշակերտը հասկանում էր հաբեթական արմատի ժողովուրդների ընդհանրությունը՝ իր արքունիքում կիրառելով խառնամուսնությունները։

Հունաստանի և Հայաստանի ազգագրական սահմանն անցնում էր Եփրատ գետով, որը կտրում է Անատոլիական սարահարթը։ Հատկանշական է, որ Անատոլիայի բնակչության թվաքանակն ու կազմը, ինչպես պնդում է պատմաբան Դևիդ Ռայսը, արմատապես չեն փոխվել ինչպես հունական, այնպես էլ հռոմեական տիրապետության շրջանում․ «Առկա ապացույցները թույլ են տալիս պնդել, որ բնակչության թվաքանակն ու կազմը քիչ են փոխվել այն ժամանակներից ի վեր, երբ խեթերը և այլ պետությունների տարբեր միավորված կառավարիչները պայքարում էին իշխանության համար: Պեղումների ժամանակ հայտնաբերված գանգերն ապացուցում են, որ լեռնաշխարհի ազգությունները մեծամասամբ պատկանել են արմենոիդ տիպին՝ լայնոսկր, հարթ ծոծրակներով»։

Հայերը տվյալ երկիրը կոչում են Հունաստան [Hunastan], իսկ տեղի ժողովրդին՝ հույներ [Huyner]։ Բյուզանդական հույներին մենք անվանում էինք horom, այսինքն՝ «ռոմեոս»՝ ընդգծելով նրանց պատկանելությունը Հռոմեական կայսրությանը։

Գավգամելայի ճակատամարտում Դարեհի նկատմամբ Ալեքսանդրի հաղթանակից հետո հայերը վերակենդանացնում են իրենց պետականությունը՝ Ք.ա. 331 թվականին աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվում են երեք հայկական պետություններ՝ Մեծ Հայքը [275 858 քառ. կմ], Փոքր Հայքը և Ծոփքը [Սոֆենա]։ Հայկական երեք պետությունները դարձան Ուրարտուի կամ, ինչպես այն անվանում էր նաև հրեա մարգարե Երեմիան [մ.թ.ա. 655-586], Արարատյան թագավորության շարունակությունը։ Հայկական պետությունների Երրորդությունը մտնում էր Մակեդոնացու և Սելևկյան պետության նրա ժառանգների ազդեցության ուղեծրի մեջ, սակայն նրանց կախվածությունը կրում էր անվանական բնույթ. հույները բավարարվում էին նրանով, որ իրենց վերահսկողության տակ գտնվող Մերձավոր Արևելքի խոշորագույն առևտրային ուղին [«Արքայական ճանապարհ»] անցնում էր հայկական Տիգրանակերտ և Արտաշատ քաղաքներով, իսկ հենց Եփրատով, Տիգրիսով, Արաքսով և Կուրով արտաքին աշխարհին սահմանակից հայկական թագավորությունները հարստանում էին տարանցիկ առևտրով։ Չնայած հայերն իրենք այդ ժամանակ առևտրով չէին զբաղվում՝ գերադասելով ռազմական գործն ու հողի մշակումը. Հայաստանում առևտուրն ամբողջությամբ գտնվում էր օտարների՝ բաբելոնացիների և արամեացիների ձեռքում։

«Փոքր Հայքը բավական բերրի երկիր է։ Այն, ինչպես նաև Սոֆենան, միշտ ղեկավարել են սեփական իշխանները, որոնք մերթ բարեկամության մեջ էին այլ հայերի հետ, մերթ նրանցից անկախ էին։ Նրանց տիրապետության տակ էին նաև տիբարեններն ու քաղդեացիները։ Այնպես որ նրանց թագավորությունը տարածվեց մինչև Տրապիզոն»,- գրել է հույն պատմաբան Ստրաբոնը։

Հայ իշխանները հմտորեն օգտվում էին հունա-իրանական, ապա նաև հունա-հռոմեական հակասություններից՝ ամրապնդելով իրենց անկախությունը։ Օրինակ՝ մ.թ.ա.189 թվականին, այսինքն՝ այն բանից հետո, ինչ [մ.թ.ա. 190 թ.] Մագնեսիայում հռոմեացի զորավար Սկիպիոն Ասիացին պարտության մատնեց Անտիոքոս III-ի սելևկյան բանակը, Արտաշեսն իրեն հռչակում է Մեծ Հայքի թագավոր, իսկ նրա զինակից Զարեհը [հունարեն տառադարձությամբ՝ Զարիադրիս]՝ Ծոփքի թագավոր։ Արտաշեսի վերելքը սկսվեց Ք.ա. 201 թվականին, երբ Ախուրյան գետի հովտում նա, ղեկավարելով Անտիոքոսի զորքը, պարտության մատնեց Երվանդունիների արքայատոհմի վերջին հայոց թագավոր Երվանդ Դ-ին:

Ժամանակագիր Պոլիբիոսից հետո Ստրաբոնը Արտաշեսին [հունարեն տառադարձությամբ՝ Արտաքսիաս] անվանում է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»․ «Պատմում են, Արմենիան եղել է առաջ փոքր և մեծացել է Արտաքսեոսի (Արտաշեսի) և Զարիադրիսի ձեռքով․․․ Սրանք ընդարձակեցին իրենց երկրների սահմանները և գրավեցին շրջակա ժողովուրդներից հետևյալ շրջանները. մեդացիներից` Կասպիանեն, Փավնիտիսը և Բասորոպեդան, իբերներից` Պարիադրեսի լեռնալանջերը, Խորձենեն և Գոգարենեն, որ գտնվում է Կուր գետի մյուս կողմում, խալյուբներից և մոսինոյկներից` Կարենիտիսը և Դերքսենեն, որոնք սահմանակից են Փոքր Հայքին կամ նրա մասերն են, կատաոններից` Ակիլիսենեն և Անտիտավրոսի կողմերը գտնվող երկիրը և ասորիներից` Տամորիտիսը»: 

Արտաշեսը ժամանակակիցների կողմից ընկալվում էր որպես մի անձնավորություն, ով կարող էր մարտահրավեր նետել հզոր Հռոմին։ Դա է ապացուցում Արտաշեսի համագործակցությունը հռոմեացիների թշնամու՝ կարթագենի զորավար Հաննիբալի հետ, ինչի մասին մեզ հայտնի է Պլուտարքոսի շնորհիվ․ «Պատմում են, որ երբ Անտիոքոսը պարտություն կրեց հռոմայեցիներից՝ կարթագենացի Հանիբալը եկավ Արտաշես Արմենի մոտ և հրահանգիչ ու խորհրդատու դառավ բազմաթիվ օգտավետ գործերում։ Բացի այդ, նկատելով այս երկրում չօգտագործված ու անտեսված հարմարավետ ու խիստ հաճելի մի վայր՝ նա այդ տեղում ուրվագծեց քաղաքի հատակագիծը։ Աննիբալը տարավ Արտաշեսին, ցույց տվեց հատակագիծը և համոզեց հիմնել այդ տեղում քաղաք։ Թագավորն ուրախությամբ համաձայն էր և խնդրեց, որ նա իր վրա վերցնե այդ գործի ղեկավարությունը։ Այսպիսով կառուցվեց մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք, որն անվանվեց թագավորի անունով և հայտարարվեց Հայաստանի մայրաքաղաք»։ 

Լինելով իր ժամանակի ամենահզոր մշակութային երևույթը՝ հելլենիզմը մերձեցրել է հայերին և հույներին։ Հանուն արդարության հիշեցնենք, որ Արտաշեսի ժամանակակիցը՝ Փոքր Հայքի առաջին տիրակալ Միհրդատը, հունական ծագում ուներ, ինչը ոչ մի կերպ չէր վրդովեցնում նրա հայ հպատակներին։ Փոքր Հայքը զբաղեցնում էր Եփրատի արևելքից մինչև Անտիտավրոսի արևմուտքում գտնվող տարածքը։

Հայ-հելլենական հարաբերությունները և՛ օրհնություն են, և՛ միաժամանակ փորձություն երկու ժողովուրդների համար: Ինչպե՞ս տարբերակել առաջինը երկրորդից: Պատասխանը կայանում է իմպերիալիզմի նկատմամբ վերաբերմունքի մեջ։ Իմպերիալիզմ ասելով նկատի ունեմ պետականաշինությունը, որի ժամանակ դա ստեղծող ժողովուրդն իրեն վերադասում է մնացած ժողովուրդներից՝ նրանց համարելով նվաճված: Սա էր Բյուզանդիայի և՛ ուժը, և՛ թուլությունը, որին Մեծ Հայքը սահմանակից էր Առյուծ լեռով։ 

Կայսերական շրջանակներում հույն կառավարիչները Հայաստանը դիտարկում էին ոչ թե որպես ազգակցական քաղաքակրթություն, այլ որպես բուֆեր Իրանի հետ սահմանին, որը ենթակա էր գրավման և կլանման: Իրանի իշխող դասը, որը Սասանյանների օրոք գայթակղվել էր իմպերիալիզմով, իրեն նույն կերպ էր պահում։

387 թ. Հայաստանի հիշյալ բաժանումից հետո երկրի տարածքի չորս հինգերորդը հայտնվեց Սասանյան Իրանի տիրապետության տակ, որը Հայաստանի այդ հատվածը դիտում էր որպես վասալ-կախյալ մարզ, թեև Արշակունիների արքայատոհմը անվանապես կառավարում էր Արևելյան Հայաստանը մինչև 428 թ.: Հայաստանի անցումը Պարսկաստանի և Բյուզանդիայի տիրապետության տակ հայ նախարարներին չզրկեց նրանց զբաղեցրած կարևոր պետական պաշտոններից: Հայ ֆեոդալները պահպանել էին նույնիսկ իրենց զինված ջոկատները։ Ըստ հայ պատմիչ Եղիշեի՝ Արշակունիների տոհմի անկումից հետո իշխանությունն անցել էր նախարար ֆեոդալների ձեռքը։ Սակայն Հայաստանի բաժանումը չսահմանափակվեց 387 թվականով։ Իրանցիներն ու հույները Հայաստանը կիսեցին նաև 591 թվականին։

Բյուզանդիան Ալեքսանդր Մակեդոնացուց հետո հելլենների ամենամեծ քաղաքական ստեղծագործությունն էր, որն իր ընդլայնմամբ դեպի արևելք անհույս կերպով ձգտում էր վերստեղծել իր կայսրությունը։ Բյուզանդիան իր անունը ստացել է հունական Բյուզանդ (Բյուզանդիոն) քաղաքից, որը հիմնադրվել է Բիզասի կողմից մ.թ.ա. 657 թվականին: Քաղաքն ինքնին մնում էր աննշան բնակավայր, մինչև 324 թվականին Կոստանդին կայսրը ընտրեց այն որպես Նոր Հռոմի մայրաքաղաք: Այդ ժամանակից ի վեր քաղաքը կոչվեց Կոստանդնուպոլիս։

387 թվականին իրանցիների և հելլենների միջև բաժանված հայկական ազնվականությունը արմատներ է գցել երկու կայսրություններում, սակայն Բյուզանդիայում նրան հաջողվել է իրեն շատ ավելի ընդգծված դրսևորել։ Այսպես, պատմաբան Արթուր Ուստյանի հաշվարկներով, հայ ժողովուրդը Բյուզանդիային տվել է յոթ կայսերական արքայատոհմ՝ Հերակլիական (610-711 թթ.), Իսավրյան (717-802 թթ.), Ամորյան (820-867 թթ.), Մակեդոնական (867-1056 թթ.), Դուկասների արքայատոհմ (1059-1078 թթ.), Կոմնենոսներ (1081-1185 թթ.) և Անգելոսներ (1185-1204): Անդրոնիկոս Ա Կոմնենոսի թոռները՝ Ալեքսեյը և Դավիթը, որոնք կրում էին մեծ Կոմնենոսի տիտղոսը, կանգնած էին Տրապիզոնի կայսրության գլխին, որը ձևավորվել է 1204 թվականին, այն բանից հետո ինչ Բյուզանդիան փլուզվեց բազմաթիվ փոքր իշխանությունների։

Ընդհանուր առմամբ՝ հայ-բյուզանդական ազնվականության մեջ պատմաբանները հաշվել են 14 հայ ընտանիք [Մոսիլներ, Կրինիտներ, Լեկափենոսներ, Կուրկուասներ, Կուրտիկիներ, Տարոնիտներ, Վահրամներ, Կեկավմեններ, Արծրունիներ, Անիի տոհմ, Պահլավունիներ, Ռուբինյաններ, Կոկովասիլներ և Ասպիետներ], չորս հայ-վրացական ընտանիքներ [Թոռնիկյաններ, Պակուրյաններ, Վիխկացներ և Ապոկապներ],ենթադրաբար հայկական ծագում ունեցող 19 ընտանիք [Փոխասներ, Սկլերոսներ, Ցանցեր, Ցիրիֆոններ, Վուրցեր, Գավրասներ, Դալասիններ, Թեոդորականներ, Արմենոպուլներ, Մահիտարիներ, Վասիլակներ, Վասպրականիտներ, Ցինցլուկներ, Դելֆիններ, Կոտերցներ, Արտավազդներ, Դավաթիններ, Լեվուննիներ, Վարդաններ և Մելիտներ] և ավելի քան 20 անհատ հայ ազնվականներ [Սարգիս Հայկազի, Գանձի, Գագիկ Կարսեցի, Թեոդոսիոս Որադիոտոս, Փեհտ, Խաչատուր, Արիև, Թաթուլ, Սիմեոն, Թորոս, Գաբրիել, Մխիթար և ուրիշներ]։ Տարբեր գնահատականներով՝ XI–XII դարերում Բյուզանդիայի իշխող դասում հայերի մասնաբաժինը կազմել է թագավորական արքունիքի ընդհանուր թվի մոտ 10-15%-ը։ Ըստ դավանանքի հայերը եղել են ինչպես քաղկեդոնականներ [հունական ծեսի], այնպես էլ Հայ Առաքելական Եկեղեցու ծխականներ։ Իրենց դիրքերն ամրապնդելու համար հայ իշխանները ամուսնական դաշինքների մեջ էին մտնում ազնվական տոհմերի, այդ թվում՝ Կոմնենոսների հետ։

Հայ իշխանների «հոսքը» դեպի Բյուզանդիա համընկնում է մակեդոնական դինաստիայի հայ կայսր Վասիլ II-ի գահակալության հետ։ Իսկ «հետհոսքը» սկսվում է XI դարի վերջին, երբ Փիլարտոս Վարաժնունին և Ռուբինյանները լքեցին Բյուզանդիան, որպեսզի, հետևելով Հայկական երազանքին, վերակենդանացնեն հայկական պետականությունը Կիլիկիայի վերահսկողության տակ գտնվող հողերում։

Ըստ տարբեր տվյալների՝ բյուզանդական գահը զբաղեցրել է 54 հայ կայսր։ Տպավորիչ ցուցանիշ է, այնպես չէ՞: Այդ ժամանակաշրջանի հայ ազնվականությունը փաստացի բաժանվում էր երկու մասի. առաջինը՝ ի դեմս Վարաժնունիների և Ռուբինյանների, հետևում էր Հայկական երազանքին, իսկ երկրորդը՝ հետևում էր Հունական երազանքին, որն իր քաղաքական ձգտումներում հույս ուներ կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու հաջողությունը։

Հաճախ կայսր էին դառնում կայսերական գվարդիայի հայերը, որոնք իրենց լավ էին դրսևորում ռազմի դաշտում։

Անգլիացի կովկասագետ Դեյվիդ Լենգի մոտ մենք դրա վառ օրինակներ ենք գտնում․ «Արաբական խալիֆ Օմարի բանակի և Բյուզանդական կայսրության միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Հորդանանի վտակ Յարմուք գետի վրա 636 թվականի օգոստոսին։ Արաբների հրամանատարն էր Խալիդ իբն ալ-Վալիդը, իսկ բյուզանդական բանակինը՝ Վահան (Բաանես) անունով հայ զորահրամանատարը։ Մարտից անմիջապես առաջ մարտիկները Վահանին հռչակեցին կայսր։ Սակայն ջախջախիչ պարտությունը վերջնականապես վերջ դրեց իշխանության մասին նրա երազանքներին. ավելի ուշ նա հեռացավ Սինայ և դարձավ վանական»։

Լենգը մեթոդաբար նկարագրում է հայերի ազդեցությունը հունական արքունիքում՝ բացահայտելով նրանց դրդապատճառները․ «Հռոմի ժառանգությունը պաշտպանելու և Երուսաղեմի հարգված սրբավայրերը պահպանելու բյուզանդացիների վերջին կազմակերպված փորձն ավարտվեց լիակատար ձախողմամբ։ Ըստ լեգենդների՝ խիզախ կայսր Հերակլիոսը, ով պարսիկներից խլեց Իրական Խաչը, բացականչեց՝ ընդմիշտ թողնելով Սիրիան. «Մնաս բարո՛վ, Սիրիա՛։ Ի՜նչ հիանալի երկիր է հասնում թշնամուն»։ Հինգ տարի անց Հերակլիոսը մահացավ։

Ավելի վաղ Կոստանդնուպոլսում գտնվող հայ իշխանները դավադրություններ էին հյուսում, որպեսզի նրան գահընկեց անեն և գահին նստեցնեն նրա ապօրինի որդուն՝ Աթալարիկոսին։ Բայց 641 թվականին հենց հայը՝ Վալենտին Արշակունին, օգնեց հոր մահից հետո գահին նստել Հերակլիոսի որդուն՝ Կոնստանդիոս II-ին։ Այնուհետև Վալենտինին հանձնարարվեց ղեկավարել զորքերը Արևելքում, բայց կարճ ժամանակ անց նա անձամբ իր համար գահը նվաճելու նպատակով մասնակցեց դավադրությանը, Վալենտինին բռնեցին և մահապատժի ենթարկվեցին:

668 թվականին Կոստանդիոս II-ի բռնի մահից հետո մեկ այլ հայ զորահրամանատար՝ Մժեժ Գնունին, կայսր է հռչակվում Սիցիլիայում տեղակայված զորքերի կողմից։ Թեև հաջորդ տարի նա գահընկեց արվեց և սպանվեց, Մժեժ Գնունին իրավամբ կարող է ընդգրկվել բյուզանդական հայազգի կայսրերի ցանկում»։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Հայկական այն տոհմը (երբեմն կոչվում է Մակեդոնական), որը Բյուզանդիան կառավարել է 867-1056 թվականներին։ Հենց այս տոհմի ժամանակաշրջանում է տեղի ունեցել Ռուսաստանի մկրտությունը՝ հայ արքայադուստր Աննայի և իշխան Վլադիմիր Ռյուրիկովիչի ամուսնական պայմանագրի արդյունքում։ X դարում հայկական տոհմի դրդմամբ ավելանում է հայերի արտագաղթը դեպի հարավ, ինչի արդյունքում Բյուզանդիան խալիֆայությունից հետ է վերցնում Սուրբ Եփրատ գետի շրջակայքը։ Սակայն դրանում հպարտության առիթ չկա. լինելով արյունով հայ՝ իշխող արքայատոհմը եռանդով փորձում էր լուծարել հայկական պետականության մնացորդները «կայսրության ջրերում»։ Այսպես, X դարի կեսերին Բյուզանդիան իրեն է ենթարկում մի շարք անկախ հայկական իշխանություններ՝ նախ Տարոնի (Մուշի) իշխանությունն, ապա Տայքը (1001 թ.), Վասպուրականը (1021/1022 թթ.), Անին (1045 թ.) և Կարսը (1065 թ.):

Անկախ Մեծ Հայքի վերածննդից, Հայկական երազանքը մոռացության էր մատնվել։ Սակայն խոսքը միայն հայկական հողերը կայսրությանը միացնելու մասին չէր․ բյուզանդացիները հայերին զանգվածաբար տեղափոխեցին երկրի խորքը՝ Սեբաստիա, Կապադովկիա, Միջագետք և այլ գավառներ՝ դրանով իսկ մերկացնելով Արևմտյան և Արևելյան Հայաստանը թյուրքական քոչվորների արշավանքի ժամանակ։

Եվ հայերի վերաբնակեցման համար հատուցումն իրեն երկար սպասեցնել չտվեց․ 1071 թվականին Բյուզանդիան, չնայած իր զորքի թվային գերազանցությանը, պարտություն է կրում Մանազկերտում՝ կորցնելով հայկական տիրույթները։ Հատկանշական է, որ սելջուկների, քրդերի և արաբների միացյալ զորքին հաջողվում է անգամ գերի վերցնել բյուզանդական կայսր Ռոմանոս IV Դիոգենեսին (1067-1071 թթ.):

Ինչո՞ւ այդպես եղավ։ Պատճառն այն է, որ Բյուզանդիայի իշխող դասը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ առաջնորդվում էր իմպերիալիզմի սկզբունքներով։ Այսինքն՝ մի ժողովուրդ վերադասվում էր մեկ այլ ժողովրդի նկատմամբ՝ Աստծո դեմ գործելով։ Քանի որ Տիրոջ Նախախնամությունը բխում է նրանից, որ «Ոչ մի մարդկային էակ չպարծենա Աստծո առաջ» [Պողոս առաքյալի առաջին թուղթը Կորնթացիներին. Գլուխ 1,  հատված 29]:

Միջին Ասիայից Հայաստան գաղթած թյուրքական ցեղերը հատուցում դարձան ինչպես հելլենների, այնպես էլ հենց հայերի համար, որոնք լայնորեն ներկայացված էին հայկական ծագում ունեցող կայսրերի և հելլենական ծագում ունեցող կայսրերի օրոք. պատահական չէ, որ Նիկեփորոս II Փոկաս կայսրը (912-969 թթ.) Արևելքում հելլեններից և հայերից զորքեր էր ձևավորում: Ռոմանոս III-ի (1028-1034 թթ.) օրոք կայսերական գվարդիան հիմնականում բաղկացած էր հայերից։ Հայերը արքունիքում արտոնյալ դիրք էին պահպանել նաև Կոստանդին X Դուկաս (1059-1067 թթ.) և Ռոմանոս IV Դիոգենես կայսրերի օրոք։

Միևնույն ժամանակ, Միջերկրական ծովի ափեր տեղափոխված հայերը կարողացան ստեղծել նոր հայկական պետականություն՝ Կիլիկյան Հայաստանը (1080-1424 թթ.), որը դարեր շարունակ զսպում էր հենց հելլեն-բյուզանդացիների, սելջուկների և Պաղեստինի ու Սիրիայի խաչակիր պետությունների գրոհները։ Ի դեպ, Կիլիկյան Հայաստանը, որը ստեղծվել էր օրհնված Ռուբինյանների տոհմի կողմից, խաչակիրների մեջ հաճախ տեսնում էր որպես Կոստանդնուպոլսի հակակշիռ։ Միևնույն ժամանակ, Ռուբինյանները, հավատարիմ մնալով Հայ Առաքելական Եկեղեցուն, հեշտությամբ ամուսնանում էին ինչպես հույն, այնպես էլ լատինուհի կաթոլիկ կանանց հետ:

Կարելի է անվերջ թվարկել պատմական փաստերը, որոնք պատմում են հելլենների և հայերի ճակատագրերը կապող տեսանելի և անտեսանելի թելերի մասին։ Բայց իմ գրքի նպատակն այլ է՝ վերականգնել Հայկական երազանքը՝ այն ցույց տալով համաշխարհային պատմության հայելու մեջ, որի մաս են կազմել հայ-հելլենական հարաբերությունները:

Խաչակիրների հրոսակների և սելջուկ-թուրքերի գրոհի ներքո (1453 թ. մայիսի 29) Չորրորդ խաչակրաց արշավանքի ընթացքում (1204 թ.ապրիլի 13) Կոստանդնուպոլսի անկումը պարտություն էր ոչ միայն հելլենների, այլև հայերի համար: Եվ այդ պարտությունները հնարավոր դարձան այն պատճառով, որ Բյուզանդիայի իշխող դասը, որը տարված էր նվաճված հայկական գավառների բնակիչների նկատմամբ վերադասություն սահմանելու մոլուցքով, փորձեց լուծարել հայ ժողովրդին իր վերաբնակեցման քաղաքականությամբ՝ մերկացնելով կայսրության թիկունքն արևելքում։ Պատահական չէ, որ բյուզանդացի պատմաբան Պրոկոպիոս Կեսարացին իր «Պատերազմ գոթերի հետ» աշխատությունում նշել է, որ Հայաստանը «տանջամահ էր եղել շարունակական զորակոչերից և ռազմական օթևանատներից, հյուծվել էր արտառոց տուրքերից», իսկ հայ ժողովուրդը «լիովին ստրկացվել և ցրվել էր դեպի Հռոմեական կայսրության տարբեր մասերը»։

Նենգության և անազնվության վկայությունն է բյուզանդական կայսր Մավրիկիոս VI-ի (582-602) նամակն՝ ուղղված իրանական շահ Խոսրով II Փարվեզին (590-628), որի տեքստն իր «Պատմության» մեջ հիշատակում է Սեբեոս եպիսկոպոսը: Մավրիկիոսի ուղերձը բառացիորեն հետևյալն էր. «Ազգ մի խոտոր եւ անհնազանդ են, ասէ, կան ի միջի մերում եւ պղտորեն: Բայց եկ, ասէ, ես զիմս ժողովեմ [հայ իշխաններին և զորքին] եւ ի Թրակէ եթէ գումարեմ, եւ դու զքոյք ժողովէ եւ հրամայէ յԱրեւելս տանել: Զի եթե մեռանին թշնամիք մեռանին, եւ եթե սպանեն զթշնամիս սպանեն, եւ մեք կեցցուք խաղաղությամբ: Զի եթէ դոքա յերկրի իւրեանց լինիցին մեզ հանգչել ոչ լինի»: Եվ Մավրիկիոսի վիզավին իր համաձայնությունն էր հայտնել։

Բայց ամենահետաքրքիրն այլ բան է. Մավրիկիոսը ծագումով հելլեն չէր, այլ հայ, ինչի մասին գրում են պատմիչներ Շապուհ Բագրատունին (IX դ.), Ասողիկը (X–XI դդ.), Կիրակոս Գանձակեցին (XIII դ.), Միքայել Չամչյանը (XVIII դ.), Լեոն (XX դ.) և նույնիսկ բյուզանդացի պատմագիր Գեորգի Համարտոլուսը (IX դ.): Իմպերիալիզմով վարակված Մավրիկիոսը, որը հայկական աղբյուրներում հիշատակվում է որպես Մորիկ Օշականցի, իրանական շահին դավադրություն էր առաջարկել Հայաստանի զորքերը ոչնչացնելու և հետագայում հայ բնակչությանը Բյուզանդիայի և Պարսկաստանի հեռավոր շրջաններ վերաբնակեցնելու նպատակով։ Զարմանալի՞ է։ Իրականում ամեն ինչ տրամաբանական է։ Չէ՞ որ հայ ժողովուրդը կորցրել էր Հայկական երազանքը և այդ պատճառով նա ծառայում էր արդեն ոչ թե իր, այլ Բյուզանդական կայսրության երազանքին, որը ձգտում էր մեծանալ Հայկական լեռնաշխարհի և Կովկասի նվաճված ժողովուրդների հաշվին։

Սակայն իմպերիալիզմը, ի վերջո, կործանեց բյուզանդացիներին։ Բանն այն է, որ արևմուտքում և հյուսիսում Բյուզանդիայի թիկունքը դարեր շարունակ պահպանել Է Միջերկրական ծովը՝ բնական և մշտական աշխարհագրական սահմանը, իսկ արևելքում այդ թիկունքը եղել է Արարատյան թագավորությունը՝ հենց Հայքը։ Բայց հայերին հզորացնելու փոխարեն բյուզանդական պալատականները միտումնավոր թուլացնում էին նրան, որպեսզի միանձնյա կառավարեն Կոստանդնուպոլիսը։ Եվ հատուցումն իրեն երկար սպասեցնել չտվեց. օտար ներխուժումը իմպերիալիզմի հատուցում էր։ Ընդ որում՝ հատուցում երկու ժողովուրդների՝ հելլենների և հայերի համար, որոնք իրենց ձեռքում էին պահում բյուզանդական գահի բանալիները, բայց այդպես էլ չկարողացան հաղթահարել իրենց արատները։

Մինչդեռ Արարչին ենթակա ժամանակը թույլ տվեց հայերին և հելլեններին կանգնել ուղղման ճանապարհին։ Սկիզբը դրվեց Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ, երբ հայ զինվորները Գարեգին Նժդեհի և Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ աջակցեցին հույներին, բուլղարացիներին, սերբերին և չեռնոգորացիներին թուրքական իմպերիալիզմի դեմ պայքարում։ «1912թ. որպես հրամանատար կազմակերպել եմ հայ կամավորների ջոկատ և Անդրանիկի հետ մասնակցել Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրման Բալկանյան պատերազմին: Պատերազմի ավարտին, որպես հեղափոխականներ, հրաժարվեցինք մասնակցել բալկանյան քրիստոնյա ժողովուրդների ներքին պատերազմներին և զորացրեցինք հայկական վաշտը: Այս պատերազմում ես վիրավորվեցի և հայկական դրոշը զարդարեցի բուլղարական քաջության խաչերով»,- հիշում էր Նժդեհն իր հուշերում։

Այսպիսով, բալկանյան երկու պատերազմ է եղել, բայց Բալկանյան երրորդ պատերազմն անխուսափելի է, քանի որ այն կոչված է լուծելու Կոստանդնուպոլսի հարցը: Եվ սա արդեն ոչ միայն հույների և հայերի գործն է, այլև հելլենիզմի և քրիստոնեական էթիկայի վրա դաստիարակված ողջ Արևմուտքի գործը։ Արևմտյան Հռոմեական կայսրությունը, որը վաղ միջնադարում կոչվում էր Կառլոս Մեծի կայսրություն, իսկ XXI դարում կոչվում է Եվրամիություն, պետք է հատուցի իր գաղութային հանցագործությունները և օգնի տարածաշրջանի բնիկ ժողովուրդներին Արևելյան Հռոմեական կայսրության մայրաքաղաք Կոստանդնոպոլսի ազատագրման գործում: Արդյո՞ք դա կլինի: Այո, կլինի, բայց միայն այն բանից հետո, երբ հայերն ու հույները վերականգնեն Աստծո հետ Ուխտը

Գլուխ 8. Հրեաները՝ դեպի Լույս տանող ճանապարհին: Ի՞նչ է սովորեցնում Հայկի եւ Աբրահամի փորձը

Հայերն ու հրեաները ծանոթ են աստվածաշնչյան ժամանակներից։ Դատելով Հին Կտակարանում նշված մարգարեություններից՝ Հայաստանը և հայ ժողովուրդը հրեաների կողմից ընկալվում էին որպես դաշնակից ուժ չարի և օտար զավթիչների դեմ պայքարում: Աբրահամի նման, երկու ժողովուրդների պատրիարքները հավատում էին մեկ Աստծուն, ինչը կանխորոշեց հայերի և հրեաների հակամարտությունը Բաբելոնի և Մարաստանի հետ, քանի որ նրանց հակառակորդները հեթանոս էին: Լինելով Մելքիսեդեկ, ով օրհնեց Աբրահամին «Բարձրյալ Աստծուց՝ երկնքի և երկրի Տիրակալից», Հայկն ու իր ժողովուրդը մասնակցեցին մարդկությանը միաստվածության նախապատրաստմանը։ Այդ պատճառով 301 թվականին Հայկի հետնորդները պետությունների մեջ առաջինն ընդունեցին Հիսուս Քրիստոսի հավատքը։

Հավանաբար նման չափանիշներով է առաջնորդվել նաև Երեմիա մարգարեն (գլուխ 51, հատված 27), ով Քրիստոսի ծնունդից վեց դար առաջ հայերին կոչ է արել պայքարել հեթանոսական Բաբելոնի դեմ․ «Դրոշակ բարձրացրեք երկրի մեջ, փող հնչեցրեք ազգերի մեջ, նորա դեմ պատրաստեցեք ազգերին, հրավիրեցեք նորա դեմ Արարատի, Մինիի և Ասքանասի թագավորությունները, նորա վերայ զօրավարներ նշանակեցէք. Ձիեր վեր հանեցէք մազոտ մարախների չափ»: 

Բաբելոնի դեմ հակամարտության առաջնորդ դարձավ Իրանի թագավոր Կյուրոս II Աքեմենյանը։ Երեմիայի նշած պետություններից երկուսը հայկական էին, իսկ Մինիի թագավորությունը գտնվում էր ներկայիս Հյուսիսային Եմենի տարածքում։ Մատենագիր Կորյունը պնդում է, որ Ասքանազի թագավորությունն իր անունը ստացել է Ասքանազից՝ Թորգոմի ավագ եղբոր անունից, ով Հայկի հայրն էր։ Թագավորության ստեղծողը հայոց Պարույր Սկայորդի թագավորն է [մ.թ.ա․ VIII  դարի առաջին կես]: Իսկ Արարատյան թագավորություն ասելով նկատի ունենք Ուրարտուն, որը կազմավորվել է Ք․ա. IX դարում [Ք․ա. մոտ 860 թ.]: Երեմիա մարգարեի ուղերձը թվագրվում է Ք․ա 594 թվականին, երբ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր II-ը ճնշեց ապստամբությունը Հրեաստանում, ավերեց Երուսաղեմի առաջին տաճարը և նվաճեց հրեա ժողովրդին:

Հրեաների գերությունը շարունակվեց Ք․ա․ 597-ից մինչև 539 թթ․: Այնուամենայնիվ, դժբախտությունն այցելեց ոչ միայն հրեաների տները․ 590 թվականին մարական բանակը գրավեց և այրեց Ուրարտուի մայրաքաղաք Վան քաղաքը։

Մարերն ու բաբելոնացիները ռազմական սպառնալիք էին ներկայացնում ոչ միայն հայերի և հրեաների, այլև պարսիկների համար, որոնք Աքեմենյան դինաստիայի ձևավորման տարիներին նրանցից վասալային կախվածության մեջ էին։ Ազատության համար պայքարը կանխորոշեց հայերի և պարսիկների միությունը։ Ք.ա. 550 թ. Պարսից Կյուրոս II թագավորը, ով հետագայում ՄԵծ կոչվեց, Հայոց Տիգրան Ա Երվանդունու հետ միասին [հայերի զորքը բաղկացած էր 40 հազար հետևակայինից և 8 հազար հեծելազորից] գրավեց և ավերեց Մարաստանը, ինչի մասին հիշատակում է Քսենոփոնն իր «Կյուրոպեդիա»-ում։ Հաջորդ պարսկա-հայկական արշավանքը, որն ուղղված էր արդեն Բաբելոնի դեմ, ճակատագրական եղավ հրեա ժողովրդի համար։ 539 թվականի հոկտեմբերի 29-ին Կյուրոս թագավորը հանդիսավոր կերպով մտավ Բաբելոն, որից հետո գերությունից ազատեց 42,6 հազար հրեաների։ Այսպես պարսիկներն ու հայերը պատասխանեցին Երեմիայի կոչին։

Կյուրոս II-ի դաշնակցությունը հայերի և հրեաների հետ հիմնված էր մեկ Աստծո հանդեպ իրանական ինքնիշխանի հավատքի վրա, ինչի մասին տեղեկանում ենք Եզրաս մարգարեի առաջին գրքից [Գլուխ 1, էջ. 1-9]․ «Պարսից Կիւրոս թագաւորի առաջին տարին՝ Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը կատարուելու համար, Տէրը զարթնեցրեց Պարսից Կիւրոս թագաւորի հոգին, եւ նա պատուէր ուղարկեց իր բոլոր թագաւորութեան մէջ՝ նաեւ հրովարտակով հրատարակեց ասելով. Այսպէս է ասում Պարսից Կիւրոս թագաւորը. Երկրի բոլոր թագաւորութիւններն ինձ է տուել երկնից Աստուածը՝ Եհովան, եւ նա ինձ պատուիրեց, որ Յուդայի Երուսաղէմումը նորա համար մի տուն շինեմ։ Ամեն ով որ ձեզանից նորա ժողովրդիցն է, իր Աստուածն իր հետը լինի, թող վեր գնայ Երուսաղէմ որ Յուդայումն է, եւ շինէ Իսրայէլի Աստուծոյ՝ Եհովայի տունը.  նա է Աստուած, որ Երուսաղէմումն է։ Եւ ամեն մնացորդը՝ իրանց ամեն տեղերիցը, ուր որ էլ պանդուխտ լինէ նա, նորան օգնեն նորա տեղի մարդիկն արծաթով եւ ոսկիով ստացուածքով եւ անասուններով՝ Երուսաղէմումն եղող Աստուծոյ տան համար կամաւոր ընծաների հետ»։

Եզրասը հիշեցնում է, որ Կյուրոս թագավորը  «և նորանց շուրջը եղողների բոլորն օգնեցին նորանց արծաթի անօթներով, ոսկիով, ստացուածքով եւ անասուններով եւ թանկագին բաներով բացի այն բոլորից որ կամաւ ընծայեցին»։

 «Եւ Կիւրոս թագաւորը դուրս հանեց Տիրոջ տան անօթները, որ Նաբուգոդոնոսորը դուրս էր տարել Երուսաղէմից եւ դրել էր նորանց իր աստուծոյ տանը։ Եւ Պարսից Կիւրոս թագաւորը դուրս հանեց նորանց Միթրիդատ գանձապետի ձեռովը, եւ համարեց նորանց և յանձնեց Յուդայի իշխան Սասբասարին»։

Ստացվում է, որ պարսիկներն ու հայերը նյութապես աջակցել են հրեա ժողովրդի կողմից Երուսաղեմի երկրորդ տաճարի կառուցման մեկնարկին, որը գոյություն է ունեցել Ք․ա 516-ից մինչև 70 թվականը։

Շնորհիվ այն արդար գործերի, որ հայ ժողովուրդը կատարեց ի փառս Բարձրյալի, Երուսաղեմի երկրորդ տաճարի կառուցումից մեկուկես դար անց՝ Ք․ա․ 331 թվականին, աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվում է Մեծ Հայքը: Մերձավոր Արևելքում և Կովկասում Հայկական թագավորությունը ստանձնեց գերիշխողի դերը Աքեմենյան դինաստիայից, որն ընկավ Դարեհ III-ի և Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի միջև Գավգամելայի ճակատամարտի արդյունքում։ Մեծ Հայքը օրհնություն դարձավ ոչ միայն հենց հայերի, այլև այնտեղ ապրող մյուս ժողովուրդների համար:

Պատահական չէ, որ հայկական թագավորությունը հրեական նշանակալի համայնքների բնակության վայր էր։ «Հրեաները Հայաստանում լավ են ապրում»,- գրել է հրեա պատմաբան Հովսեփ Ֆլավիոսը հայկական հողեր կատարած իր այցի արդյունքներով:

Ֆլավիոսից երկու հազար տարի անց Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեյր Բուրշտեյնը եզրակացություն է արել, որը ցույց է տալիս երկու ժողովուրդների հարաբերությունների էթիկան․ «Հայաստանում հայտնի չեն հրեական ջարդերի, հակահրեական շարժումների կամ բռնի մկրտության այնպիսի դեպքեր, որոնք եղել են, օրինակ, Իսպանիայում, որտեղից հրեաները փախել են։ Հրեաները փախել են նաև Իրաքից, Լեհաստանից, Ռումինիայից... Շատ երկրներ կարելի է թվարկել: Այս առումով Հայոց պատմությունը արատավորված չէ նման հիշողություններով, ինչը նշանակում է, որ այն հարթակ և հույս է տալիս արարելու, հոգևոր և նյութական սկզբունքներով ջանքերը միավորելու համար: Կարծում եմ, որ այս փորձը լավագույնն է, որ կարող են քաղել իրենց հին պատմությունից ինչպես հայ, այնպես էլ հրեա ժողովուրդները»։

Հրեաների և հայերի հարգանքը միմյանց նկատմամբ դրսևորվել է նաև բիբլիական եբրայերենի և գրաբարի փոխադարձ ազդեցությամբ: Լեզվաբաններ Նադեժդա Բանչիկն ու Կարինե Մկրտչյանը հիշեցնում են, որ եբրայերեն բառերը հայերեն տառադարձության մեջ հնչյունականորեն հնչում են բնագրին շատ մոտ: Օրինակ՝ տապանը կառուցողին հրեաները անվանում են Նոահ, իսկ հայերը՝ Նոյ, որը թարգմանության մեջ ունի երկու իմաստ՝ «հանգիստ» և «արդար»: Եբրայերենում և հայերենում որոշ բառեր ունեն ընդհանուր արմատներ՝ «արատեսիլ-տեսակ» («աչք»), «արյո-առյուծ»։ Իսկ կան բառեր, որոնք լեզվից լեզու են հոսում տարբեր իմաստներով. հայերեն «օր» բառը եբրայերենում  նշանակում է «լույս»։

Մեծ Հայքում հրեաներին գնահատում էին որպես իմաստուններ և առևտրի վարպետներ, իսկ հայ պատմաբանները, սկսած Մովսես Խորենացուց, մշակեցին նույնիսկ Բագրատունիների իշխանական տոհմի հրեական ծագման մասին լեգենդը, որպեսզի ամրապնդեին նրա դիրքերը թագավորական արքունիքում։ Մատենագիր Մովսես Կաղանկատվացին այդ լեգենդը սնել է հետևյալ տողերով․ «Իսկ եթե յաղագս Բագրատունեայն կամիցիս գիտել՝ Պարույր՝ որդի Սկայորդւոյ, կոչեր Հրաչեայ՝ թագավոր Հայոց որդի Հայկայ, որ խնդրեաց յարքայեն Բաբելացոց զմի ոմն ի գերելույն Հրէից՝ Շամբատ, անուն զոր ածեալ բնակեցոյց երկրին Հայոց մեծավ պատուով: Ի իմանէ սերեցավ ազգն Բագրատունեաց ի նուազել մեծագոյն ազգին յապետականի»։

Բագրատունիների պատմության նմանատիպ նկարագրություն գտնում ենք Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսի մոտ։ Այս իշխանների հրեական ծագման մասին լեգենդն ինքնին կասկածելի է, ինչպես նաև Մամիկոնյանների չինական ծագման մասին լեգենդը, որը տարածվում է որոշ հեղինակների կողմից: Սակայն նման պատմությունները հատկանշական են այն տեսանկյունից, որ հայ ազնվականությունը չէր փակվում իր էթնիկ սահմաններում, հարգում էր Իսրայելի Դավիթ թագավորին և, ըստ երևույթին, դեմ չէր նրա հետնորդների հետ կապվելուն։

Բագրատունիները արքունիքում հատուկ կարգավիճակ ունեին դեռևս Տիգրան Բ Մեծի՝ Հաբեթի գծով 44-րդ թագավորի օրոք, որ Անտիոք էր նշանակել այդ տոհմից մի մարդու՝ Ասորիքը/ Սիրիան/ կառավարելու համար։ Արդեն Արշակունիների արքայատոհմի օրոք Բագրատունի իշխաններն ունեին ասպետի տիտղոս, որը նրանց առանձնացնում էր հայ ազնվականության մեջ՝ շնորհելով Մեծ Հայքի թագավորի գլխին թագ դնելու պատվավոր իրավունք։ Այս արտոնությունը գործել է Տրդատ Գ-ի (287-330 թթ.) օրոք, ում ասպետն էր Սմբատ Բագրատունին։

Անկախ արյունակցական կապերի առկայությունից կամ բացակայությունից՝ հայերն ու հրեաները հասկանում էին, որ օրհնություն են միմյանց համար։ Ռավ Գերշոնը նման փոխկախվածությունը բացատրում է հետևյալ պատկերի միջոցով. «Այս աշխարհը կանգնած է երկու ոտքի վրա՝ մեկը Իսրայելում է, մյուսը՝ Հայաստանում, և որքան մեծ լինի կայունությունը այդ երկրներում, այնքան կայուն կլինի ամբողջ աշխարհում»:

«Արարատյան լեռը այն վայրն է, ուր հանգրվանել է Նոյի տապանը. սա այն կետն է, որտեղ ջրհեղեղից հետո նոր կյանք է վերածնվել: Իսկ Երուսաղեմն այն կետն է, որտեղ նոր կյանք է վերածնվելու։ Այնտեղ էր Առաջին տաճարը, Երկրորդ տաճարը և կլինի Երրորդ տաճարը, որը հրեական իմաստության մեջ նշվում է որպես տաճար բոլոր ազգերի համար: Այսինքն՝ սա նաև նոր աշխարհի ինքնատիպ կետ է, որը կոչվում է նաև մեսիական դարաշրջան՝ Արարչի ճանաչման դարաշրջան՝ որպես միակ սկիզբ, որը ստեղծել է ամեն ինչ և որին ենթակա է ամեն ինչ։ Ուստի այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում և Իսրայելում, շատ կարևոր է աշխարհը պահպանելու կամ չպահպանելու առումով։ Այն կետերում, որտեղ կյանքը վերածնվում է, պետք է լինի հատուկ պատկերացում կյանքի և խաղաղության արժեքների մասին: Երբ այնտեղ ապրող անհատների և ժողովուրդների ներսում խաղաղություն է հաստատվում, այն տարածվում է ամբողջ մոլորակի վրա: Սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն, սա իմ կարծիքն է, որին աջակցում են շատ հոգևոր առաջնորդներ, ովքեր խորապես գիտեն աշխարհի կառուցվածքը: Այդպես էլ կլինի։ Աստծո օգնությամբ մենք կարող ենք այս աշխարհը տանել դեպի հանգստություն և հավասարակշռություն, որով աշխարհը պետք է ապրի»,- նշել է Հայաստանի գլխավոր ռաբբին «ИА Реалист» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Ըստ ռաբբի Գերշոնի՝ երկու ժողովուրդներին ներկայումս «պակասում են այնպիսի անձնավորություններ, ինչպիսիք են Տիգրան Մեծն ու Սողոմոն թագավորը, ում մոտ իմաստություն սովորելու էին գնում բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ»։

Տիգրանը կառուցեց հայոց պատմության մեջ ամենահարուստ կայսրությունը, որը արևմուտքում սահմանակից էր Եգիպտոսին, իսկ արևելքում՝ դեպի Կասպից ծով էր դուրս գալիս։ Հարստության մասշտաբները գնահատելու համար բավական է դիմել Պլուտարքոսին, ով պարզաբանում է, որ Տիգրանակերտի գրավումից հետո հռոմեացի զորավար Լուկուլլոսը քաղաքից դուրս է բերել 8 հազար տաղանդ. XIX դարի վերջին քառորդի փոխարժեքների համաձայն՝ այս գումարը կազմում է մոտ 48 միլիոն ոսկե ֆրանկ, 34 միլիոն գերմանական ոսկե մարկ կամ մոտ 17 միլիոն ոսկե ռուբլի։ Իսկ Պոմպեոսի հետ հաշտություն կնքելուց հետո Տիգրանը նրան վճարեց 6 հազար տաղանդի փոխհատուցում, ինչը հավասար է մոտ 36 միլիոն ոսկե ֆրանկի։ Հայ ազնվականության հարստությունները մոտավորապես գնահատելու համար, հիշեցնենք, որ 1867 թվականին ԱՄՆ-ը 11 միլիոն ոսկե ռուբլով գնեց ռուսական Ալյասկան։

Տիգրան Բ Արտաշեսյան թագավորի  (Ք․ա 95-55 թթ.) և նրա հաջորդ Արտավազդի (Ք․ա․ 56-33 թթ.) օրոք հրեաների զանգվածային գաղթը Մեծ Հայք հետևանքն էր ինչպես ազգային աղետի՝ 70 թվականին Հռոմի կայսր Տիտոսի կողմից Երուսաղեմի Երկրորդ տաճարի ավերման, այնպես էլ Հրեաստանում քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում Հասմոնյան թագավորությունը Ք․ա․ 62 թվականին հայտնվեց հռոմեացիների տիրապետության տակ։

Տարբեր գնահատականներով՝ խոսքը մոտ 300 հազար վերաբնակիչների մասին է։ Հռոմի հետ պատերազմների արդյունքում, որոնք Տիգրան Բ-ն վարում էր պարթևների հետ դաշնակցած, Հրեաստանը, Փյունիկիան և Սիրիան հայտնվեցին հայկական պրոտեկտորատի տակ, ինչը նպաստեց հրեաների վերաբնակեցմանը Արտաշատ, Երվանդաշատ, Արմավիր, Վարդգեսավան, Վան և այլ քաղաքներ։ Հայաստանի տնտեսության և առևտրի համար Տիգրանի նախաձեռնած հրեաների վերաբնակեցումը անվիճելի բարիք էր, քանի որ նրանց բարգավաճումը բազմապատկում էր հայոց թագավորների հարստությունը։

Պատահական չէ պատմաբան Հակոբ Մանանդյանը նշել, որ «Տիգրանի ժամանակաշրջանում, ինչպես հետագայում Արշակունիների օրոք, հին Հայաստանի առևտրում գերակշռող դեր են խաղացել ոչ թե հայերը, այլ օտարաբնակները, հիմնականում հրեաներն ու սիրիացիները»: «Թե որքան ուժեղ է եղել սեմիտների ազդեցությունը հին Հայաստանի առևտրական քաղաքային կյանքում, երևում է նրանից, որ հայերենում առևտրի հետ կապ ունեցող առավել սովորական տերմինները, ինչպիսիք են օրինակ՝ gaghuth գաղութ, shuka շուկա, hanut խանութ, hashiv հաշիվ բառերը, փոխառված են ասորերենից»։

Մեծ Հայքում հրեաների բարգավաճման վկայությունը նրանց մեծաթիվ Սփյուռքն է, որի միջոցով պարսկական կառավարիչները որոշել էին հարստանալ հայկական հողերի բաժանման ժամանակ։ Մատենագիր Փավստոս Բուզանդի գնահատմամբ՝ 368 թվականին իրանցիները Արտաշատից, Վաղարշապատից, Երվանդաշատից, Զարեհավանից, Զարիշատից և Վանից գերեվարել են շուրջ 100 հազար հրեա ընտանիք։ Տպավորիչ ցուցանիշ է, այնպես չէ՞:

Պատմությունը համակարգված կերպով հետևեց Արարչի կարգադրությանը․ որքան հեռու էին ապրում հրեաները Իսրայելի թագավորության սահմաններից, այնքան ավելի հեռու էր դառնում նրանց Առաքելությունը՝ կապված Երրորդ տաճարի կառուցման հետ։ Այսինքն՝ Տիգրան Բ-ի կողմից հրեաների՝ Հայաստան տեղափոխությունը խախտեց Հայկ Մելքիսեդեկի միջոցով Աբրահամին տրված օրհնությունը։

Հիշեցնենք, որ Ք․ա․ VI դարում այս օրհնությանը հետևում էր Տիգրան Ա Երվանդունի թագավորը՝ մասնակցելով հրեաների ազատագրմանը Բաբելոնյան գերությունից: Այդ պատճառով Տիգրան Երվանդունուց երկու դար անց քարտեզի վրա առաջացել է Մեծ Հայքը, իսկ 66-69 թվականներին՝ «արքայից արքա» Տիգրան Արտաշեսյան թագավորից հարյուր տարի անց, Հայաստանը անցավ Հռոմի պրոտեկտորատի տակ և Արտաշեսյաններին փոխարինելու եկավ նոր արքայատոհմ՝ Արշակունիները։

Բարձրյալն օրհնել է Հայկին և Աբրահամին, որպեսզի նրանց և նրանց սերունդների միջոցով պատրաստի մարդկությանը մեկ Աստծո ընդունմանը: Ուստի Հիսուս Քրիստոսն այս աշխարհ հայտնվեց Աբրահամի հետնորդների միջոցով, իսկ նրա հավատքն առաջինը պետական մակարդակով ընդունեցին Հայկի հետնորդները։ Սակայն ո՛չ հայերը, ո՛չ հրեաները լիարժեք չեն կատարել իրենց առաքելությունը, քանի որ մարդկության համար պատասխանատվության փոխարեն ընտրվել է մարդկության առաջ բացառիկության ճանապարհը:

Հատուցումն իրեն երկար սպասեցնել չտվեց․ 387 թվականին Մեծ Հայքը բաժանվեց Սասանյան Իրանի և Հռոմի միջև դավադրության շրջանակներում, իսկ Արարատյան հողում բնակվող հրեաները իրանցիների ստրկության մեջ հայտնվեցին՝ կիսելով հայերի ճակատագիրը։

Ռաբբի Գերշոնի կարծիքով, որը մեջբերում է «Լեհայիմ» պարբերականը, «հայերը երբեք մինչև վերջ չեն կորցրել իրենց պատմական հայրենիքը», «իսկ հրեաները երկուսուկես հազար տարի հայրենիք չեն ունեցել, դա նպաստել է նրանց ավելի մեծ համախմբմանը հանուն Իսրայելի ազգային անվտանգության»: Այսինքն՝ հայերն ու հրեաները տարբեր փորձառությունների կրողներ են։ Սակայն Բաբելոնի ժամանակներից ի վեր նրանց հակադրվում է մեկ թշնամի՝ գաղութատիրությունը, որը կայսերական ինստիտուտների միջոցով բռնի կերպով շահագործում և ստրկություն է սերմանում։

Այս առումով XX դարը երկու ժողովուրդների համար աննախադեպ փորձություն էր։ Եվ հենց ամենասկզբից: 1903թ.ապրիլի 6-ին և 7-ին Քիշնևում և նրա շրջակայքում տեղի ունեցան հրեական ջարդեր, որոնք խլեցին 50 մարդու կյանք, Իսկ 1905թ. փետրվարի 6-ից 10-ը Բաքվում կոտորեցին 700 հայի:

Հետազոտող Էլիեզեր Հիրշենզոնը երկու դեպքում էլ պատասխանատվություն է դնում տեղի ցարական վարչակազմի վրա, որը հայերին անվանում էր «ցարի թշնամիներ»՝ մեղադրելով նրանց «սեփական թագավոր ունենալու և թաթարներին կոտորելու ձգտման մեջ»․ «Բաքվի իրադարձությունները դարձան Քիշնևի դեպքերի կրկնությունը և, կարծես, շարունակությունը. և՛ այնտեղ, և՛ այնտեղ ցարական իշխանության կողմից ավելի պաշտպանված բնակչությունը սպանում և թալանում էր նրանց, ովքեր անպաշտպան էին և անցանկալի»:

Պետք է գնահատել ըստ արժանվույն. հրեաներն այդ ժամանակ անմասն չմնացին։ 1905 թվականի փետրվարի 9-ին Բաքվի հրեականության ազդեցիկ ներկայացուցիչները ցարական նախարարների կաբինետի ղեկավարին ուղղված հեռագիր էին ուղարկել հետևյալ բովանդակությամբ.

«Արդեն երրորդ օրն է, ինչ Բաքու քաղաքում պարապ ոստիկանության ու զորքերի աչքի առաջ շարունակվող կոտորածներն ու կողոպուտները սպառնում են անցնել գործարանային շրջան։ Մենք տեսնում ենք գործարանային շրջանի աշխատողների և շրջակա գյուղերի բնակչության աճող հուզմունքը, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի արյունալի մարտերի և գործարանային գույքի ջախջախման, եթե շարունակվի իշխանությունների անգործությունը: Խնդրում ենք Ձերդ գերազանցությանը պատշաճ առաջարկություն անել կոտորածը դադարեցնելու համար»։

Հեռագիրը ստորագրել են Բաքվի հրեական համայնքի ղեկավար և Կասպից-Սևծովյան գործարանների կառավարիչ Ադոլֆ Գուխմանը, գործարանի կառավարիչ Լիանոզովա Գուրվիչը, նավթի գործարանի ղեկավար Շիբաևա Ելինը, Բիխովսկի Գինզբուրգի գործարանի կառավարիչ, Կասպից-Սևծովյան գործարանների կառավարչի օգնական Գինիսը և այլք:

Չորս օր անց՝ արդեն փետրվարի 13-ին, Բաքվում արդյունաբերողների արտակարգ համագումարում, որտեղ հրեաները զգալի ներկայացվածություն ունեին, ընդունվում է նույնիսկ ներկայիս ժամանակների համար համարձակ մի բանաձև․

«Ջարդարարների և մարդասպանների ողջ վարքագիծը հանգեցնում է այն համոզման, որ ա) մահմեդական մութ զանգվածը սկսել և շարունակել է կոտորածը անպատիժ մնալու վստահությամբ, բ) որ այդ կոտորածին նախորդել է նախապատրաստությունը և գ) որ այս ամբողջ գործը ղեկավարել է փորձառու ոստիկանական ձեռք, դա հաստատում է գտնում նաև կոտորածի արագ, գրեթե ակնթարթային դադարեցման փաստի մեջ` կարծես հրահանգի խոսքով... քանի որ Ռուսաստանում առկա համակարգի պայմաններում Քիշնևի և Բաքվի նման փաստերը անկանխելի են՝ խոսքի ազատության, հավաքների, անձի իրավունքների երաշխիքների բացակայության պատճառով, քանի որ մյուս կողմից, կառավարությունն անուղղակիորեն և ուղղակիորեն մեղավոր է այս փաստերի համար, քանի որ օրգանապես ի վիճակի չէ փոխել գոյություն ունեցող համակարգը... իսկ երկրի ներսում քաղաքացիների ջարդ է տեղի ունենում, ապա մեր հայրենիքի այլևս անհանդուրժելի վիճակից դուրս բերելու միակ ելքը Ժողովրդական ներկայացուցիչների հիմնադիր ժողով գումարելն է... Եվ այստեղ՝ դեռ չփակված հարյուրավոր սպանվածների գերեզմանների, խոշտանգված կանանց, երեխաների և անօգնական ծերերի դեռ ծխացող արյան մոտ, մենք պետք է երդվենք մեր ողջ ուժերը գործադրել հայրենիքի փրկության գործում»:

Նոր ջարդերից և հալածանքներից խուսափելու համար Օդեսայի, Քիշնևի, Կիևի, Խարկովի, Կրեմենչուգի, Ղրիմի, Կովկասի քաղաքների, Միջին Ասիայի և Ռուսական կայսրության այլ շրջանների հրեաները դիմում էին Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելու խնդրանքով, ինչը վրդովմունք և դիմադրություն էր առաջացնում ցարական պաշտոնյաների շրջանում: Հրեաների խնդրագրերն ուղարկվում էին նաև Ռուսական Ուղղափառ եկեղեցի, ինչպես նաև կաթոլիկներին և բողոքականներին, բայց հայերի հետ հրեաների ֆիզիկական նմանության պատճառով հրեայի համար փողոցում որպես հայ ներկայանալը շատ ավելի հեշտ էր, քան որպես ռուս կամ ուկրաինացի: Ուստի 1910թ.-ից մինչև 1915թ. առաջին ամիսները Նախիջևան-Բեսարաբական հայ-գրիգորյան թեմը ստանում էր բազմաթիվ նման նամակներ, որոնք պահպանվել են արխիվներում։

Իրենց փաստաթղթերում ցարական պաշտոնյաները վկայակոչում էին հրեաների շահախնդրությունը, բայց խոսքն ամենևին էլ շահախնդրության մասին չէր, այլ Սանկտ Պետերբուրգում կառավարության կողմից մշակված աճող հակահրեականության ֆոնին անվտանգություն ապահովելու փորձի մասին։ Ռուսաստանի հայ համայնքներն իրենց բոլոր գույքային արտոնություններից զրկվել էին դեռևս 1870 թվականին։ Այնպես որ, հայկական մկրտության վկայականներ ստացած հրեաները նոր կարգավիճակից նյութական օգուտ ձեռք չեն բերում։

Ցարիզմի խորամանկ և երկերեսանի վերաբերմունքը հրեաների և հայերի նկատմամբ խթանեց այս երկու ժողովուրդների մասնակցությունը հեղափոխական շարժմանը։ Դրանով կրկնվեց հրեաների և հայերի պայքարի Հին Կտակարանի պատմությունը հեթանոսական տերությունների՝ Բաբելոնի և Մարաստանի դեմ, որոնց նմանակները XX դարում Եվրոպայի և Ասիայի գաղութային տերություններն էին։ Հետևաբար, գաղութարարների կողմից իրենց արտոնությունները պահպանելու համար սանձազերծված երկու համաշխարհային պատերազմներն արագացրին կայսրությունների անկումը՝ ազատության ճանապարհ բացելով ենթակա բազմաթիվ ժողովուրդների համար:

Իշխանության կորստից չարացած ստրկատիրական տերությունները փորձեցին երկու փուլով վրեժխնդիր լինել աշխարհից ապագաղութացման համար՝ իրենց զայրույթը նախ թափելով Հայկի, այնուհետև Աբրահամի սերունդների վրա, որոնք սեփական արյունով փրկագին էին տալիս այլ ժողովուրդների անկախության համար։ Այսինքն՝ Առաջին համաշխարհային պատերազմում, որը բերեց Օսմայնան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը և Երկրորդ համաշխարհային պատերազմում, որը վերածվեց հրեաների Հոլոքոստին Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում, հեթանոսները հալածանքներ կազմակերպեցին Հայկի և Աբրահամի ժառանգների դեմ՝ որպես վրեժ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդներին գաղութատիրությունից ազատելու համար։

Համաշխարհային պատերազմները մարդկության համար հատուցում էին ծառայում: Շատ ժողովուրդներ այս կոտորածի մեջ կորցրեցին իրենց լավագույն որդիներին ու դուստրերին։ Ընդ որում՝ տոկոսային հարաբերությամբ երբեմն ոչ պակաս, քան հայերն ու հրեաները։ Նկատի ունեմ արաբների, հույների, ասորիների, եզդիների և ռուս մոլոկանների զանգվածային բնաջնջումը։ Բայց, ի տարբերություն նրանց, հայերն ու հրեաները երկու համաշխարհային պատերազմներում բնաջնջվում էին հենց որպես տեսակ, քանի որ նրանց գոյությունն ինքնին Թալեաթի, Էնվերի, Ջեմալի և Հիտլերի տիպի հեթանոսների կողմից ընկալվում էր որպես մարտահրավեր իրենց կուռքերին:

Հատկանշական է, որ Ցեղասպանություն իրականացրած Օսմանյան կայսրությունը և Հոլոքոստ կազմակերպած Գերմանիան դաշնակիցներ էին ինչպես Առաջին, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Թուրք հեթանոսները երկրպագում էին Թուրանը, իսկ գերմանացի հեթանոսները երկրպագում էին իրենց գաղտնի աստվածներին: Նրանց միջև հաղորդակցությունները գործում էին նույնիսկ երիտթուրքական շարժման պարագլուխների վերացումից հետո։ Պատահական չէ, որ 1943 թվականին, երբ արդեն ակնհայտ էր, որ հակահիտլերյան կոալիցիան արմատական բեկում է իրականացրել պատերազմում, Թալեաթի աճյունը նացիստական Գերմանիայից հանդիսավոր կերպով տեղափոխվեց Կոստանդնուպոլսի թանգարան:

Մենք՝ XXI դարում ապրող հայերս, երախտապարտ ենք արդար հրեաներին, ովքեր առաջիններից մեկն էին աշխարհին պատմել հայ ժողովրդի ողբերգության մասին։ Նրանց թվում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան (1913-1916թթ.) Հենրի Մորգենթաուն, ծագումով ամերիկացի հրեաների ազնվական ընտանիքից, ով ցեղասպանությունը նկարագրել է որպես «ժամանակակից պատմության ծանրագույն հանցագործություն» և անձամբ ջանքեր է գործադրել հայերի փրկության համար: «Մեր ժամանակների ամենասև էջերից սա ամենասևն է»,- ասում էր ամերիկացի դիվանագետը։ Առաջին աշխարհամարտում գերմանական բանակում ծառայող հրեա Ֆրանց Վերֆելի գրչին է պատկանում «Մուսա լեռան քառասուն օրը» հայտնի վեպը, որը հիմնված է Հայոց ցեղասպանության մասին իրական իրադարձությունների վրա: Հատկանշական է, որ Վերֆելի գիրքը թարգմանվել է եբրայերեն 1934 թվականին և լայն տարածում է գտել Պաղեստինում: Իսկ 1942-1943 թվականներն ընկած ժամանակահատվածում վեպը մեծ ազդեցություն ունեցավ լեհական գետտոներում հրեական ընդհատակի մասնակիցների վրա:

Ի պաշտպանություն հայերի հանդես են եկել Պաղեստինում գործող հրեական ընդհատակյա «Նիլի» կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաև հրեա հրապարակախոսներ Իտամար Բեն-Ավին, Բեռնար Լազարը, Արոն Արոնսոնը, Յակով Ռաբինովիչը, Ահարոն Ռեուվենին և այլք: «Նիլի»-ի անդամներից մեկը՝ Լևի-Իցհակ Շնեերսոնը, ով 1916 թվականի հուլիսին այցելել էր Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպանատուն, իր օրագրում մարգարեական կանխազգացում էր հայտնել. «Շքեղ նախասրահում տեսա հայկական կոտորածի զոհերի կարիքների համար նվիրատուների անուններով տախտակ։ Հատկապես առանձնանում էին հրեական անունները. դրանց դիմաց բավականին տպավորիչ գումարներ էին։ Ըստ երևույթին, դա հատուկ կանխազգացման տեսակ է, որը ստիպել է մեր հրեա եղբորը օգնության հասնել հայերին։ Ի վերջո, արդյոք մեզ նույն ճակատագիրը չի՞ սպասում: Տա Աստված, որ իմ մռայլ կանխագուշակությունները չիրականանան»։

Ի դեպ, «Ցեղասպանություն» («Գենոցիդ») եզրույթն ինքնին շրջանառության մեջ է դրվել հրեական ծագմամբ իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից Մադրիդում կայացած խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ: Խորհրդանշական է, որ համաժողովը տեղի է ունեցել 1933 թվականին, երբ Հիտլերը նշանակվեց ռեյխի կանցլեր։

Երեք տարի անց՝ 1936 թվականի մայիսի 19-ին, Իսրայելի ապագա վարչապետ Դավիթ Բեն Գուրիոնը «Սոխնուտ» գործակալության նիստում հանդես եկավ ելույթով, որը պատրանքների տեղ չի թողնում գաղութային տերությունների քաղաքականության վերաբերյալ․

«Ես ենթադրում եմ, որ խոսում եմ քաղաքական մտահորիզոն ունեցող մարդկանց հետ։ Այն ժամանակից ի վեր, ինչ ընդունվեց Բալֆուրի հռչակագիրը և հաստատվեց մանդատի կառավարումը, Վերսալի պայմանագիրը պատռվեց մանր կտորների, իսկ 34 երկրների կողմից ստորագրված Ազգերի Լիգայի դաշնագիրը հազիվ է շնչում: Ասորիներին խաբեցին, հայերին՝ նույնպես։ Լոկառնոյի պայմանագիրը, որն ապահովված էր երեք մեծ տերությունների՝ Անգլիայի, Իտալիայի և Ֆրանսիայի կողմից, փաստացի չեղյալ է հայտարարվել։

Բայց ահա թե ինչում է պարադոքսը. հրեաների հետ պայմանագիրը խզելն այնքան էլ հեշտ չէ... Այսպես, հնչեց և իսկույն խախտվեց հայերին անկախություն տրամադրելու խոստումը։ Հայերը քրիստոնյա ժողովուրդ են, և, այդուհանդերձ, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչնչացվեցին նրանց մեկ միլիոն ցեղակիցներ, իսկ նրանց անկախություն տրամադրելու խոստումը խախտվեց: Հրեաները մնում են աղքատ և թույլ, սակայն նրանց տված խոստումը խախտելն այնքան էլ հեշտ չէ»։

Բեն Գուրիոնի քաղաքական Օլիմպոս բարձրանալուց շատ առաջ հրեական ազգային շարժման առաջնորդները տրամագծորեն հակառակ գնահատականներ էին տալիս Հայկական հարցի վերաբերյալ։ Օրինակ, սիոնիզմի գաղափարախոս Թեոդոր Հերցլը հայկական հարցում բացահայտ օսմանամետ դիրքորոշում ուներ, իսկ 1901 թվականին Բազելում կայացած Սիոնիստական Հինգերորդ Կոնգրեսի մասնակիցները պաշտոնապես իրենց հարգանքն էին հայտնել Սուլթան Աբդուլ Համիդ երկրորդին՝ նրա աջակցությունը ստանալու համար։ Կոնգրեսին ուղղված իր ուղերձում Հերցլը հիանում էր արյունոտ սուլթանով։ Ահա թե ինչպես է նա բնորոշել հայերին սպանողին իր օրագրում․

«Այս տարվա մայիսին ես պատիվ ունեցա տևական ընդունելության արժանանալ Նորին Մեծություն սուլթան Աբդուլ Համիդ II-ի մոտ։ Նրա ընդունելության բարությունն ու սրտացավությունը արդարացրին իմ ամենահամարձակ հույսերը, Իսկ Նորին Մեծության վերաբերմունքն ու խոսքն ինձ մոտ մնայուն տպավորություն թողեցին, որ հրեաները ի դեմս նրա գտան իսկական բարեկամ և հովանավոր։ Սուլթանն ինձ լիազորեց այդ տպավորությունը փոխանցել լայն հրապարակայնությանը։ Թող լսեն ամբողջ աշխարհի հրեաները, թող հասկանան, թե դա ինչ հեռանկարներ է բացում իրենց առջև, թող պատրաստվեն գործողությունների, որոնք բարգավաճում կբերեն ոչ միայն իրենց, այլև նրանց հանդեպ ողորմած գտնվող Կայսրությանը»։

Սիոնիստական Կոնգրեսի Գործկոմի շրջանակներում Հերցլի զինակից գրող Բեռնար Լազարը ժողովի մասնակիցներին խայտառակություն էր որակել, հայկական «Pro Armenia» ամսագրում գրելով հետևյալ տողերը․

«Բազելում հավաքված Սիոնիստական կոնգրեսն իր հարգանքն է հայտնել սուլթան Աբդուլ Համիդ II-ին: Ճնշված ազգերի հնագույն ներկայացուցիչները, որոնց պատմությունը գրված է արյունով, ավելի ճիշտ՝ մարդիկ, ովքեր իրենց այդպիսին են հռչակում, գովերգել են մարդասպանին... Ոչ մի բողոքի ձայն չհնչեց այս համաժողովում (կոնգրեսում), ոչ մի մարդ չգտնվեց, ով դրա՝ նախիրի հոգեբանությամբ առաջնորդներին կասեր. «Դուք ձեր ազգի խայտառակությունն եք»։ Ոչ ոք չցանկացավ պատասխանատվություն ստանձնել և Բազելի կոնգրեսին հետ պահել այն սխալ քայլից, որը կատարեցին նրա ղեկավարները: Իսկ չէ՞ որ նրանք, ովքեր ապրում են ռուսական անծայրածիր տարածությունների խավարում, Վիլնոյի խորշերում, Բերդիչևի և Օդեսայի ետնախորշերում՝ առանց էլեկտրականության և ջերմության, չգիտեն Կարմիր Սուլթանի մասին [Այդպես էին անվանում Աբդուլ Համիդին նրա արյունալի կառավարման պատճառով], սպանված հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության լծի տակ հառաչող բոլոր ժողովուրդների մասին»։

Հերցլը չէր սպասում նման հակահարվածի և խոցվել էր, ինչի մասին վկայում է նրա օրագրի գրառումը․ «Եվս մի բան կա, որ ինձ անհանգստացնում և խոցում է։ Երբ սուլթանի պատասխան հեռագրի մասին հայտնի դարձավ թերթերին, ես սկսեցի Ժնևից և Լոզանից հեռագրեր ստանալ բոլոր ազգությունների ուսանողներից՝ հիմնականում հայերից, բուլղարացիներից, մակեդոնացիներից և լեհերից՝ «Կարմիր Սուլթանին» ուղղված իմ հեռագրի վերաբերյալ արհամարհանքի և վրդովմունքի արտահայտություններով»:

Ի տարբերություն Հերցլի, Համաշխարհային սիոնիստական կոնգրեսի առաջնորդներ Խայիմ Վեյցմանը և Նաում Սոկոլովը ավելի հավասարակշռված դիրքորոշում ունեին և հրապարակայնորեն դատապարտում էին հայերի կոտորածները։ Նրանց օգնական և ապագա դիվանագետ Շմուել Տոլկովսկին նույնպես անմասն չմնաց. «Մենք՝ սիոնիստներս, հայ ժողովրդի ճակատագրին նայում ենք խորը և անկեղծ կարեկցանքով, մենք դա անում ենք որպես տղամարդիկ, որպես հրեաներ և որպես սիոնիստներ»: 1918 թվականի ապրիլին «Արարատ» պարբերականի համար նախատեսված հոդվածում Տոլկովսկին ճակատագրական խոսքեր է ասել․ «Մենք համոզված ենք, որ ազատ և բարգավաճ Հայաստանը, ազատ և բարգավաճ Արաբիան, ազատ և բարգավաճ հրեական Պաղեստինը երեք հիմնասյուներն են, որոնց վրա պետք է խարսխվեն Մերձավոր Արևելքի գալիք խաղաղությունն ու բարեկեցությունը»:

Իսրայելցի պատմաբան Յահիր Աուրոնը «Անբացատրելի անտարբերություն. Սիոնիզմը և Հայոց Ցեղասպանությունը» գրքում հիշեցնում է, որ 1917-1920 թվականներին Վեյցմանը և Սոկոլովը սերտ կապ են պահպանել հայության ներկայացուցիչների հետ․ 

«Փարիզում և Լոնդոնում սիոնիստների և հայերի միջև հիմնական կապող օղակը բրիտանացի դիվանագետ Մարկ Սայքսն էր։ Հետպատերազմյան Մերձավոր Արևելքի կառուցվածքի մասին նրա պատկերացումը հիմնված էր Բրիտանական կայսրության հովանու ներքո հրեա-արաբա-հայկական միության ստեղծման գաղափարի վրա»։

Հրեա մտավորականները Հայոց ցեղասպանության մասին գրել են բուն տերմինի առաջացումից շատ առաջ։ Օրինակ՝ հրեական ընդհատակյա «Նիլի» կազմակերպության հիմնադիրներից Արոն Արոնսոնը կազմել էր հատուկ հուշագիր, որը ներկայացվել էր 1916 թվականի նոյեմբերի 16-ին Լոնդոնի անգլիական ռազմական կաբինետին, որտեղ մանրամասն խոսվում էր հայկական կոտորածներին թուրքական իշխող դասի ներկայացուցիչների մասնակցության մասին։ Արոնսոնի և նրա «Նիլի» զինակիցների պատկերացումներում Հայկական հարցը մաս էր կազմում այն հակագաղութային պայքարի, որը հրեաները վարում էին Պաղեստինում Օսմանյան էմիսարների դեմ։ Հետևաբար, հրեական ջարդերի հետ ասոցիացիաները նրա մոտ ինքնըստինքյան էին առաջանում։

Դեռևս XIX դարի վերջին, երբ սուլթան Աբդուլ Համիդ II-ը, օգտվելով արևմտաեվրոպական գաղութային տերությունների և Ռուսական կայսրության անտարբերությունից, սիստեմատիկ բնաջնջում էր հայերին, ամերիկյան մամուլում նույնիսկ հայտնվեց «հայկական Հոլոքոստ» եզրույթը․ 1895 թվականի սեպտեմբերի 10-ին «New York Times»-ում լույս տեսավ «Հերթական հայկական Հոլոքոստը» ճչացող վերնագրով հոդված։ Եվ դրանում քիչ չէր հրեա լրագրողների ազդեցությունը։

Ցեղասպանության և Հոլոքոստի ճանաչման հետ կապված պատմությունը դեռ հարցեր է առաջացնում։ 2023 թվականի ամռան դրությամբ, Իսրայել պետությունը հակադրվում է հայ ժողովրդի ողբերգության ճանաչմանը, ինչը բացատրվում է հրեական քաղաքական վերևների եսասիրությամբ և նույնիսկ վշտի հարցում բացառիկ մնալու նրանց ձգտմամբ:

Ավելին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայկական Արցախ նահանգի դեմ բաքվաթրքական ագրեսիայի մասնակից է: Նրա ձեռքերը ներկված են հայկական արյունով ոչ պակաս, քան Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի տիպի բռնակալների ձեռքերը։ Իր մեղքերի ծանրության տակ, որոնք դուրս են գալիս Հայկական հարցի շրջանակներից, Նեթանյահուն կորցրեց իշխանությունը բաքվաթրքական ագրեսիայի ավարտից յոթ ամիս անց: Եվ նույնիսկ պաղեստինցիների հետ տարօրինակ պատերազմը չփրկեց Նեթանյահուի վիճակը, քանի որ նա խախտեց հոգևոր օրենքները: Սակայն 2022 թվականի դեկտեմբերին Նեթանյահուն կրկին վերադարձրեց իր վարչապետի աթոռը, ինչը նրան թույլ տվեց շարունակել հակահայկական կուրսը։

Հրեա ժողովրդի քաղաքական վերնախավը դեռևս հեռու է ճշմարտությունից, ինչը չի կարելի ասել հրեա հոգևորականների մասին. դեռևս 2005 թվականի նոյեմբերին Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ «Անհնար է առանց արցունքների հիշել այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ Թուրքիայում։ Ես՝ որպես հոգևորական, ճանաչում եմ Ցեղասպանության փաստը, իսկ մնացածը կախված է քաղաքական և միջազգային հարաբերություններից»,- ասել է Մեցգերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ։ Ռաբբի Յոնայի մակարդակի մարդիկ խորապես հասկանում են աշխարհի կառուցվածքը, քանի որ նրանք գիտեն Սուրբ Գիրքը:

Հայ-հրեական հարաբերությունները հենված են մեծագործների վրա։ Նրանք իրենց խոսքով և գործով տարբեր տարիներին պահպանել են աստվածաշնչյան այն թելը, որը կապում է Հայկի և Աբրահամի սերունդներին։ Ուստի Հոլոքոստի տարիներին Ցեղասպանությունը վերապրած հայերը օգնության ձեռք էին մեկնում հրեաներին։ Այս մասին, մասնավորապես, պատմում է Հոլոքոստի պատմության «Յադ Վաշեմ» հուշահամալիրի կայքը, որտեղ կա հատուկ բաժին՝ «Հայերն Աշխարհի ժողովուրդների արդարակյացներն են»:

«Հոլոքոստի տարիներին հրեաներին փրկողների թվում եղել են նաև հայեր, որոնցից շատերը վերապրել են Ցեղասպանությունը XX-րդ դարասկզբին։ Նրանք օգնել են հրեաներին Եվրոպայի բոլոր անկյուններում, ուր իրենք ստիպված են եղել փախչել՝ փրկվելով հայ ժողովրդի Ցեղասպանությունից՝ Ուկրաինայում, Ղրիմում, Բելառուսում, Ֆրանսիայում, Հունգարիայում և Ավստրիայում»,- ասվում է բաժնում, որտեղ մեծագործները նշված են անուն առ անուն։

Առանձին հիշատակման է արժանի Հռոմի կաթոլիկ և Հայ Կաթողիկե եկեղեցու քահանա, Լվովի Հայ Կաթողիկե թեմի վերջին ադմինիստրատոր Դիոնիսիոս Կայետանովիչի պատմությունը, ով նացիստների կողմից գրավված քաղաքում փրկել է մի քանի հարյուր հրեաների: Հայր Դիոնիսիոսը կեղծ ծխական վկայականներ էր ձևակերպում մարդկանց մկրտության մասին՝ հրեաներին ներկայացնելով որպես հայեր։ 1943 թվականին հայ հովիվը ձերբակալվել էր Գեստապոյի գործակալների կողմից, սակայն նրան հաջողվել էր խուսափել գնդակահարությունից՝ Ուկրաինական-հունական կաթոլիկ եկեղեցու միտրոպոլիտ Անդրեյ Շեպտիցկու բարեխոսության շնորհիվ։ Սակայն Կայետանովիչի կյանքն ավարտվեց ոչ պակաս ողբերգական, քան նացիստական գերության մեջ գտնվող հրեաների ճակատագիրը․ 1945-1954 թվականներին քահանան դեգերում էր արդեն խորհրդային ճամբարներում, որտեղ նա մահացավ «չպարզված հանգամանքներում»:

Հրեաների փրկության հարցում մեծագործ էր նաև Ֆրանսիական դիմադրության առաջնորդ Միսաք Մանուշյանը, ում մահվան օրն ամեն տարի ուղեկցվում է տեղի հրեական Սփյուռքում ոգեկոչման միջոցառումներով: Ֆրանսահայերի շրջանում հրեաներին օգնելը սովորական բան էր, ինչի մասին պատմում էր մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Ի դեպ, 2017 թվականին Շառլ Ազնավուրը և նրա քույրը՝ Աիդան, Հոլոքոստի տարիներին հրեաներին փրկելու համար պարգևատրվել էին Ռաուլ Վալենբերգի շքանշանով։

Կարելի է երկար թվարկել Հայկի և Աբրահամի սերունդների միմյանց ուղղված բարի գործերը, բայց իմ գիրքն այլ նպատակ ունի: Այս գլխում ես ուզում եմ ցույց տալ հետևյալը. միասին հայերն ու հրեաները կարող են աշխարհին ավելի շատ Լույս պարգևել, քան առանձին։ Երեմիա մարգարեի կոչած չարիքի դեմ համատեղ պայքարելու փոխարեն, մենք շարունակում ենք արմունկներով հրել իրար՝ նպաստելով, որ շուրջը հաղթեն չարը և հավատուրացությունը:

Մեր նախահայր Նոյի անունը թարգմանվում է որպես «արդար, ճշմարիտ»: Այսինքն՝ «ճշմարտությամբ» ապրող։ Այսպիսով, Հաբեթի և Սեմի նրա հետնորդները պետք է կանգնեն ճշմարտության ճանապարհին: Որտեղի՞ց սկսել: Սկզբի համար երկու ժողովուրդներն էլ պետք է իրենց բառապաշարում «եզակիությունն» ու «բացառիկությունը» փոխարինեն «պատասխանատվությամբ» և «ներառականությամբ»։

Ինչո՞ւ պայքարել Արարչի առաջ գերակայության համար, եթե նա արդեն գիտի մեր մասին ամեն ինչ: Ինչո՞ւ պայքարել Արարչի առաջ գերակայության համար, եթե մենք այդ սնապարծության տոնավաճառում վաճառում ենք ամենակարևորը՝ սերը մերձավորի հանդեպ: Ինչո՞ւ պայքարել Արարչի առաջ գերակայության համար, եթե երկու ժողովուրդներն էլ դեռ հեռու են իրենց նպատակների իրագործումից:

Հայերն ու հրեաները չեն սիրում, երբ իրենց համեմատում են միմյանց հետ, քանի որ երկու ժողովուրդներն էլ խրվել են բացառիկության պատրանքների մեջ՝ մոռանալով աշխարհի համար պատասխանատվության մասին։ Քանի դեռ մենք չենք վերաիմաստավորել պատմական փորձը և դրանում մեր տեղը, հայերի համար սուրբ Արարատ լեռը կլինի Հայաստանից դուրս, իսկ Թորայի շնորհման վայրը [Սինայ լեռը] և Մովսեսի գերեզմանը [Նեբո լեռը] կլինեն Իսրայելից դուրս:

Գլուխ 9. Հայերը, Մուհամեդ մարգարեի ժամանակներից ի վեր, իսլամի բարեկամներ

Հայ ժողովրդի հարաբերությունները իսլամի աշխարհի հետ սկիզբ են առնում Սուրբ Երուսաղեմից։ Հայերն այն սակավաթիվ ժողովուրդներից են, որոնք կենդանի տեսել են Մուհամեդ մարգարեին և ստացել նրա օրհնությունը: Արաբ պատմիչ Զեքի ադ-Դինի վկայությամբ՝ 626 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարք Աբրահամը հայության 40 նշանավոր ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության գլխավորությամբ ուղևորվել է Մեքքա՝ հանդիպելու Մարգարեի հետ և խնդրելու նրա անձնական հովանավորությունը:

Մարգարեն հայերին ընդունել է ջերմությամբ և հոգատարությամբ՝ հանդիպման ավարտին նրանց շնորհելով գիր, որում ասվում էր հետևյալը․

«Ես՝ Մուհամմադս, Աբդուլլայի որդին, Աստծո մարգարեն և ծառան, իմ հարգանքն եմ հայտնում Աբրահամ պատրիարքին և Երուսաղեմի, Դամասկոսի և արաբական այլ երկրների բոլոր արքեպիսկոպոսներին, եպիսկոպոսներին և քահանաներին, բոլոր նրանց, ովքեր հարգում են Երուսաղեմը, ներառյալ եթովպացիները, ղպտիները և ասորիները: Ես ճանաչում և երաշխավորում եմ նրանց վանքերի, եկեղեցիների, կրթական կենտրոնների, գույքի և հողերի պահպանությունը:

Ես՝ Մուհամեդ մարգարես, վկայելով Ալլահի կամքը և իմ շուրջը գտնվող 30 մարդկանց, հովանավորություն, պաշտպանություն և ողորմություն ենք տալիս հայկական եկեղեցիներին, որտեղ էլ որ լինեն, ամբողջ Երուսաղեմում՝ Քրիստոսի Սուրբ Գերեզմանում, Սուրբ Հակոբ եկեղեցում, Բեթղեհեմի եկեղեցում, բոլոր աղոթատներում, վանքերում, Գողգոթայում և սրբավայրերում: Ես նաև երաշխավորում եմ, որ իմ պաշտպանությունը տարածվում է քրիստոնեական բլուրների, հովիտների և եկամուտ բերող հաստատությունների վրա: Ես այս ամենը որպես մարգարե հռչակում եմ իմ անունից և իմ հավատացյալ մահմեդականների անունից»:

Մարգարեի ժառանգները, որոնք կոչվում էին արդար խալիֆներ, ամեն անգամ հաստատում էին հայերի իրավունքները կրոնական սրբությունների և ունեցվածքի նկատմամբ: 638 թվականին Մարգարեի ուխտերին հաջորդում է խալիֆ Ումար իբն ալ-Խաթաբը, ով իր գիրը հրապարակեց Երուսաղեմը նվաճելուց անմիջապես հետո։ Իսկ արդեն Ումարից հետո սրբավայրերի և ունեցվածքի նկատմամբ հայերի իրավունքները հաստատել է Մարգարեի փեսան՝ Ալի իբն Աբու Թալիբը։

Իսլամի հիմնադիրները հայերին և այլ հին կրոնական դավանանքները կոչել են «զիմմի», ինչը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Սուրբ Գրքի մարդիկ» կամ «ուխտի մարդիկ»: Նրանց թվում էին նաև հրեաները, հույները, ասորիները, եթովպացիները և նույնիսկ զրադաշտականները։ Արաբները Մեծ Հայքի պատմության գիտակներ էին։ Այդ պատճառով Կովկասում նրանց տիրապետության շրջանում Հայաստանը, Քարթլին և Աղվանքը կոչվում էին «Արմենիա»։ Այսինքն՝ հայկական քաղաքակրթությունն արաբների կողմից հարևան ժողովուրդների նկատմամբ ընկալվում էր որպես մայրական։

Արաբները Հայաստանի վրա հարձակումներ սկսեցին գործել 640 թվականից։ Բայց նման դեպքերում սպասվող ավերածության փոխարեն սկսվեց հայկական մշակույթի վերելքը։ Էջմիածնում կառուցվեց սբ․Հռիփսիմե եկեղեցին, Ներսես Գ կաթողիկոսը (Շինարար) կառուցեց Զվարթնոցի եռահարկ տաճարը։ VII դարում Հայաստանը ծնեց անվանի մաթեմատիկոս, աստղագետ և աշխարհագրագետ Անանիա Շիրակացուն, ում անգլիացի կովկասագետ Դեյվիդ Լենգը անվանում է «վաղ միջնադարյան Հայաստանի Նյուտոն»:

Արաբների հետ կռվող բյուզանդացիները ձգտում էին Հայաստանը քաշել իրենց կողմը, բայց հայ ազնվականության ներկայացուցիչները հելլենների հետ իրենց հակասություններն ավելի նշանակալի համարեցին, քան մահմեդականների հետ հակամարտությունը: Լենգի գրչին է պատկանում այդ ժամանակաշրջանի մանրամասն պատմական հենքը. «647 թվականին Կոստանդիոս կայսրը վճռական փորձ կատարեց Հայաստանը վերադարձնել Բյուզանդիային։ Սակայն հայ իշխանները քաջատեղյակ էին Բյուզանդիայի ողջ անկայունությանը, նրա բյուրոկրատական ամբարտավանությանը և նրա հետ իրենց կրոնական տարաձայնություններին։ Ուստի նրանք, առաջնորդվելով Գերագույն կոննետաբլի՝ Իշխան Թեոդորոս Ռշտունու կողմից, դիմեցին զավթիչներին՝ Արաբական պրոտեկտորատի մասին շահավետ պայմաններով համաձայնության գալու հույսով։ Թեոդորոս Ռշտունու և ապագա խալիֆ Մուավիայի կողմից 653 թվականին կնքված խաղաղությունը Հայաստանը ճանաչում էր որպես ինքնավար հարկատու պետություն- ։ Միևնույն ժամանակ, իբերիացի արիստոկրատ Ստեփանոս II-ը ընդունեց Արաբական գերիշխանությունը Արևելյան Վրաստանի նկատմամբ։ Նույնն արեց կովկասյան Ալբանիայի տիրակալը՝ Ջվանշիրը։ Այսուհետ կովկասյան երեք պետությունները ստեղծեցին Արաբական խալիֆայության միասնական փոխարքայություն, որը կոչվում էր «Արմինիա»:

Դվին մայրաքաղաքով Հայաստանը խալիֆայության շրջանակներում վայելում էր լայն ինքնավարություն և կառավարվում էր հայ իշխանների կողմից։ Հայերն իրենց մետաղադրամն էին ձուլում։ Երկիրը վայելում էր անկախության այնպիսի աստիճան, որը չգիտեր Արշակունիների դինաստիայի օրոք։ Ավելին, Հայաստանում Արաբական կայազորներ չեն տեղակայվել։ Խալիֆը նույնիսկ ռազմական օգնություն էր երաշխավորում Բյուզանդիայի կողմից հարձակման դեպքում։ Փոխարենը հայ իշխանները համեմատաբար փոքր հարկեր էին վճարում և VIII դարի առաջին կեսին մասնակցում էին Արաբական խալիֆայության և Խազարիայի պատերազմներին։

Ցավոք, հայ-արաբական հարաբերությունների պատմության մեջ եղել են նաև մութ էջեր, որոնց մասին պետք է հիշել։ Ըստ Լենգի, «հայ ազնվականության անկախ ոգին մի քանի անգամ հանգեցրել է նրան, որ արաբ փոխանորդները ստիպված են եղել ճնշել նրանց և նույնիսկ ոչնչացնել»:

«Այսպես, օրինակ, 705 թվականին արաբ փոխանորդ Մուհամմեդ իբն-Մարվանը որոշեց բնաջնջել հայ ազնվականությանը։ Նա մի քանի հարյուր հայ տիրակալների իրենց ընտանիքներով և շքախմբով ուղղարկեց դեպի Նախիջևան, փակեց եկեղեցիներում և այնտեղ այրեց կամ խոշտանգեց նրանց, ապա խաչեց։ Այս հրեշավոր վայրագությունը շատ իշխանների ստիպեց փախչել Վրաստան և Բյուզանդիա, որտեղ նրանց հաճախ գործունեության լայն դաշտ էր սպասվում։ Նախիջանի կոտորածը հայ ժողովրդի առաջին քայլերից մեկն էր դեպի Գողգոթա, դեպի մահմեդական Կառավարիչների ձեռքով տառապանքներ, որոնց գագաթնակետը դարձավ 1895-ի և 1915-ի օսմանյան Հոլոքոստը: Արաբական տիրապետության և խալիֆական հարկահավաքների դաժանության դեմ ապստամբությունները շարունակվեցին ամբողջ VIII դարում և հանգեցրին մեծ ավերածությունների և մահերի: Հայաստանի հողերի մեծ մասը հայաթափվեցին։ Շատ հայ քրիստոնյաներ, այդ թվում՝ վանականներ և միանձնուհիներ, ենթարկվեցին դաժան խոշտանգումների և նահատակվեցին, բայց մերժեցին իսլամի ողորմածությունն ու անվտանգությունը»։

Եթե նայենք Խաչակրաց արշավանքներին, ապա դրանք հայոց պատմության տեսանկյունից հատուցում էին արաբներին ենթակա Արմինիայի ճնշումների համար։ Եվ խալիֆները կարողացան դասեր քաղել անցյալի սխալներից: Այդ պատճառով էլ ավելի ուշ ժամանակաշրջանում՝ խաչակիրների հետ կատաղի պատերազմների տարիներին, խալիֆայության առաջնորդները չէին մերժում հայերին Երուսաղեմի սրբավայրերի նկատմամբ նրանց իրավունքների հարցում։

Օրինակ, երբ 1187 թվականին Սուլթան Սալահադինը Երուսաղեմից վտարեց 100 հազար քրիստոնյաների և արգելեց եկեղեցական ծառայությունները, նա բացառություն արեց միայն տեղի հայերի համար՝ իր նամակում հաստատելով Մուհամեդ մարգարեի, ինչպես նաև Ումար և Ալի խալիֆների պատգամները։ Դժվար թե Սալահադինն իր քաղաքականության մեջ առաջնորդվեր նրանով, որ իր քրդական տոհմը սերում էր հայկական Դվին քաղաքից։ Ի դեպ, Սալահադինը նույնիսկ նվազեցրել էր հայ վաճառականների ու ուխտավորների հարկերը։

Ֆաթիմյանների ուշ խալիֆայության շրջանում հայերին նույնիսկ հաջողվել էր բարձրանալ իշխանական բուրգի գագաթը. XI-րդ դարի վերջին վեզիրը և արաբական պետության փաստացի տիրակալը դարձավ հայազգի Բադր ալ-Ջամալին, ով իսլամ էր դավանում: Ընդ որում, իր ներքին քաղաքականության մեջ ալ-Ջամալին հենվում էր հայ վարձկանների զորքերի վրա, որոնցից շատերը մնացել էին քրիստոնյա։ Նա ընդգծված հարգանքով էր վերաբերվում Ղպտի պատրիարքներին և նույնիսկ օգնում էր բանաձևեր կազմել Ղպտի եպիսկոպոսների խորհրդին՝ օգտագործելով աստվածաշնչյան տերմինաբանություն, ինչպես տիեզերական ժողովների դարաշրջանի քրիստոնյա կայսրերը:

Դարեր անց արդեն Օսմանյան սուլթանները, որոնք իրենց հռչակում էին խալիֆներ և իսլամի առաջնորդներ, հետևում էին Մուհամմադ մարգարեի ցուցումներին: Այսպես, 1517 թվականին Պաղեստինը գրաված սուլթան Սելիմը հաստատեց Երուսաղեմում հայերի գույքային իրավունքները։ Նրա իրավահաջորդը՝ սուլթան Սուլեյմանը, նույնպես հետևեց արդար խալիֆների ցուցումներին։ Այնուհետև հայերի իրավունքները հաստատվեցին 1659 թվականին սուլթան Մեհմեդ IV-ի, 1735 թվականին սուլթան Մահմուդ I-ի և 1853 թվականին սուլթան Աբդուլ Մեջիդ I-ի կողմից։

Այսօր թրքաբաքվական քարոզչությունը փորձում է հայերի դեմ լարել ողջ մահմեդական աշխարհը՝ հայ ժողովրդի հետ իր տարածքային վեճը ներկայացնելով որպես իսլամի և քրիստոնեության հակամարտություն: Սակայն ոչ մի կրոնական հակամարտություն չկա և չի կարող լինել։ Հակառակ դեպքում ո՛չ Մուհամեդ մարգարեն, ո՛չ արաբական խալիֆները, ո՛չ էլ առավել ևս թուրքական սուլթանները դարեդար չէին հաստատի հայերի գույքային իրավունքները Երուսաղեմում, որտեղ ավելի քան երկու հազար տարի շարունակվում է պայքարը սուրբ հողի յուրաքանչյուր սանտիմետրի համար։

Փաստերը համառ են: Արաբական երկրներում հայերի նման մեծաքանակ Սփյուռքի առկայությունը խոսում է այն մասին, որ ուղղահավատ մահմեդականները կարողանում են ընկերություն անել «Սուրբ Գրքի մարդկանց» հետ։ Իսկ ահա պանթյուրքիստ հեթանոսները, որոնք փորձում են խոսել ողջ մահմեդական աշխարհի անունից, հայերի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ի վիճակի չեին։

Ինչո՞ւ հայերը մեծ Սփյուռք ունեն Եգիպտոսում, Սիրիայում և Պարսից ծոցի երկրներում, իսկ թուրքերն ու անդրկովկասյան թաթարները, հայության նկատմամբ իրենց զգալի ժողովրդագրական գերազանցությամբ հանդերձ, արաբական երկրներում նման Սփյուռք չունեն: Ինչո՞ւ արաբները կարող են ընկերություն անել հայերի հետ, իսկ ժամանակակից պանթյուրքիստ-թուրքերը, որոնք նույն իսլամն են դավանում, ընտրում են պատերազմի ուղին հայերի դեմ։ Ամեն ինչ պարզ է:

Կրոնն այստեղ կապ չունի։ Պատճառը տարածքային հակամարտությունն է, որն անընդհատ բորբոքվում է հայատյացության պատճառով։ Պանթյուրքիստներն ուզում են ոչ միայն ապրել հայկական հողերում, այլ ուզում են նրանց տերը լինել։ Ընդ որում՝ առանց հայերի։ Հենց դա էր Հայոց ցեղասպանության գլխավոր պատճառը. պանթյուրքիստները փորձում էին հայերին քշել իրենց պատմական հողերից, որպեսզի անխափան գոտի ստեղծեն՝ Սև ծովից մինչև Կասպից ծով։ Իրենց նպատակների մի մասին նրանք հասան, բայց իսլամական աշխարհը հայության դեմ տարածքային քաշքշուկների մեջ ներքաշել պանթյուրքիստների մոտ այդպես էլ չստացվեց։

Դեռևս 1909թ. մայիսին Եգիպտական գլխավոր Ալ-Ազհար մզկիթի իմամ Սալիմ Ալ-Բիշրին հրամանագիր էր ստորագրել, որով թուրքական իշխանությունները դատապարտվում էին կոտորածի կոչերի և Ադանայում 30 հազար հայերի բնաջնջման համար: Իր պատգամը Ալ-Բիշրին հրապարակել էր ի հակակշիռ թուրք մուֆթիի հրամանագրի, որը 1909թ.ապրիլին թուրքերին կոչ էր անում սպանել հայերին, որպեսզի «բացեն իրենց համար դրախտ տանող ճանապարհը»:

Ահա թե ինչ էր այդ ժամանակ հայտարարել Ալ-Բիշրին․ «Մենք տեղական թերթերում կարդացել ենք Անատոլիայի որոշ նահանգներում մահմեդականների մասին տխուր լուրերն ու արհամարհական հաղորդագրությունները։ Նրանք մեղք գործեցին քրիստոնյաների դեմ՝ հարձակվելով նրանց վրա և դաժանորեն սպանելով նրանց։ Մենք ցնցված էինք նման հաղորդագրություններից և հույս ունեինք, որ դրանք կեղծ կլինեն, քանի որ իսլամն արգելում է անհիմն ագրեսիայի գործողությունները, արգելում է ճնշումը, արյունահեղությունը և ուրիշներին վնասելը, անկախ նրանից՝ նրանք մահմեդական են, քրիստոնյա, թե հրեա:

Ո՛վ մուսուլմաններ, ովքեր ապրում են այս հողերում և այլուր, իմացե՛ք Ամենակարող Ալլահի կողմից իր Շարիաթում (աստվածային օրենք) կարգված սահմանների խախտման մասին և խնայե՛ք արյունը, որը Ալլահը անթույլատրելի է համարել թափել և ոչ մեկի դեմ մի՛ հանցեք, քանի որ Ալլահը արհամարհում է նրանց, ովքեր խախտում են իր օրենքը…

Ո՛վ մուսուլմաններ, թույլ մի՛ տվեք, որ ռասիզմը հաղթի ձեզ և թույլ մի՛ տվեք, որ ռասայական հպատակությունը դառնա միակ ազդեցությունը ձեր հոգիների վրա, քանի որ դրանք հույզեր և հասկացություններ են տգիտության դարից, որոնք իսլամը ձգտում էր արմատախիլ անել: Իսկապես, դուք ունեք Մարգարեի և նրա ազնիվ ուղեկիցների վարքագծի լավագույն օրինակը»։

Եգիպտացի Իմամի հրամանագիրը հետագայում պաշտպանել է Մուհամեդ մարգարեի ժառանգ, Մեքքայի պահապան Հուսեյն իբն Ալին, ով 1917 թվականին, լինելով արդեն Հիջազի թագավոր, այսինքն՝ ապագա Սաուդյան Արաբիայի կառավարիչ, բոլոր մուսուլմաններին կոչ է արել պաշտպանել հայերին:

«Ձեզանից պահանջվում է պաշտպանել հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր մնացել են կամ ապրում են ձեր թաղամասերում կամ ձեր ցեղերի հարևանությամբ... Ապահովեք նրանց այն ամենով, ինչի կարիքը նրանք կարող են ունենալ... քանի որ նրանք մուսուլմանների կողմից պաշտպանված ժողովուրդ են, որի մասին Մուհամեդ մարգարեն ասել է. «Ով նրանցից գոնե պարան գողանա, նրան ես հակառակորդ կլինեմ Վերջին դատաստանի օրը»:

Ճշմարիտ մահմեդականները մինչ օրս աջակցում են հայ ժողովրդին՝ հասկանալով նրա ճակատագիրը։ Դրա վառ օրինակն է ազդեցիկ իսլամական աստվածաբան Շեյխ Իմրան Հուսեյնը, ով 2023 թվականի ապրիլին հայտարարեց հետևյալը «Այժմ՝ իմ կյանքի այս փուլում, որպես իսլամական էսխատոլոգիայի հետազոտող, ես հասկացա, որ իմ գիտական գործունեության մեջ ինձ համար ամենակարևոր քրիստոնեական երկիրը Սերբիան չէ, Հունաստանը կամ Ռուսաստանը չեն: Ոչ, դա Հայաստանն է, որն ամենից շատ է տառապել։ Ոչ մի քրիստոնյա ժողովուրդ ավելի շատ չի տուժել, քան հայերը։

Եվ դա վկայում է Ժամանակների վերջում հայ ժողովրդի ռազմավարական կարևորության և նրա ունեցած ռազմավարական դերի մասին, որը նա ունենալու է Ժամանակների վերջում: Ահա թե ինչու են նրանք այդքան տառապել: Եվ այսպես, Հայաստանն ինձ համար ամենակարևոր քրիստոնյա երկիրն է։ Այնպես որ, ես ուզում եմ անել հնարավոր ամեն բան՝ ղեկավարելով իսլամի աշխարհի ջանքերը ազգերի միջև եղբայրություն ստեղծելու ուղղությամբ։ Իսլամի աշխարհի և ուղղափառ քրիստոնեության աշխարհի միջև»։

Շեյխ Իմրանի ուղերձը պատմական հիմքեր ունի։ Ցեղասպանության կազմակերպիչներն իրենց առաջ որպես նպատակ էին դրել ոչ միայն հայերի ֆիզիկական բնաջնջումը, այլև միջկրոնական պատերազմի հրահրումը։ Սակայն Թալեաթի, Էնվերի և Ջեմալի երեսպաշտությունը միայն իսլամի աշխարհում չէր երևում։ Կրոնը որպես քողարկում օգտագործելու մեջ նրանց մեղադրել է անգամ անգլիացի հետախույզ Լոուրենս Արաբացին, ում դժվար է մեղադրել հայամետ տրամադրությունների մեջ:

«Հայերը լավ զինված ու կազմակերպված էին, բայց իշխանությունները դավաճանեցին նրանց։ Նրանք զինաթափվեցին և աստիճանաբար բնաջնջվեցին. տղամարդիկ կոտորվեցին, կանայք և երեխաները, որոնց կողոպտում էր յուրաքանչյուր անցորդ, զոհվեցին ձմեռային ճանապարհներին, երբ վտարվեցին անապատ, զրկվեցին հագուստից և սննդից։ Երիտթուրքերը հայերին բնաջնջեցին ոչ թե այն պատճառով, որ նրանք քրիստոնյա էին, այլ այն պատճառով, որ հայ էին։

Հենց այդ նույն պատճառով նրանք մահմեդական արաբներին և քրիստոնյա արաբներին քշում էին նույն բանտերը և միասին կախում նույն կախաղանի վրա։ Ջեմալ փաշան Սիրիայում բոլոր դասակարգերը, կարողություններն ու դավանանքներն անխտիր ենթարկում էր նույն ճնշումներին ու վտանգներին՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով համընդհանուր ապստամբության համար»։

Հայ ժողովրդի մարդասպանները խախտել են Շարիաթի և նույնիսկ աշխարհիկ բարոյականության բոլոր օրենքները։ 1908 թվականին հայերն իրենց տներում թաքցնում էին երիտթուրքական շարժման առաջնորդներին և ամենագործուն մասնակցությունն էին ունենում սուլթան Աբդուլ Համիդ II-րդի տապալման գործում։ Իսկ մեկ տարի անց այդ նույն երիտթուրքերը Ադանայում կոտորեցին տասնյակ հազարավոր հայերի։ Դա նրանց «շնորհակալությունն» էր հայերին՝ անմեղ արյան գետեր թափած սուլթանի տապալմանն աջակցելու համար։ Աթոռին նստելուն և ցանկալի իշխանությունը ստանալուն պես երիտթուրքերը անմիջապես հաշվեհարդար տեսան հայերի հետ, որոնք օգնում էին իրենց։

Պատահական չէ, որ հիշեցի այս պատմական դրվագը։ Յուրաքանչյուր հայ, ով այսօր թուրքի հետ «բարեկամության» և «խաղաղության» կողմնակից է, պետք է իմանա, որ անհրաժեշտ պահին նրա հետ կվարվեն ճիշտ այնպես, ինչպես վարվեցին հայերի հետ Օսմանյան կայսրությունում։ Եվ կարևոր չէ, թե նա ում հետ գործ ունի՝ Անկարայի՞ց, թե՞ Բաքվից որևէ պանթյուրքիստի։ Մի՛ կրկնեք անցյալի սխալները: Եվ հիշեք՝ հայերի պայքարը պանթյուրքիզմի, այսինքն՝ ֆաշիզմի թուրքական տեսակի դեմ մեր մենաշնորհը չէ։

Պանթյուրքիզմը եղել և մնում է կենսական սպառնալիք նախկին Օսմանյան կայսրության քրիստոնյա և մահմեդական ժողովուրդների համար։ Պանթյուրքիզմը նաև կենսական սպառնալիք է նախկին Ռուսական կայսրության քրիստոնյա և մահմեդական ժողովուրդների համար։ Եվ որքան շուտ ստեղծվի դիմադրության միասնական ճակատ, այնքան շատ կյանքեր կփրկվեն։

Գլուխ 10. Վրացիները եւ հայերը․ ով եւ ինչպես կառուցեց համակովկասյան միասնությունը

Հայ-վրացական հարաբերությունները ուսանելի են իրենց փորձի տեսանկյունից։ Հայերն այս երկրի բնակիչներին անվանում են «վրացի», իսկ երկիրը՝ «Վրաստան», որը բառացիորեն թարգմանվում է որպես «լեռնեցի» և «երկիր, որը գտնվում է բարձրադիր վայրում»։ Հույները վրացիներին անվանում են իբեր կամ իվեր: Վրաց հեղինակները հաճախ «վրացի» բառի ծագումը վերագրում են հայերեն «վեհաց» բառին, որը նշանակում է «վսեմ, վեհանձն»։ Վրացիներն էլ Հայաստանն անվանում են Սոմխեթի, իսկ հայերին՝ սոմեխի։ Անգլիացի կովկասագետ Դեյվիդ Լենգը «սոմեխին» համարում է «հայ» և «արմինա» բառերի վրացական հոմանիշը. «Հայերն իրենք են ընդունել «հայ» ձևը, վրացիները ընդունել են «սոմեխի»-ին, իսկ իրանցիները՝ «արմինա»-ն, որը հունարեն և լատիներեն լեզուներով վերածվում է ծանոթ «Արմենիա» անվանման»: Հավանաբար, վրացերեն հոմանիշը կապ ունի նաև «Սահմի»-ի՝ հին հայկական տոմարի երրորդ ամսվա անվան հետ։

Արևելագետ և հնագետ Նիկողայոս Մառը վրացիներին վերագրում է քարթվելների ժառանգներին՝ «հաբեթական մի քանի ժողովուրդ-պրիմիտիվներից (քարթլիներ, սվաններ, մեսխեր, կոլխեր) կազմված ժողովուրդ», որը «մեր երկրամաս է թափանցում ավելի ուշ՝ հայերից հետո, հենց հայ-հայկյաններից հետո՝ իրենց քրիստոնեական մշակույթով»։ «Այսպես է ի հայտ գալիս հայերի և վրացիների՝ մեր շրջան ներթափանցելու հաջորդականությունը՝ լեզվի հնությունների, այսինքն՝ լեզվաբանական հնէաբանության ուսումնասիրության հիման վրա»,- պարզաբանում է գիտնականը։ Հետաքրքիր եզրակացություն է, այնպես չէ՞:  

Սակայն հայերի և վրացիների քաղաքական և մշակութային կապերը սերտ էին Հայաստանի և Քարթլիի քրիստոնեացումից շատ առաջ։ Էլ ինչպե՞ս բացատրել քարթվելյան և աղվանական մարտիկների մասնակցությունը [մ.թ.ա. VI դարի կեսերին] Տիգրան Երվանդունու և Կյուրոս Աքեմենյանի համատեղ արշավանքին Մարաստանի Աստիագես թագավորի դեմ։ Էլ ինչպե՞ս բացատրել Արտաշեսյանների հայկական տոհմից Արշակ Ա-ի [Ք.ա. 90-78 թթ.] գահակալությունը Քարթլիում, նրա որդի Արտակի հետագա գահակալությունը, ինչպես նաև Քարթլիում [մ. թ. 189-284 թթ.] հայ Արշակունիների կրտսեր ճյուղի գահակալությունը, որը ներկայացնում էին Ռև, Վաչե, Բակուր, Միհրդատ և Ասպակուր թագավորները։

Հայ և վրացի առաջին քրիստոնյաները մկրտվել են Եփրատի վերին հոսանքում (Արածանի), ինչի մասին է վկայում Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն» աշխատությունը («Պատմություն և վարք Ս․ Գրիգորի»)։ «Եվ երբ Տրդատ Գ թագավորը լսեց, որ Գրիգորը եկել հասել է, նա վերցրեց իր կնոջը՝ Աշխենին, իր քրոջը՝ Խոսրովիդուխտին, վրացիների թագավորին [արաբական տարբերակում՝ իբերների և լազերի թագավորները՝ Հեղ.], ռուսների, ալանների թագավորին, իր հրամանատարներին, իշխաններին և ազգերի տիրակալներին, և նրանք դուրս եկան Սուրբ Գրիգորին ընդառաջ»,- ասվում է ռուսերեն թարգմանության մեջ, որը կատարել է Մառը այս ձեռագրի արաբական տարբերակից: Լազեր ասելով հասկացվում է քարթվելյան լեզուների մեգրել-զանական խմբի (կոլխիդ) ժողովուրդ, իբերներ՝ ադըղեական, քարթվելյան և դաղստանյան խմբի ժողովուրդներ, ալաններ (օսեր)՝ սկյութների և սարմատների հետնորդներ, իսկ ռուսներ՝ սլավոնների նախնիներ: Այսինքն՝ հայերի մկրտությունն ի սկզբանե օրինակ դարձավ հարևան երկրներում ապրող ժողովուրդների համար։ Սակայն դա «միակողմանի ճանապարհ» չէր։ Ուստի առանձին հիշատակման է արժանի ծագումով օսուհի Աշխեն թագուհու ներդրումը, ով օգնել է իր ամուսնուն՝ Տրդատ թագավորին, հպատակների շրջանում տարածել քրիստոնեական հավատքը։

«Եվ սկսեց նա [Սուրբ Գրիգոր Լուսավորիչը. - Հեղ.] սրբագործել եկեղեցիները և քահանաներ կարգել նրանց մեջ, ովքեր գիտեին Սուրբ Գրությունները: Մեկին նա Վրաստան ուղարկեց, մյուսին՝ աբխազների երկիր և մեկ այլին՝ ալանների մոտ»,- ասվում է Ագաթանգեղոսի աշխատության մեջ, որի նկարագրությունները բնավ չեն նսեմացնում Սուրբ Նինո Կապադովկացու վաստակը քրիստոնեական քարոզի տարածման գործում։ Հայաստանի մկրտությունից հետո երեք դար շարունակ, ընդհուպ մինչև 608 թվականի պառակտումը, հայ և վրաց եկեղեցիները մնացին որպես մեկ ամբողջություն, քանի որ միաստվածությունը խթանող Հայաստանը վրացիների, աբխազների և օսերի կողմից ընկալվում էր որպես օրհնություն:

Սակայն միաստված հայեր եղել և մնում են ոչ միայն քրիստոնյա հայերը, այլև իսլամ դավանող հայերը։ Պատահական չէ, որ Մառը պատմում է հեմշիլների՝ (կամ հեմշինների), մուսուլման հայերի մասին, որոնք ապրում էին տարածաշրջանում, ըստ Մառի, դեռևս «հայերի վրացական շարժումից» առաջ․ «Հայերի հինավուրց, մինչ-վրացական շարժումից ի վեր մեր շրջանում էթնիկապես, որպես հատուկ ցեղ, պահպանվել են մահմեդական հայեր, այսպես կոչված, հեմշիններ, որոնք հիմնվել և մնացել են Ճորոխից դեպի արևմուտք գտնվող բարձր լեռնային մասում՝ առափնյա էթնոգրաֆիկ Լազիստանի անմիջական հարևանությամբ։ Նրանք գտնվում են դեպի Սև ծով ամենակարևոր ելքերից մեկի մոտ. օգտվելով դրանից, որպես հաղորդակցության ուղի, մինչև այսօր, մինչև [Առաջին աշխարհամարտը. -  Հեղ.] պատերազմը՝ հեմշիլները, որպես կապիտալիստներ, գործեր էին վարում, ի դեպ, ռուսական հաց վաճառելով ոչ միայն Ռուսաստանի հարավում՝ միանալով ինչպես հացթուխների, այնպես էլ լազերի՝ այսպես կոչված թուրքական հացթուխության վարպետների հետ, այլև Ռիգայում և Լիբավայում»:

Իմանալով հայերի և վրացիների միջև սերտ հոգևոր կապերի մասին՝ օտար զավթիչները փորձում էին տարաձայնություններ մտցնել երկու ժողովուրդների միջև՝ նրանց համար ստեղծելով տարածքային խնդիր։ Այդ պատճառով 387 թվականին՝ Մեծ Հայքի՝ Բյուզանդիայի և Իրանի միջև բաժանման ժամանակ, Սասանյանները Քարթլիի մարզպանությանը հանձնեցին 11 695 քառ. կմ տարածքով հայկական Գուգարք նահանգը։  Ըստ «Հայոց աշխարհագրության» («Աշխարհացոյց»), այնտեղ էին մտնում Ձորոփոր, Բողնոփոր, Նիգալ, Մրուղ, Մրիտ, Կողբոփոր, Ծոբոփոր, Քուիշափոր, Տաշիր, Մանգլեացփոր, Թռեղք, Շավշէթ, Կանգարք, Վերին Ջավախք, Արտահան, Կղարջք գավառները։ Ներկայացնելով զրվանականների աղանդի շահերը՝ Սասանյաններն ամեն կերպ ընդդիմանում էին Հայաստանում և Քարթլիում բնակվող քրիստոնյաների միասնությանը։ Սակայն հայկական հողերի գաղութային բաժանումը խոչընդոտ չդարձավ Բագրատունիների օրոք Հայաստանի և Քարթլիի միությանը։

Միասնության համար բավական պատճառներ կային։ Վերցնենք միայն գրերը, որոնք ըստ Մառի, ծագել են հին հայկական գրերից։ Գիտնականն իր թեզը հիմնավորում էր նրանով, որ Վրաստանում Աստվածաշնչի առաջին թարգմանությունն իրականացվել է հայերենից։ Բայց կար նաև մեկ այլ պատճառ. հայոց լեզուն հնուց ի վեր լայն տարածում է ունեցել Վրաստանում։ Այս մասին «Վրաստանի համառոտ պատմության» մեջ գրում է վրաց արքայորդի Դավիթ Բագրատիոնին (1767-1819 թթ.). «Մինչև [Իրանի] արքա Դարեհ Վշտասպյանի [մ.թ.ա. 550-486թթ․] ժամանակները Վրաստանում խոսում էին միայն հայերեն։ Բայց ինչպես Դարեհն իր զինված ձեռքով տիրապետության առաջին տարիներին նվաճեց Վրաստանը՝ շարունակելով պատերազմը ասորիների, հույների, սկյութների հետ, այդպես ժողովրդի բազմաթիվ վրդովմունքներից Վրաստանում լեզուները խառնվեցին և մեկի փոխարեն խոսեցին շատ լեզուներով, մասնավորապես՝ պարսկերեն, հայերեն, ասորերեն և հունարեն, որոնցից արդյունքում կազմվեց դրանցից տարբեր լեզու, որը մինչ օրս կիրառվում է Վրաստանում»։

Այնպես որ, V դարի սկզբին խուցուրի վրացական եկեղեցական գրի գյուտը, որը պատկանում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գրչին, հայ-վրացական վաղեմի կապերի տրամաբանական շարունակությունն էր: «Վարք Մաշտոցի» երկում մատենագիր Կորյունը մանրամասներ է բացահայտում․ «Գրեց, դասավորեց և օրինավոր կերպով հարդարեց և իր աշակերտներից մի քանի լավագույններին հետն առավ, վեր կացավ, գնաց իջավ Վրաց կողմերը։ Եվ գնաց ներկայացավ թագավորին, որի անունը Բակուր էր  (նույն ինքը՝ Վարազ Բակուրը՝ Իվերի թագավոր (416-429թթ․), և աշխարհի եպիսկոպոսին՝ [անունը] Մովսես։ Եվ թագավորն ու ազնվականները, բոլոր գավառներով միասին, շատ անսացին նրան ըստ աստվածային օրենքի։ Եվ նա իր արվեստն առաջարկելով՝ խրատեց, հորդորեց նրանց, և այն ժամանակ ամենքը հանձն առան նրա (Մաշտոցի) ուզածը կատարել։ Եվ  (այդ ժամանակ) վրացերեն լեզվի մի թարգմանիչ գտավ՝ հավատացյալ և  լուսավորյալ մի այր, որ անվանվում էր Ջաղա»։

Սակայն Մաշտոցի առաքելությունն այբուբենով չէր սահմանափակվում։ Հայ գիտնական-վանականն, ըստ Կորյունի, սկսել էր մարդկանց գրագիտություն սովորեցնել․ «այնուհետև վրաց արքան հրամայեց իր իշխանության զանազան կողմերից և գավառներից մանուկներ ժողովել և տալ վարդապետի ձեռքը (ուսման համար)։ Նա Էլ նրանց առավ ուսման բովի մեջ ձգեց և հոգևոր սիրով ու եռանդով ի բաց քերեց նրանցից դևերի ու սնոտի կուռքերի պաշտամունքի շարավահոտ աղտն ու ժանգը, այնքան անջատեց հեռացրեց նրանց իրենց հայրենի ավանդություններից և անհիշող դարձրեց, որ մինչև անգամ ասում էին, թե` «Մոռացա իմ ժողովուրդն և իմ հոր տունը»։ («Մոռացիր քո ժողովուրդը եւ քո հօր տունը». Սաղմոս, գլ․ 44)։

Իսկ արդեն երրորդ փուլով սկսվեց վրացերենով լիարժեք եկեղեցական կառույցի և ժամերգության ձևավորումը․

«Եվ ահա նրանց, ովքեր հավաքվել էին առանձին և ցրված ցեղերից, նա (Մաշտոցը) կապեց աստվածային ուխտերով և նրանց դարձրեց մեկ Աստծուն փառաբանող մի ժողովուրդ: Նրանցից ոմանք արժանի եղան եպիսկոպոսի կոչում ստանալու համար․ նրանցից առաջինի անունը Սամուել էր. Սուրբ և բարեպաշտ այր, ով եպիսկոպոս դարձավ թագավորական արքունիքում։ Եվ այն բանից հետո, երբ ամենուրեք Իբերիայում (Մաշտոցը) կարգեց ժամերգության գործը, նա, հրաժեշտ տալով, վերադարձավ Հայաստան երկիր և, ներկայանալով Հայոց Սահակ կաթողիկոսին, պատմեց այն ամենը, ինչ արվեց, և նրանք միասին փառաբանեցին Քրիստոս Աստծուն»:

Այբուբենի մասին պատմելը առաջնային նշանակություն ունի, քանի որ վրացիների պետական ինքնությունը ձևավորվել է վրացերենով։ Այս մասին գրում է X դարի գրող Գեորգի Մերչուլը. «Վրաստան (Քարթլի) է համարվում մի ընդարձակ երկիր (այսինքն՝ այն ամբողջ երկիրը), որտեղ եկեղեցական ծառայություն է կատարվում, և բոլոր աղոթքները կատարվում են վրացերեն (քարթվելերեն) լեզվով»։ Եվ նույնիսկ այստեղ՝ Մերչուլից տասը դար անց, արևելագետ Մառը տեսնում է հայ ռազմական դասի միության արդյունքը վրաց հոգևորականների հետ, որոնք ունեին «նույնական սոցիալական իդեալներ և նախապաշարմունքներ»:

«Ե՛վ հայ գրողի համար լեգենդար՝ Հայոց առաջին թագավոր Վաղարշակի ժամանակներում, և՛ մեր երկրամասում ժողովրդի ճակատագիրը ռազմական ուժով որոշվում է հօգուտ հայերի՝ մ․թ. X դարում նույն երկրամասը հռչակվում է վրացական․ զուտ վրացական, այն հիմքով, որ եկեղեցիներում կարելի էր աղոթել միայն վրացերենով, եկեղեցական ժամերգությունը կատարվում էր միայն վրացերենով։ Բայց այս մշակութային իրավունքն էլ ապահովվեց զենքի ուժով, դրան նախորդած սրի հաջողություններով։ Ե՛վ ռազմական դասը, այս դեպքում՝ հայկական, և՛ հոգևորականությունը՝ եկեղեցին ընդհանրապես, այս դեպքում՝ վրացական, կալվածքային-ազգային կազմակերպություններ էին. երկու դասերն էլ ներկայացնում էին իշխանական կամ ազնվական դասը, աշխարհիկ և հոգևոր ֆեոդալների դասը՝ նույնական սոցիալական իդեալներով և նախապաշարմունքներով»։

Միջնադարյան վրացական պատմագրությունը ըստ արժանվույն է գնահատել հայկական ժառանգությունը՝ կառուցելով վրացիների քաղաքական ինքնագիտակցությունը Համակովկասյան միասնության սկզբունքների վրա։ Այսպես, ըստ «Քարթլիս ցխովրեբա» («Վրաստանի պատմություն») մատենագրության, վրացիներն ու հայերը սերում են Թորգոմից՝ հայերի նախահայր Հայկից։ «Թարգամոսի որդիների մեջ [Թորգոմ անվան վրացական տառադարձություն. - Հեղ.] առաջ քաշվեցին ութ հոգի՝ զորավոր և փառավոր հերոսներ, որոնց անունները հետևյալն են. առաջինի անունը Հայոսն էր [հայերեն տառադարձությամբ՝ Հայկ. - Հեղ.], երկրորդը՝ Քարթլոսը, երրորդը՝ Բարդոսը, չորրորդը՝ Մովականը, հինգերորդը՝ Լեկոսը, վեցերորդը՝ Էրոսը, յոթերորդը՝ Կավկասը, ութերորդը՝ Էգրոսը։ Ութը հերոսներ էին, բայց Հայոսը հերոս էր, որը գերազանցում էր բոլոր եղբայրներին, քանի որ նման չէր նրան ոչ մեկ Ջրհեղեղից առաջ կամ դրանից հետո՝ լինի դա իր հերոսական կազմվածքով, ուժով թե քաջությամբ»,- գրել է պատմաբան Լեոնտի Մրովելին «Վրացական թագավորների կյանքը» աշխատության մեջ։

Մրովելին իր ժողովրդին՝ Քարթլոսի ժառանգներին, համարում է հայերի ազգականներ, իսկ Թորգոմի բոլոր ժառանգներին միասին վերցրած՝ Թարգամոսյաններ, որոնք համատեղ ջանքերով կոտորեցին Բաբելոնյան Նեբրոթ թագավորի վաթսուն դյուցազուններին [հայերեն տառադարձությամբ՝ Բել թագավոր, իսկ եբրայերենում՝ Նեբրովթ թագավոր], որը մահացու հարված ստացավ Հայկի նետից. «Այն ժամանակ Նեբրոթն ընկավ, և նրա զորքերը փախան, և Թարգամոսի ցեղը ազատագրվեց։ Այդ ժամանակ Հայոսը իրեն թագավոր հռչակեց իր եղբայրների, ինչպես նաև այլ ցեղերի վրա, որոնք ապրում էին նրա թագավորության սահմանների մոտ։ Եվ բոլոր յոթ եղբայրները յուրաքանչյուրը գնացին դեպի իրենց ժառանգությունը՝ հնազանդվելով Հայոսին»։

XI դարում ապրած Մրովելին գծագրում է Կովկասի հայաստանակենտրոն պատկերը  նկարագրելով թագավորության սահմանները, որը Հայկը ժառանգել է Թորգոմից․ «Հայոսը հաստատվեց իր հոր՝ Թարգամոսի երկրում, տիրեց նաև այն երկրին, որը գտնվում էր հյուսիսում, ինչպես արդեն գրել էի. հենց հարավից՝ Օրեթի լեռից մինչև արևելքից Գուրգանի ծով, իսկ արևմուտքից՝ Պոնտական ծով։ Այս բոլոր հերոսների վրա Հայոսը դարձավ կառավարիչ և տեր»: Գուրգանի ծով ասելով [հույն հեղինակներն այն անվանում են Հիրկանյան, իսկ հայերը՝ Գուրգենյան] նկատի ունի Կասպից ծովը, իսկ Պոնտական ծով ասելով՝ Սև ծովը։ Մռովելիի խոսքերը հաստատում են այն փաստը, որ Հայկի ժառանգները, հազարամյակներ շարունակ վերականգնելով իրենց ինքնիշխանությունը Կուրի աջ ափին,իրենց են վերադարձրել հայկական նախնադարյան հողերը, որոնք Թորգոմը՝ Հաբեթի թոռը, շնորհել է իր որդուն։

«Բաթում, Կարս, Արդահան. Կովկասի ազգամիջյան հարաբերությունների պատմական հանգույցը» աշխատությունում Մառը հիշեցնում է, որ մ.թ. VIII-X դարերում հաբեթական հողերի հավաքման գործընթացը սկսվել է Կարսի մարզից՝ Արաքսի հովտից, որին տիրապետում էին հայոց թագավորներ Արգիշտի և Սարդուրի II-ը դեռևս Ք. ա. VIII դարում․ «Այստեղ ծնունդ առավ, համենայն դեպս ամրապնդվեց և զարգացավ, տեղի, Կովկասի ճակատագիրը դարեր շարունակ վճռած քաղաքական իշխանությունը, որը երկու կեսի բաժանվեց: Մեր տարածքի արևելյան մասում՝ այն ժամանակ արդեն հայկական Կարսի մարզում, այդ այս իշխանությունը Անիի հայ Բագրատունիների հետ վերածվեց հայկական թագավորական նոր միության, որոնք իշխում էին հայերի մի մասի և վրացիների զգալի մասի վրա և, հետևաբար, կրում էին «հայերի և վրացիների արքա» տիտղոսը։ Արևմտյան մասում, որն այն ժամանակ սկսեց դառնալ վրացական, նույն իշխանության մյուս կեսը վրացական թագավորական միություն կազմեց վրացական Բագրատունիների հետ Արտանուջայում, որը գտնվում է Բաթումի մարզում։ Վրաց Բագրատունիները, որոնք բույն էին դրել մեր լեռնային շրջանի այս ամրոցում, ձեռնամուխ լինելով ծովափնյա տարածքում քաղաքական իշխանության ստեղծողների՝ հենց աբխազական տոհմի գործին, իրենց համար ապահովեցին ողջ Կովկասի բանալիների տիրապետումը և համապատասխան գործնական եզրահանգում արեցին. «աբխազների արքա (մեպե), վրացիների արքա, հայերի արքա, կախերի (կախեթցիների) արքա, շիրվանցիների արքա» տիտղոսով նրանք քայլ առ քայլ գրավեցին ողջ Կովկասը, և մի բան էլ դրա նեղացող սահմաններից դուրս ընկած մի բան»։

Երկու ժողովուրդների պատմությունը կենդանի վկայություն է այն բանի, թե ինչպես է հոգևոր և քաղաքական միասնությունն օգնել հայերին և վրացիներին ապահովել անվտանգությունն ու տնտեսական զարգացումը: Ընդունված է համարել, որ Հայաստանն ու Վրաստանը XII–XIII դարերում միավորվել են Բագրատունիների իշխանության ներքո, որի շնորհիվ երկու ժողովուրդներն էլ մոնղոլական արշավանքի ժամանակ ընդհատված տնտեսական վերելք են ապրել։ Սահակ և Համազասպ Բագրատունիների կողմից կազմակերպված հակաարաբական ապստամբության (762-775 թթ.) ճնշումից հետո այդ փառապանծ տոհմի իշխանները 772 թվականին տեղափոխվում են Տայք նահանգ և Գուգարքի Կաղարջք քաղաք [Բագրատունիների օրոք այդ շրջանները կոչվում էին Տայք-Կղարջք (Տաո-Կլարջեթի իշխանություն)], այնուհետև հաստատվում են (813 թվականին) Քարթլիում, որտեղ 821 թվականին գալիս են փոխարինելու Միհրանյանների արքայատոհմին՝ ամուսնություններ կնքելով նրանց ներկայացուցիչների հետ։

Չորս տասնամյակ անց՝ 862 թվականին, Աշոտ Բագրատունին վերակենդանացնում է Հայոց թագավորությունը, իսկ 885 թվականին դառնում Հայաստանի թագավոր Աշոտ Ա Մեծ, որի իշխանությունը ստանում է Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի ճանաչումը։ Աշոտ Ա-ի աջակցությամբ 888 թվականին Վրաստանի գահ է բարձրանում Բագրատունիների վրացական ճյուղի հիմնադիր Ադարնասե IV-ը։ Նրա շառավիղը կթագավորի մինչև 1505 թվականը՝ անգամ ավելի երկար, քան Բյուզանդիան։ Միևնույն ժամանակ Բագրատունիները չէին մոռանում նաև Արցախի մասին։ Այսպես, XI-XII դարերում Բագրատունիների կրտսեր ճյուղի ներկայացուցիչները, որոնք սկիզբ են առնում Հայաստանի թագավոր Աշոտ Գ Ողորմածի կրտսեր որդուց՝ Գուրգենից, իշխում էին այն ժամանակ Տաշիր-Ձորագետի (Լոռու) թագավորության մաս կազմող, Արցախի հյուսիսում գտնվող Գարդմանքի և Փառիսոսի իշխանություններում։

Գերմանացի պատմաբան Յոզեֆ Մարկվարտը, խոսելով IX–X դարերում հայկական թագավորության վերածննդի մասին, այս դարաշրջանը անվանում է «համաշխարհային պատմության կարևորագույն ժամանակաշրջաններից մեկը», որն ուղեկցվել Է Եվրոպայի արևմտյան և արևելյան սահմանագծերում գերմանական և սլավոնական պետական նոր կազմավորումների ստեղծմամբ. «Արևելքում հայ ժողովուրդը մեծ վերելքի է հասել Աշոտ Մեծի կողմից ազգային թագավորության հիմնադրման հետևանքով։ Այն էլ որպես խալիֆի վասալ պետություն՝ դրություն, որն, իհարկե, չէին կարող պահպանել Աշոտի ժառանգները։ Այս շինարարությունը հաջորդեց այն ծայրահեղ պահին, երբ արաբական տարրը սկսեց թափանցել երկիր աճող զանգվածներով և ներթափանցել այնտեղ, իսկ հայերն իրենք հաճախ կրում էին արաբական անուններ։ Եվ այստեղ նույնպես կարճատև փայլուն շրջանը զորեղ կերպով բարձրացրեց ազգային ինքնագիտակցությունը և քրիստոնեական դիմադրության ուժը, որը, չնայած ճակատագրի բոլոր սարսափելի հարվածներին, պահպանեց բազմաչարչար ազգի ժողովրդական ինքնատիպության վիճակը»:

Ինչո՞ւ Բագրատունիների հայկական և վրացական ճյուղերին հաջողվեց իրենց դրոշների տակ միավորել Հայաստանն ու Քարթլին: Նրանց համբավը հիմնված էր այն բանի վրա, որ հայերն ու վրացիները մեծարում էին մեկ Աստծուն, այլ ոչ թե փորձում էին միմյանց հանդեպ վերադասվել՝ գլորվելով պարզունակ ազգայնականության մեջ։ Այս բանաձևը հնչում է պարզ, բայց գործնականում այն իրականացնելը տիտանական բարդ խնդիր է: Երբ հայերն ու վրացիները մեծարում էին Արարչին, Նրա Լույսը լուսավորում էր երկու ժողովուրդների հոգևոր և նյութական զարգացման ուղին, քանի որ գործում էր Սստվածային սկզբունքը. երբ մենք փորձում ենք վերադասվել մեր մերձավորի հանդեպ, մեր ճանապարհը լուսավորում է ոչ թե Աստծո Լույսը, այլ մեր սեփական թերությունները, որոնք, ի վերջո, մեզ համար վերածվում են պատժի:

Մեծարելով Աստծուն՝ հայերն ու վրացիները ռազմի դաշտում հաղթում էին ավելի շատ հակառակորդների, քանի որ նրանց միջոցով Արարիչը աշխարհին ցույց էր տալիս իր ուժը: Հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել 1123 թվականին Հայոց մայրաքաղաք Անիի ազատագրումը սելջուկ թուրքերից [քաղաքը նրանց հպատակության տակ էր 1064 թվականից], որն իրականացրել է վրաց Դավիթ IV Շինարար թագավորը՝ քաղաքի հայ բնակիչների հետ դաշինքով։ Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատմության մեջ Անի քաղաքն առանձնահատուկ դեր է խաղացել. հենց այս փառապանծ քաղաքում է ընտրվել Համայն Վրաստանի առաջին կաթողիկոս, պատրիարք Մելքիսեդեկ Ա-ն, ով իշխել է 1010-1033 թվականներին: Նրանից առաջ Վրաց Եկեղեցու առաջնորդները կրում էին Քարթլի կաթողիկոսի տիտղոսը։

Անի ուղևորվելուց մեկ տարի առաջ Դավիթ թագավորը թուրքերից ազատագրել է Թիֆլիսը, Շաքին և Գանձակը՝ հենվելով հայ-վրացական մարտական եղբայրության վրա։ Դատելով վրացի արքայորդի Դավիթ Բագրատիոնիի վկայությունից՝ XVIII դարի վերջին քիչ բան էր փոխվել․ «1787 թվականին Հերակլիոս թագավորը վրացական և ռուսական զորքերով մեկնում է Շուշի՝ իր ժողովրդին վերադարձնելու և այնտեղ ապրող հայերին Վրաստան տեղափոխելու համար»:

Ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում հայկական Բագրատունիների արքայատոհմը վրացացվել է՝ անգամ իր ցանկում ունենալով այնպիսի հայկական անուններ, ինչպիսիք են Աշոտ, Գուրգեն, Սմբատ և Բագրատ: Նմանատիպ գործընթաց է տեղի ունեցել Հայաստանում պարթև Արշակունիների հետ, որոնք հայացել են տեղի իշխանների, ինչպես նաև Ռուսաստանում Ռյուրիկովիչների հետ ամուսնությունների միջոցով, որոնք ռուսացվել են և հազիվ թե Յարոսլավ Իմաստունի օրոք իրենց վիկինգներ են համարել։ Նույնը կարելի է ասել Անգլիայի և Շոտլանդիայի թագավոր Վիլհելմ III Օրանացու հետնորդների մասին, որոնք անգլիականացվել են՝ չնայած իրենց նախնու հոլանդական արմատներին։ Երբ այս կամ այն արքայատոհմը ծառայում է մեկ Աստծուն, ապա նա հավատարմության երդում է տալիս այն երկրին, որը Արարիչը տալիս է նրան կառավարման համար: Եթե արքայատոհմը գործում է Արարչի կողմից տրված ժողովրդից և հողից մեկուսացված, ապա նրա իշխանությունն անխուսափելիորեն ընդհատվում է պատերազմներով կամ այլ սոցիալական աղետներով։

Մառի՝ Բագրատունիների վերաբերյալ մեկնաբանությունը լույս է սփռում այս երևույթի վրա. «Նույնիսկ բեկվելով հայկական և վրացական կեսերի՝ իշխանությունն իրականում ամենևին էլ էթնիկական-ազգային չէր դառնում, և որքան այն աճում էր որպես պետական, համաժողովրդական, այնքան այն, բնականաբար, հեռանում էր ազգային պրիմիտիվից, էթնիկական-ազգային կամ կրոնական-ազգային պրիմիտիվից, դառնում էր համամշակութային, համաժողովրդական (այն ժամանակ միայն Կովկասի սահմաններում), համակովկասյան, իսկ նրա օրրանն էլ մեր երկրամասն էր, բայց ոչ թե ազգությամբ, այլ բնական, մշակութային տվյալներով, որոնք կուտակվել էին տարբեր ցեղախմբերի հասարակական կառուցվածքի շնորհիվ»։

Միևնույն ժամանակ, Հայաստանն ու Վրաստանը աշխարհագրական հասկացություններ են, որոնք ունեն կոնկրետ ֆիզիկական սահմաններ։ Ինչպե՞ս են Վրաստանին ու նրա հարևաններին տեսել հենց վրացի հեղինակները․ «Վրաստանը հյուսիսից սահմանակից է Ռուսաստանին և Փոքր Տարտարիային, հարավից՝ Հայաստանին, արևելքից՝ Կասպից, իսկ արևմուտքից՝ Սև ծովերին»,- XIX դարի սկզբին նշել է արքայորդի Դավիթ Բագրատիոնին։ Փոքր Տարտարիա ասելով՝ «Վրաստանի համառոտ պատմության» հեղինակը նկատի ուներ Ղրիմի խանությունը, իսկ Կուրի ձախ ափի ժողովուրդների մասին Բագրատիոնին ընդհանրապես չէր հիշատակում։ Զարմանալի է, չէ՞:

Միջնադարյան շրջանում Հայաստանն ու Վրաստանն այնքան մոտ էին, որ գիտնականները գլուխ էին կոտրում, թե որտեղ է ավարտվում Հայաստանը և սկսվում Վրաստանը: Ըստ պարսիկ պատմաբան Գիյաս ադ-Դին Խոնդեմիրի «Հաբիբ աս-սիյար» (Կենսագրությունների բարեկամ) գրքի՝ Իբերիան, տարածվելով Դաղստանից արևմուտք, ներառում է Իմերեթի լեռնային և արևելյան մասերի երկրները։

Ճիշտ է, արդեն XIX դարում, երբ «նոր աշխարհիկ կրոն» դարձավ ազգայնականությունը, հայերն ու վրացիները, պարսկական գաղութային իշխանությունը փոխարինելով ցարական Ռուսաստանից եկած գաղութարարներով, փոխանակ համատեղ պաշտպանելու իրենց իրավունքները ռուսական ինքնավարության առջև, զբաղվում էին անկարևոր հարցերով՝ որոշելով, թե նրանցից ով է ավելի հին, իմաստուն և բարձր։ Եթե վաղ Բագրատունիների օրոք երկու ժողովուրդներն էլ հայ-վրացական միացյալ զորք ստեղծելու փոխարեն նույնպիսի անկարևոր հարցերով զբաղված լինեին, ապա սելջուկ թուրքերի համար առանձնապես դժվար չէր լինի հաշվեհարդար տեսնել թե՛ հայերի, և թե՛ վրացիների հետ։

Հայերն իսկապես ծանրակշիռ դեր են խաղացել Վրաստանի պատմության մեջ։ Ընդ որում, ոչ միայն միջնադարում, այլև նորագույն ժամանակներում։ Այսպես, 1832 թվականի դրությամբ Վրաստանի ազգաբնակչության մեջ վրացիներն ունեին 101 հազար արական սեռի բնակիչ, իսկ հայերը՝ 56,3 հազար։ Եվ դա՝ Վրաստանի արական բնակչության 224,2 հազար հոգու ընդհանուր թվաքանակի դեպքում։ Դրա հետ մեկտեղ չի կարելի մի կողմ դնել նաև վրացական ավանդը հայոց պատմության մեջ, երբ վրաց թագավորները հայերին օգնում էին թոթափել արաբների, ապա նաև սելջուկ թուրքերի լուծը։ Պետք է նրանց շնորհակալ լինել․ Դավիթ Շինարարի և Թամարի ժամանակներից ի վեր համակովկասյան միասնության գաղափարի կրողներն արդեն վրացի միապետներն էին, որոնք հարգանք էին ցուցաբերում տարածաշրջանի ժողովուրդների ինքնության և պատմության նկատմամբ։

Դարեր շարունակ Վրաստանն ու Հայաստանը թիկունք են եղել միմյանց համար։ Ընդ որում, ոչ միայն ռազմաքաղաքական, այլև մշակութային թիկունք, քանի որ երկու ժողովուրդների համար օրհնված Թիֆլիսն աշխարհին տվեց զգալի թվով նշանավոր հայերի։

Հայաստանն ու Վրաստանը միասին վերապրել են բազմաթիվ կայսրություններ։ Հայերի և վրացիների՝ Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության տիրապետության տակ գտնվելը թույլ տվեց երկու ժողովուրդներին միավորել ուժերը Բագրատունիների դրոշի ներքո, ովքեր հաջողությամբ դիմագրավում էին սելջուկ թուրքերին՝ համատեղ կուտակած փորձի շնորհիվ։ Նոր ժամանակներում հայերն ու վրացիները վերապրել են ռուսական կայսրությունն ու Խորհրդային Միությունը։ Իսկ դա նշանակում է, որ մեր ժողովուրդներն իրենց պատմական խնայատուփը համալրել են նոր փորձով։

Վրացիները մինչև հիմա վիրավորված են Ալեքսանդր I ցարից, ով 1801 թ․ սեպտեմբերին վրացական թագավորությունը վերափոխեց մարզի մակարդակի՝ խախտելով 1783 թվականի Գեորգիևյան տրակտատի դրույթները։ 1800 թվականի դեկտեմբերի 22-ին կայսր Պավել I-ը գաղտնի որոշում կայացրեց (խախտելով 1783 թ. տրակտատը) Արևելյան Վրաստանի թագավորության վերացման մասին: Մի քանի ամիս անց մահացավ Գեորգի XII-ը: Վրաստանում ռուսական ռազմական հրամանատարությանը հրամայվեց թույլ չտալ, որ գահ բարձրանա Գեորգիի ժառանգորդ Դավիթը: 1801 թվականի փետրվարի 16-ին Վրաստանի կառավարությունը պաշտոնական ծանուցում ստացավ Սիոնի տաճարում իր թագավորության լուծարման մասին, որի շենքը հատուկ շրջապատված էր ռուսական զորքերով։ Եվ արդեն 1801 թվականի սեպտեմբերի 12-ին կայսր Ալեքսանդր I-ը, որը իշխանության եկավ պալատական հեղաշրջման և իր հոր սպանության արդյունքում, ստորագրեց մանիֆեստը, որը Արևելյան Վրաստանի թագավորությունը հռչակեց «Վրացական նահանգ»։

Կարելի է երկար թվարկել Ռուսաստանի հանդեպ պատմական դժգոհությունները, բայց կա մեկ փաստ, որը բարելավում է ցարական վարքը. թուրքերի հետ կնքելով 1774 թվականի հուլիսի 10-ի Քյուչուկ-Կայնարջիի պայմանագիրը՝ Եկատերինա II-ը ոչ միայն իր կայսրությունը հռչակեց արևելյան քրիստոնյաների հովանավոր, այլև վերացրեց «օրիորդներով և տղաներով վրացիների կողմից սուլթանին վճարվող ամոթալի տուրքը»-, ասվում է «XIX դարում վրացական եկեղեցու և էկզարխատի պատմության համառոտ շարադրանքում»։ Ցանկացած իմպերիալիզմ չարիք է՝ անկախ նրա ազգային պատկանելությունից, բայց հանուն արդարության պետք է հիշել պատմության բոլոր էջերը, այդ թվում՝ առաջադեմները։

Մենք անձամբ համոզվեցինք Նիկողայոս Մառի ճշմարտացիության մեջ, ով XX դարի սկզբին մարգարեական խոսքեր ասաց․ «Ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի անողոք թշնամի է եղել մեծ տերությունների մշտապես բռնակալական համակարգը՝ անկախ մեծապետական ժողովուրդների հավատից կամ ռասայից»: Մնում է ճիշտ հետևություններ անել անցյալից և մշակել կոոպերացիայի օպտիմալ մոդել, որն այսօր հայերին ու վրացիներին պետք է նույնիսկ ավելի շատ, քան վաղ Բագրատունիների օրոք։ Քանի որ երկու ազգերն էլ կանգնած են ֆիզիկական գոյատևման եզրին և վտանգում են կորցնել իրենց ինքնությունը:

Ի դեպ, առանց այդ էլ հասկանալի է, որ կայսերական մոդելը հայերին ու վրացիներին չի սազում։ Լինելով Խորհրդային իշխանական բուրգի գագաթին՝ Իոսիֆ Ստալինը, Սերգո Օրջոնիկիձեն և Լավրենտի Բերիան բազում լավություններ արեցին իրենց հայրենիքին՝ իրենց անունները ոսկե տառերով գրելով վրացական պատմության մեջ։ Վրաստանի նկատմամբ նրանք վրացի էին, իրենց հողի հոգատար զավակները, Անդրկովկասյան թաթարների նկատմամբ նրանք հոգատար դաշնակիցներ էին՝ վերջիններիս շնորհելով Նախիջևանը, Արցախը և Ուտիքը, իսկ Հայաստանի նկատմամբ իրենց շատ ավելի վատ էին դրսևորում, քան ցարական կառավարության գաղութարարները։ Ստալինը, Օրջոնիկիձեն և Բերիան, մեղմ ասած, անտարբեր էին Հայաստանի տառապանքների հանդեպ, որի հողերը խորհրդային իշխանությունը աջ ու ձախ բաժանում էր թուրքերին՝ որպես թանկարժեք մուշտակ։ Արդյո՞ք ուժերի հավասարակշռության խախտումը հօգուտ թաթարների և թուրքերի ավելացրեց վրացիների անվտանգությունը։

ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանը ընկղմվեց արյունալի քաղաքացիական պատերազմի մեջ՝ կորցնելով վերահսկողությունը կայսերական սահմանների վրա։ Այժմ Բաքվի ռեժիմը յուրացրել է Դավիթ Գարեջայի վանական համալիրը՝ VI դարի Արևելյան Վրաստանի կրոնական սրբավայրը, որը գտնվում է Թիֆլիսից ընդամենը 60 կմ հեռավորության վրա։ Բաքվի պանթյուրքիստները աչք են դրել նաև Վրաստանի հարավ-արրելյան մյուս հողերին՝ օգտվելով այն հանգամանքից, որ թուրք պանթյուրքիստները, ըստ վրացի քաղաքական գործիչ Վլադիմիր Խոմերիկիի, «արդեն Բաթումը համարում են Թուրքիայի իրենց ներքին գոտին», «որտեղ ո՛չ սահման կա, ո՛չ էլ մաքսատուն»: «Թուրքիայի քարտեզներում այդ տարածքները նշված են որպես թուրքական։ Այս մասին բացահայտ խոսել են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Անկարայի այլ պաշտոնյաներ։ Ես բազմիցս կոչ եմ արել իմ հայրենակիցներին գրավոր երաշխիքներ ստանալ Թուրքիայից, որ Անկարան Կարսի պայմանագրի ավարտից հետո որևէ վրացական տարածքի նկատմամբ հավակնություն չի ունենա։ Մենք Թուրքիայից իրական երաշխիքներ չենք ստացել։ Ցավոք, Վրաստանի իշխանությունները նման երաշխիքներ չեն պահանջում։ Իսկ ժողովուրդն արդեն հուզվում է և պահանջում։ Չէ՞ որ Վրաստանը կարող է կորցնել իր «մարգարիտը»՝ ելքը դեպի Սև ծով, որից հետո պետության փլուզումը հնարավոր չի լինի կանգնեցնել»,- պարզաբանել է Խոմերիկին։

Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Պատճառն այն է, որ հայերն ու վրացիները հեռացել են իրենց նպատակից. մենք մեր առօրյա և քաղաքական կյանքում հրաժարվել ենք Աստծուն փառաբանելուց, բայց փորձում ենք միմյանցից վեր բարձրանալ՝ մոռանալով անցյալի դասերը, երբ հայ և վրաց Բագրատունիները համատեղ ջանքերով իրենց սրբավայրերն ազատագրում էին արաբներից և թուրք սելջուկներից:

Հայերն ու վրացիները պետք է պահպանեն իրենց ինքնությունը, բայց այն պահպանելու համար երկու ժողովուրդներն էլ պետք է կապ ապահովեն հայրենի հողի և նրա բնական արեալի հետ, որտեղ գտնվելը մեզ սնուցում է հոգեբանորեն, ինչպես ծառի արմատները, որոնք սնուցում են նրա բունն ու ճյուղերը: Հայկական անցյալի օրինակներով Մառը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ժողովրդի համար այն հողը, որտեղ նա ծնվել է. «Հայկական թագավորությունը նույնիսկ Կիլիկիայում՝ Միջերկրական ծովի մոտ, հալվել է գարնան ձյան պես։ Armenia Maritima՝ «Ծովային Հայաստանը» Ղրիմում հավանաբար քչերին է հայտնի, չնայած, որ այն կա XIII դարի ջենովական քարտեզի վրա։ Լեհաստանում հայերի մասին հայտնի է, որ նրանք ազգային բնաջնջում են ապրել, վերածվել լեհերի՝ չնայած նրանց տրված ինքնակառավարման իրավունքներին»։ Առանձին վերցրած մարդը կարող է վերածնվել ցանկացած վայրում։ Իսկ ահա ժողովուրդը, որպես միասնական ճակատագրով միություն, կարող է վերածնվել միայն իր բնօրրանում, միայն այնտեղ, որտեղ ծնվել է։

Պատմությունը սովորեցնում է, որ վրացիները, աբխազներն ու օսերը Կովկասում շատ ավելի մեծ բարգավաճման էին ձգտում հայերի հետ միասին, քան առանց հայերի, ովքեր հաշտեցնում էին իրար հետ պատերազմող իշխաններին։ Նման եզրակացության ինձ դրդում է ոչ թե պարծենկոտությունը, այլ «Քարթլիս ցխովրեբա»-ի՝ վրացական տարեգրության ընթերցումը, որը մեզ բացատրում է, թե ինչու է Կովկասում կայուն խաղաղությունը հնարավոր հայերի հետ դաշինքով, բայց ոչ հայերի հաշվին։ Ընդ որում, եթե անդրադառնանք հետխորհրդային իրականությանը, ապա Վրաստանի հայերը հավատարիմ մնացին Վրաստանին, իսկ Աբխազիայի հայերը՝ Աբխազիային՝ այդպիսով կատարելով իրենց պարտքը բնակության հողին։

Ինչ վերաբերում է բուն վրաց ժողովրդին, ապա նա արժանացել է մեծ հովվի՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին, ով իր երկարամյա ծառայությամբ ժողովրդին առաջնորդում է դեպի Աստված. նա անձամբ է մկրտում վրացական ընտանիքներում ծնված յուրաքանչյուր երրորդ երեխային՝ ոգեշնչելով ոչ միայն վրացիներին, այլև հարևան ժողովուրդներին:

Գլուխ 11. Հայերը եւ «Հոգու երկիրը»

Հայ-աբխազական հարաբերությունները սերում են հինավուրց ժամանակներից։ Հայերը Աբխազիայում եղել են դեռևս մ.թ.ա. II–I դարերում՝ Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի (մ.թ.ա. 132-63 թթ.) մարտական ջոկատներում, ով Հայաստանի թագավոր Տիգրան II Մեծի հետ դաշինքում կռվել է Հռոմի դեմ։ Իսկ արդեն մ․թ․ III դարի կեսերին Բիճվինթայում հռոմեական կայազորը ղեկավարում էր հայազգի Սուքեսյանը, ով, ջախջախելով գոթական ծովահեններին, տեղի բնակիչներին փրկեց թալանից։

Ովքե՞ր են աբխազները և ինչպե՞ս է թարգմանվում իրենց երկրի անունը: «Աբխազիա» անվանումը գալիս է աբազգ ցեղից։ Աբխազներն իրենք իրենց անվանում են ապսուա՝ այդպիսով ընդգծելով իրենց պատմական կապը ափսիլների ցեղի հետ։ Եվ արդեն «ապսուա»-ից է գալիս «ապսնը» բառը, որն աբխազերեն նշանակում է «հոգի» և «աղբյուր»: Այսպիսով, աբխազներն իրենց երկիրն անվանում են «Ապսնի», այսինքն՝ «Հոգու երկիր»:

Աբխազները սովոր չեն բողոքել ճակատագրից, չնայած այն նրանց շատ փորձություններ է տվել. օտարերկրացիները «Հոգու երկիրը» պաշարում էին ինչպես ծովից, այնպես էլ ցամաքից՝ ասորիներ, բաբելոնացիներ, պարսիկներ, խազարներ, հույներ, հռոմեացիներ, արաբներ, վենետիկցիներ, թուրքեր և ռուսներ:

VII դարի «Աշխարհացույցում» քարտեզագիր և փիլիսոփա Անանիա Շիրակացին տալիս է Աբխազիայի սահմանների հետևյալ նկարագրությունը․ «Եւ ընդ մէջ Պուլղարաց եւ ծովուն Պոնտոսի բնակեն ազգք, Գարշք եւ Քութք եւ Սւանք մինչեւ ցՊիսինուն ծովեզերային Աւազով աշխարհի, որ են Ափշիլք եւ Ափխաղք, մինչեւ ցքաղաքն իւրեանց ծովեզերային՝ Սեւաստուպաւլիք, եւ անդր եւս մինչեւ ցգետն որ կոչի Դռակոն որ է վիշապ, որ հոսի յԱղուանաց [ոչ Ալբանիան], եւ բաժանի ընդ Ափխազս եւ ընդ Եգր աշխարհ»։

Աբխազիան գտնվում է Կովկասյան գլխավոր լեռնաշղթայի և Սև ծովի միջև, հարավ-արևելքում՝ վրացական Մինգրելիային և Սվանեթիին սահմանակից Ինգուրի գետի, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Ռուսաստանի Կրասնոդարին սահմանակից Փսոու գետի միջև: Աբխազական թագավորության հյուսիսային սահմանը պատմականորեն անցել է Կուբան գետի երկայնքով [Խազարիայի փոքր գետը]:

XIX–XX դարերի սահմանագծին ապրած պատմաբան և կովկասագետ Նիկողայոս Մառը աբխազերենում տեսել է Հայաստանի, Հնդկաստանի և Էլամի սեպագիր հուշարձանները հասկանալու բանալիներից մեկը․ «Միայն աբխազների մեջ, որոնք այժմ մեզ հետաքրքրում են, ինչպես մեզ չհասած մի ամբողջության թանկարժեք բեկորում, մենք հիմքեր ունենք տեսնելու հնագույն առաջավոր-ասիական մշակութային աշխարհի մի մասը և, հետևաբար, նրանք հազվագյուտ կենդանի աղբյուր են: Եվ այդ պատճառով բնական է, որ աբխազերենը սկսում է օգնել ոչ միայն այս աշխարհի, այլև Հայաստանի, Հնդկաստանի և Էլամի մինչ այժմ չհասկացված սեպագիր հուշարձանների վերլուծությանը»։

Աբխազների լեզուն ազգակցական կապ չունի վրացական խմբի լեզուների, ինչպես նաև լեզգիների, օսերի և չերքեզների լեզուների հետ։ Ռուս ազգագրագետ Պյոտր Ուսլարի գնահատմամբ՝ աբխազերենը ազգակցական կապ ունի միայն անհետացած ուբիխերենի հետ, որը պատկանում է աբխազա-ադըղեական ընտանիքին։

Հայոց թագավորների համար առևտրային քարավանների ելքը Սև ծովի աբխազական ափ ռազմավարական նշանակություն ուներ, քանի որ Բիճվինթան [Պիցունդա] Հնդկաստանից և Չինաստանից դեպի Եվրոպա տանող հնագույն առևտրային երթուղու ամենահյուսիսային կետն էր Կովկասում. դրա ճամփաբաժանը գտնվում էր իրանական Համադանում [Եկբաթան], որտեղից քարավանները գնում էին Արտաշատով, Քարթլիով դեպի Աբխազիա։ XXI դարում այս ճանապարհը կոչվում է «Հյուսիս-Հարավ միջանցք», որի վերածննդի համար շարունակվում է կատաղի պայքարը։

Գրավոր աղբյուրներում Աբխազական թագավորության սահմանի մասին առաջին հիշատակումը վերաբերում է VII դարին՝ Բյուզանդիայի կայսր Հերակլիոսի (610-641 թթ.) ժամանակակից Լեոն I թագավորի գահակալությանը: Ըստ պատմաբան Ջուանշեր Ջուանշերիանիի, աբխազական թագավոր Լեոն I-ը Քարթլիի թագավոր Արչիլի հետ զրույցում նշում է իր տիրապետության հետևյալ սահմանները. «Կեսարն ինձ տվեց այս երկիրը ժառանգաբար... Այսուհետ այն իմ ժառանգական ունեցվածքն է Կլիսուրայից մինչև Մեծ (կարդա՝ Փոքր) Խազարիայի գետը, ուր հասնում է Կովկասի լեռնաշղթան»։ Կլիսուրան ներկայացնում է իրենից բյուզանդական պաշտպանական գիծ, որն անցնում էր Ցիխե Գոջիից և Քութայիսից ներքև։ Հարավ-արևելյան սահմանն անցնում էր Տեխուրի գետի երկայնքով (Ռիոնի աջ վտակ) և Ռիոն (Փազիս) գետի ստորին հոսանքով: Իսկ արևելքում Աբխազիան իր հզորագույն ժամանակաշրջանում սահմանակից էր Ջավախքին։

Լեոն I-ի օրոք, ով Աբխազական թագավորների տոհմի նախահայրն է, Աբխազական թագավորության իշխանությունը տարածվեց Իմերեթի և Մինգրելիայի վրա։ Ուստի նա և նրա հետնորդները պատմաբանների կողմից հիշատակվում են որպես Աբխազա-Իմերեթական թագավորներ. նույնիսկ Աբխազա-Իմերեթիան Կախեթիայի հետ միավորելուց հետո։ Օրինակ՝ Իմերեթում աբխազների թագավոր Լեոն II-ը [ով Խազարական խաքան Խակասրի թոռն էր և Լեոն I-ի եղբորորդին], օգտվելով Բյուզանդիայի թուլացումից և Խազարիայի հզորացումից, կառուցեց Քութայիս քաղաքը, իսկ նրա իրավահաջորդը՝ Թեոդոսիոս I-ը, Խոն քաղաքը։ Նրանց մայրաքաղաքներն էին Քութայիսը կամ Նիկոփսիան՝ քաղաք, որը գտնվում է ներկայիս Նոր Աֆոնի մոտ։

Որտեղի՞ց են ծագել աբխազները: Պատմաբան Վալերի Կվարչիան այնքան էլ անհիմն չի համարում աբխազների մի մասի մոտ առկա Հայաստանից նրանց ծագման վարկածը, որի մասին XVIII դարում հիշատակել է բժիշկ և ճանապարհորդ Յակով Ռեյնեքսը․  «Աբխազներն իրենք համաձայնության չեն գալիս իրենց ծագման հարցում. ոմանք կարծում են, որ  հայերից են սերել, իսկ մյուսները պնդում են, որ իրենց նախնիները Եգիպտոսից կամ գուցե Աբիսինիայից են եկել, քանի որ աբխազներն իրենց անվանում են Ափսնը»:

Հայերն ու աբխազները մկրտվել են Եփրատի վերին հոսանքում՝ Մեծ Հայքում Տրդատ Գ-ի իշխանության օրոք [301թ.], ինչի մասին վկայում է IV դարում հայոց միապետի քարտուղար Ագաթանգեղոս Արծրունու գրած «Պատմություն Հայոց» երկը․ «Եվ Սուրբ Գրիգորը [Լուսավորիչը] ցանկանում էր եկեղեցի կառուցել Բագավանում... և նա սկսեց սրբագործել եկեղեցիները և նրանցում քահանաներ կարգել այն մարդկանց, ովքեր գիտեին Սուրբ գիրքը: Մեկին նա ուղարկեց Վրաստան, մյուսին՝ աբխազների երկիր, մեկ ուրիշին՝ ալանների մոտ։ Եվ երբ երեսուն օրը լրացավ, և հոգևորականները հավաքվեցին նրա մոտ, նա վերցրեց ամբողջ ժողովրդին և տարավ Եփրատ գետի մոտ՝ թագավորական քաղաք Բագավանի շրջակայքում. նրանց թիվը երեք հարյուր յոթանասուն հազար էր, Տրդատ թագավորը, աբխազների թագավորը, վրացիների թագավորը, ալանների թագավորը և ազգերի ու ցեղերի բոլոր իշխաններն ու ղեկավարները, նրանց բոլոր ենթակաները և բազմաթիվ ծառաներ՝ տղամարդիկ, կանայք և երեխաներ: Գետի վրա վրաններ բացեցին, որպեսզի թագավորների ազգականուհիները (բառացի՝ «կանայք») իջնեն մկրտության համար: Տասնվեց իշխաններ, որոնք սկզբում մկրտվել էին Սուրբ Գրիգորի կողմից, և նրանց ազգականուհիներն այդ ժամանակ ընդունում էին մկրտվողներին մկրտության (վայրից)․ տղամարդիկ ծառայում էին տղամարդկանց, իսկ կանայք՝ կանանց»։ 

Այնուհետև Ագաթանգեղոսը պատմում է այն մասին, թե ինչպես է Սուրբ Գրիգորը Աբխազիայում նշանակում Սոփրոն եպիսկոպոսին՝ Ստրատոփիղոս եպիսկոպոսի նախորդին Բիճվինթայում՝ տարածաշրջանի քրիստոնեական կենտրոնում, որտեղ մեկ դար անց բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ը (527-565 թթ․) կկառուցի Աստվածամոր տաճարը. «Եվ նա [Սուրբ Գրիգորը] ուղարկեց աբխազների երկիր Սոփրոնին, ով քահանա էր Կապադովկիայից: Նա գտնվում էր Սուրբ Գրիգորի մոտ, և նա նրան եպիսկոպոս դարձրեց և ուղարկեց»։ 

Աբխազները համակրում էին հայերի ազգային-ազատագրական պայքարին։ Դրա օրինակն է 572 թվականին պարսկական լծի դեմ ապստամբած հայերին ցուցաբերված օգնությունը։ Ըստ բյուզանդացի գրող Թեոփանեսի՝ «հայերի կողմից կռվել են կոլխերը, աբազգները և ալանների Սարոս թագավորը»։ 

Աբխազական թագավորությունը անկախություն է ձեռք բերել 786-985 թվականներին։ IX դարում տիրանալով Իմերեթիային՝ աբխազական թագավորները մշտական պատերազմներ էին մղում վրացական (քարթլիական) թագավորների դեմ՝ ընդլայնելով իրենց տարածքներն արևելքում VIII-X դարերի ընթացքում: Այսպես ստեղծվեց «վահան» խալիֆայության դեմ, որի ուժերը Թիֆլիսը պահում էին օկուպացիայի մեջ։ Հայաստանի և Աբխազիայի թագավորների ապագա միությունը մեծապես կանխորոշված էր արաբական արշավանքով։ Ի դեպ, աբխազների և արաբների առաջին բախումը տեղի է ունեցել արդեն VII դարի կեսերին։ Այն ժամանակ աբխազները ստանում էին ալանների, խազարների և Բյուզանդիայի աջակցությունը։ 

«Այդ ժողովուրդը զարգացավ և, մեծացնելով իր թվաքանակը, տարածվեց ծովի տարբեր ափերով՝ հասնելով մինչև Աղվանքի [Ալբանիայի] և Հայաստանի սահմանները, դարձավ շատ մեծաթիվ ժողովուրդ։ Այս երկրի անվանումը Աբխազիա է…»,- նշում է X դարի հայ պատմիչ Ուխտանես եպիսկոպոսը։ Ուխտանեսից տասը դար անց խորհրդային պատմագրությունը փորձում էր Աբխազիան ներկայացնել որպես «վրացական գավառ»։ Սակայն անկողմնակալ հայացքով դեպի անցյալ նայելիս, երևում է աբխազական թագավորների ինքնակալությունը ովքեր իրենց ուժի և հնարավորության չափով որոշում էին Կովկասի ճակատագիրը։ 

Դրա օրինակն Է աբխազական և հայկական թագավորությունների մրցակցությունը Քարթլիում գերիշխանության համար, որը տևեց IX դարի 80-ական թվականներից մինչև X դարի սկիզբը։ Ըստ վրացական «Քարթլիս Ցխովրեբա» տարեգրության՝ արդեն X դարի սկզբին աբխազ Կոստանդին և Գեորգի թագավորները նվաճում են Քարթլին, Կախեթիան և Հերեթիան։ Աբխազական թագավորությունն իր գագաթնակետին է հասնում հենց Գեորգի II-ի օրոք, ով X դարի կեսերին թագավորության կազմում ընդգրկում է ժամանակակից Արևելյան Վրաստանի մի մասը։ Աբխազացի հայագետ Ռաուլ Խոնելիայի գնահատմամբ՝ «IX դարի 90-ական թվականներին Կենտրոնական Վրաստանում հայկական թագավորության դիրքերը շատ ավելի նախընտրելի էին»․ 

«Այս ամենի մեջ քիչ չէ Բագրատունիների արքայատոհմի առաջին հայոց թագավոր Աշոտ I-ի վաստակը, ով, օգտվելով աբխազական թագավորության և վրացական իշխանությունների ներքին պայքարից, կարողացավ որոշակի ժամանակով հաստատվել Քարթլիում։ Իզուր չէ, որ նա, ըստ հայ պատմիչ Ասողիկի, կոչվել է «Հայաստանի և Վրաստանի իշխանների իշխան և շրջակա բոլոր ժողովուրդների հաղթող»։ Աշոտը, լավ հասկանալով, որ միայն ռազմական ուժով հնարավոր չէ երկար ժամանակով հաստատվել այդ կողմերում, գնաց աբխազական թագավորության հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը։ Հայ պատմիչ Հովհաննես կաթողիկոսը նշում է, որ այդ «բարեկամական» դաշինքը կնքվել է մոտ 890 թվականին»։

Աշոտի ժառանգ Սմբատ թագավորի օրոք, ով «աբխազական լեռներում» ապաստան գտավ արաբական զորքերից, դաշինք է ձևավորվում Հայաստանի և Աբխազական թագավորության միջև։ Մուշեղ իշխանը՝ Սմբատի որդին, ամուսնանում է աբխազական Կոստանդին III թագավորի դստեր հետ։ «Այն ժամանակ Սմբատը ցանկացավ բարեկամանալ լակզերի արքայի հետ, ովքեր աբխազներ են։ Եվ աբխազների թագավորի աղջկան կնության վերցրեց... նրա որդին՝ Մուշեղը, և նրանք ազգական դարձան»,- պնդում է հայ պատմաբան Շապուհ Բագրատունին։ Երկու թագավորությունների դաշինքն ամրապնդվեց նաև Կոնստանդինի և Սմբատի դստեր ամուսնությամբ։ Հետագայում նրանք հաշտության պայմանագիր կնքեցին, որով Սմբատը զիջեց Կոնստանդինին Ուփլիսցիխեն և ամբողջ Քարթլին։ «Այն ժամանակ աբխազների թագավորը հայտնեց... Հայոց Սմբատ թագավորին. քեզ չեմ տա իմ հայրենիքից գավառը»,- վրդովմունքով պատմում է Շապուհ Բագրատունին:

Արաբների կողմից Սմբատի սպանությունից հետո Հայաստանի գահը անցնում է նրա որդուն՝ Աշոտ Բ Երկաթին, ով 920 թվականին օգնության խնդրանքով մեկնում Է աբխազական թագավորություն՝ համաձայն 906 թվականին իր հոր և աբխազական Կոստանդին թագավորի միջև հաստատված բարեկամական դաշինքի։

Պատահական չէ, որ Մառը շեշտում է, որ «Աբխազների պատմությունը IX-X դարերում սերտորեն միահյուսվում է հայ Բագրատունիների պատմությանը»: Ընդ որում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ արյունակցական իմաստով։ Օրինակ, Կոստանդին III-ի և հայոց արքայադստեր որդին՝ Բագրատը, դառնում է Տայք-Կղարջքի տիրակալ Գուրգենի փեսան։ Կոնստանդինի ավագ որդին էլ Գեորգին էր՝ առաջին ամուսնությունից՝ Տայք-Կղարջքի տիրակալ Ադարնասեի դստեր հետ: Իսկ ինքը՝ Գեորգին, ում վիճակված էր դառնալ աբխազական մեծ թագավոր, ամուսնացած էր հայոց թագավորի դստեր հետ։ Տայք-Կղարջքի վրա իր ազդեցությունն ուժեղացնելու նպատակով Գեորգին իր քրոջը ամուսնության է տալիս Տայք-Կղարջքի կառավարիչ Ադարնասեի որդի Աշոտ Կյուրոպաղատին։ Այսինքն՝ հայ Բագրատունիներին հաջողվել է միավորել աբխազական և վրացական իշխաններին, ովքեր թշնամի էին դարեր շարունակ։ Միևնույն ժամանակ, Բագրատ III-ը կրում էր «Աբխազիայի թագավոր և ամբողջ Արևելքի Նովելիսիմուս» տիտղոսը։

Չնայած քաղաքական դժվարությունները միշտ էլ եղել են։ Ահա թե ինչ է ասվում այս առիթով «Աբխազիան և նրա քրիստոնեական հնությունները աբխազական ծովափնյա ափի պլանով» (1887թ․) աշխատության մեջ․ «Աբխազական թագավորները, ում աջակցում էին հույները, ջանում էին արաբներին վտարել իրենց հավատակից Վրաստանի սահմաններից, բայց անհաղթահարելի խոչընդոտների էին հանդիպում արտանուջական (Ճորոխի ավազանում) Բագրատունիների կողմից, ում աջակցում էին արաբները և ովքեր նաև նպատակ ունեին նվաճել ամբողջ Վրաստանը։ Այս պայքարը շարունակվեց մինչև 985 թվականը։ Այդ տարի աբխազական Թեոդոսիուս Կույր թագավորը, չունենալով ժառանգներ, վրացական կյուրոպաղատ Դավիթի ջանքերով իրենից հետո իրավահաջորդ նշանակեց արքունական մի երիտասարդի (վրաց թագավոր Գուրգենի որդի), ով դեռ փոքր տարիքում վրաց թագավոր կոչվեց՝ Բագրատ III (980-1014 թթ.) անունով։ Նա Արտանուջի Բագրատունիների տոհմից էր, որի գլխին, իրեն հարազատ կուրոպաղատ Դավիթի ջանքերով Վրաստանի (Քարթլի) և Աբխազիայի պսակները միացան Իմերեթիայի հետ։ Այնուամենայնիվ, Բագրատ III-ը և նրա իրավահաջորդները՝ մինչև Դավիթ Շինարար թագավորը (1039-1130), կոչվում էին աբխազա-իմերեթական թագավորներ՝ իրենց այն ժամանակվա տիրույթների տարածականության իմաստով»։ 

Միևնույն ժամանակ, հայկական տոհմերն այդ ժամանակաշրջանում իշխում էին ինչպես Հայաստանում, այնպես էլ հարևան Բյուզանդիայում՝ թշնամանալով միմյանց հետ Կովկասում տարածվածության համար։ Նկատի ունեմ Հայկական [Վասիլյան կամ Մակեդոնական] արքայատոհմը, որը Բյուզանդիայում կառավարել է 867-1056 թվականներին։ Կովկասագետ Վասիլի Լատիշևի պնդմամբ՝ IX դարում աբխազական թագավորներ Թեոֆիլի և նրա որդու՝ Միքայելի օրոք «բյուզանդական բանակները երեք անգամ դաժան պարտություններ են կրում ավազգներից [աբխազներից]»։

X դարի վերջից մինչև XIII դար Միացյալ Աբխազիան և Վրաստանը կոչվում էին Աբխազական կամ Աբխազա-Քարթվելյան Թագավորություն: Հետագայում հեղինակների մոտ աբխազա-վրացական միացյալ պետությունը կոչվում է նաև Իբերիա։ Ընդ որում՝ Աբխազիայում և Վրաստանում էին գտնվում երկու անկախ արքեպիսկոպոսներ, որոնք կոչվում էին կաթողիկոսներ։ Այս տիտղոսը կրել են նաև հայկական, պարսկական և աղվանական եկեղեցիների ղեկավարները։

«Մինչև 786 թվականը մե՛կ Հունաստանին, մե՛կ Վրաստանին միացող Աբխազիան բյուզանդական կայսրերի օգնությամբ անկախություն ձեռք բերեց և 786-ից մինչև 985 թվականը, ինչպես ցույց է տրված վերևում, կառավարվում էր իր թագավորների կողմից։ Այս ժամանակահատվածում, մասնավորապես IX դարում, աբխազական թագավորները, տիրանալով Իմերեթին և մշտական պատերազմներ վարելով վրացական (քարթլիի) թագավորների հետ իրենց անկախության համար, ցանկանում էին ամրապնդվելու նպատակով եկեղեցու հատուկ գլուխ ունենալ Աբխազական և Իմերեթական կաթողիկոսի տիտղոսով: Այս Կաթողիկոսի նստավայրը, ինչպես հեշտ է կռահել, Պիցունդայում էր, քանի որ այնտեղ հոյակապ տաճար էր»,- բացատրում է «Աբխազիան և նրա քրիստոնեական հնությունները» աշխատության հեղինակ Լև Քավելինը։

Հայաստանի, Քարթլիի, Աբխազիայի և Իմերեթի քաղաքական միասնությունը ոչ թե պատմության հուշարձան է, այլ դրական փորձ, որը կարող է օգտակար լինել XXI դարում։ Եթե հայերը, վրացիներն ու աբխազները կարողացել են մեկ անգամ միավորվել, ուրեմն նրանք կարող են կրկին անել դա։ Եվ այստեղ կարևոր չէ, թե որքան է տևել նրանց միասնությունը անցյալում՝ հինգ, քսան թե երկու հարյուր տարի։ Աբխազիայում հայկական Բագրատունիների թագավորության պատմությունը հաստատում է Մառի եզրակացությունները համակովկասյան միասնության գաղափարի առկայության մասին, որը հավասարապես մոտ էր հայերին, աբխազներին և վրացիներին:

Սակայն դա չի բացառում Հայաստանի, Աբխազիայի, Իմերեթի, Քարթլիի, Աղվանքի և այլ թագավորությունների իշխանների միջև մշտական մրցակցությունը Հարավային Կովկասում առաջնորդության համար։ Հետևաբար, 1122 թվականին Թիֆլիսը արաբներից ազատագրելուց հետո, Իբերիայի և Աբխազիայի թագավոր Դավիթ IV Շինարարը մայրաքաղաքն այնտեղ է տեղափոխում Քութայիսիից՝ ընդգծելու համար Բագրատունիների գերակշռությունը աբխազական թագավորների նկատմամբ։ Այնուամենայնիվ, Բագրատունիները հասկանում էին աբխազների նշանակությունը ձևավորվող բազմազգ կայսրությունում. 1188 թվականի Գելաթի վանքին շնորհված գրագրության մեջ Թամար թագուհին իրեն անվանում է «աբխազների, քարթերի, ռաների, կախերի և հայերի, Շարվանշի և Շահանշի և ողջ Արևելքի և Արևմուտքի տիրուհի», ինչպես նաև «աբխազների, քարթալինների և կախեթցիների, ողջ Արևելքի և քրիստոնյաների տիրուհի»։ Այս գրից չորս տարի առաջ՝ 1184 թվականին, Չաչբայի տոհմը դառնում է Աբխազիայի տիրակալ իշխանների տոհմ [վրաց.՝ Շերվաշիձե], որն անընդհատ ձգտում էր ընդլայնել իր անկախությունը վրաց իշխաններից։

Չաչբա իշխանների առաջին փորձը եղավ 1239 թվականին, երբ Վրաստանը թուլացավ Մոնղոլական արշավանքի արդյունքում։ Բայց աբխազներին հաջողվում է վերականգնել իրենց թագավորության ինքնիշխանությունը միայն 1462 թվականին։ Ճիշտ է, զգալի սահմանափակումներով․ օսմանյան թուրքերը, որոնք Կոստանդնուպոլսի անկումից հետո իրենց վրա վերցրեցին Բյուզանդիայի «կայսերական խաչը», ստանձնեցին Աբխազիայի գաղութացումը։ Գրավելով Սուխումի, Ռեդուտ-Կալեի, Փոթիի և Անապայի ամրոցները՝ թուրքերն ակտիվորեն զբաղվեցին երկրամասի իսլամացմամբ։ Ավելին, նրանք այնքան արդյունավետ գործեցին, որ 1810 թվականին Աբխազիայի տիրակալ իշխան Սաֆար բեյ Չաչբան իսլամից անցավ քրիստոնեության՝ ընդունելու Ռուսական կայսրության հպատակությունը։ Բայց աբխազական իշխանության սուբյեկտիվությունը ճանաչելու փոխարեն, Սանկտ Պետերբուրգը 1864 թվականին լուծարեց իշխանությունը և մտցրեց ուղղակի կառավարում՝ շրջանը վերանվանելով Ռուսական կայսրության Սուխումի ռազմական բաժին։

«Աբխազիայի անկախ դիրքը իմաստ ուներ, քանի դեռ Սև ծովի արևելյան ափը չէր միացվել Ռուսաստանին»,- գրել է Կովկասի փոխանորդը 1864 թվականի մարտի 23-ին Ալեքսանդր II-ին ուղղված իր նամակում: Իսկ արդեն 1883 թվականին աբխազներին նոր «անակնկալ» մատուցեցին՝ Սուխումի ռազմական բաժինը ընդգրկվեց Քութայիսի նահանգապետության կազմում՝ որպես շրջան։ Կարգավիճակի տպավորիչ իջեցում՝ Աբխազական թագավորությունից մինչև Սուխումի բաժին և շրջան։ Չնայած Գյուլիստանի հաշտության պայմանագրով Իրանը, ի թիվս այլ բաների, պաշտոնապես ճանաչում էր Աբխազիայի մուտքը Ռուսաստանի կազմ։ Ոչ թե Սուխումի բաժնի կամ շրջանի, այլ հենց Աբխազիայի:

Տպավորություն է ստեղծվում, որ ցարական պաշտոնյաները գիտակցաբար նսեմացնում էին հպատակներին՝ իրենց կայսերական բարդույթները բավարարելու համար։ Չէ՞ որ այդպես վարվեցին ոչ միայն աբխազների, այլև հայերի և նույնիսկ վրացիների հետ, որոնց նկատմամբ ռուս ցարերը, իսկ նրանցից հետո նաև կոմունիստական գլխավոր քարտուղարները մեծագույն լոյալություն էին ցուցաբերում։ Այսպես, Արևելյան Հայաստանը, որը 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի արդյունքում ամբողջությամբ մտավ ռուսական կայսրության կազմի մեջ, կոչվեց նույնիսկ ոչ թե Հայկական իշխանություն, այլ Հայկական մարզ։ Թեև Եկատերինա II կայսրուհին ժամանակին հայերին օգնություն էր խոստացել հայկական թագավորությունը վերականգնելու գործում, սակայն նրա թոռներն այլ տեսլական ունեին։

Ցարի պալատականները նախ խաբեցին վրացիներին․ 1801 թվականի հունվարին Պավել I-ը ստորագրում է Վրացական թագավորության՝ կայսրությանը միանալու մանիֆեստը, իսկ մարտին նրա որդին՝ Ալեքսանդր I-ը, «Վրաստանի կառավարման մասին» հրամանագիր է արձակում, համաձայն որի՝ այն դառնում է նահանգ Ռուսաստանի կազմում։ Իսկ ո՞ւր մնաց հպատակների արժանապատվությունը։ Արդյո՞ք ռուսական ցարի կերպարը կտուժեր աբխազների, վրացիների և հայերի պատմության հանդեպ հարգալից վերաբերմունքից։ Ընդհակառակը, նրա փառքը դարերի մեջ անմար կմնար։

Ի տարբերություն հայերի, որոնք ռուս-պարսկական պատերազմներից հետո սկսեցին Ռուսաստան տեղափոխվել Իրանից և Օսմանյան կայսրությունից, աբխազները ռուսական հպատակությանը պատասխանեցին դեպի Բարձր դուռ զանգվածային վերաբնակեցմամբ՝ մուհաջիրությամբ։ Ընդհանուր առմամբ XIX դարում Աբխազիան լքել է 180 հազար մարդ, որոնցից 135 հազարը աբխազներ են եղել։ Պատճառը աբխազական ժողովրդի՝ ճորտատիրական կարգերին ենթարկվելու դժկամությունն էր և ցարական պաշտոնյաների կողմից աբխազական ավանդույթների բացարձակ չիմացությունը։ 

Մուհաջիրության խթանիչը դարձան երկու իրադարձություներ՝ Լիխնիի ապստամբությունը՝ 1866 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի առաջին օրերը, ինչպես նաև 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը։ Ապստամբության անվանումը ծագել է Լիխնի գյուղից, որը 1462 թվականից եղել է Չաչբա իշխանների նստավայրը։ Այսինքն այն Աբխազիայի ինքնիշխանության խորհրդանիշն է։ 

Լիխնիի ապստամբությանը մասնակցել է մինչև 20 հազար մարդ։ 1866 թվականի հուլիսի 29-ին ապստամբները 20-ամյա Գեորգի Չաչբային հռչակեցին Աբխազիայի տիրակալ իշխան [նրա հայրը՝ Միխայիլ Չաչբան, Աբխազիայի վերջին տիրակալ իշխանը, դրանից մի քանի ամիս առաջ մահացավ ռուսական աքսորում]։ Սակայն ցարական ռազմական մեքենան հանդես եկավ աբխազական պետականության վերականգնման դեմ՝ արյան մեջ խեղդելով ապստամբությունը։ Գեորգի Չաչբան հետագայում գրել էր՝ չթաքցնելով իր վրդովմունքը․

«Պաշտոնյան և մոտակա վերադասները, որոնց հանձնարարվել էր բարեփոխում մտցնել, չէին հոգացել նույնիսկ երկրի գույքային հարաբերությունների պայմաններն ուսումնասիրելու մասին։ Բանն այն է, որ Աբխազիայում գոյություն չուներ դե ֆակտո ճորտատիրական կախվածություն...Ժողովուրդը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ումից և ինչից են իրեն «ազատում»։ Իշխանությունները չէին պարզել աբխազական կենսակերպի սոցիալ-կենցաղային և կալվածքային առանձնահատկությունները և իրենց կոպիտ պահվածքով հրահրել էին ժողովրդական վրդովմունքը։ Լիխնիի հավաքին ցարական իշխանության ներկայացուցիչները շատ կոպիտ ձևով հայտարարեցին, որ ժողովուրդը որոշակի փրկագնի դիմաց ազատվում է իր տերերից։ «Անխայու» գյուղացիները (բնակչության հիմնական մասը), ովքեր իրենց ազատ էին համարում, վրդովվեցին, իսկ իշխաններն ու ազնվականները վիրավորվեցին նրանից, որ պարզվեց թե իբր նրանք «տիրում են» ոչ թե ազատ մարդկանց, այլ «ստրուկներին», որոնց հետ կապված էին կաթնային ազգակցական կապով (աթալիկություն)»։

Մուհաջիրությունը ոչ միայն փոխեց Աբխազիայի էթնո-ժողովրդագրական կազմն ու բնակչությունը, այլև ազդեց XX և XXI դարերում ժողովրդի քաղաքական ճակատագրի վրա։ Այսպիսով, 1886 թվականի դրությամբ աբխազների թիվը կազմում էր 58,963 մարդ, իսկ վրացիները՝ 4,166։ Երեսուն տարի անց՝ 1916 թվականին, աբխազներն արդեն 111,780 էին, իսկ վրացիները՝ 37,414։ 1926 թվականին՝ խորհրդային իշխանության շրջանում, աբխազները թվային առաջնությունը զիջում են վրացիներին՝ 55,918 մարդ՝ 67,494-ի դիմաց։ 1989 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից երկու տարի առաջ, հանրապետությունում աբխազների թիվը կազմում էր 93,267 մարդ, իսկ վրացիների թիվը՝ 239,872։ Եվ սա՝ 499,357 ընդհանուր բնակչության պարագայում։ Այսինքն՝ 1992-1993 թվականների Աբխազիայի և Վրաստանի միջև պատերազմը աբխազական փոքրամասնության պատերազմն էր վրացական մեծամասնության դեմ։ Եվ դա ողբերգություն էր ինչպես աբխազների ու վրացիների, այնպես էլ հայերի համար, ովքեր միշտ իրենց ռազմական պարտքն են կատարել բնակության երկրում՝ լինի դա Աբխազիան, թե Վրաստանը։

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ: Աբխազիայում հայերի թիվն աճում էր ռուս-թուրքական պատերազմների և Հայոց ցեղասպանության ֆոնին, որը տասնամյակներ շարունակ համակարգված կերպով իրականացվում էր թուրք ֆաշիստների կողմից: Խոսքը հիմնականում համշենցիների մասին է։ Միգրացիան սկսվել էր դեռևս 1879 թվականի աշնանը, երբ 400 հայ փախստականներ Ջանիկից՝ արևմտահայկական Արմենիակ նահանգից, ժամանեցին Աբխազիա։

«Համշենցիները լքված հողերը բնակեցրել են Մծարայում և հիմնել Աբխազիայում առաջին հայկական գյուղը։ Մծարան իրավամբ բնօրրան է Աբխազիայի բոլոր համշենահայերի համար։ 1881 թվականին կառուցվեց առաջին հայկական եկեղեցին, իսկ երկու տարի անց՝ 1883 թվականին, բացվեց ծխական դպրոց՝ Աբխազիայում առաջին հայկական դպրոցը։ Գյուղացիների հիմնական զբաղմունքը ծխախոտագործությունն էր։ Եվ Սամսուն ծխախոտն իսկապես ճանաչվեց լավագույնը և որակովը»,- հիշում է Մծարայի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Ժորա Աղոզյանը, ում նախապապը մասնակցել էր այդ իրադարձություններին:

Դա հայ տղամարդկանց հատուկ տեսակ էր, որոնք բերքահավաքի սեզոնին վերադառնում էին Աբխազիա, իսկ մնացած ժամանակ՝ 1915-1923 թվականներին, ծովով գաղտնի տեղափոխվում էին Համշեն և մասնակցում Ջանիկի և Օրդու հայերի պարտիզանական պատերազմին՝ սարսափեցնելով թուրքական բանակի կանոնավոր զորամասերին։

Ըստ 1886 թվականի մարդահամարի՝ Աբխազիայում  ապրել է 1049 մարդ, իսկ 1914 թվականին՝ 7980 մարդ։ Արդեն 1926 թվականին՝ 30,048 մարդ։ Ընդ որում, Աբխազիայում երրորդ տեղ հայերը դուրս են եկել միայն 1989 թվականին, երբ նրանց թիվը հասել է 76,541-ի։

Ո՞վ էր մինչ այդ երրորդ տեղում։ 1939-1977 թվականներին Աբխազիայում բնակչության թվով երրորդ տեղը կայուն զբաղեցրել են ռուսները։ Համեմատության համար նշենք, որ 1939 թվականին հանրապետությունում բնակվում էր 60,201 ռուս և 49,705 հայ, 1959 թվականին՝ 86,715 ռուս և 64,400 հայ, 1970 թվականին՝ 79,730 ռուս և 73,000 հայ, 1977 թվականին՝ 93,000 ռուս և 75,000 հայ։ Միայն 1989 թվականին հանրապետությունում ռուսների թիվը նվազել է մինչև 74,913 մարդ։

2019 թվականի տվյալներով, որոնք «Նոյյան Տապան»-ին տված հարցազրույցում ներկայացրել է Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը, Աբխազիայում՝ Գալի, Գուլրիփշի, Սուխումի շրջաններում, հիմնականում գյուղերում, ապրում է արդեն 42,195 հայ։

Հայերը (1813 թվականից) և աբխազները (1810 թվականից) մոտավորապես նույնքան ժամանակ գտնվում էին ռուսական կայսրության կազմում և նույնքան ժամանակ՝ ԽՍՀՄ կազմում․ ուղիղ յոթանասուն տարի՝ մի թիվ, որը կրկնվում է հրեաների Բաբելոնյան գերության պատմության մեջ։ Հայերից և աբխազներից ավելի երկար կայսրությունում ապրել են վրացիները (1801 թվականից)։ Բայց այսօր դա այլևս կարևոր չէ։ Այսօր կարևոր է դաս քաղել  և հասկանալ, որ կայսրության փլուզումը Հարավային Կովկասի ժողովուրդների համար վերածվեց սահմանների արյունալի վերաբաշխման։

Ինչո՞ւ այդպես եղավ։ Որովհետև Աստծուն ժխտող խորհրդային կայսրությունն ի սկզբանե կառուցված էր արյան և անարդարության վրա, իմպերիալիզմի սկզբունքների վրա, որի շրջանակներում մի ժողովուրդ փորձում էր վերադասվել մեկ այլ ժողովրդի վրա, իսկ Լենինի դամբարանի պատերի մոտ նստած կուսակցական բյուրոկրատիայի ներկայացուցիչներն ամեն կերպ պարազիտանում էին իրենց ստեղծած ազգամիջյան հակասությունների միջոցով, որպեսզի մեծարվեին ողջ Կովկասում՝ խորամանկորեն հանդես գալով որպես միջնորդներ։

Իմպերիալիզմը ծանր բեռ դարձավ հայերի և աբխազների համար։ Եվ բանը միայն այն չէ, որ բոլշևիկները բաքվաթրքական ռեժիմին հանձնեցին հայկական հողերը և հավատարմորեն հետևեցին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության ղեկավար Նոյ Ժորդանիայի՝ «աբխազների վրացականացման» սկզբունքին։  Բանն այն է, որ իմպերիալիստները դիմել են ամենասարսափելի հանցագործություններին, այդ թվում՝ սուբյեկտիվություն ունեցող առաջին դեմքերի սպանություններին: Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը և աբխազական ԽՍՀ Կենտկոմի նախագահ Նեստոր Լակոբան սպանվեցին 1936 թվականին Լավրենտի Բերիայի կողմից, որն այն ժամանակ Վրաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում:

Եթե ասենք, որ Բերիան գործել է միայն որպես վրացի իմպերիալիստ, ապա դա ճիշտ կլինի, բայց դա կլինի ոչ ամբողջ ճշմարտությունը։ Քանի որ Բերիան, ինչպես և Կրեմլի տիրակալ Իոսիֆ Ստալինը, իրենց առաջին հերթին համարում էին խորհրդային [ռուսական] իմպերիալիստներ, որոնց համար Կովկասի նկատմամբ գերիշխանությունը հնարավոր էր միայն տարածաշրջանի՝ ինքնակազմակերպման և երկարատև զինված պայքարի ունակ բնիկ ժողովուրդների մշտական բաժանման և թուլացման միջոցով։

Հայ ժողովուրդը շահագրգռված է, որպեսզի Աբխազիայի և Վրաստանի միջև տիրի երկար սպասված խաղաղությունը։ Այս երկու թագավորությունների բարեկեցությունը Հայաստանի հուսալի թիկունքն է, որի զարգացումն անքակտելիորեն կապված է Կովկասի ողջ Սևծովյան ափի բարգավաճման հետ։ Բայց ինչպե՞ս հասնել խաղաղության: Նախ պետք է գիտակցել գլխավորը՝ հայերի, աբխազների և վրացիների թշնամին իմպերիալիզմն է՝ որպես մի ժողովրդի ռասայական գերակայության գաղափար մյուսի նկատմամբ, այլ ոչ թե առանձին վերցրած մի ժողովուրդ։ Երկնքից Կովկաս նայող Աստծո համար բոլոր ազգերը հավասար են, բայց Նա իր Հաղթանակն ու Փառքը տալիս է միայն նրանց, ովքեր փառաբանում են Արարչին, այլ ոչ թե փորձում են վերադասվել հարևանի վրա:

Հայաստանը պետք է օգնի Աբխազիային և Վրաստանին երկրների միջև իրավահավասար երկխոսություն հաստատելու հարցում՝ առանց ավագների և կրտսերների, մեծերի և փոքրերի բաժանման։ Առավել ևս, որ աբխազներն ունեն արժանի մարդիկ, որոնք իրավունք ունեն խոսել իրենց ժողովրդի անունից։ Նրանց թվում է աբխազ քաղաքական գործիչ և զորահրամանատար Ահրա Ավիձբան, ով հեղինակություն է վայելում ինչպես հայրենի Աբխազիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Վստահ եմ, որ վրացիներն էլ ունեն սուբյեկտային քաղաքական գործիչներ, որոնք պատրաստ են պատասխանատվություն կրել տարածաշրջանի ապագայի համար։ Խոսելու ժամանակն է: Եվ կարելի է սկսել տնտեսությունից՝ Վրաստանի և Աբխազիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումից, ինչը կարող էր տեղի ունենալ Հայաստանի, Իրանի, իսկ հեռանկարում նաև Հնդկաստանի միջնորդությամբ Չինաստանի հետ։ Երևակայությո՞ւն է։ Պատմության մեջ եղել են հայերի միջնորդությամբ միասնականության հաջողված օրինակներ։ Եթե նախկինում ստացվել է, ուրեմն կարող է կրկին ստացվել։

Գլուխ 12. Աղվանք եւ Լփինք՝ լեզգիների եւ ավարների գողացված թագավորությունները

Լեզգիներն ու ավարները դաղստանցի խիզախ ժողովուրդներ են, ովքեր դարավոր ազատագրական պայքարով ապացուցել են ազատության և ազգային-պետականաշինության իրենց իրավունքը։ Լեզգիները Աղվանքի ժառանգներն են [Ալբանիա], իսկ ավարները Լփինքի թագավորության ժառանգներն են [Լպինիա], որը գտնվում էր Աղվանքի հարավ-արևելքում։ Հայաստանի նման, Աղվանքի թագավորության սահմանները նույնպես որոշվում էին գետերով։ Այսպես, հարավում Աղվանքը Հայաստանի հետ սահմանակից էր Կուր գետով, արևմուտքում սահմանակից էր Իբերիայի հետ Ալազան գետով, իսկ արևելքում՝ Կասպից ծովով։ Աղվանքի պատմական մայրաքաղաքը Կապաղակ [կամ Կապալա] քաղաքն է, որի անունը լեզգիներենից թարգմանաբար նշանակում է «քաղաք, որը գտնվում է երկու բլուրների վրա»։

Արևելյան Կովկասի պատմագրության մեջ հաճախ են հանդիպում «Կովկասյան Աղվանք» և «Հայկական Աղվանք» հասկացությունները։ Հետագա շփոթությունից խուսափելու համար պարզաբանում եմ. Կովկասյան Աղվանքը պետություն է Կուրի ձախ ափին՝ բնիկ լեզգիական բնակչությամբ, իսկ Հայկական Աղվանքն Արցախին սահմանակից հայկական Ուտիք նահանգ է, որը գտնվում է Կուրի աջ ափին։ Այն ժամանակաշրջանում, երբ Աղվանքը կառավարում էին հայկական Արշակունի և Բագրատունի տոհմերը, որոնք իրենց դրոշի ներքո միավորեցին Կուրի երկու ափերը, մատենագիրները օգտագործում էին «Աղվանք», «Ալուանք» կամ «Արան» անվանումները՝ ի պատիվ Սիսակի ժառանգներից մեկի, որի ծագումնաբանությունը սկիզբ է առնում հայերի նախահայր Հայկից։

Լեզգիների և ավարների հնագույն պատմությունն արժանի է մանրակրկիտ ուսումնասիրման՝ յուրաքանչյուրն առանձին: Սակայն սույն գլխում ես գրում եմ երկու լեռնային ժողովուրդների մասին՝ առանց նրանց տարանջատման, նպատակ ունենալով ոչ թե անցյալի ժամանակագրական նկարագիր անել, այլ լեզգիների, ավարների և հայերի ճակատագրերի օրինաչափությունները բացահայտել, որոնք արդիական են մինչ օրս։ Չէ՞ որ մեր ժողովուրդների ջանքերի շնորհիվ Կովկասում դարերով ծաղկել է Դերբենդի հայ-աղվանական թագավորությունը, որի ավերակների վրա իմպերիալիստները XIX դարում կազմավորել են Բաքվի խանությունը, իսկ XX դարում՝ Ադրբեջանական ԽՍՀ-ն, որպեսզի, հենվելով Միջին Ասիայից եկած թյուրքական ցեղերի վրա՝ հնազանդ պահեն կամակոր լեռնեցիներին։ Այս իմաստով ռուսական կայսրության և Անդրկովկասյան թաթարների քաղաքական շահերը համընկնում էին. եկվոր լինելով տարածաշրջանում՝ ռուսները և անդրկովկասյան թաթարները ձգտում էին և մինչ օրս ձգտում են ամրապնդել իրենց դասակարգային գերակայությունը երկրամասի բնիկների նկատմամբ՝ նրանց պատմական հողերի բաժանման միջոցով։

Աղվանքը [Ալբանիա] թարգմանվում է որպես «բարձրլեռնային երկիր», իսկ աղվանցին [ալբանացի]՝ որպես «լեռնաբնակ»: «Ալբ» կամ «Ալպ» արմատը նշանակում է «բարձր լեռ»: Այսպես էին անվանում Լեզգիստանը հույն, հռոմեացի և հայ մատենագիրները՝ օգտագործելով Կելտական Alp բառը։ Ըստ Ստրաբոնի՝ աղվանցիները կազմված էին 26 ցեղերից, որոնց թվում էին ուդիները, լեգերը, գելերը, կասպերը, գարգարացիները, սոդիները, իսոնդիները, սիլվերը, անդակները, դիդուրները և այլն։Նրանց լեզուները մտնում են լեզգիական խմբի մեջ։ Մ.թ.ա. I դարի սկզբին այս ցեղերը միավորվեցին «աղվանցիներ» [ալբանացիներ] անվան տակ՝ ստեղծելով մեկ պետություն։ Այդ ժամանակից աղվանցիները Հայաստանի դաշնակիցներն են։ «Դաղստան» ինքնանվանումը հայտնվել է շատ ավելի ուշ՝ XVII դարում, և ունի թյուրքական ծագում [թյուրքերենում «դաղ» նշանակում է լեռ, իսկ պարսկերենում «ստան» նշանակում է երկիր։ Այսինքն՝ «Աղվանքը» [Ալբանիա] և «Դաղստան»-ը հոմանիշներ են։

Դաղստանի հայերն ու ժողովուրդները միասին կռվել են օտար զավթիչների դեմ դեռ նախաքրիստոնեական շրջանում։ «Երբ մ.թ.ա. 69 թ. Լուկուլլոսի լեգեոնները ներխուժեցին Հայաստան, հայերին օգնության հասան իբերները, աղվանները և կովկասյան այլ ցեղեր։ Սկզբում հռոմեացիները հաջողություն ունեցան և նույնիսկ գրավեցին Տիգրանակերտը։ Բայց շուտով հայերին և նրանց դաշնակիցներին հաջողվեց հետ մղել հռոմեացիներին, և Լուկուլլոսը նահանջեց Կիլիկիա»,- հիշեցնում են «Դաղստանի պատմություն» երկհատորյակի հեղինակները (1967թ.):

Լեզգիների և ավարների բանակը Տիգրան Բ Մեծի բանակի կազմում կռվել է հռոմեացիների դեմ, Իսկ Մեծ Հայքի թագավորի պարտությունից հետո շարունակել է ճակատամարտը Պոմպեոսի բանակի հետ, որը փորձում էր վերահսկողության տակ վերցնել Կուրի երկու ափերը։ Եվ այսպես շարունակվել է շատ անգամներ՝ Հայաստան ներխուժած բազմաթիվ ժողովուրդների նկատմամբ՝ հռոմեացիներից ու արաբներից մինչև խազարներ ու մոնղոլներ։ Օրինակ, մ․թ․ 34թ. պարթևները արշավեցին դեպի Հայաստան, որին օգնության հասան աղվաններն ու իբերները՝ Իբերիայի թագավոր Փարսմանի գլխավորությամբ։ Նրանց վիճակված էր ջախջախել պարթևական բանակը և փառավորել աղվանա-իբերական հետևակը, որը բաղկացած էր լեռնեցիներից։

Տարբեր ժամանակաշրջաններում հայերին, ավարներին և լեզգիներին հաջողվել է պահպանել միասնությունը, երբ երեք ժողովուրդները հավատում էին մեկ Աստծուն՝ միմյանց համար դառնալով օրհնություն։ Ավելին, ժողովուրդների միջև միասնությունը տեղի է ունեցել ինչպես քրիստոնեական, այնպես էլ մահմեդական դարաշրջանում: Նման եզրակացության են հանգել պատմաբաններ Թիմուր Այթբերովը և Շահբան Հապիզովը, որոնք հիշեցրել են, որ ավարներով բնակեցված Ալազանի հովտի մի մասը և Լեռնային մահալը Աբբասյանների Արաբական խալիֆայության փլուզումից հետո մտել են Բագրատունիների Աղվանական երկրորդ թագավորության կազմի մեջ (IX–XII դդ.), «որտեղ գերակշռում էր գրիգորականությունը»։ «Դա տեղի է ունեցել արևելյան կովկասյան պետության պատմության ինչպես քրիստոնեական, այնպես էլ մահմեդական փուլերում»,- բացատրում են Այթբերովն ու Հապիզովը «Ելիսուն և Լեռնային մահալը XII-XIX դարերում» աշխատության մեջ:

Հետազոտողները նկատի ունեն IX դարի վերջը, երբ Կուրի ձախ ափին Համամ Բագրատունի իշխանը վերականգնեց Աղվանական թագավորությունը, որի մայրաքաղաքները փոփոխական տեղակայված էին Շաքե և Խաչեն քաղաքներում։ Ի դեպ, նրա իշխանությունը տարածվում էր նաև հայկական Արցախ, Սյունիք և Ուտիք նահանգների որոշ շրջանների վրա։ Պատահական չէ, որ  Մաշտոցի անվան Մատենադարանի «Ալելուիա բառի մեկնության մասին» № 5128 ձեռագրում ասվում է, որ Աշոտ Ա Բագրատունու արքայության օծումը կատարել է հենց Համամը: Հայագետ Նիկողայոս Ադոնցի վարկածի համաձայն՝ Համամը Արանի տիրակալ Սահլ Սմբատյանի որդին էր, ում արաբ հեղինակներն անվանում են Մուավիա, իսկ հայկականները՝ Յովաննես:

Համամի մասին հիշատակում է նաև պատմիչ Մատթեոս Ուռհայեցին (XIIդ.)՝ տեղեկացնելով, որ 961թ. Աշոտ թագավորի որդի Գագիկի թագադրման հանդիսություններին Հայաստանի թագավորը և Անանիա Մոկացի կաթողիկոսը Անի են հրավիրել Աղվանքի Յովանես կաթողիկոսին իր քառասուն եպիսկոպոսներով և Վաչագանի որդի Փիլիպպեին՝ Աղվանքի թագավորին։ Ուռհայեցին ընդգծում է նաև Աղվանքի սրբազան նշանակությունը՝ այն անվանելով «Սուրբ Թադեոս առաքյալի աթոռ», իսկ տիրակալներին հեղինակը կոչում է Դարբանդի թագավորներ․ «Էին եւ այլ թագաւորք Հայոց ի Դարբանդ աշխարհին, որ ասի Կապանք, սահմանակից Աւզաց եւ Աղուանից (խոսքը օսերի և հյուսիսկովկասյան ազգերի մասին է), որք էին թագաւորք անարատք եւ սրբակրօնք, որք յիշատակին ի սուրբ պատարագն ընդ այլ աստուածասէր սուրբ թագաւորքն, որք էին անուանք այսոքիկ՝ Վաչագան և նրա որդի Գոշակտակ, Գոշակտակի որդի Փիլիպպե, Փիլիպպեի որդի Սևադա, Սևադայի որդի Սենեկարիմ, Սենեկարիմի որդի Գրիգոր, որը դեռ կենդանի էր, երբ գրեցինք մեր այս ձեռագրությունը»:

Սակայն հայերի միությունը դաղստանցի ժողովուրդների հետ նկատելի էր նաև վեց դար առաջ՝ դեռևս հայ Արշակունիների օրոք, ինչի մասին պատմում է պատմաբան Կիրակոս Գանձակեցին (1203-1271թթ.)․ «Եւ այս են թագաւորք Աղուանից ի զարմից Հայկայ՝ յազգականութենէն Առանայ [Սիսակի ծոռը, ով Գեղամի որդին էր և Հայկի թոռը՝ Հեղ.], զոր կարգեաց Վաղարշակ Պարթեւ վերակացու եւ իշխան կողմանցն այնոցիկ։ Առաջին Վաչագան, Վաչէ, Ուռնայր։ - Սա եկեալ առ մեծ արքայն Հայոց Տդատ, եւ առ սուրբն Գրիգորիոս, մկրտի ի նմանէ։ Եւ ձեռնադրէ սուրբն Գրիգոր զայր մի ի սպասաւորաց իւրոց եպիսկոպոս, որ եկեալ էր ընդ նմա ի հոռոմոց, եւ տայ զնա Ուռնայրի արքայի։ [Հետո եղան] Վաչագան, Մերհաւան, Սատոյ, Ասայ, Եսվաղեն։ Յաւուրս սորա  [իշխանության] (Եսվաղենի) արար գիր Մեսրոպ երանելին՝ հայոց, վրաց եւ աղուանից»։ Գանձակեցու խոսքերից հետևում է, որ Քրիստոսի մկրտությունն ընդունած առաջին աղվանական թագավորը եղել է Ուռնայր Արշակունին՝ Մեծ Հայքի Տրդատ Գ թագավորի (250-330 թթ.) ժամանակակիցն ու ազգականը։ Աղվանքի վերնախավը պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը 313 թվականին։

Մեկ դար անց միասնությունն ապահովում է արդեն աղվանական այբուբենը, որը ստեղծվել է Սուրբ Մեսրոպի կողմից աղվանցի Բենիամին քահանայի հետ մոտ 422 թվականին, երբ քրիստոնեությունը դարձավ Աղվանքի պաշտոնական կրոնը: Մատենագիր Կորյունը մանրամասն նկարագրում է այբուբենի ստեղծումը․ «Յայնմ ժամանակի եկեալ դիպէր նմա այր մի երէց՝ աղուան ազգաւ, Բենիամէն անուն: Եւ (Մաշտոցը) նորա հարցեալ եւ քննեալ զբարբարոս զբանս աղուաներէն լեզուին, առնէր ապա նշանագիրս ըստ վերնապարգեւ կորովի սովորութեան իւրում եւ յաջողութեամբ Քրիստոսի շնորհացն, կարգեալ եւ հաստատեալ կշռէր... Եւ երթեալ իջանէր յաշխարհն, եւ հասեալ ի թագաւորական տեղիսն, տեսանէր զսուրբ եպիսկոպոսն Աղուանից, որում անուն Երեմիա կոչէին, եւ զնոցին թագաւոր, որում Արսվաղ էր անուն, ամենայն ազատօք հանդերձ, որոնց առաւել հպատակութեամբ ընկալեալ վասն անուանն Քրիստոսի։ Ապա հարցեալ ի նոցանէ, առաջի եդեալ վասն որոյ եկեալն էր։ Եւ նոցա երկոցունց զուգակցելոց, եպիսկոպոսին և թագաւորին, յանձն առեալ դպրտութեանն հնազանդելոյ․ տային ևս հրաման՝ ի գաւառաց և ի տեղեաց իշխանութեանն իւրեանց բազմութիւն մանկանց յարուեստ դպրութեանն ածել և գումարել ըստ արժանաւոր և պատեհ տեղեաց, դասս դասս դպրոցաց, և ռոճիկս կարգել ի դարմանս»։

Ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու՝ Սուրբ Մեսրոպն ամրապնդում էր «քրիստոնեական հավատը՝ Ավետարանի քարոզը տարածելով Ուտիի գավառում, Աղվանքում, Լփինքում, Կասպքում, մինչև Ճորա պահակը [այսպես էին հայերն անվանում Դերբենդը՝ Հեղ.], ինչպես նաև այլ ցեղերի մեջ»: Այդ պատճառով այդ երկրամասերի հոգևոր առաջնորդը կոչվել է Աղվանքի, Լփինքի և Ճորայի կաթողիկոս։ Այդտեղ ժամերգությունները կատարվել են գրաբարով (հին հայերեն)։

Գիտնական Թիմուր Այթբերովն ըստ արժանվույն է գնահատել Մաշտոցի ավանդը․ «Մենք՝ Դաղստանի և հարակից տարածքների լեռնեցիներս, նախ և առաջ պետք է շնորհակալ լինենք Մեսրոպ Մաշտոցին, ով 1500 տարի առաջ մտորեց մեր ճակատագրերի մասին և իր աշակերտների հետ մեզ համար ստեղծեց գրային համակարգ»: Այթբերովը փիլիսոփայական կարևոր եզրահանգում է համարում այն փաստը, որ «հենց հայն է մտահոգված եղել տվյալ խնդրով,, թեև Մաշտոցի գիրը լայն տարածում չի ստացել»: Աղվանական գրերի ծաղկումը տեղի է ունեցել V-VII դարերում, երբ, ըստ վրացի բանասեր Ակակի Շանիձեի, «աղվանները Կովկասի մշակութային կյանքի բոլոր բնագավառներում վրացիների և հայերի հետ հավասար գործուն մասնակցություն են ունեցել»:

Պատմության հետագա ընթացքն ապացուցեց, որ Կուրի ձախ ափի հայերն ու դաղստանցի ժողովուրդները կարող են և պետք է հենվեն միմյանց վրա։ Չնայած գաղութարարները ամեն կերպ փորձում էին տարաձայնություններ մտցնել մեր հարաբերությունների մեջ։ Այսպես, հռոմեական Թեոդոսիոս I կայսեր (379-395թթ.) և Իրանի շահ Շապուհ III-ի (384-389թթ.) միջև 387թ. կնքված պայմանագրի համաձայն, Մեծ Հայքը բաժանվեց երկու մասի, իսկ Արցախն ու Ուտիքը միացվեցին Աղվանքին, որն այդ ժամանակ Պարսկաստանից վասալական կախվածության մեջ էր: Սակայն գաղութարարներին չի հաջողվել տարաձայնություններ մտցնել հայերի և Կուրի ձախափնյա լեռնային ժողովուրդների միջև։ Արդեն 450-ական թվականներին աղվանցիներն ու հայերը հաջողությամբ դիմադրեցին Սասանյաններին. Աղվանքի ժողովուրդները վրացիների հետ միասին աջակցեցին 451 թվականին Ավարայրի դաշտում զոհված սպարապետ Վարդան Մամիկոնյանի ապստամբությանը: Իսկ 457թ. շահ Հազկերտ Բ-ի մահից հետո, օգտվելով Իրանի ներքին հակասություններից, Աղվանքի թագավոր Վաչե Բ Արշակունին «լեռնային ցեղերի արքաների», այսինքն՝ դաղստանցիների հետ նշանակալի զորքով հանդես եկավ Սասանյանների դեմ։

Իրանցիներին տարիներ պահանջվեցին լեռնեցիներին խաղաղեցնելու համար․ ապստամբությունը ճնշվեց միայն 463 թվականին՝ շնորհիվ թվային գերակշռության և հոն վարձկանների, որոնք ներխուժեցին Աղվանք Ալանաց դռնով (Դարիալի կիրճ)։ Պատահական չէ, որ հայ պատմաբան և աստվածաբան Եղիշեն գրել է այն մասին, որ հայ իշխանները հոներից պաշտպանում էին «Դերբենդի հյուսիսային դարպասները»։

Քառորդ դար անց Աղվանքը կրկին անկախություն է ձեռք բերում՝ կրկին Արշակունիների տիրապետության տակ․ Վաչագան Գ Բարեպաշտը (487-510թթ.) վերակենդանացնում է Առան իշխանությունը Պարտավ մայրաքաղաքով՝ հենվելով լեզգիների, ավարների և հայերի միասնության վրա։ Նրան հաջողվում է իր դրոշների տակ միավորել Կուրի ձախ և աջ ափերը, ինչպես նաև Արցախը։ Աղվանքի և Լփինքի հողերը օրհնություն դարձան հայոց տոհմի համար, որի իշխանությունը վերացվեց Արևելյան Հայաստանում 428 թվականին։

Այս փաստը չի հակասում նրան, որ լեզգիները Աղվանքի և նրա պատմական հողերի վրա հետագայում ստեղծված պետությունների ազգային առանցքն էին: VI դարից՝ խազարների արշավանքների արդյունքում Աղվանքի փլուզումից հետո, լեզգիների մի մասը մտավ Դերբենդի թագավորության (Ճորա) կազմի մեջ, որը կառավարվում էր իրանական նահանգապետի կողմից։ Լեզգիների հիմնական մասը միավորվել է Լակզ պետության մեջ, որը գոյատևել է մինչև XIII դարը։ XII-XV դարերում Լեզգիստանը ֆեոդալական մասնատում էր ապրում՝ բաժանվելով փոքր քաղաքական կազմավորումների՝ Ախբի, Կուրախ և Կյուրե։

Աղվանքը և Լփինքը դաղստանցի ժողովուրդների ակնթարթային հաջողությունները չեն պետականաշինության ոլորտում, այն մեկ այլ վերելք ապրեց XVIII դարի սկզբին՝ Սեֆյան Իրանի թուլացման ֆոնին։ Դրա օրինակն են Ջար-Բելոքանյան ազատ հասարակությունները (Ջարի, Կաթեխյան, Բելոքանյան, Թալայան, Մուխախյան և Ջիքինյան, ինչպես նաև Ելիսուի, Ցախուրական, Սուվագիլյան համայնքները, որոնք մտնում էին Ելիսուի սուլթանության կազմի մեջ), որոնք նման էին ժամանակակից կոնֆեդերատիվ Շվեյցարիային իր կանտոններով:

Ջար-Բելոքան հասարակությունների ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչվեց օսմանյան սուլթանի կողմից, որն ավարներին և լեզգիներին դիտարկում էր որպես դաշնակիցներ Իրանի և նրա շիա հպատակների դեմ պայքարում: «1728 թվականին Օսմանյան կայսրությունը Ստամբուլի դիվանի որոշմամբ, Սուլթան Ահմեթ II-ի ստորագրությամբ, ճանաչեց Զաքաթալայի ավարների անկախությունը Անդրկովկասում գոյություն ունեցող ցանկացած քաղաքական կազմավորումից՝ լինի դա Թբիլիսի, Բաքու, թե Գանձակ։ Անդրկովկասյան ավարները նման իրավունքներ ունեին Ղրիմի խանության նկատմամբ։ Ավարի ազգային պետության սահմանները շատ ճշգրիտ որոշված էին, որի վերաբերյալ կա հատուկ փաստաթուղթ: Այսինքն՝ Անդրկովկասի ավարների պետականությունը Օսմանյան կայսրության կողմից ճանաչվել է այն ժամանակ, երբ այն դեռ հաղթում էր եվրոպացիներին»,- հիշեցրել է կովկասագետ Թիմուր Այթբերովը։

 Ցարական բանակի գեներալ-լեյտենանտ Մավրիկիոս Կոտեբուի գրչին է պատկանում Ջար-Բելոքան պետության նման նկարագրությունը. «Դեպի հյուսիս ջարեցիները սահմանակից են լեռնաշղթայով, որոնք անցնում են ամբողջ Կախեթիայի միջով, Ելիսուի սուլթանի հողերի և Նուխիի նահանգի միջով, դեպի արևելք՝ Կապուչայ գետը, որը նրանց ունեցվածքը բաժանում է Ելիսուի սուլթանից, դեպի հարավ՝ Ալազան գետը, որը պատկանում է Սղնախի շրջանին, դեպի արևմուտք՝ ջարեցիների սահմանները շատ անորոշ են, ոմանք հենց Կախեթիան են սահման համարում, ոմանք՝ Լագոդեխի բնասահմանը»: Խոսելով Ջարո-Բելոքանի քաղաքական կառուցվածքի մասին՝ Կոցեբուն բացատրում է, որ «այն երկիրը, որն այստեղ ընդհանուր առմամբ հայտնի է Ջար անունով, պատկանում է հինգ հասարակությունների, որոնք ունեն հավասար իրավունքներ։ Բայց Ջարի հասարակությունն ավելի հզոր և հարուստ է, քան մյուսները, և, հետևաբար, այն առաջինն է, երկրորդը՝ Բելոքանն է, երրորդը՝ Թալայանը, չորրորդը՝ Մուխախյան, հինգերորդը՝ Ջիքինյանը»։ 

Լինելով տարածաշրջանի կենտրոնը՝ XIX դարի սկզբին Ջարը բաղկացած էր 1260 պալատից՝ բնակչության թվով գերազանցելով Բաքվին։ Ցարական վարչակազմի տվյալներով՝ «Ջար-Բելոքան հասարակությունում ընտանիքների թիվը կազմում է 16 հազար, երկու սեռի բնակիչներինը՝ 96 հազար, իսկ հարևան Ելիսուի սուլթանությունում ընտանիքների թիվը 4 հազար է, իսկ բնակիչները՝ 24 հազար համապատասխանաբար։ Բացի Ելիսուի սուլթանից, ջարեցիների դաշնակիցների թվում էին շեքինյան խանը և դեռևս ռուսների կողմից չնվաճված Դաղստանի ֆեոդալական իշխանների մի ամբողջ շարք [Սուլթան Ահմեդ Խանը 1803 թվականին Խունզախում Ռուսաստանին հավատարմության երդում տվեց]։

Ջարի համադաշնության բաղկացուցիչ մասն Էր Ելիսուի սուլթանությունը, որը գոյություն ուներ XVI-XIX դարերում։ Դաղստանցի հնագետ Մուրթուզալի Հաջիևը երկրամասի անվանումը կապում է Սուրբ Եղիսեի՝ Թադեոս առաքյալի աշակերտի հետ, որը համարվում է երեք երկրների՝ Ճորայի (Դերբենտ), Լփինքի և Աղվանքի Լուսավորիչը, որտեղ նա, ըստ միջնադարյան պատմաբան Մովսես Կաղանկատվացու, «իր կյանքն ավարտել է նահատակությամբ»։ Այնպես որ Բաքվի գաղութային պատմագրությունը, որը երկրամասն ադրբեջանական ձևով Իլիսու էր անվանում, հետապնդում էր ոչ թե գիտական, այլ քաղաքական նպատակ՝ հիմնավորել թյուրքական գերիշխանությունը Հարավային Դաղստանում։ Ինքը՝ Հաջիևը, համաձայն չէ Բաքվի մեկնաբանության հետ՝ այն համարելով «տեղանվան ուշ թյուրքական վերաիմաստավորում»։ Ելիսուի սուլթանությունը ներառում էր ժամանակակից Ադրբեջանի Կախի շրջանը, ինչպես նաև Լեռնային Դաղստանում գտնվող հողերը, որոնք ընկած էին Սամուր գետի վերին հոսանքներում: 1831-1844 թվականներին սուլթանությունը ղեկավարում էր ավարի իշխան Դանիել-բեկը՝ իմամ Շամիլի հավատարիմ զինակիցը։ 1871 թվականի տվյալներով՝ Ելիսուի սուլթանությունում բնակվում էր 11,836 մարդ։ Նրա 23 գյուղերի բնակիչների մեծ մասը լեզգիներ էին (8,269 հոգի)։ Երկրորդ տեղում վրացիներն են (2,167 հոգի) և միայն երրորդ տեղում են թաթարները (1,400 հոգի): Ընդ որում, վրացիներն ու թաթարները տարածաշրջանում ապրում էին կախյալ դասի իրավունքով։

Հայերի և լեռնային ժողովուրդների ճակատագրերում շատ ընդհանրություններ կան։ Հայերի պես լեզգիները ևս բաժանված էին գաղութարարների քմահաճույքով, որոնք առաջնորդվում էին divide et impera [«բաժանիր և տիրիր»] սկզբունքով։ Այսպիսով, 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրի արդյունքում Կյուրինի խանության և Սամուրի ազատ հասարակությունների լեզգիները [Ախտինի, Ռուտուլի, Ցախուրի և Ագուլի] ընդգրկվեցին Ռուսական կայսրության Կյուրինի և Սամուրի շրջանների կազմում, իսկ Կուբինյան խանության լեզգիներին ընդգրկեցին Բաքվի նահանգի Կուբինյան գավառի կազմում, որպեսզի ճնշեն նրանց ազգային ձգտումները՝ հենվելով Անդրկովկասյան թաթարների վրա։ Սակայն չորս տարի անց ցարիզմի խորամանկ քաղաքականությունը հրահրեց երկարատև կովկասյան պատերազմ (1817-1864թթ.), որը ևս մեկ անգամ ցույց տվեց հայերի և դաղստանցի ժողովուրդների ճակատագրերի միահյուսումը, որի խորհրդանիշը ավար իշխան իմամ Շամիլի ամուսնությունն էր հայուհի Աննա Ուլուխանովայի հետ։

Լեզգիներին և ավարներին պարտադրվում էին թագավորական վարչական սահմաններ, որոնք ժամանակ առ ժամանակ վերանայվում էին։ Օրինակ՝ 1840 թվականին Դերբենդի, Կուբինյան, Բաքվի նահանգները, Սամուրի շրջանը և Կյուրինի խանությունը ընդգրկվեցին Դաղստանի ռազմական օկրուգի կազմում, իսկ Շեմախյան, Շեքինի, Կաբալի, Ելիսուի և մի շարք այլ տիրույթները՝ Ելիզավետպոլի ռազմական օկրուգում։ Իսկ արդեն 1860 թվականին գաղութարարները վերադարձան ի շրջանս յուր. Սամուրի շրջանը և Կյուրինի խանությունը ընդգրկվեցին Դերբենդի նահանգում, իսկ Կուբինյան նահանգը կրկին ընդգրկվեց Բաքվի նահանգի կազմում։

Թեևս ոչ բոլոր ռուս մտավորականներն էին համաձայն նման քաղաքականության հետ։ Մասնավորապես, ազգագրագետ և լեզվաբան Նիկոլայ Տրուբեցկոյը XIX–XX դարերի սահմանագծին նախազգուշացրել է Դաղստանի թյուրքացման վտանգի մասին. «Դժվար թե Ռուսաստանի շահերից բխի թույլ տալ Դաղստանի նման թյուրքացում։ Չէ՞ որ եթե ամբողջ Դաղստանը թյուրքացվի, ապա կստացվի թյուրքերի հոծ զանգված՝ Կազանից մինչև Անատոլիա և Հյուսիսային Պարսկաստան, ինչն առավել բարենպաստ պայմաններ կստեղծի անջատողական, ռուսատյաց կողմնակալությամբ պանթուրանական գաղափարների զարգացման համար։ Դաղստանը պետք է օգտագործվի որպես բնական խոչընդոտ Եվրասիայի այդ հատվածի թուրքացման ճանապարհին։ Դաղստանի հյուսիսային և արևմտյան շրջաններում իրավիճակը համեմատաբար պարզ է։ Այստեղ ավարերենը պետք է ճանաչվի որպես պաշտոնական լեզու, որն արդեն մայրենի լեզու է Գուբինյան և Խունզախի շրջանների բնակչության համար, և միջազգային լեզու՝ Անդյան, Քազիկումուխի շրջանների համար, ինչպես նաև Դարգինի և Զաքաթալայի շրջանների մի մասի համար։ Պետք է խրախուսել ավարական գրականության, մամուլի զարգացումը, այս լեզուն ներմուծել թվարկված շրջանների բոլոր ցածր դպրոցներ, ինչպես նաև համապատասխան միջնակարգ դպրոցներ՝ որպես պարտադիր առարկա»:

Ըստ Տրուբեցկոյի՝ «Դաղստանի մյուս մասերում իրավիճակն ավելի բարդ է»։ «Հարավդաղստանյան բոլոր ցեղերից ամենամեծը կյուրիններն են կազմում, այն զբաղեցնում է գրեթե ամբողջ Կյուրինի շրջանը, Սամուրի արևելյան կեսը և Բաքվի նահանգի Կուբինյան շրջանի հյուսիսային մասը։ Դաղստանի այս մասի բոլոր ոչ թուրքական բնիկ լեզուներից կյուրինների լեզուն ամենապարզն ու հեշտն է, այն սերտորեն կապված է նույն շրջանի որոշ այլ բնիկ լեզուների հետ: Հետևաբար, այն կարելի էր Դաղստանի այս հատվածի համար «միջազգային» և «պաշտոնական» դարձնել: Այսպիսով, Դաղստանը լեզվական առումով կբաժանվեր երկու բնիկ լեզուների՝ ավարերենի և կյուրիննների լեզուների միջև»։ 

Այնուամենայնիվ, ցարական և սովետական գաղութատիրական ադմինիստրատորները չլսեցին նման խորհուրդները: Ընդհակառակը, նրանք համակարգված կերպով հետևեցին լեզգիների և ավարների՝  իրենց համար օտար լեզվական միջավայրում «լուծարման» ուղուն։ Հետևաբար, 1921 թվականին խորհրդային շրջանի մեկնարկով լեզգիների և ավարների տարանջատումը ամրագրվեց Դաղստանի Ինքնավար Սովետական սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանական ԽՍՀ կազմավորմամբ, ինչը Մոսկվայի և Բաքվի պաշտոնյաները առ այսօր փորձում են պահպանել։

Հայերն անտարբեր չէին նայում լեզգիների և ավարների ճնշումներին, որոնք տեղի էին ունենում Խորհրդային Ադրբեջանում։ Ընդ որում՝ խնդիրների մասին արտահայտվում էին բացեիբաց։ «Պետք է հիշել նաև Եպիսկոպոսյան ազգանվան մասին, նրանք ամուսիններ էին։ Հետպատերազմյան տարիներին (50-ական թթ.) նրանք առաջինը ԽՄԿԿ Կենտկոմի առջև գրավոր հարց բարձրացրին, որ Ադրբեջանում ավար և լեզգի ժողովուրդների լեզուները հետապնդումների են ենթարկվում։ Հիմա այդ մասին հայտարարելը հեշտ է, սակայն ստալինյան տարիներին նման հարց հնչեցնելու համար պետք էր լինել ոչ միայն համարձակ մարդ, այլև շատ իմաստուն։ Մենք՝ դաղստանցիներս, նույնպես վերջերս իմացանք այդ մասին և շնորհակալ ենք»,- պնդում է կովկասագետ Թիմուր Այթբերովը։

Լեռնցիները համառորեն շարունակում էին պայքարը՝ չնայած կայսերական մետրոպոլիայի դիմադրությանը։ Հետազոտողներ Մուսա Կուրբանովը և Գուրիա Յուսուպովան ուշադրություն են հրավիրում 1921 թվականի հունվարի 20-ի՝ Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի և Համադաղստանյան Միությունների հիմնադիր համագումարի բանաձևի վրա, որտեղ նշվում է լեզգի  ժողովրդի բաժանման փաստը և նրա վերամիավորման անհրաժեշտությունը: 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ստեղծվում է լեզգիական «Սադվալ» («Միացում») ազգային շարժումը՝ իր պատմական հողերում ժողովրդի վերամիավորման համար։ Դեկտեմբերի 7-ին շարժման առաջնորդները դիմում են Դաղստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նախարարների խորհրդին, կուսակցության շրջանային կոմիտեին՝ «քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և հոգևոր զարգացման ոլորտներում Ադրբեջանի և Դաղստանի միջև անարդարացիորեն բաժանված լեզգիալեզու ժողովուրդների վիճակի մասին» գրությամբ:

«Սադվալի» I և II համագումարներում, որոնք տեղի են ունեցել 1990 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ընդունվել են շարժման կանոնադրությունը, հռչակագիրը և Դաղստանի ժողովուրդներին ուղղված կոչը։ Իսկ «Միութենական պայմանագրի և նորացված Միությունում փոքրաթիվ ժողովուրդների տեղի մասին» հարցը քննարկվել է 1991 թվականի մարտի 2-ին Մախաչկալայի «Սադվալ»-ի համաժողովում։ Ավելին, 1991 թվականի սեպտեմբերի 28-ին Կասումկենտ գյուղում տեղի ունեցավ լեզգիների III համագումարը, որտեղ ընդունվեց «Լեզգիների պետականության վերականգնման մասին» հռչակագիրը, որը դատապարտեց ցարական Ռուսաստանի կողմից միասնական էթնոսի վարչական բաժանումը 1860 թվականին։ Ընդ որում, «Սադվալ» շարժումը հանդես էր գալիս ազգային հարցի խաղաղ լուծման օգտին՝ առաջարկելով Մոսկվայի և Բաքվի իշխանություններին միջանկյալ փուլում ստեղծել լեզգիների և էթնիկ ծագմամբ ու լեզվով իրեն հարազատ այլ ժողովուրդների մշակութային-ազգային ինքնավարություն Դաղստանի հարավում և Ադրբեջանի հյուսիսում։

Սակայն Մոսկվան և Բաքուն ընտրել են Խորհրդային վարչատարածքային արատավոր բաժանման պահպանման ուղին, որը հիմնված է ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ավարների և լեզգիների բաժանման վրա։ 2010թ. սեպտեմբերի 3-ին Բաքվում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Բաքվի ռեժիմի ղեկավար Իլհամ Ալիևի ստորագրած սահմանագծման մասին պայմանագրի համաձայն՝ Կրեմլը Ադրբեջանի իշխանություններին ավելի քան 3 հազար հեկտար դաղստանյան հող է նվիրել: Խոսքը լեզգիական Խրախ-Ուբա (Դաղստանի Մագարամկենտսկի շրջան) և Ուրյան-Ուբա (Ախտիի շրջան) գյուղերի փոխանցման մասին է, որտեղ ապրում են ավելի քան 600 լեզգիներ, ինչպես նաև Դաղստանի այլ տարածքների մասին՝ 300 հազար լեզգիների հետ միասին։

Բաքուն ստացել է Սամուր գետի հիդրոհանգույցը, որի ջրի 90%-ը գոյանում է Դաղստանի լեռներում։ Գրեթե ամբողջ ջուրն այժմ օգտագործում է Բաքվի ռեժիմը։ Լեզգիներից փոխանցված հողերում Բաքվի ավազակապետությունը համակարգված կերպով փոխում է պատմական անունները, որպեսզի լեզգիների նոր սերունդը կորցնի իր ինքնագիտակցությունը, նույնականացումը և կապերը նախնիների հողի հետ։ Օրինակ՝ Յարգուն գյուղը վերանվանվել է Հազրա, իսկ Մուխտադիր գյուղը վերանվանվել է Իստիսու։ Կազիմագոմեդ քաղաքը վերանվանվել է Հաջիկաբուլ: Բաքվի ֆաշիստները լեզգիներին ճնշում են Զարդաբում, Քյուրդամիրում, Պարտավում, ինչպես նաև Ֆիզուլիի և Աղդամի շրջաններում։ Բառացիորեն տեղահանվել են Գաբալայի շրջանի Կյուսնեթ գյուղի մարդիկ։ Ինչո՞ւ եմ ես թվարկում այս ամենը: Քանի որ իշխող «Եդինայա Ռոսիան» մերժեց լեզգիական հասարակական գործիչների կոչը՝ իրենց պատմական հողերը չհանձնել Բաքվի ռեժիմի տիրապետության տակ և վավերացրեց սահմանազատման մասին պայմանագիրը, որը հապճեպ կազմեցին գաղութարարները։

Ալիևի ռեժիմը կառուցում է իր օկուպացիոն քաղաքականությունը՝ տարածելով այն սուտը, թե Աղվանքը թյուրքական հողերն են կազմում։ Մինչդեռ նույնիսկ պատմաբան Զիյա Բունիյաթովը, լինելով Բաքվի գաղութատիրության գաղափարախոսը և կեղծիքների հանդեպ թուլություն տածելով հանդերձ, «Էլմ» թերթի համար իր հոդվածում ստիպված էր խոստովանել. «Հին (բուն) Ադրբեջանում, այդ թվում՝ Աղվանքում, ոչ մի թուրք չի եղել։ Այդ իսկ պատճառով Ի.Ալիևին մեղադրել տեղի թուրքական ցեղերի մասին ոչինչ չխոսելու մեջ, միանգամայն ավելորդ է։ Նա չէր կարող սեփական մատներից կերտել այդ թուրքերին»։

Բունիյաթովը նկատի ունի ադրբեջանցի պատմաբան Իգրար Ալիևին, ով 1962 թվականին Խորհրդային Բաքվում հրատարակված «Կովկասյան Աղվանքի պատմության հարցեր» գրքում հղում է անում արևելագետ Վլադիմիր Մինորսկու աշխատությանը (V. Minorsky. Sheki, Encyklopaedie des Islam, Leipzig, 1927)՝, վերապատմելով նրա եզրակացությունները, որտեղ խոսք չկա Աղվանքում բնակվող թուրքական ցեղերի մասին. «Անտիկ ժամանակներում Շեքի շրջանը մտնում էր Աղվանքի կազմի մեջ, որը բազմալեզու ցեղերի համադաշնություն էր։ Այս ցեղերի մնացորդները ուդիներն են, որոնք ծագում են Օտենա շրջանից, որը գտնվում էր Ներկայիս Կիրովաբադի, Շամխորի և Թաուզի տարածքում: Ուդերենը կապված է շահդաղյան լեզուների խմբի հետ (խինալուղցիներ, բուդուխներ և այլն): Աղվանցիները քրիստոնեությունը հայերից ընդունել են շատ վաղ ժամանակներում։ Ըստ Մինորսկու՝ Խաբալան և Աղվանական դարպասները համապատասխանում են Կաբալային և Սամուրի հովիտ տանող անցուղուն (ճանապարհ Խաչմազից և Կուտկաշենից)»։

Ի դեպ, Բունիյաթովը սպանվել է Բաքվի ռեժիմի հատուկ ծառայությունների կողմից հենց այն պատճառով, որ ծեր տարիքում հրաժարվել է Աղվանքը վերագրել թուրքերին։ Ըստ երևույթին, այստեղ արդեն քարոզչի մեջ խոսել է նրա ծագումը՝ Բունիյաթովը ազգությամբ Թաթ էր։

Բաքվի ռեժիմը պատերազմ հայտարարեց լեզգիների և ավարների լեզուներին՝ լեռնային ժողովուրդներին պարտադրելով համատարած թյուրքացում։ Եվ սա ոչ թե Բաքվաթրքական ազգայնականության այսրոպեական բռնկման արդյունք է, այլ բազմամյա քաղաքականություն, որի դեմ բողոքում էր դաղստանցի լեգենդար բանաստեղծ Ռասուլ Համզաթովը։ Ադրբեջանը ԽՍՀՄ-ում միակ հանրապետությունն էր, որտեղ ավարերենը պաշտոնապես արգելված էր դպրոցներում և հասարակական կյանքում՝ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Միր Ջաֆար Բաղիրովի կառավարման (1933-1953 թթ.) տարիներից ի վեր:

Վերջին տարիներին Բաքվի վարչակարգի կրթական գերատեսչությունն ամեն կերպ փորձում է լեզգիական և ավարական գրերը կիրիլիցայից թարգմանել լատինատառ, որպեսզի հետագայում կանխվի տեղի լեզգիների և ավարների միավորումը Դաղստանի Հանրապետությունում ապրող իրենց եղբայրների և քույրերի հետ: Իրենց կոմպակտ բնակության շրջաններում, որոնք ժամանակավորապես օկուպացված են Բաքվի ռեժիմի կողմից, լեռնային ժողովուրդներին զրկում են մայրենի լեզուներով սովորելու և խոսելու հնարավորությունից. դեռ 2017-ին դպրոցներում լեզգիերեն դասերը շաբաթական երկու ժամից կրճատվել էին մինչև մեկ: Ադրբեջաներենին տրվում է շաբաթական հինգ դաս, իսկ լեզգիերենին՝ շաբաթական մեկ դաս, որը հաճախ չեղարկվում է։ Նմանատիպ ճնշումների են ենթարկվում նաև ավարերեն լեզվով խոսողները։

Կարելի է երկար թվարկել անարդարությունները Արևելյան Կովկասի լեռնցիների նկատմամբ, որոնց հողերը շարունակում են բաժանվել բազմաթիվ գաղութային գործարքների արդյունքում: Բայց խնդիրը միայն նկարագրության և լայն հրապարակայնության կարիքը չէ, որ ունի։

Հայ ժողովուրդը պատասխանատվություն է կրում լեզգիների և ավարների առաջ։ Հայերը ոչ թե կարող են, այլ պարտավոր են օգնել լեզգիներին և ավարներին վերակենդանացնել Աղվանքը և Լփինքը՝ նրանցից գողացված թագավորությունները, որոնք 2023 թվականի դրությամբ օկուպացված են Բաքվի գաղութարարների կողմից: Հայ ժողովրդի ազատությունն անբաժան է դաղստանցի ժողովուրդների ազատությունից։ Աղվանքն ու Լփինքը գտնվում են բռնազավթման մեջ, քանի որ բռնազավթված է հենց Հայաստանը։

Ազատությունը Աստծո օրհնությունն է: Ազատություն կարող է տալ միայն նա, ով ինքն է այն ձեռք բերել: Ուստի հայերը նախ պետք է Հայաստանն ազատեն օտար զորքերից, որպեսզի հետագայում օրհնություն դառնան լեզգիների և ավարների համար։ Առավել ևս, որ անդրկովկասյան թաթարները, որոնք այժմ կոչվում են ադրբեջանցիներ, Ադրբեջանում մեծամասնություն չեն կազմում։ Դատեք ինքներդ. երկրում ապրում է ավելի քան 1,9 մլն թալիշ, թաթերի թիվը կազմում է 1,3 մլն մարդ, իսկ ավարների և լեզգիների թիվը՝ ավելի քան մեկ միլիոն մարդ։ Պաշտոնական վիճակագրությունը մի քանի անգամ թերագնահատում է այդ բնիկ ժողովուրդների վերաբերյալ տվյալները, որպեսզի նրանց ոգին կոտրվի և մնան Բաքվի ֆաշիստների տիրապետության տակ։ Բայց ցանկացած մանիպուլյացիայի ու ստի վերջը վաղ թե ուշ գալիս է, քանի որ տարածաշրջանի բնիկ ժողովուրդներն ազատության ու բարգավաճման միայն մեկ ճանապարհ ունեն՝ Ադրբեջանի լուծարումը։ Ինչպես ԽՍՀՄ-ը փլուզվեց, այդպես էլ կփլուզվի Ադրբեջանը, քանի որ այն խորհրդա-թուրքական իմպերիալիզմի վերջին բեկորն է, որին վիճակված է մեռնել սեփական հանցագործությունների ծանրության տակ։

Գլուխ 13. Ռուսներն ու հայերը։ Ինչո՞ւ Ռուսաստանը հեռացավ Կիեւյան Ռուսիայից

Հայերն ու արևելյան սլավոնները միավորված են այն կապերով, որոնք գնում են Կիևյան Ռուսիայի քրիստոնեացման դարաշրջան՝ ռուս, ուկրաինացի և բելառուս ժողովուրդների օրրան։ Այդ ժամանակ ներկայիս ռուսների, ուկրաինացիների և բելառուսների նախնիները, ովքեր հավատացին Հիսուս Քրիստոսին, միմյանց չէին բաժանում ազգությունների. ազգային բաժանումը առաջացավ միայն 1917 թվականի Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո։ Մեկ Աստծո հանդեպ հավատը կամուրջ դարձավ հայերի և արևելյան սլավոնական ցեղային միությունների միջև, քանի որ նրանց ինքնության հիմքն այլևս հեթանոսական աստվածները չէին, որոնք դարեր շարունակ սլավոններին ներքաշում էին ներքին պատերազմների մեջ: Հեթանոսական աստվածներ ասելով Ես նկատի ունեմ տարբեր տեսակի կուռքեր, ինչպես նաև փողի ժամանակակից երկրպագությունը:

Ամեն անգամ, երբ ռուսները, ուկրաինացիները և բելառուսները մերժում էին մեկ Աստծուն՝ հօգուտ կուռքերի, աթեիզմի կամ ոսկե հորթի, նրանք ստանում էին հատուցում, որը նրանց ուղեկցում էր նախախորհրդային ժամանակներից և Խորհրդային Միության փլուզումից հետո ընկած ժամանակահատվածում: Եվ երբ ռուսները, ուկրաինացիները և բելառուսները մեծարում էին մեկ Աստծուն և հետևում միաստվածության ուղուն, նրանք ստանում էին Արարչի օրհնությունն, ինչն ապահովում էր նրանց միասնությունը, հաջողությունը և բարգավաճումը:

Հայերն ուղղակի կապ ունեին այդ ամենի հետ։ Հետևաբար, դեպի Մեկ Աստված տանող ուղին ռուսական «Իլյա Մուրոմեց և Սվյատոգոր» բիլինայի անհայտ հեղինակին բացահայտեց հոգևոր նպատակը Արարատ լեռան, որը կոչվում է Սուրբ լեռ: Իսկ դյուցազուն Սվյատոգորի անունը հայ դյուցազուն Սանասարի անվան բառացի թարգմանությունն է։ «Այստեղ Սվյատոգորը նստեց լավ ձիու վրա։ Եվ գնաց մաքուր դաշտ: Այն լեռների կողմն Արարատյան»,- ասվում է էպոսում, որտեղ երեք անգամ հիշատակվում է Արարատը։ 

Սյուժեն լի է կրոնական իմաստներով․

«Նայեց դյուցազունը ձեռքին աջ, այստեղ տեսավ Իլյա Մուրոմեցին,

Նա բռնեց Իլյայի դեղին գանգուրներից,

Դրեց Իլյային իր գրպանը,

Իլյային՝ իր դյուցազնական ձիու հետ,

Եվ նա գնաց սուրբ լեռներով,

Սուրբ լեռներով Արարատյան»։ 

Այնուհետև հերոսները Արարատով ճանապարհ են պահում դեպի Երուսաղեմ՝ Ձիթենյաց լեռը, որտեղ ձերբակալությունից առաջ աղոթում էր Հիսուս Քրիստոսը և որտեղից խաչելությունից հետո Նա երկինք համբարձվեց. «Իսկ գնացին նրանք սուրբ լեռներով, Սուրբ լեռներով Արարատյան։ Սլանալով հասան Ձիթենյաց լեռը…»։

Ռուսիա [Русь], ռուսիչ [русич], ռուսական [русский], Ռուսաստան [Россия] և այլ միարմատ բառերը նշանակում են «լուսավոր»։ Պատահական չէ, որ Ռուսիայում բաց շագանակագույն մազերը կոչվում էին «русые» [խարտյաշ]։ Եվրոպայում բաց գույնի մազերով բավականին շատ ժողովուրդներ կային, բայց «ռուս» էթնոնիմը միայն մեկ ժողովրդի վերաբերեց։ Ինչո՞ւ։ Պատասխանը կայանում է նրանում, որ «Ռուսիա» նշանակում է «լուսավոր» ոչ թե մարդաբանական հատկությունների իմաստով, այլ իր հոգևոր նպատակի իմաստով. լուսավոր, այսինքն՝ Աստծո Լույսով:

Հավանաբար, այս մեկնաբանության մասին հայտնի էր դեռ Կիևի Մեծ իշխան Վլադիմիր Սվյատոսլավովիչի ամուսնությունից առաջ Բյուզանդիայի կայսր Վասիլ II-ի քրոջ՝ արքայադուստր Աննայի հետ, ում տոհմը հայկական ծագում ուներ։ Ամուսնության պայմանը Ռուսաստանի մկրտությունն էր, որը փոխեց ապագա ռուսների, ուկրաինացիների և բելառուսների ճակատագրերը: Բորիսն ու Գլեբը՝ Աննայի և Վլադիմիրի որդիները, ովքեր դարձան հավատքի համար առաջին նահատակները, Ռուս Ուղղափառ Եկեղեցու կողմից դասվել են սրբերի շարքին։ Իսկ օգոստոսափառ ընտանիքի դուստրերից մեկը՝ Մարիա Դոբրոնեգան, դարձավ Լեհաստանի արքայազն Կազիմիր I-ի կինը, ով պատմության մեջ մնաց որպես Լեհաստանի հողերի միավորող և քրիստոնեության ընդունման մոլի կողմնակից՝ բազմաթիվ եկեղեցիներ կառուցած:

Հայ մատենագրության մեջ ռուսների առաջին հիշատակություններից մեկը պատկանում է X դարում ապրած պատմաբան Մովսես Կաղանկատվացուն, ով «Պատմություն Աղվանից աշխարհի» աշխատության մեջ նրանց անվանում է «ռուզիկներ»՝ նկարագրելով իշխան Իգորի արշավանքն Աղվանքի (Ալբանիայի) մայրաքաղաք Պարտավ քաղաքի վրա, որը գրավվեց 943 թվականին․ «Միևնույն ժամանակներում հյուսիսային կողմերից հայտնվում է այլակրոն, անծանոթ մի ցեղ, որին ռուզիկ էին անվանում, սրանք ոչ ավելի քան 3 ժամ ընթանալով մրրիկի նման համատարած Կասպից աշխարհածովի ելքով, հանկարծ հասան Աղվանքի Պարտավ մայրաքաղաքը, սա ուժ չունեցավ նրանց դիմադրելու»։

Ռուսիայի մկրտությունից հազար տարի անց այդ երկրամասում ապրող հայերն իրենց գոյությամբ հիշեցնում են իշխան Վլադիմիրի և արքայադուստր Աննայի միջև կնքված պայմանագրի մասին, որի էությունը հետևյալն է. հայերն ու ռուսները միասին կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ երկու ժողովուրդներն էլ հավատարիմ կլինեն Աստծուն և Նրա պատվիրաններին: Եթե մասնակիցներից մեկը կամ երկուսն էլ ընկնում են հեթանոսության մեջ, ապա պայմանագիրը կորցնում է ուժը:

Պայմանագրի ոչնչացման նշան է Ռուսական կայսրության փլուզումը և 70 տարի անց նրա աթեիստական վերամարմնավորման փլուզումը՝ ի դեմս Խորհրդային Միության, որը իրավաբանորեն տեղի ունեցավ 1991 թվականին, բայց իրականում շարունակվում է XXI դարում՝ ձգձգված ռուս-ուկրաինական հակամարտության տեսքով: Հատկանշական է, որ հայ ժողովուրդը դարձավ ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի զինված դիմակայության ականատեսը, այլև նրա մասնակիցը՝ ռազմաճակատի երկու կողմերում: Ինչո՞ւ այդպես եղավ։ Պատերազմը, որին մասնակցում են ռուսները, ուկրաինացիները և հայերը, այդ ժողովուրդների կողմից Պայմանագիրը խախտելու հատուցումն է։ 

Ինչի՞ համար են վճարում հայերը։ Հայերի մեղքն այն է, որ մեր ժողովուրդը, որի ջանքերով ռուսներն ու ուկրաինացիները դարձան քրիստոնյա, նրանց չփրկեց եղբայրասպան պատերազմից։ Արևելյան սլավոնական ժողովուրդների հետ Պայմանագիր կնքելով՝ Բյուզանդիայի իշխանության ղեկին կանգնած հայերը նրանց համար պատասխանատվություն վերցրին Աստծո առջև։ Այն պատասխանատվությունը, որը մենք ի վիճակի չեղանք կրել մեր ուսերին XXI դարում։ Արժե՞ արդյոք հետո զարմանալ, որ Եվրամայդանի (2013-2014թթ.) առաջին զոհը դարձավ հայազգի Սերգեյ Նիգոյանը։

Ինչի՞ համար են վճարում ռուսներն ու ուկրաինացիները: Նրանք վճարում են այն բանի համար, որ Հայաստանի երկարատև պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի հեթանոսական ռեժիմների դեմ նրանք մնացին Անկարայի և Բաքվի կողքին՝ այդպիսով դավաճանելով Պայմանագրի մասնակից իրենց հավատակիցներին։

Պայմանագրի խորհրդանիշ է հանդիսանում Մոսկվայի Սուրբ Վասիլի Երանելու տաճարը (Պոկրովսկի տաճար), որի համալիրում կա Գրիգոր Հայեցու եկեղեցի՝ ի պատիվ Հայաստանի Մկրտիչ Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Ռուս ցար Իվան IV Ահեղը Սուրբ Գրիգորի մեջ տեսավ այն հովանավորին, ում շնորհիվ Քրիստոսի հավատքն առաջին անգամ հաստատվեց որպես պետական կրոն: Պատահական չէ, որ Կազանի գրոհը սկսվեց սեպտեմբերի 30-ին՝ Ս.Գրիգորի հիշատակի օրը, երբ գրավվեց ամրոցի պարիսպի Արի աշտարակը։ Լինելով միստիկ՝ Իվան Ահեղը հասկանում էր իշխան Վլադիմիրի և արքայադուստր Աննայի կնքած Պայմանագրին հետևելու անհրաժեշտությունը։

Հայերի հարաբերությունները Սլավոնական աշխարհի հետ չեն սահմանափակվում հայ-ռուսական հարաբերություններով, քանի որ հայերը ծանրակշիռ դեր են խաղացել նաև արևմտյան սլավոնների քրիստոնեացման գործում: Այսպես, IX դարում բյուզանդական կայսրուհի Թեոդորա Մամիկոնյանը նպաստեց Բուլղարիայի մկրտությանը և այնտեղ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելուն։ Նոր հավատքի հետ մեկտեղ քաղաքական քարտեզի վրա ի հայտ եկավ Բուլղարական առաջին թագավորությունը (997-1018թթ.), որը հիմնադրեց Կոմիտից և Հռիփսիմեից սերող Կոմսաձագերի հայկական արքայատոհմը։ Ավելին, տոհմի հիմնադիր Կոմիտի որդիները՝ Դավիթը, Մովսեսը, Ահարոնը և Սամուելը, իշխում էին թագավորության տարբեր մասերում, որտեղ այդ ժամանակ մտնում էին ներկայիս Ալբանիայի, Հունաստանի, Մակեդոնիայի և Թուրքիայի տարածքները։ 

XIV դարում իշխան Ֆյոդոր Դմիտրիևիչը թույլ տվեց հայերին բնակություն հաստատել Գալիցիա-Վոլինյան իշխանությունում, իսկ 1398 թվականին Կամենեց-Պոդոլսկում հայտնվեց առաջին հայկական եկեղեցին։ Լեհ ժողովրդի հետ հայերը նույնպես փոխվստահելի հարաբերություններ հաստատեցին․ 1344 թվականին Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծը ստորագրում է հայերի ինքնակառավարման մասին օրենքը՝ «Կազիմիրի հայկական կանոնադրությունը»։ 1364 թվականին Լվովում հիմնվում է Հայ Եկեղեցու թեմ, իսկ արդեն 1367 թվականին Լվովում ձևավորվում է հայկական եպիսկոպոսություն։ Նույն XIV դարում հայերը Ղրիմում ստեղծում են երկու թեմ։

Վերադառնանք Ռուսիային։ Հայ վաճառականներն ու բժիշկները Կիևում հայտնվել են արդեն մեծ իշխան Վլադիմիր Մոնոմախի օրոք (1113-1125թթ.): Միջնադարում հայերին կարելի էր հանդիպել նաև Կազանում, Աստրախանում, Թեոդոսիայում և Մոսկվայում։

Կենտրոնացված ռուսական պետության ձևավորումից և 16-րդ դարի երկրորդ կեսին Պովոլժիեի նվաճումից հետո Մոսկվայի ցարը ստանում է տրանսպորտային միջանցք դեպի հարավ, ինչը նրան լայն հնարավորություններ է բացում Արևելքի հետ առևտրում։ Այդ պատճառով XVI-XVII դարերում հայ վաճառականները պարբերաբար այցելում են Մոսկվա, Կազան, Աստրախան և Թեոդոսիա։ Օրինակ՝ հայերը Մոսկվա էին բերում հնդկական ապրանքներ և արտահանում էին մորթիներ։ Սկզբում հայ վաճառականության առևտրային շահերը գերակշռում էին քաղաքականության նկատմամբ, ինչի մասին վկայում է Ջուղայի առևտրային ընկերության ներկայացուցիչ (անվանվել է Սպահանի Նոր Ջուղայի հայկական թաղամասի անունով, կամ ռուսերեն՝ Նոր Ջուլֆա) հայազգի Զաքարիա Սարադովի այցը Ռուսաստան, որը տեղի է ունեցել 1659 թվականին։ Իրանից մի վաճառական Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչի համար ադամանդներով զարդարված գահ է բերել, որը մինչ օրս պահվում է Մոսկվայի Կրեմլի Զինապալատում։ «1660 թվականին հայ վաճառական Զաքարիա Սարադովը եկավ Մոսկվա և ցարին նվեր բերեց ադամանդներով, կորունդներով, մարգարիտներով, արևելյան փիրուզով զարդարված հարուստ գահ»,- ասվում է տարեգրության մեջ։

Յոթ տարի անց Ռուսաստանը և Նոր Ջուղայի հայկական առևտրային ընկերությունը պայմանագիր են կնքում, որով հայերին տրվում են ազատ առևտրի արտոնություններ, ինչպես նաև Արևմտյան Եվրոպա տարանցման իրավունք: Գործարքի պայման է դառնում իրանական ամբողջ մետաքսի արտահանումը Ռուսաստան։ Իսկ արդեն 1673 թվականին հայերը դիմում են Ալեքսեյ Միխայլովիչին՝ Արևելյան Հայաստանն իրանական տիրապետությունից ազատելու հարցում օգնության խնդրանքով։

Պետրոս I-ի օրոք հայերի շփումները Ռուսաստանի հետ շարունակվում են։ Դեսպանության հետ նրա մոտ է ժամանում հայոց իշխան Իսրայել Օրին, ով օգնություն է խնդրում օտար զավթիչների դեմ պայքարում։ Պետրոսը հրաժարվում է օժանդակ զորք ուղարկել Հայաստան մինչև Հյուսիսային պատերազմի ավարտը, Բայց Օրիի հետ կազմակերպում է Իրանում դեսպանություն՝ տարածաշրջանում իրական իրավիճակի մասին տեղեկություններ հավաքելու համար։

1722 թվականին Պետրոսը պարսկական արշավանքի է մեկնում հայկական և վրացական զորքերի աջակցությամբ. պատահական չէ, որ հայ զորավար Դավիթ Բեկն իր կարիերան սկսում է վրաց արքայորդի Շահնավազի (Վախթանգ VI-ի որդի) բանակում. հայերն ու վրացիները իրենց ազատագրման գրավականը տեսնում էին սերտ ռազմական դաշինքում: Պետրոսի կողմից ուղղակի ռազմական օգնություն Ուտիքի, Արցախի և Սյունիքի հայերը չստացան, բայց նրանց շնորհվեց ռուսական հպատակություն և առևտրային արտոնություններ մերձկասպյան տարածքներում, որտեղ պարսկական արշավանքի արդյունքում   ցարական բանակը առաջընթաց էր գրանցել։ Իր գործողություններում Ռուսաստանի կայսրը մնաց հետևողական՝ առաջնորդվելով առևտրային և կրոնական շահերով։ «Մենք չպետք է մերժենք քրիստոնյաների հովանավորությունը՝ քրիստոնեության համաձայն»,- գրել է Պետրոսը գեներալ-լեյտենանտ Մատյուշկինին և Կոմս Ռումյանցևին ուղղված ցուցումներում:

Դաղստանում ռուսական զորքերի առաջխաղացման և Իրանում տեղի ունեցած իրարանցման ֆոնին Դավիթ Բեկը ձգտում էր Սյունիքի և Արցախի անկախության ճանաչմանը, ինչը տևում է 1722թ-ից մինչև 1728 թ-ը. հայկական ապստամբության առաջնորդը 1723 թվականին Ղափանից վտարում է իրանցի կուսակալներին և զինված առճակատման մեջ մտնում թուրքերի դեմ, որոնք 1724 թվականին գրավում են Երևանը և ուղևորվում Սյունիք։ Սակայն, պաշարելով Սյունիքի Հալիձոր ամրոցը, թուրքական զորքն այնտեղ գտնում է իր կործանումը։ Արդեն 1727 թվականին Դավիթ Բեկը թուրքերից ազատագրում է Մեղրին, որից հետո պարսկական շահ Թահմասպը նրա մեջ իրական հակակշիռ է տեսնում թուրքերին. իրանցիները հայ զորավարին ճանաչում են որպես Ղափանի ինքնուրույն իշխան՝ մետաղադրամ հատելու իրավունքով, և նույնիսկ նրան են հանձնում Հարավային Կովկասում Իրանի զինված ուժերի հրամանատարությունը։ Սակայն Դավիթ Բեկի մահից կարճ ժամանակ անց, հայկական շարքերում տարաձայնությունների առաջացման, ինչպես նաև ռուս-իրանական խաղաղության ստորագրման արդյունքում, շահը վերացնում է հայկական իշխանությունների անկախությունը։

Ինչ վերաբերում է Պետրոսին, ապա 1724 թվականին՝ իր մահից մեկ տարի առաջ, Ռուսաստանի կայսրն իր մոտ ընդունում է Ուտիքի հայ քահանաներին, ովքեր ցարական փաստաթղթերում նշված են որպես «աղվանցի հայեր»։ Նրանց շնորհվեց «հովանավորչական Բարձրագույն գիր», որն այնուհետև վերահաստատեցին Պետրոսի ժառանգները՝ կայսրուհի Եկատերինա I-ը 1726 թվականին և կայսրուհի Եկատերինա II-ը՝ 1766 թվականին։ Եկատերինա II-ի օրոք նույնիսկ կազմվեց Ռուսաստանի պրոտեկտորատի ներքո հայկական ինքնավար պետության ձևավորման մասին պայմանագրի նախագիծ։ 1770 թվականի նոյեմբերի 1-ին լույս է տեսնում նրա հրամանագիրը, որը թույլ է տալիս հայերին եկեղեցիներ կառուցել Մոսկվայում և Սանկտ֊ Պետերբուրգում։ Եկատերինան պատրաստվում էր հայերին ռազմական աջակցություն ցուցաբերել, սակայն չհասցրեց. նրա մահը 1796 թվականին հանգեցրեց Վալերիան Զուբովի զորքերի հետկանչին, ինչը թույլ տվեց իրանցիներին ճնշել ապստամբությունը Արևելյան Հայաստանում: 

Հայերը ռուսական ցարիզմից ռազմական օգնություն էին սպասում, բայց դրա փոխարեն դարձան հյուսիսկովկասյան հողերի կայսերական գաղութացման գործիք։ Ցարական կառավարությունը հայերին տեղափոխում էր Ռուսաստան ոչ թե «նրանց փրկելու» համար, ինչպես պնդում է այսօր քարոզչությունը, այլ  իր ռազմական հակառակորդներին, մասնավորապես Ղրիմի խանին և թուրքական սուլթանին, տնտեսապես թուլացնելու համար, քանի որ հայերը Պոնտոսի հույների հետ միասին առաջատար դեր էին խաղում տարածաշրջանային առևտրում, ինչին ուշադրություն էր դարձնում մարքսիզմի տեսաբան Ֆրիդրիխ Էնգելսը․ «Հույները, հայերը, սլավոնները և արևմտաեվրոպացիները, ովքեր հիմնավորվել են ծովային մեծ նավահանգիստներում, իրենց ձեռքերում են պահում ամբողջ առևտուրը և նրանք վճռականորեն ոչ մի հիմք չունեն շնորհակալություն հայտնելու թուրքական բեյերին ու փաշաներին դրանով զբաղվելու հնարավորության համար»։ 

Էնգելսի եզրակացությունն անուղղակիորեն հաստատվում է նաև ջենովացիների միջնադարյան քարտեզով, ովքեր Ղրիմը անվանել են Armenia Maritima՝ «Ծովային Հայաստան»։ Այս բոլոր հանգամանքները հայտնի էին զորավար Ալեքսանդր Սուվորովին, ով 1778 թվականին Ղրիմից Դոնի Ռոստով տեղափոխեց թերակղզու հայ բնակչությանը։ Արդեն 1783 թվականին պատերազմներից և տնտեսական ավերածություններից թուլացած Ղրիմի խանությունը մտավ Ռուսաստանի կազմի մեջ։

XVIII դարի վերջին Ռուսաստանի տարածքում արդեն գործում էին հայկական գաղութներ՝ Նոր Նախիջևանը, Ղզլարը, Մոզդոկը, Աստրախանի գաղութը և այլն։ Ի դեպ, Մոզդոկը հիմնադրվել է հայերի կողմից 1785 թվականին։ Ցարական վարչակազմն ամեն կերպ խթանում էր հայերի վերաբնակեցումը Հյուսիսային Կովկաս՝ հետապնդելով ոչ միայն քաղաքական նպատակ՝ կապված հավատարիմ հպատակների կողմից նոր տարածքների բնակեցման հետ, այլև տնտեսական նպատակ. հայկական գաղութները նպաստում էին Ազով-Սևծովյան ավազանում առևտրի զարգացմանը, ինչը Սանկտ Պետերբուրգին թույլ էր տալիս վերահսկել և շահագործել Օսմանյան կայսրության և Իրանի դեմ պատերազմների արդյունքում գրաված հողերը: Դոնի Ռոստովի Նոր Նախիջևանյան հայկական գաղութի, ինչպես նաև Մոզդոկի, Ղզլարի և Աստրախանի հայկական բնակավայրերի շնորհիվ ցարիզմը ստացավ իրեն հավատարիմ Մոզդոկի գիծ՝ տնտեսական «գոտի», որը Կասպից ծովի արևմտյան ափը կապում էր Սև և Ազովի ծովերի ափերի մոտ գտնվող նոր կալվածքների հետ։ 

Ի դեպ, նման պրակտիկա գործել է ոչ միայն կովկասյան տարածաշրջանում, այլև Բալկաններում, որտեղ Դնեստրի ավազանում [1787-1791 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում] հայտնվել է Դուբոսարի հայկական գաղութը։ Այնտեղ էլ հիմնադրվել է Գրիգորիոպոլիս քաղաքը, որի բնակիչների մեծ մասը հայեր էին Վալախիայից և Բուկովինայից։

Հենվելով հյուսիսկովկասյան հայկական գաղութների վրա՝ ցարական կառավարությունը վստահորեն առաջ էր շարժվում դեպի հարավ, որտեղ 1801 թվականին իր տիրույթներին միացրեց նաև Վրաստանը։ Հետագա ընդլայնումը տեղի ունեցավ երկու փուլով․ 

  • 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմը, ինչի արդյունքում կնքվեց Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, որն իրանցիներին ստիպեց զիջել Շիրակը, Լոռին, Սյունիքը, Արցախը, Գանձակը և այլ հայկական հողեր: 

  • 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը, ինչի արդյունքում ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով ռուսական իշխանությանը հանձնվեցին Երևանն ու Նախիջևանը։

Ալեքսանդր I կայսրը հայ ժողովրդի աջակցությունը ուղղակիորեն կապում էր Կովկասում Ռուսաստանի տարածքի ընդլայնման հետ։ 1801 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանում Ռուսաստանի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կառլ Կնորինգին ուղղված նամակում ցարը հայերի մեջ տեսնում է դաշնակիցներ, ում շնորհիվ բազմապատկվում և հաստատվում է «քրիստոնյաների մակերեսը»․ «Իսկ Ձեր հատուկ ուշադրությունն ենք հրավիրում հայ ազգին, որին պետք է Ձեր կողմ ներգրավեք ամեն տեսակի շոյանքներով։ Վրաստանի սահմանակցությամբ այս ցեղի բազմության պատճառով, այս մեթոդը ամենահուսալիներից մեկն է՝ ժողովրդական ուժը բազմապատկելու և ընդհանուր առմամբ քրիստոնյաների մակերեսը հաստատելու համար: Ավարտելով միտքը՝ կոչ ենք անում Ձեզ, որ Դուք, օգնություն մատուցելով հայրապետական Մայր Էջմիածնին՝ այս եկեղեցու ղեկավարի հետ պահեք սերտ հարաբերություններ»:

12 տարի անց՝ 1813 թվականի սեպտեմբերի 15-ին, «Ալեքսանդր I-ի հատուկ նամակում հայ ժողովրդին՝ Ռուսաստանի հանդեպ հավատարմության և ջանասիրության համար», ցարը խոսում է հայերի կողմից ռուսական զորքերին անշահախնդիր օգնության մասին․

«Հիրավի հաճույքով, մենք մեր սրտի համար հաճելի, նոր վկայություն տեսանք հավատարիմ երախտագիտության այն զգացումների մասին, որոնցով Վրաստանում բնակվող հայերի բոլոր խավերը միշտ լցված են եղել։ Նրանք ապացուցեցին այս զգացմունքները բազմաթիվ փորձերի և բոլոր դեպքերում անսասան հավատարմության միջոցով. նրանք առանձնանում էին օրինակելի կայունությամբ և նվիրվածությամբ, հաստատուն և անսասան էին մեր հանդեպ իրենց ջանասիրության մեջ՝ զոհաբերելով իրենց ունեցվածքն ու բոլոր միջոցներն ու կյանքը՝ ի շահ մեր ծառայության և ի շահ ընդհանուրի: Վրաստանի ողջ հայ ժողովրդի և նրա բաղկացուցիչ բոլոր խավերի նման ջանասիրությունը, նրանց արժանիքներն ու սխրանքները մեզ վրա հաճելի պարտականություն են դնում՝ վկայելու ողջ աշխարհի առջև մեր արդար երախտագիտությունն ու բարեհաճությունը նրանց հանդեպ: Թող այս վկայությունը սերունդների հիշողության մեջ պահպանվի ի պատիվ և ի փառս նրանց»:

Հայերը միամտաբար կարծում էին, որ Եկատերինա II-ի մյուս թոռը՝ Նիկոլայ Պավլովիչը՝ Ալեքսանդր I-ին փոխարինած կրտսեր եղբայրը, կպահպանի իր տատի խոստումը հայկական պետության կազմավորման հարցում: Սակայն հայկական հողերի՝ Ռուսաստանին միանալուց հետո Նիկոլայ I կայսրը «մոռացավ» այն խոստումների մասին, որոնք իր նախնիները տալիս էին հայ ժողովրդին։ 1828 թվականի մարտի 21-ին Նիկոլայ I-ը ձևականորեն ստեղծեց այսպես կոչված Հայկական մարզը, որը բաժանվում էր երկու Գավառի՝ Երևանի և Նախիջևանի։ Մարզի կազմում էր նաև Օրդուբադի շրջանը։ Ավելին, մարզի կառավարումը հաստատվեց գեներալ-մայոր Ալեքսանդր Ճավճավաձեի նախագահությամբ։ Նրա նշանակման միջոցով Սանկտ Պետերբուրգը տարածաշրջանում սերմանեց իր ռուսաֆիկացման քաղաքականությունը։ Ի դեպ, ռուսականացման դիրիժորներ էին նաև հայկական ծագում ունեցող ցարական գեներալները։ Օրինակ՝ Իմերեթի նախկին նահանգապետ Վասիլ Բեհբութովը, ով նշանակվեց Հայաստանում 1830 թվականի փետրվարին. առանց Հայկական երազանքի մեր ժողովուրդը սեփական հողի վրա իրականացրեց օտար կառավարիչների երազանքները:

Ռուսների վերաբնակեցումը Հայաստանում սկսվեց 1842 թվականից։ Հիմնականում խոսքը Տամբովի, Տուլայի, Սարատովի և Վորոնեժի գավառներից եկածների մասին է։ Ցարական կառավարությունը արտոնյալ պայմաններ ստեղծեց ռուս վերաբնակիչների համար՝ նրանց հատկացումները մեկ շնչի հաշվով մի քանի անգամ ավելի շատ էին, քան տեղի բնակչության համար։ 1853 թ․ Երևանի նահանգում ռուսների թիվը հասնում էր 3164-ի, իսկ 1873 թ․ Երևանի նահանգի ընդհանուր 547,683 բնակչությունից ռուսները կազմում էին 4339 մարդ (0,8%)։

Տասնամյակներ շարունակ ցարական Ռուսաստանի տնտեսական քաղաքականությունը նպաստել է Հայաստանի ժողովրդագրական փոփոխություններին: Պատմաբան և ազգագրագետ Իվան Շոպենի բերած վիճակագրությունից հետևում է, որ Ռուսաստանին միանալու նախօրեին Հայաստանում քոչվոր ժողովուրդների ընդհանուր թիվը կազմել է 15 հազար մարդ (2984 ընտանիք) կամ ընդհանուր բնակչության 12,5%-ը, որից մինչև 170-300 ընտանիք կամ մոտ 6-10%-ը կազմել է քոչվոր ազնվականությունը:

Ըստ 1897 թվականի մարդահամարի՝ Երևանի նահանգի ընդհանուր բնակչության մեջ հայերի թիվը կազմել է 53,2%, կովկասյան թաթարների թիվը՝ 37,7%, քրդերի թիվը՝ 5,9%, իսկ ռուսների թիվը՝ 1,6%: Ինչի՞ հետ է դա կապված:

Բանն այն է, որ XIX–XX  դարերի սահմանագծին հայ աշխատավորների մեծ մասը գտնվում էր Հայաստանից դուրս՝ Բաքվում և Թիֆլիսում, որտեղ արդյունաբերական պրոլետարիատի ընդհանուր թվաքանակում տեսակարար կշռով առաջին տեղը զբաղեցնում էին հայերը։ Այսպես, 1893 թվականի դրությամբ Բաքվի նավթարդյունաբերության աշխատողների ընդհանուր թվաքանակում հայերի տեսակարար կշիռը կազմել է 27,9%, ռուսներինը՝ 20%, կովկասյան թաթարներինը՝ 20,4%, լեզգիներինը՝ 15,3%, պարսիկներինը՝ 11,1%, այլ ազգություններինը՝ 6,3%: 1900 թվականին Բաքվի նավթարդյունաբերության աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 25,214, որից 8 հազարը հայեր էին։

Յուրաքանչյուր հայի հետևից Բաքու է տեղափոխվել մի ամբողջ ընտանիք՝ կինը երեխաների հետ, տարեց ծնողները, ինչպես նաև եղբայրներն ու քույրերը։ Միջին հաշվով 8-10 մարդ: Մինչ հայերը զբաղվում էին Բաքվի նահանգի արդյունաբերականացմամբ, նրանց քաղաքներում և գյուղերում ակտիվորեն բնակություն էին հաստատում կովկասյան թաթարներն ու քրդերը, որոնք հիմնականում քոչվոր կյանք էին վարում և զբաղվում էին անասնապահությամբ: Այդպես էր ինչպես ցարական ժամանակներում, այնպես էլ խորհրդային տարիներին։

Հայաստանի բնակչության թվի կրճատումը երկարատև գործընթաց է, որը սկսվել է թյուրքական արշավանքից, Չինգիզ Խանի, Լենկթեմուրի արշավանքներից, շարունակվել է Շահ Աբբաս I-ի օրոք հայերի զանգվածային տեղահանությամբ Իրան (1604-1605թթ.), ինչպես նաև XVIII դարի առաջին կեսի իրանա-թուրքական արյունալի պատերազմների արդյունքում: Բայց նույնիսկ անվերջ կատակլիզմների պայմաններում հայերը միշտ մեծամասնություն են կազմել Արևելյան Հայաստանում, ինչը կարելի է բացատրել միայն Աստվածային Կամքով: Դատեք ինքներդ. ըստ ժամանակագիր Առաքել Դավրիժեցու՝ միայն 1618 թվականին Էրիվանի, Գանձակի, Թավրիզի և Արդեբիլի գավառներից հարկադրաբար Պարսկաստան է տեղահանվել տասը հազար ընտանիք: Այսինքն՝ մոտ 50 հազար մարդ։ Հայերին զանգվածաբար վերաբնակեցրել են նաև Նադիր շահի օրոք: 1746թ. նրա հրամանով Նախիջևանից Խորասան է գաղթել հազար հայ ընտանիք։

Արևելյան Հայաստանի բնիկները ստիպված են եղել փախչել Ռուսաստան, Վրաստան և այլ երկրներ: XVII  և XVIII դարերի ընթացքում Արցախից և հայկական այլ գավառներից Կախեթիա և Թբիլիսի են տեղափոխվել մի քանի հազար ընտանիքներ։ Միայն իշխան Ցիցիանովի 1804 թվականի արշավանքի ժամանակ Երևանի գավառից մշտական բնակության Թբիլիսիի Հավլաբար են տեղափոխվել ավելի քան երկու հազար հայեր։

Հայերը Ռուսաստան են տեղափոխել շերամաբուծությունը, խաղողագործությունը, մրգային գինեգործությունը և բազմաթիվ մասնագիտական կարողություններ։ Տնտեսագետ Մուշեղ Ադոնցը հիշեցնում է, որ տնտեսության նոր ճյուղերի ստեղծումն ավելացնում էր ռուսական գանձարանի եկամուտները. «XIX դարի սկզբին գանձարանը տարեկան ստանում էր 400-500 հազար ռուբլի ակցիզ միայն ղզլարական օղու շնորհիվ։ Հայկական բոլոր գաղթօջախներից գանձարանի ստացած եկամուտները կազմել են տարեկան մի քանի միլիոն ռուբլի։ Հաշվի առնելով այդ օգուտները՝ ցարական կառավարությունը մի շարք արտոնություններ է տրամադրել տեղահանված հայերին»։ Թվերը տպավորիչ են, այնպես չէ՞:

Սակայն տնտեսությանը բաժին էր ընկնում հայերի և ռուսների փոխգործակցության ոչ ամենակարևոր մասը․ հայ-ռուսական խառը ընտանիքներում ծնվել են նշանավոր անհատներ, որոնք իրենց դրսևորել են ամենատարբեր ոլորտներում՝ ռազմական արվեստից մինչև փիլիսոփայություն և թատրոն: Օրինակ՝ գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովի մայրական պապը (Եվդոկիա Մանուկովա) հայազգի Թեոդոսիոս Մանուկովն էր։ Հայ էր նաև ռուս փիլիսոփա և քահանա Պավել Ֆլորենսկու մայրը՝ Օլգա Սապարովան, որի ազգականանները Գանձակից էին։ Արվեստի ոլորտից օրինակները նույնպես բավական են. ռուս-հայկական ընտանիքում է ծնվել Էրմիտաժի ապագա տնօրեն ակադեմիկոս-արևելագետ Միխայիլ Պիոտրովսկին, իսկ ուկրաինա-հայկական ընտանիքում՝ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ապագա տնօրեն Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն:

Հայերը տագնապով հետևում էին ռուսների, ուկրաինացիների, բելառուսների և ռուսական կայսրության մյուս ժողովուրդների տառապանքներին, ովքեր դարեր շարունակ ստրկությունից տառապել են, բայց հայերը կողմնակի դիտորդներ չեն մնացել. ծագումով հայ ազնվական Իվան Արապետովը գործուն մասնակցություն է ունեցել 1861 թվականի գյուղացիական բարեփոխման նախապատրաստմանը՝ եղել է Յակով Ռոստովցևի խմբագրական հանձնաժողովի կազմում, որը մշակել և իրականացրել է ճորտատիրության վերացումը։ Հայ առաջադեմ մտքի կիզակետը Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար հայազգի Միխայիլ (Միքայել) Լորիս-Մելիքովի պատրաստած սահմանադրության նախագիծն էր: Ցավոք, փաստաթղթի իրականացումը, որը պատմության մեջ մնաց «Լորիս-Մելիքովի Սահմանադրություն» վերնագրով, խափանվեց 1881 թվականին Ալեքսանդր II ցարի սպանության պատճառով։ Ինչպե՞ս կդասավորվեր Ռուսաստանի ճակատագիրը սահմանադրական բարեփոխումների իրականացման դեպքում։ Հաշվի առնելով այն փաստը, որ նախագիծը ստեղծելու էր Ռուսաստանի բուրժուազիայի ներկայացուցիչների պալատը [խոշոր քաղաքներ և զեմստվոներ]՝ օրենսդրական իրավունքներով, ցարական կառավարությունը կստանար 1905 և 1917 թվականների հեղափոխությունները կանխելու բոլոր հնարավորությունները: Համենայն դեպս, հայերը ձգտում էին բարեփոխել և պահպանել Ռուսական կայսրությունը, որպեսզի խուսափեն գալիք ցնցումներից։

Ընդ որում, ցարին ենթակա Մեծ Հայքի թագավորության արևելյան մասը հետամնաց էր, ինչը հայության համար ամոթալի փաստ է. մոռանալով Հայկական երազանքի մասին, որը պետք է երջանկություն բերի հայ ժողովրդին, հայերը շտապում էին իրականացնել մեկ այլ ժողովրդի երազանքը։ Մի՞թե դժբախտ մարդը կարող է երջանկացնել մյուսին, եթե նրա տանը ավերածություն է տիրում: 1900 թվականին Երևանի նահանգում 83 բնակչին բաժին էր ընկնում մեկ աշակերտ, իսկ 5805 բնակչին՝ մեկ դպրոց։ Համառուսաստանյան մարդահամարի տվյալներով՝ 1897 թվականին Երևանի նահանգում գրագետ անձինք կազմում էին 9 տարեկան և դրանից բարձր տարիքի բնակչության 8,5%-ը։ Այն ժամանակ գրագետների թվին էին դասում նաև կիսագրագետներին։

Սակայն ժողովրդագրության ոլորտում եղել են նաև դրական տեղաշարժեր, որոնք արժանի են հիշատակման:

1831-1897 թվականներին Հայաստանի քաղաքային բնակչությունն աճել է 6 անգամ (161,747 հազարից մինչև 797,835 հազար մարդ), իսկ գյուղական բնակչությունը՝ 4,8 անգամ։ Բնակչության աճի հիմնական պատճառը 1861 թվականի Գյուղացիական բարեփոխումն էր։ Օրինակ՝ Երևանի բնակչությունը 1831-1873 թվականներին գրեթե չի աճել, իսկ 1873-1897 թվականներին այն աճել է 2,5 անգամ։ Նշված ժամանակահատվածում Հայաստանի ամբողջ քաղաքային բնակչությունն աճել է 1,8 անգամ, իսկ գյուղական բնակչությունը՝ 1,5 անգամ։

1900 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Արևելյան Հայաստանի բնակչության թիվը հասել է 811,330 հազարի՝ 1800 թվականի 100 հազարի դիմաց։ Այսինքն՝ ամբողջ XIX դարի ընթացքում Արևելյան Հայաստանի բնակչությունն աճել է 8,1 անգամ, մինչդեռ նշված ժամանակահատվածում բուն Ռուսաստանի բնակչությունն աճել է 3,5 անգամ։ Ժողովրդագրության նման արագ աճը Մուշեղ Ադոնցը բացատրում է հիմնականում Իրանից և Արևմտյան Հայաստանից հայերի համակարգված ներգաղթով: Ընդ որում, ծնելիության գործակիցը Ռուսաստանի եվրոպական մասում ավելի բարձր էր, քան Հայաստանում։ Օսմանյան կայսրությունից հայերի վերաբնակեցումը շարունակվել է ընդհուպ մինչև Հայաստանի խորհրդայնացումը, սակայն հատկապես ուժեղացել Է Ղրիմի պատերազմից (1853-1856թթ.), ռուս-թուրքական պատերազմից (1877-1878թթ.) հետո, ինչպես նաև 1890-ական թվականներին և Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

«1890-1900 թվականներին Հայաստանում 1000 բնակչին տարեկան միջինը բաժին է ընկել 36,6 ծնունդ, նույն ժամանակահատվածում Եվրոպական Ռուսաստանի 50 նահանգներում 1000 բնակչին բաժին է ընկել 48,7 ծնունդ։ Ինչպես երևում է, ծնելիության գործակիցը Եվրոպական Ռուսաստանում 33%-ով ավելի բարձր էր, քան Հայաստանում»,- նշում է Ադոնցը։ Այսինքն՝ հայության ժողովրդագրական հաջողությունը ոչ թե նրա բեղմնավորությունն էր, այլ հայրենադարձությունը։ Միայն 1828-1831 թվականներին Իրանից և Օսմանյան կայսրությունից ռուսների վերահսկողության տակ գտնվող Արևելյան Հայաստան է տեղափոխվել 105 հազար հայ․ 40 հազարը՝ Պարսկաստանից, 65 հազարը՝ Թուրքիայից։ Իրանից վերաբնակեցումը սկսվել է 1828 թվականի գարնանը, իսկ Օսմանյան կայսրությունից՝ 1829 թվականի ձմռանը։

Հայ մտավորականությունն ավանդաբար ռուսաֆիլ էր, ինչը չի կարելի ասել Ռուսական կայսրության պաշտոնյաների ու զորահրամանատարների մասին, որոնք Հայաստանում ու Հայկական հարցում հաճախ իրենց անհաճո ու նույնիսկ թշնամական էին պահում։ Օրինակ, հայերի շրջանում ռուսականացման քաղաքականություն վարելով՝ պաշտոնյաները տարբեր տեսակի զրպարտչական հաղորդումներ էին հորինում հայության շրջանում «անջատողական տրամադրությունների» մասին և ուղղում Սանկտ Պետերբուրգ, և դրանցով հետո հիմնավորում էին հայկական դպրոցների փակումը։ Այսպես, 1885 թվականին Կովկասում փակվեց շուրջ 500 հայկական եկեղեցական-ծխական դպրոց, որի արդյունքում շուրջ 30 հազար երեխա զրկվեց կրթության իրավունքից. ոստիկանությունը նրանց բառացիորեն դուրս էր վռնդում փողոց: Իսկ 1896 թվականի հունվարին Կովկասում մնացած 203 հայկական եկեղեցական-ծխական դպրոցներից 168-ը փակվեցին։

Պատմաբան Ալեքսեյ Ջիվելեգովը, ով 1906 թվականին գրել է «Հայերը Ռուսաստանում» գիրքը, տալիս է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ ցարիզմի քաղաքականության հետևյալ բնութագիրը, որն արդիական է նաև 2023 թվականի դրությամբ․ 

«Արտերկրում ապրող հայերը դիմել էին բրիտանական կառավարությանը՝ խնդրելով ճնշում գործադրել կարմիր սուլթանի վրա և կանգնեցնել արդեն հարյուր հազարավոր հայերի բնաջնջած հանցավոր ձեռքը։ Անգլիայից բացի չկար ոչ ոք, ում կարելի էր դիմել։ Այն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար իշխան Լոբանով-Ռոստովսկին, ով, ինչպես ասում են, հատուկ պատճառներ ուներ Աբդուլ Համիդի արյունալի զվարճանքների նկատմամբ ներողամիտ լինելու համար, վճռականորեն հրաժարվեց Բարձր դռան վրա դիվանագիտական ազդեցություն գործելուց և հասցրեց իր կողմը գրավել Գերմանիային, Ավստրո-Հունգարիային և նույնիսկ Ֆրանսիային։

Մնում էր միայն Անգլիան։ Բայց ռուսական բյուրոկրատիան ոչ միայն ինքը չէր ցանկանում օգնել արյունահոսող ժողովրդին, նա վտանգավոր անջատողականության նշան էր համարում, երբ այդ ժողովուրդը սկսեց օգնություն խնդրել այլ տերություններից... Սանկտ Պետերբուրգում կաթողիկոսի ներկայացուցչին բավականին պարզ հասկացրեցին, որ Անգլիային դիմելու համար հայերը կպատժվեն և կզրկվեն դպրոցներից… Այն, թե ինչու արտասահմանյան հայերի՝ Անգլիային դիմելու համար պետք է վճարեին դպրոցները, որոնք ռուսաստանյան հայերի մեծամասնության համար կրթության միակ աղբյուրն էին, դժվար է հասկանալ։ Բայց ինչ-որ տեղ՝ դիվանատան թաքստոցներում, որոշվեց, որ եկեղեցական-ծխական դպրոցները հակաիրավական քարոզչության բույն են և ռուսաֆիկացման քարոզչության համար անհասանելիության հիմնական պատճառ են հանդիսանում։ Եվ դպրոցները փակվեցին»:

1912 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմից բառացիորեն երկու տարի առաջ, ցարիզմը հերթական անգամ աչքի ընկավ կամայականություններով հայերի նկատմամբ, որոնց պաշտպանության գործը ստանձնեց փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կերենսկին։ Ժամանակավոր կառավարության ապագա նախագահի հուշերը լույս են սփռում հակահայկական հիստերիայի վրա, որը տեղի էր ունենում կայսերական չինովնիկների մեջ՝ ցարիզմի հանդեպ լոյալ հայերին ռեժիմի դեմ տրամադրելով․

«Ինձ համար ամենամեծ գործընթացներից մեկը 1912 թվականին հայկական «Դաշնակցություն» կուսակցության գործով դատավարությունն էր։ Այն դարձավ դարասկզբին իշխան Գոլիցինի ողբալի գործունեության վերջաբանը, որի արդյունքում անգամ Ռուսաստանի այնպիսի հավատարիմ բարեկամները, ինչպիսիք են հայերը, վերածվեցին ահռելի հեղափոխական ուժի։ Դատարանի առջև կանգնեց ողջ հայ մտավորականությունը, այդ թվում՝ գրողները, բժիշկները, իրավաբանները, բանկատերերը և նույնիսկ վաճառականները (որոնք, ինչպես պնդում էին, հեղափոխականներին դրամական միջոցներ էին տրամադրում)։ Հետաքննությունը տևեց մի քանի տարի։

Ձերբակալությունները շարունակվեցին ամբողջ Ռուսաստանում, և, ի վերջո, Սանկտ Պետերբուրգում ստեղծվեց Սենատի հատուկ դատարան: Մեղադրյալներից մի քանիսին բանտում պահեցին գրեթե չորս տարի՝ նախքան դատական նիստերը սկսելը։ Լսումները բացվեցին 1912 թվականի հունվարին և շարունակվեցին մինչև մարտի կեսերը։ Հարցաքննվեց վեց հարյուր վկա։ Վախենալով անկարգություններից՝ ոստիկանությունը հատուկ նախազգուշական միջոցներ էր ձեռնարկել։ Դատարանը փակ դռների հետևում էր, նիստերի դահլիճ մտնել թույլ չտվեցին անգամ մեղադրյալների հարազատներին։ Մթնոլորտը շիկացնում էին բոլոր տեսակի արգելքները։

Դատավարության սկզբում ամբաստանյալներից մեկը հայտարարեց իր անմեղության մասին։ Դատավարությունը նախագահող սենատոր Կրիվցովը վճիռ կայացրեց, որ հրապարակվի հետաքննության եզրակացությունը, որը զուտ մեղադրական բնույթ էր կրում։ Ես միջամտեցի և խնդրեցի դատավորին փորձագետ նշանակել, որպեսզի ուսումնասիրի ցուցմունքները, որոնք, իմ խորին համոզմամբ, սուտ վկայություն էին։ Իմ խնդրանքից տարակուսած՝ Կրիվցովը հարցրեց.

«Դուք գիտակցո՞ւմ եք, թե ինչ եք խնդրում և ինչ է սպասվում ձեզ սխալի դեպքում»։

«Այո, գիտակցում եմ»,- պատասխանեցի ես՝ առանց վարանելու։ 

Նշանակվեց փորձաքննություն, և վկայությունների մեծ մասը կեղծ ճանաչվեցին։ Պաշտպանությանը հաջողվեց նաև մեղադրանքի այլ կետերով ապացուցել ցուցմունքների կեղծ լինելը։ Գործը հասել էր նրան, որ երբ ես ոտքի էի կանգնում, որպեսզի այս կամ այն հարցով բողոքարկում ներկայացնեմ, դատավորը գլխով համաձայնության նշան էր անում և կամաց ասում էր «Ընդունված է»։ 145 մեղադրյալներից 95-ը արդարացվեցին, 47-ը բանտարկվեցին կամ աքսորվեցին Սիբիր, և միայն երեքը դատապարտվեցին ծանր աշխատանքի: Գործընթացի արդյունքը բարձրացրեց Ռուսաստանի հեղինակությունը արտերկրում, հատկապես Թուրքիայի հայերի շրջանում։ Քննիչ Լուժինը մեղադրվեց սուտ մատնության մեջ, սակայն նրա դեմ գործը, ի վերջո, կարճվեց այն բանից հետո, երբ հոգեբույժների հանձնաժողովը նրան անմեղսունակ ճանաչեց»։

Փետրվարյան հեղափոխության արդյունքում Նիկոլայ II ցարի անկումը և 1917թ․ փետրվար-մարտ ամիսներին Պետրոգրադում Կերենսկու ղեկավարությամբ ժամանակավոր կառավարության հաստատումը հայերին Ռուսաստանի կողմից աջակցության հույս տվեց։

Հրապարակվեց անգամ ժամանակավոր կառավարության 1917 թվականի ապրիլի 26-ի դեկրետը (նոր տոմարով՝ մայիսի 9), որով Արևմտյան Հայաստանը (հեղափոխական շրջանի փաստաթղթերում երբեմն կոչվում է Թուրքահայաստան) ստացավ քաղաքացիական վարչակազմ և հայերին թույլատրվեց պաշտոններ զբաղեցնել այնտեղ։ Ժողովուրդը հավատաց։ Հայ փախստականները սկսեցին վերադառնալ իրենց տները։ Մինչև 1917թ. վերջ գրեթե 150 հազար արևմտահայեր կրկին բնակություն հաստատեցին Վանի, Էրզրումի և Բիթլիսի Նահանգներում: Կերենսկին հավատարիմ մնաց իր իրավապաշտպան գործունեությանը։ Սակայն Հոկտեմբերյան հեղափոխությունն իր ճշգրտումները մտցրեց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայ ժողովրդի ճակատագրում։

Հայ հեղափոխականներին իրենց կողմը քաշելու համար բոլշևիկները կրկնօրինակեցին ժամանակավոր կառավարության նախաձեռնությունը՝ 1917 թվականի դեկտեմբերի 29-ին (նոր տոմարով՝ 1918 թվականի հունվարի 11-ին) հրատարակելով «Թուրքահայաստանի մասին դեկրետը»՝ Ժողկոմխորհի նախագահ Վլադիմիր Լենինի և ազգությունների հարցերով ժողկոմխորհի ստորագրություններով։ Փաստաթուղթը հայտարարում էր Ռուսաստանի կողմից բռնազավթված Թուրքահայաստանի հայերի՝ «ազատ ինքնորոշման իրավունքի՝ ընդհուպ մինչև լիակատար անկախության», «հայ փախստականների, ինչպես նաև տարբեր երկրներում ցրված հայ գաղթականների անարգել վերադարձի իրավունքը Թուրքահայաստանի սահմանները»։ Բառերը գեղեցիկ էին և արդար: Սակայն գործնականում բոլշևիկները դավադրություն կազմակերպեցին հայ ժողովրդի թիկունքում՝ աջակցելով թուրք ֆաշիստների տարածքային զավթումներին ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան Հայաստանում։

Տարիներ անց խորհրդային քարոզչությունը կասի, որ ռուսական գաղութատիրության շնորհիվ Հայաստանին և հայ ժողովրդին հաջողվել է գոյատևել։ Նման թեզը միակողմանի և անարդար է այն հայերի նկատմամբ, ովքեր հավատարմորեն ծառայել են Ռուսական կայսրությանը և Խորհրդային Միությանը։ Նայեք ինքներդ. հայ ժողովրդի լավագույն մտքերը ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի համար ստեղծում էին պաշտպանական արդյունաբերությունը, հրթիռամիջուկային վահանը և այլ առաջադեմ զենքեր։ Խորհրդային ատոմային ռումբի ակունքներում կանգնած են հայ ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյանները, ինչպես նաև Կիրիլ Շչելկինը [Կիրակոս Մետաքսյանը], ով Ուրալում հիմնել է «Արզամաս-16» կենտրոնը, որտեղ էլ տեղի է ունեցել Միջուկային զենքի հավաքումը: Խորհրդային ռազմարդյունաբերական համալիրի հիմնադիրներից էր շուշեցի Իվան Թևոսյանը, ով մինչև ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի նախարարությունը ղեկավարում էր նավաշինարարական արդյունաբերության ժողկոմատը և Խորհրդային Միության պաշտպանական արդյունաբերության ժողկոմատի առաջին տեղակալն էր:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը մեկնել է ռազմաճակատ։ Ընդհանուր առմամբ պատերազմի տարիներին խորհրդային բանակ էին մոբիլիզացրել Հայկական ԽՍՀ-ի ավելի քան 300 հազար բնակիչների, ինչը կազմում էր ամբողջ բնակչության 20-23%-ը (1940 թվականին Հայկական ԽՍՀ-ն ուներ 1 միլիոն 370 հազար մարդ): Եվ սա դեռ ամենը չէ․ 200 հազար հայեր ռազմաճակատ էին զորակոչվել խորհրդային այլ հանրապետություններից, իսկ ավելի քան 100 հազար հայեր ծառայում էին հակահիտլերյան կոալիցիայի երկրների բանակներում (ամենից շատ ֆրանսիական բանակում և ԱՄՆ Զինված ուժերում՝ գրեթե 20 հազար հայ մարտիկներ)։ Պատերազմից չի վերադարձել ավելի քան 200 հազար հայ կամ Հայաստանի բնակչության 1/7-ը։

Բոլոր միութենական հանրապետություններից հայերի մոբիլիզացիայի մեջ առանձնահատուկ եռանդ էին ցուցաբերում Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները, որոնք հույս ունեին այդ կերպ կրճատել արական բնակչությունը՝ հետագայում հայկական հողերը գրավելու համար։ Համեմատության համար՝ ամբողջ ԽՍՀՄ-ում մոբիլիզացվածների գործակիցը կազմել է 9-11%, Իսկ Արցախի մասով՝ 33-34%։

Ի դեպ, Ուտիքի և Արցախի հայերը մեկ շնչի հաշվով տվել են Խորհրդային Միության հերոսների առավելագույն քանակը: Ուտիքից և Արցախից խորհրդային բանակը ստացավ Հաղթանակի հինգ Մարշալ՝ մարշալ Հովհաննես [Իվան] Բաղրամյան, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսահակյան [Իվան Իսակով], զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյան, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով [Արմենակ Խամփերյանց] և ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանով [Օհանյան]։ Ավելի քան 60 հայ գեներալներ հրամանատարություն են իրականացրել Մեծ Հայրենականի բոլոր ճակատներում․ նրանց թվում են երեք բանակների հրամանատարներ և երեք կորպուսի հրամանատարներ։ Պատերազմից հետո 83 սպա ստացել է գեներալի կոչում։ Պատերազմին մասնակցելու համար պետական տարբեր պարգևների է արժանացել ավելի քան 66 հազար հայ։ Իսկ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել են 107 հայ զինվոր և սպա։ ԽՍՀՄ կրկնակի հերոսներ են դարձել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը։ Ընդհանուր առմամբ 27 հայ դարձավ Փառքի շքանշանի լիարժեք ասպետ։

Հայերը ոչ միայն խիզախորեն մարտնչում էին ԽՍՀՄ-ի համար, այլև իրենց ստեղծագործությամբ փառաբանում Սովետների երկիրը։ Այդ փառաբանման գագաթնակետը դարձավ ԽՍՀՄ 1945 թվականի օրհներգը, որի խոսքերը Սերգեյ Միխալկովը գրել էր հայազգի Գաբրիել Ուրեկլյանի հետ միասին [կեղծանունը՝ էլ-Ռեգիստան]։

Գերմանական նացիզմի դեմ տարած հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրումը ոչ միայն ռուս ժողովրդի և ԽՍՀՄ այլ ժողովուրդների հետ համերաշխությունն է, այլև կայզերական Գերմանիայի հատուցումը Հայոց ցեղասպանությանն աջակցելու համար, որը թուրքական սուլթանը սկսել էր իրականացնել Առաջին համաշխարհային պատերազմից մի քանի տասնամյակ առաջ: Բազմաթիվ փաստագրական վկայություններ հաստատում են, որ գերմանացի սպաները, որոնք փաստացի ղեկավարում էին թուրքական բանակի գլխավոր շտաբը, դարձել են հայերի զանգվածային կոտորածի դիրիժորներ: Թուրքիան և Գերմանիան՝ հեթանոսական Բաբելոնի երկու ժառանգները, հավատարիմ դաշնակիցներ էին երկու համաշխարհային պատերազմներում. պատահական չէ, որ 1943 թվականին, այն բանից հետո, երբ հաղթանակի հայ մարշալները Ստալինգրադի մերձակայքում կոտրեցին նացիստներին, հայերի դահիճ Թալեաթ փաշայի մարմինը շտապ Բեռլինից տեղափոխվեց Կոստանդնուպոլիս: Գերմանացի և թուրք ֆաշիստները հասկացան, որ հայերը նորից փնտրելու են Թալեաթին։

Պարադոքսն այն էր, որ խորհրդային բանակի ղեկավարության մեջ հայտնվեցին հենց հայերը՝ Արցախից և Ուտիքից, Մեծ Հայքի պատմական նահանգներից, որոնք Նախիջևանի և այլ արևմտահայ հողերի հետ միասին հանձնվեցին Թուրքիայի և Բաքվի ֆաշիստներին 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը, քանի որ նրանց ստորագրողները պատշաճ իրավասություն չունեին։ Սակայն հայկական հարցում բոլշևիկների նենգ քաղաքականությունը, որը տապալեց Սևրի հաշտության պայմանագրի և Վուդրո Վիլսոնի Արբիտրաժի իրագործումը, չսահմանափակվեց Մոսկվայի և Կարսի պայմանագրերով․ 1925 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրվեց խորհրդա-թուրքական բարեկամության և չեզոքության պայմանագիրը, որը փոխարինեց Կարսի համաձայնագրին՝ կրկնօրինակելով դրա դրույթները։

Նոր փաստաթուղթը նախատեսում էր, որ «մեկ կամ մի քանի երրորդ տերությունների կողմից պայմանավորվող կողմերից մեկի դեմ ռազմական հարձակման դեպքում  պայմանավորվող մյուս կողմը պարտավորվում է չեզոքություն պահպանել առաջինի նկատմամբ»: I հոդվածի համաձայն՝ կողմերից յուրաքանչյուրը պարտավոր էր զերծ մնալ մյուս կողմի վրա ցանկացած հարձակումից և չմասնակցել մեկ կամ մի քանի երրորդ տերությունների որևէ դաշինքի, քաղաքական համաձայնագրի կամ այլ ակտի, որն ուղղված էր մյուս կողմի դեմ: Ի՞նչ տեղի ունեցավ հետո:

1945 թվականի մայիսի 19-ին Խորհրդային Միությունը հրաժարվեց 1925 թվականի խորհրդա-թուրքական պայմանագրի երկարաձգումից։ Այսինքն՝ 1945 թվականի մայիսից մինչև 1978 թվականի օգոստոսը, երբ Մոսկվայի և Անկարայի միջև ստորագրվեց հերթական համաձայնագիրը կողմերի միջև փոխադարձ տարածքային պահանջների բացակայության մասին, Թուրքիան չուներ որևէ փաստաթուղթ, որը «կօրինականացներ» արևմտահայ նահանգների օկուպացիան։

Հայկական հարցը միակ թեման է, որում Մոսկվան և Անկարան եղել և մնում են հետևողական: Թուրքերն այնքան վստահ էին իրենց ռուս գործընկերների նկատմամբ, որ 1952 թվականին մտան ՆԱՏՕ՝ խախտելով չեզոքության մասին դրույթները, որոնք զետեղված էին ինչպես Կարսի պայմանագրում, այնպես էլ հետագա գործարքներում։

Մոսկվայի և Անկարայի դավադրությունն ապահովում էր խորհրդային ղեկավարության շրջադարձը հօգուտ Ադրբեջանական ԽՍՀ-ի։ Պատահական չէ, որ 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին ԽՍՀՄ ներքին զորքերը և պաշտպանության նախարարությունը կատարեցին պատժիչ «Օղակ» գործողությունը՝ տեղահանելով Շահումյանի շրջանի (հայկական Ուտիք նահանգի մի մասը) բոլոր հայ բնակիչներին: Էթնիկ զտումներից հետո տարածաշրջանը հանձնվեց Բաքվի ավազակախմբերի տիրապետությանը։ Մոսկվայի «ուսը» կանաչ լույս էր երաշխավորում Ադրբեջանական ԽՍՀ Կենտկոմի առաջին քարտուղար Այազ Մութալիբովի համար, որը 1991 թվականի օգոստոսի 30-ին, «Օղակ» գործողությունից անմիջապես հետո, մինիսուլթանությունը դուրս բերեց Խորհրդային Միության կազմից: Անհրաժեշտ կապերի միջոցով նման ապօրինություն հայերը չէին կարող պատկերացնել անգամ։

Մոսկվան երբեք չի պահպանել հավասարությունը Հայաստանի և Բաքվի մինիսուլթանության միջև։ Հետաքրքի՞ր է, թե ինչու: Պատասխանը մակերեսի վրա է. խորհրդային իշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ-ի ռազմականացումը դիտարկում էր որպես հենակետ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների համար։ Իսկ Հայաստանը համադրելի մասշտաբներով չէր զինվում այն պատճառով, որ ԽՍՀՄ-ն իր պլաններում պատերազմ չէր նախատեսում ՆԱՏՕ-ի անդամակից Թուրքիայի հետ։ Հենց այդ պատճառով էլ Մոսկվան աչք էր փակում Բաքվի մինիսուլթանության թյուրքացման վրա ինչպես խորհրդային շրջանում, այնպես էլ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Մինիսուլթանությունը դանդաղ, բայց հաստատուն պատրաստվում էր կատարել իր գլխավոր դերը՝ ներխուժել Իրանի հյուսիսային նահանգներ [չնայած՝ Բաքվի նահանգն ինքնին Իրանի պատմական տարածքն է, որը ձեռք է բերվել ցարական Ռուսաստանի կողմից 1813 թվականի Գյուլիստանի խաղաղության համաձայն]։

Բաքուն երբեք Մոսկվայի կողմից ռազմական և քաղաքական աջակցության պակաս չի զգացել։ Այդ պատճառով մինիսուլթանության տարածքում էին գտնվում սպառազինության և զինամթերքի ամենամեծ պահեստները, ինչպես նաև ԽՍՀՄ Անդրկովկասյան ռազմական օկրուգի ծանր տեխնիկայի և ավիացիայի հիմնական ներուժը. ծանր սպառազինությունը (տանկեր, ՀՄՄ, զրահատեխնիկա, խոշոր տրամաչափի հրետանի) Բաքուն ուներ 15%-ով ավելի, քան Հայաստանը, էլ չեմ խոսում ռազմամթերքի գերազանցության մասին։ Միայն Աղդամի պահեստում ադրբեջանցիներն ունեին 12,5 հազար վագոն զինամթերք, իսկ ամբողջ Հայաստանում՝ 4,5 հազար վագոն կար [ԽՍՀՄ փլուզումից հետո դրանք Մոսկվայից եկած հրահանգով հեռացվեցին Հայաստանից]։

Արդեն 1992-ի մայիսին, նախկին Խորհրդային բանակի սպառազինության բաժանման արդյունքում, Բաքվի ֆաշիստական ռեժիմը Մոսկվայից ստացավ 325 տանկ, 344 հետևակի մարտական մեքենա, 78 դեսանտային մարտական մեքենա, 38 մարտական հետախուզական մեքենա, 329 զրահափոխադրիչ և զրահաքաշներ, 343 հաուբից և ինքնագնաց հրետանային զենք, 63 «Գրադ» ռեակտիվ կայաններ, 52 ականանետ, 35 ՄիԳ կործանիչներ, 7 ճակատային ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչ, 52 Լ-29 ուսումնամարտական ինքնաթիռներ, 18 ՄԻ-24 հարվածային ուղղաթիռներ, 15 ռազմատրանսպորտային ուղղաթիռներ, մինչև 100 հատ զենիթահրթիռային համալիրներ։ Մի շարք սպառազինությունների գծով Բաքվի ռեժիմը զգալիորեն գերազանցել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով սահմանված սահմանափակումները:

Նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարման տարիներին ռուսական իշխանությունը շարունակեց Բաքվի կուրսը։ Եվ  դա արեց Բելառուսի, Իսրայելի և Թուրքիայի իր հանցակիցների աջակցությամբ։ Ընդ որում, Հայաստանին Մոսկվայից կտրականապես արգելում էին զենք գնել Իրանում և այլ երկրներում։ Միայն 2011-2022 թվականների ընթացքում ՌԴ-ին բաժին է ընկել Բաքվի մինիսուլթանության զենքի մատակարարման 60%-ը։ Կարևորությամբ երկրորդ մատակարարը Իսրայելն է՝ 26,6% մասնաբաժնով, երրորդը՝ Բելառուսը՝ 7%-ով և միայն չորրորդ տեղում Թուրքիան է՝ 3%-ով: Ի դեպ, զենքի մատակարարումներում նկատվել է նաև Ուկրաինան։

Զինելով Բաքվի ֆաշիստներին՝ Ռուսաստանի իշխանությունները շարունակեցին բոլշևիկների գաղութային քաղաքականությունը՝ ոտնահարելով իշխան Վլադիմիրի և կայսրուհի Աննայի միջև կնքված պայմանագիրը, որը ենթադրում էր Կիևյան Ռուսիայի մկրտություն՝ ռուս իշխանի՝ Բյուզանդիայում իշխող հայկական դինաստիայի հետ ամուսնության դիմաց։ Բաքվի հեթանոսներին հանձնված ռուսական, բելառուսական և ուկրաինական զենքերը սպանում էին հայերին՝ զրկելով նրանց պատմական հողերից Արցախում և Սյունիքում։ Ես նկատի ունեմ 2020 թվականի բաքվաթրքական ագրեսիան, որը ձգձգեց Հայկական երազանքի՝ Արարատյան Թագավորության վերածնման հայ ժողովրդի առաքելության իրականացումը։ Ի՞նչ եղավ հետո։

Արցախի վրա թուրքերի հարձակումից երկու տարի էլ չանցած՝ Մոսկվան, Մինսկը և Կիևը հատուցում ստացան իրենց հակահայկական գործողությունների համար՝ սկսվեց ռուս-ուկրաինական զինված հակամարտությունը, որում ներգրավվեց նաև Բելառուսը։

Յուրաքանչյուր կայսրություն կառուցված է ժողովուրդների բաժանման վրա, և ինքն է առաջացնում ժողովուրդների բաժանում: Կովկասում իրենց տիրապետության ժամանակահատվածում ռուսները բաժանեցին շատ ժողովուրդներ, բայց, ի վերջո, իրենք բաժանվեցին Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի միջև: Եվ քանի դեռ ռուսները չեն հրաժարվել կայսերական մոդելից, նրանք չեն վերամիավորվի բելառուսների և ուկրաինացիների հետ։

Կարելի է գործընթացին էմոցիոնալ նայել, երբ հակամարտության կողմերը միմյանց օկուպանտ են անվանում, իսկ կարելի է նայել պատմական տեսանկյունից։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտությունը նշանավորում է Խորհրդային Միության վերջնական փլուզումը.Պուտինը հրապարակավ անօրինական է ճանաչել ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումը: Փաստն այն է, որ միության ներքին վարչական սահմանները բոլշևիկները կառուցել են ոչ թե ազգային սկզբունքով, ինչպես դա եղել է Ռուսական կայսրությունում, այլ ինդուստրիալ [արդյունաբերական] սկզբունքով։

Ես նկատի ունեմ մի պարզ բան։ Օրինակ՝ 1921 թվականին բոլշևիկները բռնի ուժով Արցախը, Ուտիքն ու Նախիջևանը քարշ տվեցին Ադրբեջանական ԽՍՀ, որպեսզի որակյալ ինժեներական կադրերով ապահովեն հանրապետության ինդուստրացումը, որը հիմնված էր նավթարդյունաբերության վրա։ Իհարկե, կային նաև հակահայկական քաղաքականության այլ պատճառներ, մանավանդ որ ինդուստրիալ սկզբունքը որոշիչ գործոն չէր Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև Հայաստանի բաժանման հարցում։

Նմանատիպ տրամաբանություն կար նաև ռուսական շրջանները խորհրդային Ուկրաինային միացնելու հարցում։ Այսինքն՝ իշխանությունները գիտակցաբար գործել են ի հեճուկս նախկին Ռուսական կայսրության ժողովուրդների բազմադարյա ազգային-ազատագրական պայքարի շահերի։ Այնուամենայնիվ, արդյունաբերական դարաշրջանն ավարտվեց Խորհրդային Միության հետ միասին՝ խզելով տնտեսական կապերը ազգային հանրապետությունների միջև: Հետևաբար, նախկին սահմանները կորցրել են ողջ իմաստը։ Այնպես որ, արցախահայության ազատագրական պայքարը հիմնավորվել է ոչ միայն ազգային պատճառներով. եթե չկան նախկին տնտեսական կապերը, ուրեմն իմաստ էլ չկա գտնվել արհեստական պետությունում, որը համաշխարհային պատերազմի արդյունքում թուրքերը հապճեպ կազմավորեցին բոլշևիկների հետ համատեղ։

2022 թվականի փետրվարի 21-ին Պուտինը հաստատեց այդ թեզը։ Բայց, իհարկե, նա խոսում էր Ուկրաինայի մասին․ «Եվ այսպես, սկսեմ նրանից, որ ժամանակակից Ուկրաինան լիովին և ամբողջությամբ ստեղծվել է Ռուսաստանի կողմից, ավելի ճիշտ՝ բոլշևիկյան, կոմունիստական Ռուսաստանի կողմից։ Այս գործընթացը սկսվեց 1917-ի հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո, և՛ Լենինը և՛ նրա համախոհները դա արեցին շատ կոպիտ ձևով հենց Ռուսաստանի նկատմամբ՝ առանձնացնելով, բաժանելով նրա սեփական պատմական տարածքների մի մասը: 1917-ի հեղափոխությունից հետո Լենինը և նրա համախոհները որոշեցին, որ Ռուսաստանը պետք է ազատվի իր պատմական տարածքներից: Այնտեղ ապրող միլիոնավոր մարդկանց, իհարկե, ոչ ոք ոչինչ չէր հարցնում»։

Այնուհետև Պուտինը թվարկում է Իոսիֆ Ստալինի տարածքային քաղաքականության փուլերը, թե ինչպես է նա «ԽՍՀՄ-ին միացրել և Ուկրաինային հանձնել որոշ հողեր, որոնք նախկինում պատկանել էին Լեհաստանին, Ռումինիային և Հունգարիային», իսկ 1954 թվականին, ինչպես հիշեցնում է ինքը՝ Պուտինը, Խրուշչովը «չգիտես՝ ինչու Ռուսաստանից խլեց Ղրիմը և այն նույնպես նվիրեց Ուկրաինային»։

Այնուհետև Ռուսաստանի նախագահը տալիս է մի հարց, որը վերջին 100 տարվա ընթացքում շատ անգամ հայերն իրենք իրենց են տվել․

«Այստեղ միանգամից շատ հարցեր են առաջանում։ Եվ դրանցից առաջինը, ըստ էության, գլխավորն է. ինչո՞ւ էր պետք սեփականատիրոջ վերամբարձ դիրքից բավարարել նախկին կայսրության ծայրամասերում ցանկացած, անսահման աճող ազգայնական հավակնությունները։ Նորաստեղծ, ընդ որում՝ հաճախ կամայականորեն ձևավորված վարչական միավորներին՝ միութենական հանրապետություններին, փոխանցել հսկայական, հաճախ նրանց հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեցող տարածքներ։ Կրկնում եմ՝ փոխանցել Պատմական Ռուսաստանի բնակչության հետ միասին»։

Ես ունեմ Պուտինի հարցի պատասխանը. այն կայանում է պարսկական «Ադրբեջան» տարօրինակ անունով պետության ստեղծման պատմության մեջ։ Ահա թե ինչպես է նկարագրել այս կազմավորման նպատակը կայզերական Գերմանիայի գաղափարախոս, հրապարակախոս Պաուլ Ռորբախը, ով 1916 թվականի ապրիլի 15-ին Le Temps ամսագրի համար անկեղծ հոդված է գրել. «Ռուսական Կովկասում յոթ կամ ութ միլիոն մահմեդական կա՝ թուրքերի համար արյունակից եղբայրներ։ Եթե Թուրքիային հաջողվեր, իր մահմեդական բնակչությանը դեպի հյուսիս առաջ տանելով, նրանց հետ շփման մեջ մտնել, ապա կստեղծվեր 14-15 միլիոն մարդուց կազմված հզոր բույն, որը կապված կլիներ ռասայի և կրոնի միասնությամբ, ինչը դիմադրության սարսափելի ուժ կլիներ: Քանի որ Հայաստանը խոչընդոտում է այդ ծրագրի իրագործմանը, ապա պետք է թարմացնել այդ տարածաշրջանի բնակչությանը՝ դուրս քշելով բնիկ հայերին։ Միջագետքը, որով կանցնի Բաղդադի երկաթուղին, նոսր է բնակեցված։ Այս հանգամանքը բացասաբար է անդրադառնում ճանապարհի տնտեսական զարգացման վրա, ուստի հասկանալի է, որ Գերմանիան ձգտում է օգնել այս աղետում։ Դրա համար բավական կլիներ այստեղ բնակեցնել հայաստանցի հայերին, իսկ վերջիններիս փոխարեն թույլ տալ օսմանյան կառավարությանը վերաբնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից մահմեդականներին։ Եթե այդպես արվեր, Հայաստանը մեկ հարվածով կխլվեր Ռուսաստանի ձեռքից»։

Լինելով կայզերական ԱԳՆ-ի՝ Հայկական հարցով գլխավոր խորհրդականը՝ Ռորբախը աչքի էր ընկնում հետևողականությամբ։ Դեռևս 1913թ. նոյեմբերի 23-ին, ելույթ ունենալով Գերմանա-Ասիական ընկերության փակ հանդիպման ժամանակ, նա ճշգրիտ նկարագրել է թուրքական վախերը. «Աշխարհագրական առումով Հայաստանն իրենից ներկայացնում է բնական և գրեթե անառիկ ամրոց։ Մի կողմից այն սահմանակից է Ռուսաստանին, մյուս կողմից՝ գերիշխում է աշխարհի բոլոր ճանապարհների վրա, որոնք անցնում են նրա բնական պատերի ստորոտում Փոքր Ասիայի միջով՝ միացնելով ամենահարուստ երկրներն ու ծովերը Եվրոպայի հետ։ Հայաստանի կորստով Թուրքիան կդադարի գոյություն ունենալ։ Գրեթե առանց չափազանցության կարելի է ասել, որ ժամանակակից Թուրքիայի համար նույնիսկ նեղուցներ ունենալու հարցը չպետք է այնպիսի ուշադրություն գրավի, ինչպես նրա գոյության վերջին և ամուր հենարանը՝ Հայաստանն ամուր պահելու հարցը»։

Թուրքերը խոսքից արագ գործի անցան։ Արդեն 1918թ. մայիսին թուրքական բանակը Հարավային Կովկասի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ստեղծեց խամաճիկ պետություն՝ այսպես կոչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն, որը 1920թ. ապրիլին Ստամբուլի և Խորհրդային կառավարության համաձայնությամբ և Վլադիմիր Լենինի գլխավորությամբ վերամարմնավորվեց Ադրբեջանական ԽՍՀ:

1920թ. օգոստոսի 10-ին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Խալիլ փաշան նամակ է ուղարկում Անդրկովկասի բոլշևիկյան կուրատոր Սերգո Օրջոնիկիձեին հետևյալ բովանդակությամբ․ 

«Նախիջևանի ուղղությամբ հարձակվող հայկական կանոնավոր ուժերը կտրել են Սովետական Ռուսաստանի և Թուրքիայի միջև կապը՝ զբաղեցնելով Շահթախթի լեռները: Հասկանալի է, որ դաշնակները, առաջնորդվելով անգլիացիների ցուցումներով, փորձում են կանխել խորհրդային զորքերի միացումը թուրքականի հետ։ Թուրքիան այլևս չի կարող  դաշնակցականների ստեղծած այս խոչընդոտների և մահմեդական աղքատների նկատմամբ նրանց ծաղրի անտարբեր հանդիսատեսը մնալ։ Խորհրդային Ռուսաստանի և Հեղափոխական Թուրքիայի միջև ամուր կապ ապահովելու համար, իմ կարծիքով, եկել է ժամանակը պատշաճ կերպով հակահարված տալու հայերի հարձակողական նկրտումներին» (РГАСПИ, ф. 544, оп. 3, д. 15, лл. 8-10 Подлинник):

Կրեմլում լսեցին Խալիլ փաշայի կոչը՝ բոլշևիկները և թուրքերը միասնաբար դուրս մղեցին Նախիջևանից հայկական զինյալներին՝ այդպիսով իրականացնելով Ռորբախի թուրք-գերմանական նախագիծը, որը ներառում էր հայաթափում իրենց պատմական հողերից։ Հետո տեղի ունեցավ մի բան, որը հայտնի է բոլորին՝ գրավելով Հայաստանը՝ բոլշևիկները թուրքերին տվեցին Արցախն ու Նախիջևանը, ոտնահարելով միջազգային իրավունքը և Ազգերի լիգայի կողմից ճանաչված Հայաստանի Առաջին Հանրապետության սահմանները։ 

Այսօր բաքվաթրքական քարոզչությունը, հետևելով Ռորբախի պատվիրաններին, Նախիջևանն անվանում է ադրբեջանական։ Սակայն որտե՞ղ էին անդրկովկասյան թաթարները, երբ 1828 թվականի մարտի 21-ի հրամանագրով, որը կազմվեց ռուս-պարսկական պատերազմի արդյունքներով, Նիկոլայ I ցարը Պարսկաստանից պոկված Երևանի և Նախիջևանի խանությունների տարածքները վերածեց հայկական մարզի՝ Երևան կենտրոնով, իսկ ռուս կայսրն ինքը ստացավ «Հայկական մարզի տիրակալ» տիտղոսը։ Ինչո՞ւ փաստաթղթում ոչ մի հիշատակում չկար թաթարների կամ ադրբեջանցիների մասին։ Ցարական վարչակազմն այդ հողերը հայկական էր համարում…

Եթե Խորհրդային Ուկրաինան համարվում է «Լենինի անվան Ուկրաինա», ապա Խորհրդային Ադրբեջանը միանգամայն տեղին է անվանել «Աթաթուրքի և Լենինի անվան Ադրբեջան»։ Ադրբեջանն ու Ուկրաինան երկու արդյունաբերական կազմավորումներ են, որոնց գոյությունն իմաստ ուներ մինչև այն պահը, քանի դեռ կենդանի էր խորհրդային արդյունաբերական տնտեսությունը։

«Ռուսաստանի և նրա ժողովուրդների պատմական ճակատագրի տեսանկյունից պետականաշինության լենինյան սկզբունքները պարզապես սխալ չէին, դա, ինչպես ասում են, սխալից շատ ավելի վատն էր։ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո դա բացարձակապես ակնհայտ դարձավ»,- պնդում Է Պուտինը։

Նրա փոխարեն ես կընդլայնեի այս ձևակերպումը՝ Ռուսաստանի և Հայաստանի պատմական ճակատագրի տեսանկյունից պետականաշինության լենինյան սկզբունքները պարզապես սխալ չէին, սխալից շատ ավելի վատ էին։

Պուտինի թեզերը տրամաբանական են: Բայց նրանք ուժ կունենան միայն համընդհանուր կիրառման դեպքում։ Եթե Ուկրաինայի նկատմամբ դրանք կիրառվեն, իսկ Ադրբեջանի նկատմամբ՝ ոչ, ապա նման երկակիությունը Արևմուտքում կընկալվի որպես թուլություն և երկակի ստանդարտներ։

Ի՞նչ ենք տեսնում գործնականում: ԼԴԺՀ-ի ճանաչման հաջորդ օրը Պուտինը Իլհամ Ալիևի հետ դաշինքի հռչակագիր ստորագրեց։ Սույն փաստաթղթի 11-րդ կետում ասվում է հետևյալը. «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն ճնշում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անհատների գործունեությունը` ուղղված մյուս Կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»: Ոչինչ չի՞ հիշեցնում։ 

Այս պարբերությունն ամբողջությամբ վերցված է 1921 թվականի Կարսի պայմանագրի 10-րդ հոդվածից, որը դավաճանական էր հայերի նկատմամբ։ Ահա թե ինչ է դրանում ասվում.

«Պայմանավորվող կողմերը համաձայնվում են թույլ չտալ իրենց տարածքում կազմակերպությունների կամ խմբերի ձևավորումը կամ ներկայությունը, որոնք հավակնում են լինել մեկ այլ երկրի կամ նրա տարածքի մի մասի կառավարություն, ինչպես նաև խմբերի առկայություն, որոնք նպատակ ունեն մեկ այլ պետության դեմ պայքարել: Հաստատված է համարվում, որ սույն հոդվածում նշված թուրքական տարածքը նշանակում է տարածք, որը գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության անմիջական ռազմական և քաղաքացիական կառավարման ներքո»։

Ի՞նչ է ստացվում արդյունքում։ Մի կողմից Պուտինը իրավացիորեն մերկացնում է «Լենինի անվան Ուկրաինան», իսկ մյուս կողմից՝ համաձայնում է «Աթաթուրքի և Լենինի անվան Ադրբեջանի» հետ ճնշել Արցախում գտնվող հայկական աշխարհազորայիններին, ովքեր Բաքվի հրոսակախմբերի հարձակման պայմաններում հայերի միակ պաշտպանն են լինելու։ Եվ սա իմ կողմից ինչ-որ ենթադրություններ չեն:

Այսպիսին է 2020 թվականի բաքվաթրքական ագրեսիայի փորձը։ Այո, բաքվաթրքական ագրեսիայի, այլ ոչ թե Հայրենական պատերազմի, ինչպես այն անվանում են Ադրբեջանում: Մեր ժողովուրդները կարող են ունենալ միայն մեկ Հայրենական պատերազմ՝ դա Հայրենական մեծ պատերազմն է նացիզմի դեմ, որի արդյունքում մեր պապերն ու նախապապերը հաղթեցին նացիստական Գերմանիային և 1945 թվականի մայիսին գրավեցին Բեռլինը։

Իսկ ի՞նչ արեց Ալիևը՝ ստանալով Կրեմլի լուռ աջակցությունը և Թուրքիայի, Պակիստանի, ինչպես նաև Սիրիայի և Աֆղանստանի ահաբեկիչների բացահայտ աջակցությունը, մինիսուլթանությունը հարձակվեց Արցախի վրա, որի նախապատերազմյան քաղաքացիական բնակչությունը հազիվ էր գերազանցել 140,000-ը: Եվ այդ Արցախը, ըստ Ալիևի, «հսկայական վնաս» է հասցրել Ադրբեջանին։ Եթե սա համարվում է Հայրենական պատերազմ, ապա ինձ չի զարմացնում, թե ինչու է Բաքվի ռեժիմի հերոս հանդիսանում վախկոտ մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ով 2004 թվականին կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Հայ-ռուսական հարաբերությունների մասին պատմելիս ես հատուկ նահանջներ եմ արել, որոնք վերաբերում էին Մոսկվայի և Բաքվի համատեղ գործողություններին՝ հիմնված 1921 թվականի հակահայկական կոնսենսուսի վրա։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Մեկ Աստծուն փառաբանելու փոխարեն Մոսկվան ու Բաքուն կրկին փորձում են վերադասել իրենց Հայաստանի նկատմամբ։ Հայաստանի հետ հորիզոնական հարաբերություններ հաստատելու փոխարեն Մոսկվան ու Բաքուն շտապում են ստորադասել Հայաստանին՝ նրա հետ ուղղահայաց հարաբերություններ կառուցել «մետրոպոլիա-գաղութ» սկզբունքով։ Եվ որքան ագրեսիվ լինեն Պուտինն ու Ալիևը Հայաստանի նկատմամբ, այնքան մեծ փորձություններ կբերեն իրենց ժողովուրդների վրա, քանի որ գաղութատիրությունը, որը կոչված է վերադասել մարդուն մարդու նկատմամբ, հեթանոսական արժեհամակարգ է, որը հակառակ է Աստծուն:

Ի՞նչն էր, ի վերջո, միավորում Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի իշխող շրջանակներին։ Նրանց միավորում էր իշխանության գաղութային ուղղահայացն ամեն գնով պահպանելու մոլագար ձգտումը, ինչի մասին Էնվեր փաշան խոստովանեց Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հետ երկխոսության մեջ. «Մենք պետք է գործենք արագ և վճռական։ Ես նաև կարծում եմ, որ հայերը լուրջ սխալ են թույլ տալիս՝ ապավինելով ռուսներին։ Ռուսները կնախընտրեն նրանց մահացած տեսնել, այլ ոչ թե կենդանի։ Հայերը ռուսների համար նույնքան վտանգ են ներկայացնում, որքան մեզ համար։ Եթե հայերը Թուրքիայում ձևավորեն անկախ կառավարություն, Ռուսաստանում կփորձեն նույնը անել... Սեփական հեղափոխական փորձը ստիպում է մեզ զգուշանալ հայերից: Եթե երկու հարյուր թուրք կարողացել է իշխանազրկել կառավարությանը, ապա մի քանի հարյուր փայլուն, կրթված հայեր առավել ևս կկարողանան դա անել։ Դրա համար էլ մենք ծրագիր ենք մշակել նրանց ցրելու այնպես, որ չկարողանան հավաքվել և մեզ չարիք պատճառել։ Ինչպես արդեն ասել եմ Ձեզ, ես զգուշացրել եմ հայոց պատրիարքին, որ եթե հայերը հակամարտություն հրահրեն, քանի դեռ մենք զբաղված ենք պատերազմով, թուրքերը պատասխան հարված կհասցնեն, և այն անողոք կլինի»:

Գաղութատիրությունը թույն է, որը թունավորում է ժողովուրդների միջև հարաբերությունները, քանի որ մեկ մարդկային տեսակի՝ մյուսի նկատմամբ գերակայության մասին կեղծ հռետորաբանությունը, ի վերջո, փչացնում է հենց ժողովուրդներին: Մի կողմից հայերն ու ռուսները հորիզոնական կապեր են պահպանում միմյանց հետ։ Ընկերություն են անում և ստեղծում հայ-ռուսական կամ ռուս-հայկական ընտանիքներ։ Իսկ մյուս կողմից՝ Կրեմլի մատուցմամբ Հայաստանում գործում է ցարական-խորհրդային գաղութային մոդելը։ Ընդ որում՝ նրա ծաղրանկարային կերպարանքով։

Ժամանակն է, որ հայերն ընդունեն հետևյալ փաստը՝ Կրեմլը կառավարում է Ռուսաստանը, բայց Կրեմլը ամբողջ Ռուսաստանը չէ։ Չի կարելի մեր ժողովուրդների միջև հումանիտար կապերը խառնել ՌԴ իշխանությունների քաղաքական կուրսի հետ, որը հաճախ հակասում է ռուս ժողովրդի կենսական շահերին։ Չէ՞ որ Երևանի կուսակալները [Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը], որոնք նշանակվում են Կրեմլի և նրա թիկնազորի մատուցմամբ, նույնպես վարում են մի կուրս, որը հակասում է հայ ժողովրդի կենսական շահերին։ Արդյո՞ք արդարացի կլինի, եթե ռուս ժողովուրդը և մյուս ժողովուրդները հայ ժողովրդին նույնականացնեն բացառապես Երևանի կուսակալների հետ։ Կլինի, բայց միայն մասամբ:

«Հռովմայեցիս»-ում [13: 1] Պողոս Առաքյալն ասում է, որ ամեն իշխանություն Աստծուց է, «վասն զի չկայ իշխանութիւն մը որ Աստուծմէ չըլլայ եւ անոնք որ կան՝ Աստուծմէ կարգուած են»։ Կառավարիչները տրվում են ժողովուրդներին որպես պատիժ մեղքերի համար կամ որպես երախտագիտության նշան հոգևոր օրենքների պահպանման`Արարչին հավատարմության համար։ Այսինքն՝ յուրաքանչյուր իշխանություն «հայելի» է, որում ժողովուրդը տեսնում է ինքն իրեն։ Եթե ժողովուրդը վախենում է նայել «հայելու» մեջ, ուրեմն նրա բարոյահոգեբանական անկումը խորն է։ Եթե ժողովուրդը պատրաստ է փոխել իր արտացոլումը հայելու մեջ, նշանակում է, որ արատների վրա նրա ներքին աշխատանքը արդյունավետ է եղել և ծիլ է տալիս:

Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդները ցավում էին միմյանց դժվարությունների համար, քանի որ հարաբերություններն ընկալում էին հորիզոնական կապերի պրիզմայով։ Այնուամենայնիվ, ռուսական պետությունը և՛ ցարական, և՛ սովետական ժամանակահատվածներում, ինչպես նաև ներկա փուլում արտաքին աշխարհի հետ հարաբերություններն ընկալել և ընկալում է ուղղահայաց կապերի պրիզմայով: Ուստի այն Հայաստանը նվաճված տարածք էր համարում։ Ինչո՞ւ։

Պատճառը իշխան Վլադիմիրի և կայսրուհի Աննայի միջև կնքված Պայմանագրի, որը հիմք դրեց Ռուսաստանի քրիստոնեացմանը, խախտումն է: Իշխան Վլադիմիր Ռյուրիկովիչը պայմանագիր կնքեց հայերի հետ, իսկ մյուս երկու Վլադիմիրներն այն ոտնատակ տվեցին: Երկու Վլադիմիր ասելով՝ ես նկատի ունեմ Լենինին և Պուտինին՝ միմյանց հետ բացարձակապես անհամեմատելի գործիչներ, որոնց միավորում է միայն թուրք զավթիչների հետ դաշինքը։ Առաջին Վլադիմիրը գաղափարական հիմք դրեց ապագա կայսրության համար։ Երկրորդ Վլադիմիրը մոխիրից վերստեղծեց կայսրությունը՝ հիմնված անաստված կոմունիզմի վրա, որը դավաճանության ծանրության տակ ավերվեց 70 տարի անց՝ ժամանակահատված, որը հավասար էր մարդկային կյանքին։ Իսկ երրորդ Վլադիմիրը, ով Պայմանագրից հեռանալով վերջնականապես տապալում է կայսրությունը, պատմության մեջ կմնա որպես կայսրության հեթանոսական ծաղրանկարի հեղինակ։

Ինչո՞վ է հեթանոսը տարբերվում միաստվածից: Հեթանոսը փորձում է վերադասվել մեկ այլ անձի կամ ժողովրդի նկատմամբ, մինչդեռ միաստվածը Աստծուն է վերադասում իրենից։ Որտեղի՞ց սկսել: Մաքրագործման և վերածննդի ճանապարհը ապաշխարության և մարդուն Աստծուց հեռացնող հպարտությունից ազատվելու մեջ է: Պատմության ամեն մի հատվածում Բարձրյալը ձեռք է մեկնում մեզ, որովհետև Նա հավատարիմ է իր Ուխտին։ Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Ժամանակն է, որ մենք ինքներս վերադառնանք Ուխտի գիրկը։

Գլուխ 14. Եդեմն առանց հայերի. ի՞նչ են ուզում թուրքերը

Հայերն ու թուրքերը հարաբերությունների խճճված ու արյունալի պատմության ժառանգներն են։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ թուրքերը, լինելով Հարավային Կովկասում և Արևմտյան Ասիայում եկվորներ Կենտրոնական Ասիայից [ծագումով Ալթայից և ժամանակակից Մոնղոլիայի արևմուտքից], հազարամյա տարածքային հակամարտության մեջ են գտնվում հայ ժողովրդի հետ։

Թուրքիայի էքսպանսիան Կովկասում՝ Եդեմի սահմանները վերականգնելու փորձ է։ Բայց Եդեմի սահմանները վերականգնել առանց Հայկական լեռնաշխարհի բնիկների անհնար է։ Այստեղից էլ սերում են մշտական հոսքերը Թուրքիայի գործողություններում. այն մե՛րթ գալիս է Կովկաս, մե՛րթ հեռանում։

Հայերի համեմատ թուրքերը երիտասարդ ժողովուրդ են։ Արևելագետ Վասիլի Բարտոլդը հիմքեր չի տեսնում նրանում, որ «թուրքեր» բառը գոյություն է ունեցել VI դարից առաջ։ Նրանց արշավանքներից տուժած չինացիները թյուրքերին համարում էին հոների հետնորդներ։ Իսկ արդեն XII և XIII դարերում իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն «Մեծ Թուրքիա» էր անվանում թուրք-օղուզներով և ույղուրներով բնակեցված չինական Թուրքեստանը։ Արևմտյան թուրքերի ցեղերը, որոնք կոչվում են սելջուկներ [արաբերենից թարգմանաբար նշանակում է «փոքր ջրհեղեղ»] կամ օղուզներ, առաջին անգամ պարսկական և հայկական սահմաններին են հասել միայն Х դարի վերջին։

«Թուրք» էթնանվան իմաստը ենթադրություններ է առաջացրել, որոնցից Բարտոլդի մեկնաբանությունն առավել հստակ է. թուրքը տարբեր լեզուներից թարգմանաբար նշանակում է «ստեղծված» կամ «կազմակերպված»։ Բարթոլդը կապ է տեսնում նաև «թուրք» և «տուրու» բառերի միջև, որոնք թարգմանվում են որպես «օրենք», «սովորույթ», կամ էլ «օրենքով միավորված ժողովրդական զանգված»։ Պատահական չէ, որ ես անդրադառնում եմ բառի ստուգաբանությանը, քանի որ յուրաքանչյուր ժողովրդի ինքնանվանումն ազդում է նրա ճակատագրի վրա: Եվ թուրքերը բացառություն չեն. նրանց հիմնական հատկությունը եղել և մնում է ավելի զարգացած քաղաքակրթության մեջ ինտեգրվելու և դրան հարմարվելու ունակությունը։ 

Այս բնորոշ գծին իր «Թուրքիայի համառոտ պատմության» մեջ ուշադրություն է դարձրել գերմանացի պատմաբան Նորման Սթոունը. «Թյուրքական զինվորների գլխավոր հնարքն արդեն գոյություն ունեցող քաղաքակրթության մեջ որպես ռազմական էլիտա ինտեգրվելն էր և, ի վերջո, հին պետությունից իշխանությունը գրավելը։ Նրանք հիանալի կերպով կարողանում էին հարմարվել և սովորել այն մարդկանցից, ում մոտ ընդունվել էին ծառայության։ Որոշ դեպքերում (չնայած ոչ միշտ) նրանք ընդունում էին իրենց կրոնը: Մոնղոլներին ծառայելու ժամանակ դա բուդդիզմն էր կամ քրիստոնեության ինչ-որ ձև։ Հնդկաստանում կամ Պարսկաստանում դա իսլամն էր, որն այդ ժամանակներում (մոտ 1100թ.) առավել զարգացած քաղաքակրթության նշան էր․ դա հատկապես մատնանշում է Սամարղանդի ճարտարապետությունը»։

Նոր արոտավայրեր փնտրելով՝ սելջուկները թափանցել են Արևմտյան և Արևելյան Հայաստանի ֆեոդալական իշխանություններ, որոնք թուլացել էին Բյուզանդիայի, Իրանի և Արաբական խալիֆայության հետ բազմադարյա հյուծիչ դիմակայության արդյունքում։ Սակայն սուլթան Ալփ-Արսլանի (1064-1072թթ.) հորդայի հիմնական նպատակը ոչ թե Հայաստանն էր, այլ Սիրիան, որը խալիֆայության տարիներին անասելի հարստություններ էր կուտակել: Հետևաբար, սելջուկյան կայսրության մայրաքաղաքները գտնվում էին անմիջական հարևանությամբ՝ Կոնիայում և Կապադովկիայի Կեսարիայում։ Միևնույն ժամանակ, թուրքերն իրենց վրա զգացել են հայ-վրացական մարտական եղբայրության ճնշումը, որը 1199-1200 թթ. Զաքարե իշխանի առաջնորդությամբ ազատագրել է Անին, Արարատյան և Շիրակի հարթավայրերը, ինչպես նաև Ամբերդն ու Բջնին։

Սելջուկյան արշավանքը, իսկ դրանից առաջ Բյուզանդիայի զավթողական քաղաքականությունը, որը փորձում էր վերաբնակեցման քաղաքականության միջոցով թուլացնել հայկական ներկայությունն Արևմտյան Հայաստանում, կենսական մարտահրավերներ էին մեր ժողովրդի համար։ 1080 թվականին Ռուբեն Ա-ն հիմնադրում է Կիլիկիայի հայկական թագավորությունը, որի մայրաքաղաքներից մեկը գտնվում էր Տարսոնում՝ Սուրբ Պողոս առաքյալի ծննդավայրում։

Նոր հայկական թագավորությունը գոյատևեց երեքուկես դար՝ մինչև 1424 թվականը։ Այսինքն՝ երկու անգամ ավելի երկար, քան մոնղոլական կայսրությունը (1206-1368): Լինելով խաչակիրների դաշնակիցը՝ Կիլիկյան Հայաստանը կարողացավ նույնիսկ դաշինքի մեջ լինել Մոնղոլական կայսրության հետ (մինչև XIV դարի սկիզբը), որի հետ 1299 թվականին հայերը Հոմսում ջախջախեցին եգիպտական մամլուքների բանակը։

XIII դարի սկզբին սելջուկ թուրքերն այնքան էին շտապում դեպի հարավ, որ բաց թողեցին մի նշանակալի իրադարձություն․ 1204 թվականի Ավագ ուրբաթ օրը վենետիկցիների և նորմանդացիների առաջնորդությամբ «լատինացիների» Չորրորդ խաչակրաց արշավանքն ավարտվեց Կոստանդնուպոլսի անկմամբ և կողոպուտով: Հարյուր տարի անց՝ 1300 թվականին, Անատոլիայի հյուսիս-արևմուտքում հայտնվում է Սյոգութ անունով մի քաղաք, որը հիմնադրվել է Օսման I-ի կողմից (մոտ 1258-1324), ում պատվին հետագայում կկոչեն Օսմանյան կայսրությունը։ Այդ ժամանակից ի վեր Օսմանի և նրա հոր՝ Էրթուղրուլի ծագման մասին հայտնի է միայն այն, որ նրանք քոչվոր կյանք են վարել և քամու պես Անատոլիական թերակղզի են եկել արևելքից։ 1453 թվականի մայիսի 29-ին, մեկուկես դար անց, նրանց հետնորդ Մեհմեդ II-ը հույներից նվաճեց Կոստանդնուպոլիսը։ Ընդ որում, մինչև վերջ հասկանալի չէ, թե որն էր քաղաքի հանձնման պատճառը՝ օսմանցիների ռազմական խիզախությո՞ւնը, թե՞ բյուզանդական ազնվականության դավաճանությունը։ Ամենայն հավանականությամբ, երկուսն էլ։

Կոստանդնուպոլսի անկումից շատ առաջ ապագա Օսմանյան կայսրությունը կազմավորվում էր պատմական Մեծ Հայքից հեռու, որի արևմտյան սահմանը սկսվում էր Եփրատից, իսկ արևելյան սահմանը ավարտվում էր Կուրով: Պարադոքսն այն է, որ արևմտյան ուղղությամբ Օսմանյան սուլթանը, ով իրեն հռչակեց «Հռոմի Կեսար» [կայսեր-ի Ռում], կարողացավ առաջ շարժվել դեպի Հյուսիսային Աֆրիկայի խորքերը՝ իր կազմում ներառելով նույնիսկ Ալժիրը: Իսկ արևելքում նա այդպես էլ չկարողացավ տիրել Արևելյան Հայաստանին, որպեսզի իրագործի Բյուզանդիայի կայսրերի երազանքը՝ վերահսկել Եդեմի պարտեզի արևելյան սահմանագիծը, որը հարում է Կուրը։ Բյուզանդիայի նման՝ Թուրքիան դարեր շարունակ մե՛րթ գալիս է Հայաստանի կովկասյան տիրույթները, մե՛րթ լքում դրանք։ Բայց նա երբեք երկար չի մնացել Արևելյան Հայաստանում։ Ոչ թուրք սուլթանը, ոչ էլ թուրք նախագահը երբեք չեն նվաճել Արևելյան Հայաստանը։ Հետաքրքիր փաստ է, չէ՞:

Թուրք զավթիչները, ինչպես և նրանցից առաջ բյուզանդացիները, ավանդաբար տիրապետում էին արևմտահայ հողերին, բայց միշտ նայում էին արևելահայ մայրաքաղաքի՝ Երևանի կողմ։ Եվ միայն յոթ օր տևած և երեք խոշոր մարտերից բաղկացած Սարդարապատի ճակատամարտում հայ գեներալներ Դրոյից, Սիլիկյանից և Նազարբեկյանից կրած ջախջախիչ պարտությունից հետո, 1918 թվականի մայիսի 21-ից 28-ը թուրքերը փոխեցին մարտավարությունը՝ առաջին անգամ Հայաստան մտնելով ոչ թե արևմուտքից արևելք, այլ արևելքից արևմուտք. նրանք փորձեցին առաջ շարժվել Ուտիքում, Արցախում և Սյունիքում Կասպից ծովի ափերից՝ 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի մոտ իրենց պարտության օրը, ձևավորելով «Ադրբեջանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետություն» խամաճիկային պետությունը, որի առաջին մայրաքաղաքը գտնվում էր հայկական Գանձակում։ 

Ինչո՞ւ թուրքերի ընտրությունը ընկավ հենց Գանձակի վրա։ Այս քաղաքն իր մեջ պահում է ողջ Արևելյան Հայաստանի բանալիները, քանի որ նրա ռազմական և տրանսպորտային տարանցիկ կենտրոնն է, որը կապում է Կասպից ծովը Սև ծովի և Պարսից ծոցի հետ։ Ով տիրապետում է Գանձակին, նա միշտ կարող է հավակնել Երևանին։

Ուղիղ ինն ամիս հայերը պաշտպանում էին Բաքուն [որը համարում էին իրենց քաղաքը] թվով գերազանցող թուրքական զորքերից. քաղաքն ընկավ միայն 1918 թվականի հուլիսի վերջին։

Թուրքերի ստեղծած գոյացության նպատակը Արևելյան Հայաստանը չանչերի մեջ վերցնելն ու երկու կողմից կուլ տալն էր։ Եվ նման խնդիրն արդիական կլինի մինչ այն օրը, երբ Կովկասում կկործանվի թուրքական գաղութային պրոտեկտորատը, որը կոչվում է Ադրբեջան։

Հատկանշական է, որ նույն օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին, գեներալ Վեհիբ փաշայի ջախջախումից հետո, Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Ավելի քան ութ տարի անց Անկարայում Աթաթուրքի դեմ մահափորձի գործով որպես մեղադրյալ հանդես գալով՝ Նաիմ Ջևադ բեյը պատմել է թուրք-բոլշևիկյան դավադրության մանրամասները, որը հանգեցրել է վերածնված հայկական պետականության օկուպացմանը․ «Քյազըմ Կարաբեքիր փաշայից հեռագիր ստացա, որում հետևյալ հրամանն էր․ «Նաիմ Ջևադը կարող է անել այն, ինչ իրեն դուր է գալիս, որպեսզի բոլշևիկյան բանակը տանի Նախիջևան (հայկական գավառ)…»։ Ես հոգ տարա այն մասին, որ 1920 թվականի օգոստոսին թուրքական և բոլշևիկյան բանակները միավորվեն։ Այնուհետև, իմ ստացած հրահանգների համաձայն, ես համագործակցեցի Խալիլ փաշայի հետ՝ ձգտելով հասնել նրան, որ երկու բանակները միավորվեն, և որ Հայաստանը չկարողանա դիմադրություն ցույց տալ»։

Այսինքն՝ Խորհրդային իշխանությունը, Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, ինչպես պնդում Է ամերիկացի պատմաբան Լուիս Ֆիշերը, ամեն կերպ խրախուսում էր Աթաթուրքին, որը «Մոսկվայի հետ իր գաղտնի համաձայնագրին համապատասխան, զինված էր հիմնականում Մոսկվայի կողմից ներկայացված զենքով և զինամթերքով, 1920 թվականի սեպտեմբերի 22-ին [շեղատառն իմն է՝ Հեղ․] հարձակվեց Հայաստանի վրա մի կողմից, հենց այն նույն ժամանակ, երբ բոլշևիկյան զորքերը, որոնք մյուս կողմից էին սպառնում, ներխուժեցին հայկական Ղազախի շրջան»։ Հոկտեմբերի 2-ին ընկավ Կարսի հայկական բերդը, իսկ արդեն հոկտեմբերի 14-ին Մոսկվան, որը հետագայում կկոչվի Հայաստանի «փրկիչ», վերջնագիր ներկայացրեց հայերին, որը պարունակում էր երեք դրույթ. 

  • քեմալականների հետ միացման շարժվող ռուսական զորքերի ազատ անցումը, 

  • Հայաստանի կողմից Անտանտի դաշնակիցների հետ հարաբերությունների խզումը,

  • Սևրի պայմանագրի չեղյալ հայտարարումը:

Մնացածն ավելի շատ է հանդիպում դասագրքերում. 1921 թվականի խորհրդա-թուրքական դաշնագրով 2100 քառակուսի մղոն տարածքով հայկական Նախիջևանը, ինչպես և Արցախը, անցան Բաքվի «պրոտեկտորատի» տակ, իսկ Կարսն ու Արդահանը անցան անմիջապես թուրքերին։

Հետաքրքիր զուգադիպություն է ստացվում։ Լենինի և Աթաթուրքի դավադրությունից հարյուր տարի անց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, նույն օրինաչափություններով կազմակերպվեց բաքվաթրքական ագրեսիան Արցախի և մնացած Հայաստանի դեմ։

Թուրքերի ինչի՞ն է պետք ամբողջ Հայաստանը։ Հարցի պատասխանը քաղաքականությունից և տնտեսությունից դուրս է: Արցախի և Սյունիքի օկուպացիայի միջոցով թուրք գաղութարարները ինտուիտիվ կերպով փորձում են տիրանալ Եդեմին՝ Աստծո առաջ իրենց «առաջնությունն» ապահովելու համար։ Այդպես է նրանց թվում։ Թեև իրականում նրանց իմպերիալիստական նկրտումները ապստամբություն են Աստծո դեմ, ով Եդեմի պարտեզը ի պահ է տվել հայ ժողովրդին։ Եվ արել է այդպես ոչ հանուն նրա, որ հայերը գերակայեն մյուս ժողովուրդների նկատմամբ։ Իսկ հանուն նրա, որ հայերն Աստծո Լույսը տարածեն և Աստծուն փառավորեն Երկրի ժողովուրդների վրա։ Սա է Հայկական երազանքի էությունը. Տերը հայերին ի պահ է տվել դրախտային այգին, որպեսզի մեր ժողովուրդը, սնվելով տվյալ հողի էներգիայով, բարձրավոլտ հաղորդագծերի նման այն տարածի այլ ազգերի մեջ: Իսկ փաստացի ի՞նչ ստացվեց։

Հենց հայերը հեռացան իրենց նախախնամությունից, հայոց տանն անմիջապես հայտնվեցին օտար զավթիչները։ Պատահական չէ, որ միջնադարյան հրեական տեքստերում Թուրքիան կոչվում է «Թորգոմյան Երկիր». ուղղափառ հրեաները հիշում են Հայկ Նահապետի ունեցվածքի մասին:

Միևնույն ժամանակ, հայերի և թուրք զավթիչների հակամարտությունը չպետք է ստվեր գցի թյուրքական աշխարհի հետ հայ ժողովրդի հարաբերությունների վրա։ Քչերն են այսօր հիշում, որ Ոսկե Հորդայի մայրաքաղաք Սարայում հայեր էին ապրում, իսկ Մամայ խանի մոնղոլ-թաթարական զորքի կազմում գործում էին մի քանի հայկական ջոկատներ: Սակայն այս փաստերը չեն վերացնում այն փաստը, որ հայ ժողովուրդը, որպես իր ճակատագրի տեր, մոնղոլների և օսմանյան թուրքերի կողմից ընկալվում էր որպես նվաճված ժողովուրդ։ Հետևաբար, սուլթանների «առատաձեռնությանը» հաջորդում էր ստրկացումը։

Այսպես, 1461 թվականին Մեհմեդ II-ի հրամանագրի համաձայն հիմնադրվում է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի Սուրբ Աթոռը և [ermeni milleti] հայկական համայնքը, որի վերնախավը մեծատունների ժողովի անդամ էր։ Հայոց առաջին պատրիարքը Բուրսայից բերված Հովակիմ եպիսկոպոսն էր (1398-1478 թթ.): Նրա իշխանությունը տարածվում էր ոչ միայն հայերի, այլև վրացիների, աղվանցիների, ասորիների, ղպտիների և ուղղափառ եթովպացիների վրա։ Հայոց Պատրիարքության ստեղծումը գաղութարարների կողմից օգտագործվել է Կոստանդնուպոլսի հունական [rum milleti] համայնքին հակակշռելու համար, որը գլխավորում էր Տիեզերական պատրիարքը։ Նրա իշխանությունը տարածվում էր Օսմանյան կայսրության գրեթե բոլոր ուղղափառ հպատակների վրա, այդ թվում՝ բուլղարացիների, սերբերի, մոլդովացիների և վալախների։

Արևմտյան Հայաստանը և Արևելյան Հայաստանը ունեցել են մեկ հոգևոր հովիվ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Էջմիածնում, ուր Հայրապետական Աթոռը տեղափոխվել է 1441 թվականին Կիլիկիայից: Այստեղից իրանցիները, որոնց տիրապետության տակ Էջմիածինը եղել է մինչև 1828 թվականը, կաթողիկոսի միջոցով ազդել են «արևելյան» հայության վրա, իսկ թուրքերը, գործելով Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի միջոցով, հաստատել են իրենց գերիշխանությունը «արևմտահայության» նկատմամբ։

Արդեն 1463 թվականին Օսմանյան կայսրության իշխանությունները հայերի համար ստորացուցիչ պարտականություն են սահմանել՝ «աղջիկների և տղաների հավաքագրում» կամ «արյան հարկ» [այսպես կոչված «դևշիրմե»]։ Օրինակ՝ յուրաքանչյուր տասը տղաներից թուրքերը վերցնում էին մեկին, ով դաստիարակվում էր մահմեդական ավանդույթով՝ կտրված իր արմատներից և հայրական տնից։ Այսպիսով, թուրքերը հայկական երազանքը կրողներին վերածում էին աղյուսների, որոնցից կառուցում էին իրենց գաղութային իշխանության աշտարակը։ Սուլթան Մուրադ IV-ը չեղյալ հայտարարեց այս պարտականությունը 1637 թվականին, բայց կան բազմաթիվ ապացույցներ, որ  «տղաների հավաքագրումը» տևեց մինչև 1750 թվականը:

Ավելին, օսմանյան թուրքերը հարյուրամյակներով հայերին վերաբնակեցրել են Կոստանդնուպոլսում, որպեսզի նպաստեն կայսերական մայրաքաղաքի բարգավաճմանը։ Հայ վաճառականները, արհեստավորներն ու ճարտարապետները Հայկական երազանքին ծառայելու փոխարեն ստիպված ծառայել են թուրքական իմպերիալիզմին. 1475-1479 թվականներին Ղրիմից փախստականներ տեղափոխվեցին Կոստանդնուպոլիս։ Իսկ 1554-1577 թթ. թուրք-պարսկական պատերազմի արդյունքում Սուլթան Մուրադ III-ը Նախիջևանից և Թավրիզից հազարավոր հայերի քշեց մայրաքաղաք։ Ընդհանուր առմամբ XVI-XVII դարերում Կոստանդնուպոլիս է տեղափոխվել ավելի քան 50 հազար հայ։

Հայերը սիրում էին Կոստանդնուպոլիսը։ Ընդ որում՝ այնքան էին սիրում, որ քաղաքում իշխում էին հայկական ծագում ունեցող կայսրերը՝ հույներից որդեգրելով իշխանության էստաֆետը և հույն ուղղափառությունը։ Թուրքերի արշավանքից հազար տարի առաջ քաղաք է այցելել Սուրբ Մեսրոպ Մաշտոցը։ Իսկ XIX դարի վերջին Կ.Պոլսում ծնվել է լեզվաբան Հակոբ Մարթայանը, ում ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալը 1934 թվականին «Ազգանունների մասին օրենքի» ընդունումից հետո առաջարկել է Դիլաչար ազգանունը, այսինքն՝ «լեզվի հայրը»։ Եվ դրանում քծնանք չկար, քանի որ Մարթայանը ներկայիս թուրքական այբուբենի և քերականության հիմնադիրն է, ում թուրքերենը և դրանից բխող ադրբեջաներենը պարտական են իրենց լատինատառ թարգմանությամբ։ Համարվում է, որ հենց Մարթայանն է, լինելով Թուրքերեն լեզվի ինստիտուտի առաջին գլխավոր քարտուղարը, Քեմալին առաջարկել Աթաթուրք ազգանունը [«թուրքերի հայր»]։ Թեև այս վարկածը վիճարկվում է թուրքական պատմագրության մի մասով, Պոլսի հայերն այն հանգիստ են ընդունում։

Հայ ժողովուրդն իր նորամուծություններով ու գյուտերով Աստծո օրհնությունն է բերել և՛ թուրքերի, և՛ ողջ մարդկության համար։ Դրա վառ օրինակն է գյուտարար Լյութեր Սիմջյանը (Luther George Simjian), ով ծնվել է Օսմանյան կայսրությունում 1905 թվականին։ Ցեղասպանությունից հետո որբ մնալով՝ նա փոքր տարիքում հայտնվում է Ամերիկայում, որտեղ դառնում է բազմաթիվ գյուտերի հեղինակ, որոնցից 200-ը արտոնագրվել են։ Դրանց թվում են բանկոմատը, հեռուստահուշիչը, ավտոֆոկուսով տեսախցիկը և գունավոր ռենտգեն ապարատը, գոլֆի մարզասարքը և ստացիոնար հեծանիվը: 

Պետք է արժանին մատուցել թուրքերին.նրանք հարգում են XIV–XV դարերում ապրած Օսմանյան կայսրության ականավոր ճարտարապետ Միմար Սինանի (Հովսեփ Աղըրնեցու) հիշատակը, ում դիմանկարը պատկերված է 10 հազար լիրա թղթադրամի վրա։

XXI դարում ապրող հայերը հաճախ իրենց հասցեին մեղադրանքներ են լսում թուրքական ֆաշիզմի ջատագովների կողմից, որոնք հայերին դասում են միայն հեղափոխականների շարքին, ովքեր իբր ձգտում են իրենց գործողություններով ոչնչացնել Օսմանյան կայսրությունը: Ըստ երևույթին, մարդասպանները փորձում են այդպես արդարանալ պատմության և սեփական խղճի առջև։ Բայց պատմությունը առասպելների ամբողջություն չէ, այլ ճշգրիտ գիտություն, որը խոսում է այն մասին, որ հայերը երբեք ցանկություն չեն ունեցել բարեփոխել կայսրությունը։

Խոսքը 1876 թվականի Օսմանյան սահմանադրության մասին է, որի կազմողը հայազգի Գրիգոր Օտյանն էր, ով մեծ վեզիր Միդհաթ փաշայի մոտ խորհրդական էր ծառայում։ Սահմանադրության նախագիծն ինքնին հիմնված էր ժողովրդավարական սկզբունքների վրա, որոնք երաշխավորում էին ժողովուրդների լայն ինքնակառավարումը, ինչը դրված էր դեռևս սուլթանի կողմից 1863 թվականին հաստատված Հայոց Ազգային Սահմանադրության հոդվածներում։ Օտյանը նաև Հայոց Սահմանադրությունը կազմողների թվում էր՝ Նահապետ Ռուսինյանի, Սերովբե Վիչենյանի, Նիկողոս Բալյանի և Գրիգոր Մարկոսյանի հետ միասին։

Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, որը մոր կողմից հայկական արմատներ ուներ, հայտնվեց ընտրության առաջ. անարյուն բարեփոխել կայսրությունը նրա դաշնայնացման միջոցով, թե արյան մեջ խեղդել Հայկական հարցը՝ բռնությամբ պահպանելով իշխանության գաղութային ուղղահայացը։ Նա ընտրեց երկրորդը, քանի որ հարյուրամյակի վերջում Օսմանյան կայսրության վերին ուժերը գնացին ֆաշիզմի ճանապարհով՝ իրենց գերիշխող դիրքը նվաճված ժողովուրդների վրա պահելու համար։ Նման գործի համար օպերատիվորեն հորինվեց մեկ մարդկային տեսակի ատելության և ռասայական գերակայության գաղափարախոսությունը մյուսի նկատմամբ, որը կոչվում էր պանթյուրքիզմ։

Երբ XXI դարում խոսում են ֆաշիզմի մասին, հաճախ հիշում են հիտլերյան Գերմանիան՝ իր գազային խցիկներով։ Կարծես թե չկար պանթյուրքիստների կողմից իրականացված Հայոց ցեղասպանություն, հույների, ասորիների, արաբների և եզդիների ցեղասպանություններ։ Մենք մոռացել ենք, որ այդ ժողովուրդների բազմաթիվ տառապանքների միջով անցնելու մեղքն ընկած է բացառիկության հանցավոր գաղափարի վրա։ Զանգվածային սպանությունների կազմակերպիչներից Ջեմալ փաշան հպարտությամբ ասում էր, որ «հայերը ոչնչացված են երկաթով, իսկ սիրիացիները պետք է ոչնչացվեն սովով»: 

Ի՞նչ է իրենից ներկայացնում պանթյուրքիզմը։ Այն թուրքական ֆաշիզմի տեսակ է, որի նպատակն է պահպանել իշխող վերնախավի դասակարգային գերիշխանությունը սեփական ժողովրդի և նվաճված ժողովուրդների նկատմամբ՝ ահաբեկչության և ֆիզիկական բնաջնջման միջոցով։

Ո՞րն է Բաքվի և Անկարայի պանթյուրքիստների կողմից հայերի նկատմամբ բազմամյա ագրեսիայի պատճառը։ Այն կազմված է աշխարհընկալումից։ Չէ որ պանթյուրքիստների գիտակցությունը որոշվում է ոչ թե մահմեդական կանոններով, այլ հեթանոսական աշխարհընկալմամբ, երբ բոլոր մարդիկ բաժանվում են տեսակային սկզբունքով՝ յուրայինների և օտարների։ Ընդ որում, «օտարներին», իրենց տրամաբանությամբ, կարելի է անպատիժ թալանել ու սպանել։ Այդպես էլ վարվել են հայերի, հույների, արաբների, եզդիների, ասորիների և ալավիների հետ։

Մինչդեռ հայկական բուրժուազիան խնդիրը ամբողջությամբ չէր տեսնում՝ միամտաբար կարծելով, որ այն գտնվում է անձնակազմերի մեջ և միայն պետք է ազատվել Աբդուլ Համիդ II-ից, որ զանգվածային սպանությունները դադարեն։ Այդ պատճառով հայերը սատարեցին 1908-1909 թվականների երիտթուրքական հեղաշրջմանը, որի առաջնորդները ժամանակի ընթացքում ցեղասպանությունը դրեցին արդեն «արդյունաբերական ռելսերի» վրա։

XIX և XX դարերի սահմանագծին պանթյուրքիստները հայ բնակչության սպանությունների մեջ շահույթի և անձնական հարստացման միջոց էին տեսնում, քանի որ հայերը վերահսկում էին թուրքական ներմուծման առևտրի 60%-ը, արտահանման առևտրի 40%-ը և ներքին առևտրի 80%-ը։ 

1915 թ-ի դրությամբ, այսինքն՝ Ցեղասպանության թեժ պահին, հայերին բաժին էր ընկնում արդյունաբերական ձեռնարկությունների կապիտալի 20%-ը․ սրանք տեքստիլ, սննդի, թղթի, փայտամշակման, կերամիկական և մետալուրգիական գործարաններն էին: Համեմատության համար նշենք, որ հույները վերահսկում էին արդյունաբերական ձեռնարկությունների կապիտալի 50%-ը, հրեաները՝ 5%-ը, թուրքերը՝ 15%-ը, իսկ մնացած 10%-ը բաժին էր ընկնում օտարերկրացիներին։ Բուն Արևմտյան Հայաստանում հայերին բաժին էր ընկնում ամբողջ առևտրի 86%-ը և արդյունաբերության 69%-ը։ Օրինակ՝ Վանի վիլայեթում հայերն իրենց ձեռքում էին կենտրոնացրել առևտրի 98%-ը։

Կայզերական Գերմանիայի գաղափարախոս Պաուլ Ռորբախը, ով դեռ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ պաշտպանում էր Օսմանյան կայսրության հետ Բեռլինի դաշինքը, ստիպված էր հայ ժողովրդի մասին ասել հետևյալ խոսքերը. 

«Հայերը շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան կարելի է ենթադրել նրանց քանակից։ Ոչ մի կասկած չկա, որ նրանք և՛ մտավոր, և՛ նյութական տեսանկյունից ամենագործուն տարրն են... Հայն օժտված է այնպիսի եռանդով ու տոկունությամբ, որոնք հակասում են այն ամենին, ինչ մենք սովոր ենք տեսնել որպես արևելյան դիմագիծ»։

Օսմանյան տնտեսության մեջ հայերի դերը բնութագրող թվերը կարևոր են հանցագործության դրդապատճառները հասկանալու համար։ Ցեղասպանության կազմակերպիչները հասկանում էին, որ հավասար մրցակցության պայմաններում երբեք չեն կարող հասնել հայերին։ Դրա համար էլ գործի դրվեցին զանգվածային սպանությունները։ Իսկ այնտեղ, որտեղ կապիտալի որս է գնում, հողի յուրացում էլ են անում։ Տիպիկ դասակարգային պայքար, որը նկարագրել է Մարքսը «Կապիտալում»։ 

Ի դեպ, իր տապալումից հետո հայ ժողովրդի դահիճ սուլթան Աբդուլ Համիդ II-րդն իր հուշերում խոստովանել է թուրքական բուրժուազիայի թուլությունը. «Չարիքի արմատն այն է, որ ոչ մի օսմանցի չի աշխատում իրական արժեքներ ստեղծելու համար: Նա սովորել է տեր զգալ իրեն և բոլոր հոգսերը դնել ուրիշների վրա: Նա ինքը միայն ապրում է և զվարճանում... Մեր երիտասարդները կարծում են, որ իրենք կարող են լինել կամ պաշտոնյա, կամ սպա»։

Պանթյուրքիզմի տեսաբան Նազըմ բեյը, ով Թալեաթի կառավարությունում կրթության նախարար էր, ավելի անկեղծ էր խոսում․ «Երիտթուրքերի քաղաքական ծրագրի իրականացման նախադրյալը Հայկական հարցի արմատական լուծումն է… Մի պահ պատկերացրեք արևելյան շրջաններում հայկական պետության ստեղծումը։ Նման պետությունը գերեզմանաքար է Թուրանի ծրագրի վրա»։

Նմանատիպ տրամաբանությամբ էին առաջնորդվում Բաքվի և Սումգայիթի հայկական ջարդերի կազմակերպիչները՝ յուրացնել հայերի ունեցվածքը Խորհրդային Ադրբեջանի արդյունաբերական քաղաքներում և զբաղեցնել նրանց տեղը տարածաշրջանային տնտեսության մեջ։ Խորհրդային Միության փլուզումը լիովին ցույց տվեց նրանց ֆաշիստական էությունը։

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Հասկանալու համար Հայաստանի և նրա շուրջ տեղի ունեցող արդի իրադարձությունները, օրինակ՝ «Մեղրու միջանցքի» վերաբերյալ թուրքերի ծրագրերը, պետք է անդրադառնալ Բաղդադի երկաթուղու պատմությանը, որը գերմանացիների և թուրքերի մտահղացմամբ պետք է անցներ արևմտահայ Սեբաստիա (Սվաս) և Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքներով՝ դեպի ներկայիս Իրաքի մայրաքաղաք ելքով։ XIX-XX դարերի սահմանագծին թուրքերը գերմանացիների մատուցմամբ սկսեցին հայերի զանգվածային բնաջնջում Արևմտյան Հայաստանում, որպեսզի իրենց ձեռքում կենտրոնացնեն ապագա կապիտալը, որը ենթադրվում էր վաստակել բեռների տարանցումից։ 

«Հայերը համարվում էին Օսմանյան կայսրության բանկիրներ, իսկ գերմանացիները հույս ունեին, որ իրենց ֆինանսական օգնությամբ թուրքերը կկարողանան դիմանալ պատերազմի առաջին երկու տարիներին...Հաղթանակից հետո Գերմանիան մտադիր էր իր դաշնակցին՝ Թուրքիային, իր ձեռքերի մեջ վերցնել՝ դրա համար որպես սեպ օգտագործելով Բեռլին-Բաղդադ երկաթգիծը։ Ի դեմս հայերի նրանք տեսնում էին իրենց պոտենցիալ մրցակիցներին առևտրի, արդյունաբերության և ֆինանսների ոլորտներում։ Ահա թե ինչու նրանք ակտիվորեն աջակցում էին հայերի ֆիզիկական բնաջնջմանը։ Թուրքերը չէին կարողանա նման մեթոդիկությամբ իրականացնել դա, ինչի համար նրանք չափազանց վատ կազմակերպիչներ են։ Այստեղ հստակ է արտահայտվել գերմանացիների մասնակցությունը»,- բացատրել է ամերիկացի լրագրող Էմիլ Լենդիելը։

Մեկ այլ ամերիկացի հեղինակ Ջասթին Մաքքարթիի գնահատմամբ, «բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ սուլթան Աբդուլ Համիդ II-ը, հայկական բանկերին վստահում էին իրենց անձնական կարողությունը»․ «Օսմանյան կառավարությունը, որը ֆինանսական հարցերում քիչ բանիմաց էր, կախված էր հայերից, ովքեր բանկիրներ ու միջնորդներ էին պետությանը վարկեր տրամադրող եվրոպական բանկիրների հետ գործերում»։

Ինչպես հայտնի է, Գերմանիայի և Օսմանյան կայսրության կառավարիչները պարտվեցին Առաջին համաշխարհային պատերազմում։ Նրանց այդպես էլ չհաջողվեց կառուցել Բաղդադի ճանապարհը, որը գերմանացիները կառուցում էին 1899 թվականից ի վեր, սակայն նրանք բնաջնջեցին Արևմտյան Հայաստանի բնիկների մեծ մասին, իսկ ողջ մնացածները վերածվեցին Սփյուռքի: Դա թույլ տվեց թուրքերին պահպանել այն երկրի միասնությունը, որը նրանք համարում էին իրենց սեփականը։ Դժվար է վիճել նման սատանայական տրամաբանության հետ։ Չէ որ Բուլղարիայի, Մակեդոնիայի, Սերբիայի և Հունաստանի նկատմամբ վերահսկողության կորուստը միայն կրճատում էր թուրքական գերակայությունը Թրակիայում, բայց թուրքերին չէր զրկում պետականությունից, իսկ Հայաստանի նկատմամբ վերահսկողության շնորհիվ Օսմանյան կայսրությունը տիրապետում էր իր գոյության համար կենսական նշանակություն ունեցող տրանսպորտային հաղորդակցություններին դեպի Իրան և Միջագետք։

Այժմ, արդեն XXI դարում, թուրք ֆաշիստների խնդիրն է տրանսպորտային միջանցք կառուցել իրենց վերահսկողության տակ գտնվող Արևմտյան Հայաստանից դեպի Արևելյան Հայաստան, որպեսզի Սյունիքի և Արցախի բնիկներին քշեն իրենց տներից և վերջ տան Հայկական հարցին, որի գոյությունը թուրքական տարածքային զավթումների մասին կենդանի հիշեցում է։ Պատահական չէ, որ 2017 թվականի մարտին՝ Բաքու-Թբիլիսի-Կարս-Էդիրնե երկաթուղու գործարկումից յոթ ամիս առաջ, Բաքվի ռեժիմի դիվանագիտական ծառայության ղեկավար Էլմար Մամեդյարովն այդ նախագիծը համեմատել Է Բաղդադի երկաթուղու հետ: Երեք ու կես տարի անց՝ արդեն 2020 թվականի Բաքվի ագրեսիայի օրերին և դրանից հետո, Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհն Անկարայի կողմից օգտագործվեց Արցախում և Սյունիքում բաքվաթրքական ավազակախմբերին մատակարարելու համար, որոնք Արևելյան Հայաստանում շարունակեցին Աբդուլ Համիդ II-ի, Էնվերի և Թալեաթի քաղաքականությունը։

Իր էությամբ պանթյուրքիզմը ոչ միայն ատելության գաղափարախոսություն է, այլև ռևիզիոնիզմի և գողության գաղափարախոսություն։ Իսկ դուք գիտեի՞ք, որ «Թուրան» տերմինը, որով հոխորտում են թուրքական վարչակարգի պարագլուխ Ռեջեփ Էրդողանն ու մյուս պանթյուրքիստները, իրականում պարսկական ծագում ունի: «Ավեստայում»՝ զրադաշտականության սուրբ տեքստերի ժողովածուում, «Թուրան» են կոչվում իրանախոս ժողովուրդները՝ իրանցիներ, տաջիկներ, փուշթուններ, բելուջներ և այլն։ Նրանց անվանում էին «թուրեր»։ Պարսիկները «Թուրան» կամ «Թուրերի երկիր» էին անվանում Վերին Ամուդարիայից այն կողմ գտնվող հսկայական երկիրը, որի ժողովուրդները խոսում էին արևելաիրանական լեզուներով: 

«Թուրանը» սկսեց օգտագործվել որպես «Թուրքեստանի» կամ «Թյուրքերի երկրի» հոմանիշ միայն այն բանից հետո, երբ 567 թվականին Թյուրքական խաքանությունը նվաճեց Կենտրոնական Ասիայի Միջագետքը։ Այսինքն՝ զավթիչները սեփականաշնորհեցին իրանախոս ժողովուրդների հայրենիքը։

Խնդիրը, որին այսօր բախվում են պանթյուրքիստ թուրքերն ու Բաքվի նրանց համախոհները, այն է, որ նրանք չեն կարդացել Մուստաֆա Քեմալի ելույթները։ Թեև նրան հայտարարել են իրենց կուռքը։ Բանն այն է, որ Քեմալը հրապարակավ դեմ էր պանթյուրքիզմին։ Այսպես, ամերիկացի գեներալ Հարբորդին ուղղված 1919թ. նամակում նա պանթյուրքիզմն անվանել է «շատ վտանգավոր գաղափար»։ Իսկ 1927 թվականին Ժողովրդա-հանրապետական կուսակցության 27-րդ համագումարում Քեմալն ավելի հեռուն գնաց. «Բոլոր թյուրքերի միավորումը մեկ պետության մեջ անիրագործելի խնդիր է։ Պատմության փորձից երևում է, որ պանիսլամիզմի քաղաքականությունը կամ պանթյուրքիզմի դոկտրինը չի կարող հաջողություն ունենալ... Քաղաքական այն դոկտրինը, որը մենք համարում ենք իրագործելի, ազգային քաղաքականությունն է»։

Այո, Աթաթուրքը նախկին Օսմանյան կայսրության հայ, հույն, քուրդ, ասորի և այլ ժողովուրդների թշնամին է։ Բայց դա չի չեղարկում պանթյուրքիզմի՝ ֆաշիստական գաղափարի, նրա խորաթափանց գնահատականը, որն այժմ փորձում են ներշնչել Թուրքիայում և Բաքվի մինիսուլթանությունում ապրող անգրագետ մարդկանց՝ ուղարկելով նրանց սպանդանոց։ Ժողովուրդները թանկ են վճարում և թանկ են վճարելու իրենց անգրագիտության համար:

Հեթանոս պանթյուրքիստները շատ թերություններ ունեն, բայց դրանցից ամենակարևորն այն է, որ նրանք մոռանում են իրենց արմատները: Ստանալով Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցությունը՝ Ալիևի շրջապատն իր ժողովրդին անվանում է նույնիսկ ոչ թե Անդրկովկասյան թուրքեր, այլ պարզապես թուրքեր։ Միայն թե այս կերպարանափոխությունը ոչ մի կերպ չի կապվում սեփական պատմության մեկնաբանման հետ։ Չէ՞ որ պատմության դասագրքերում Բաքվի ռեժիմը սեփականաշնորհել է պարսկական պատմությունը՝ ներկայիս ադրբեջանցիներին հայտարարելով ղզլբաշների հետնորդներ։

Բաքվի գրագողերին խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել արաբական «XVIII դարում Ջարի պատերազմների տարեգրությունը» աշխատությանը, որի ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել Բաքվում անցյալ դարի 30-ական թվականներին: Միանգամից ասեմ՝ մենք` հայերս, սուննիների և շիաների միջև առճակատման մեջ չենք մտնում։ Կարծում եմ, որ հավատացյալ մահմեդականները կողքից մեկնաբանությունների կարիք չունեն։ Ես պարզապես բերում եմ մի պատմական փաստ, որը տեղի է ունեցել 18-րդ դարի առաջին կեսին։ Եվ այսպես, Անդրկովկասում Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև պատերազմների մասին պատմող այս գրքի 39-րդ էջում ներկայացվում է Դաղստանի ժողովուրդներին ուղղված թուրք սուլթանի նամակը՝ կոչ անելով սպանել ղզլբաշներին այնտեղ, «որտեղ էլ որ հասնեք նրանց, քանի որ նրանք, նման պահանջներ ներկայացնելով, իրենց անկասկած որպես անհավատ են ցույց տվել»։ Օսմանյան սուլթանը նկատի ունի պարսկական շահ Թահմասպ II-ի պահանջը՝ ճշմարիտ ճանաչել իր «ջաֆարիական» այսինքն՝ շիական հավատը։

Օսմանյան իշխանությունների կողմից օկուպացված տարածքներում շիաների հետապնդումները հաստատում է նաև խորհրդային պատմագրությունը։ Մասնավորապես, «Ադրբեջանի պատմություն» դասագրքում ասվում է, որ «սուլթանական Թուրքիան բռնի կերպով սուննի իսլամ է սերմանել Ադրբեջանում և հետապնդել շիա իսլամի հետևորդներին»։

Ինչո՞ւ օրինակ բերեցի այդ փաստը։ Բաքվի ռեժիմը, եթե հավատանք նրա պաշտոնական վիճակագրությանը, իշխում է մի հասարակությունում, որտեղ քաղաքացիների մոտ 85%-ը շիա իսլամ է դավանում և միայն 15%-ը՝ սուննի իսլամ: Բայց միևնույն ժամանակ Ալիևն ու իր շրջապատն իրենց թուրք են հայտարարել։

Ովքե՞ր են նրանք իրականում: Եթե նրանք ղզլբաշների հետնորդներն են, ապա սուննի թուրքերի հետ կիսելու բան չունեն։ Իսկ եթե նրանք թուրքեր են, այլ ոչ թե ղզլբաշներ, ապա դա ևս մեկ անգամ հաստատում է, որ բոլոր հողերը, որոնք գտնվում են Բաքվի ռեժիմի ռազմական վերահսկողության տակ, ժամանակավոր օկուպացված տարածքներ են։

Չնայած զուր եմ ես այդքան կատեգորիկ մտածում: Ալիևի ռեժիմը վաղուց է կողմնորոշվել իր կուրսի հարցում։ Նկատի ունեմ Նարդարան ավանի բնակիչների նկատմամբ ոստիկանության կողմից իրականացված հաշվեհարդարը․ 2015 թվականի ամռանից տեղի շիաները դուրս էին գալիս փողոց՝ բողոքելու իրենց հավատակիցների ձերբակալությունների, ինչպես նաև սոցիալական ծանր պայմանների դեմ:

Մինչդեռ Բաքվի քարոզչությունն իր ողջ ուժերն ուղղում է հայերի դեմ՝ կոծկելով թալիշների և թաթերի նկատմամբ բազմաթիվ բռնաճնշումները։ Ալիևի ռեժիմը կասեցնում է այլակարծության ցանկացած ձև։ Հայատյացությունը վերածելով ծխածածկույթի՝ Բաքվի քարոզչությունը լռում է այն մասին, թե ինչպես են ավարներին և լեզգիներին արգելում դպրոցներում սովորել իրենց ազգային լեզուները։ Ստացվում է, որ իշխող վերնախավը պատերազմ է հայտարարել տարածաշրջանի բոլոր բնիկ ժողովուրդներին։

Իրադարձությունների նման զարգացումը սպասելի էր ամենասկզբից, երբ 1918թ. մայիսին թուրք օկուպանտները հայկական Կուր-Արաքսի հովտում հռչակեցին պարսկական «Ադրբեջան» անունով հանրապետություն՝ դրանով իսկ իրենց հավակնություններն առաջ քաշելով ոչ միայն հայերի հողերի, այլև Արաքսից հարավ գտնվող իրանական հողերի նկատմամբ։ 

Ահա թե ինչ է գրել ակադեմիկոս Բարտոլդն այս առիթով․ «Ադրբեջան տերմինն ընտրվել է այն պատճառով, որ երբ հաստատվում էր Ադրբեջանի Հանրապետությունը, ենթադրվում էր, որ պարսկականը և այդ Ադրբեջանը կկազմեն մեկ ամբողջություն, քանի որ բնակչության կազմով նրանք շատ մեծ նմանություններ ունեն... Ներկայիս պարսկական Ադրբեջանը մինչև Ալեքսանդր Մակեդոնացին կազմում էր Մարաստանի անբաժան մասը և չուներ հատուկ կառավարում։ Գավգամելայի ճակատամարտի ժամանակ (մ.թ.ա. 331թ․) ամբողջ Մարաստանի սատրապը Ատրոպատեսն էր... Ալեքսանդրից հետո Ատրոպատեսին թողեցին, այժմ արդեն որպես ժառանգական սեփականություն, իր նախկին նահանգի մի մասը՝ այսպես կոչված, «Փոքր Մարաստանը», որը Ատրոպատեսի անունով ստացավ նոր անվանում, որը հունարեն հնչում է Ատրոպատենա ձևով, հայերեն՝ Ատրպատական ձևով, այստեղից էլ՝ Ադրբեջանը»։

Այսինքն՝ ժամանակակից անդրկովկասյան հանրապետության անվանումը ոչ մի ընդհանուր բան չունի նրա թյուրքալեզու բնակչության հետ։

Բարթոլդից տասնամյակներ անց իրանցի հետազոտող Էնայաթոլլա Ռեզան ստիպված էր պարզաբանել․

«1918 թվականին Անդրկովկասում Մուսավաթ կուսակցության ղեկավարության կողմից ստեղծվեց նոր պետական կազմավորում, և այդ երկրամասի տարածքի մի մասը, որը գտնվում էր նրանց իշխանության տակ, կոչվեց «Ադրբեջանի Հանրապետություն»... Այս կազմակերպության նպատակն է ստեղծել առանձին խոշոր իսլամական պետություն՝ Փոքր Ասիայի թուրքերի իշխանության տակ... Մոտ երկու տարի անց, ավելի ճիշտ՝ 1920 թվականի ապրիլի 28-ին, մուսավաթականները տապալվեցին. բոլշևիկները գրավեցին Կովկասը, և այսպես կոչված «Ադրբեջանի Հանրապետությունը» կրկին դարձավ Ռուսաստանի մաս։ Սակայն «Ադրբեջան» անվանումը Անդրկովկասի վերոնշյալ հատվածի նկատմամբ կիրառության մեջ մնաց անփոփոխ նաև դեռևս ԽՍՀՄ չդարձած նոր խորհրդային ռուսական պետության կողմից: Որոշ ժամանակ անց «Ադրբեջանի Հանրապետությունը» վերանվանվեց «Ադրբեջանական ԽՍՀ-ի»։

«Ադրբեջան» անվան օգտագործումը Անդրկովկասի տարածքի մի մասի նկատմամբ այն ժամանակ խորը դժգոհություն առաջացրեց Իրանում, հատկապես նրա հյուսիսային նահանգում՝ Ադրբեջանում։ Այդ կապակցությամբ իրանցի զգալի թվով հայրենասերների, այդ թվում այնպիսի ադրբեջանցի դեմոկրատների բուռն բողոքը, ինչպիսիք են Շեյխ Մոհամմադ Խիաբանին, Էսմայիլ Ամիրխիզին, Ահմադ Քասրավի-Թավրիզին և այլք, հանգեցրեց նրան, որ նրանց կողմնակիցների խումբը սկսեց քայլեր ձեռնարկել նահանգի սկզբնական անվանումը փոխելու ուղղությամբ, որպեսզի խուսափի Կովկասում նորաստեղծ հանրապետության անվան հետ համընկնումից… 

Ներկայումս քչերը գիտեն, որ Անդրկովկասի թյուրքալեզու հանրապետությունն անցյալում չի կոչվել «Ադրբեջան» (եզրույթը նախկինում երբեք չի կիրառվել նրա նկատմամբ)… Ադրբեջանի ժողովուրդը, որն անցյալում բազմիցս կռվել է Օսմանյան բանակների դեմ՝ պաշտպանելով իր հայրենիքն ու հողը… համաձայն չէր, որ «Ադրբեջան» անվանումը, բացի իրենց ժողովրդից ու երկրից, ունենային նաև այլ ժողովուրդներ և երկրներ։

Իրականում հայերն Ալիևի ռեժիմի համար շատ ավելի հարմար մարզա֊ խաղընկերներ են, քան տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդները, քանի որ Բաքվի և Սումգայիթի ջարդերից հետո հայերն ապրում են սահմանագծով, այլ ոչ թե Ադրբեջանի ներսում։ Հավանաբար Բաքվի ռեժիմի պարագլուխը մոռացել է, որ հայերը վաղ խորհրդային շրջանում պաշտոնապես համարվում էին Ադրբեջանական ԽՍՀ բնիկ ժողովուրդ։

Նայեք Խորհրդային Ադրբեջանի դրոշին: Այնտեղ հանրապետության և նրա Նախիջևանի Ինքնավար Մարզի անվանումները նշված են երկու լեզվով՝ հայերեն և ադրբեջաներեն։ Բաքվի ֆաշիստները հայերից ազատվեցին հենց այն պատճառով, որ հետո նրանց հետ չկիսեն հանրապետության իշխանությունը։ Խորհրդային Միության ավերակների վրա նրանք փորձում էին իրագործել երիտթուրքերի նպատակը, որն առաջին համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահին նախանշեց ցեղասպանության գլխավոր գաղափարախոս Թալեաթ փաշան. «Հայերի տեղահանությունների նպատակը Հայկական հարցի վերջնական լուծումն է»։ Բայց 1990-ականներին ինչ-որ բան սխալ գնաց… 

Այնուհետև եկավ 2020 թվականի դեկտեմբերի 10-ը, երբ Բաքվում կայացած «զորահանդեսի» ժամանակ իր ելույթում Էրդողանը խորհրդավոր հայտարարեց. «Այսօր թող լուսավորվի՛ Էնվեր փաշայի հոգին»։ Ինչո՞ւ նա ընտրեց հենց Էնվերին, այլ ոչ թե, օրինակ՝ Թալեաթին։ Պատճառը Հիտլերին նմանվելու փորձն է, ով Էնվեր փաշային որպես օրինակ էր ընդունում։

Հիտլերի մոլուցքը 2010 թ․-ին բացատրեց գերմանացի պատմաբան Ռոլֆ Հոսֆելդը՝ «Անիվ» ամսագրին տված հարցազրույցում ասելով հետևյալը․ «Ձեզ, ամենայն հավանականությամբ, հայտնի է 1939 թվականին Լեհաստանի հետ պատերազմի հենց սկզբում Ադոլֆ Հիտլերի արած հայտարարությունը. «Այսօր ո՞վ է հիշում հայերի կոտորածները»։ Ավելի քիչ սպասելի մի հետաքրքիր փաստ ևս․ 1923 թվականի Մյունխենի հեղաշրջման դատավարության ժամանակ Հիտլերը...բառացի ասել է հետևյալը. «Էնվեր փաշան ախտահանել է երկիրը»։ Այդպիսին էր Հիտլերի ծրագիրը՝ ախտահանել երկիրը։ Իհարկե, սա Ցեղասպանության ծրագիրն էր»։

Ընդ որում, Էրդողանին հարազատ Ալիևի ֆաշիստական ռեժիմը փորձում է ամբողջ աշխարհի մահմեդականներին տրամադրել հայերի դեմ։ Բայց հայ ժողովուրդն ավելի վաղեմի և սերտ հարաբերություններ ունի սուննի և շիա իսլամի հետ, քան հեթանոս պանթյուրքիստները։ Կարծում եք՝ չափազանցնո՞ւմ եմ: 

Գիտեի՞ք արդյոք, որ երիտթուրքերը իրենց շարքերում ներդրել են աղոթելիս դեմքը դեպի Արևելք՝ Թուրան, դարձնելու սովորույթը, թեև իսլամական ավանդույթի համաձայն ընդունված է նայել դեպի հարավ՝ դեպի Արաբիա, որը իսլամի ծննդավայրն է: Եթե չեք հավատում, ապա հարցրեք մասնագետներին: Նրանք ձեզ կպատմեն այդ հեթանոսների մասին։

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ բացառությամբ պանթյուրքիզմի ֆաշիստական գաղափարախոսության կրողների, որը հիմնվում է ռասայական ատելության վրա՝ դրանով իսկ խախտելով իսլամի պատգամները, հայ ժողովուրդը լավ հարաբերություններ ունի թաթարների, բաշկիրների, թուրքմենների, ղազախների, ղրղզների, ուզբեկների և թյուրքական այլ ժողովուրդների հետ։ Եվ մենք գնահատում ենք այդ հարաբերությունները:

Հայերը խնդիր չունեն այն ադրբեջանցիների և թուրքերի հետ, ովքեր մերժում են պանթյուրքիզմի ֆաշիստական գաղափարախոսությունը։ Ադրբեջանցիները Մոսկվայում և Պետերբուրգում խաղաղ ապրում են իրենց հայ հարևանների հետ։ Նույնը կարելի է ասել նաև Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) և Զմյուռնիայի (Իզմիր) թուրքերի մասին։

Ի դեպ, թուրք մտավորականներ Թաներ Աքչամը, Ռագըփ Զարաքօլուն, Ալի Բայրամօղլուն, Օրհան Փամուքը, Էլիֆ Շաֆաքը և այլք հայտնվել են Էրդողանի ռեժիմի «սև ցուցակներում»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին հրապարակային կոչեր անելու համար: Նրանց թվում է նաև Հասան Ջեմալը՝ Ջեմալ փաշայի թոռը։ Ի տարբերություն իր պապի՝ Հասան Ջեմալը ոչ միայն ճանաչել է Ցեղասպանությունը, այլև պահանջել է թուրքական պետությունից ներողություն խնդրել հայերից։

Սակայն պանթյուրքիստներին ճշմարտությունը պետք չէ։ Ահա, թե ինչպես է բացատրում նրանց մոտիվացիան թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուն․ «Հայոց ցեղասպանությունը թուրք ազգի ձևավորման հիմքերից մեկն է։ Հենց այդ պատճառով էլ նրա ժխտումն այդքան ուժեղ է. եթե ճանաչեն Ցեղասպանությունը, ամբողջ թուրքական պատմությունը, բոլոր հերոսները փոշի կդառնան»։ Զարաքօլուի թեզը կարող է անսպասելի թվալ, բայց ոչ մասնագետների համար։ Այսպես, գերմանացի պատմաբան Նորման Սթոունը հիշեցնում է, որ Օսմանյան կայսրության տարիներին պետության գաղափարը կառուցվել է համաօսմանյան ինքնությանը պատկանելու վրա, իսկ «թուրք» բառը մինչև XIX դարը գործածվել է առավելապես օտարերկրացիների կողմից. «Միջնադարյան իտալացիները Turchia բառը վերցրել են արաբներից։ Օսմանյան կայսրությունում կատակներ էին անում «կոպիտ թուրքերի» մասին, իսկ բակը քրքջում էր Etrak-i-bi-idrak բառախաղից՝ նկատի ունենալով «Թուրքերը ոչնչություններ են»»։

Փամուքի, Զարաքօլուի և Աքչամի մասշտաբի մարդիկ մեծ ռիսկի են դիմում, բայց չեն վախենում, ինչը հարգանք է առաջացնում։ Ուստի անազնիվ կլինի բոլոր թուրքերին նույնացնել Էրդողանի, Էնվերի, Թալեաթի և Ջեմալի տիպի մարդասպանների հետ։ Միևնույն ժամանակ, հայերը պետք է հիշեն, որ այն թուրքերի հետ, որոնք աջակցում են Էրդողանին և ֆաշիստական պանթյուրքիզմին, նրանք կիսելու բան չունեն։ Եթե Հիտլերի հետ խաղաղությունն անհնար էր, ապա ինչի՞ հիման վրա են Երևանի իշխանությունները ցանկանում ընկերություն անել Էրդողանի հետ, որը թուրք ժողովրդին տանում է դեպի անդունդ։

Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայությունն ամեն տարի հիշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերին: Ավելի քան հարյուր տարի է, ինչ ընթանում է մեր դատավարությունը հայ ժողովրդի մարդասպանների ժառանգների հետ։ Եվ այն շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև պանթյուրքիստներն ու նրանց հանցավոր ռեժիմի ժառանգները չապաշխարեն կատարված ոճրագործությունների համար։ Ապաշխարության հնարավորությունը 1919-1922 թվականների ռազմական տրիբունալի տարիներին էր, երբ Կոստանդնուպոլսի դատարանը դատապարտեց բարձրաստիճան պետական պաշտոնյաներին Օսմանյան քրեական իրավունքի համաձայն: Սակայն թուրք զինվորականությունն՝ Աթաթուրքի գլխավորությամբ, ով 1920թ. գարնանը ինքն էր մահապատժի դատապարտվել, բռնությունները սրելու և երիտթուրքական խունտայի հանցագործությունները չճանաչելու ճանապարհով գնաց, որի գործիքը հենց ինքն էլ հանդիսանում էր։ Թեև «1921թ. մարտից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում քեմալականների կողմից հնչեցին երեք հրապարակային խոստումներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով հավաստիացնում էին, որ նրանք դատական հետապնդման կենթարկեն հայերի զանգվածային սպանությունների մեղավորներին», հիշեցնում է ԱՄՆ-ից իրավաբան-միջազգայնագետ Վահագն Դադրյանը: Բայց ի՞նչ արժեին նրանց խոսքերը։ 

Ռազմաճակատում իրավիճակը հօգուտ քեմալականների փոխվելուն պես, 1923 թվականի մարտի 31-ին նրանց վերահսկողության տակ գտնվող Ազգային մեծ ժողովն Անկարայում ընդունեց № 318 օրենքը, որը ընդհանուր համաներում հայտարարեց բոլոր նրանց, ովքեր մեղավոր են ճանաչվել ռազմական տրիբունալների, ինչպես նաև տեղի քրեական դատարանների կողմից։ Ինչի՞ մասին է դա վկայում: Հանցագործներին դատելուց առաջ նրանց նախ պետք է հաղթել ռազմի դաշտում, ինչպես հիտլերյան Գերմանիային։

Ինչպե՞ս հաղթել ռազմի դաշտում: Սկզբի համար  մենք՝ հայերս պետք է հաղթահարենք ինքներս մեզ պարտադրած զոհի բարդույթը, քանի որ զոհ լինելը «հարմար է»։ Պետք է մեկընդմիշտ հիշել. հայերը Ցեղասպանության զոհերի ժառանգները չեն, հայերը Հայկ Նահապետի ժառանգներն են: Հայերը Արարատյան թագավորության ժառանգներն են։ Մենք թույլ չտվեցինք քաղդեական բռնակալին կառուցել Բաբելոնի աշտարակը, որը նախատեսված էր աշխարհի վրա միանձնյա բռնապետություն հաստատելու համար։ Մեր նախահայրերն իրենց առաջին իսկ օրերից մերժել են բռնապետությունը։ 

Հայերը Արևմտյան Հայաստանի տերերն են, ոչ թե Ցեղասպանության զոհերի ժառանգները։ Մեր ազատատենչ նախնիներին սպանում էին ոչ թե այն պատճառով, որ նրանք թույլ էին, այլ այն պատճառով, որ Օսմանյան կայսրությունում հայերին և հույներին բաժին էր ընկնում արդյունաբերության 70%-ը և ներքին առևտրի ավելի քան 80%-ը։ Մեր նախնիներին սպանել են ոչ թե այն պատճառով, որ նրանք հավատարիմ չեն եղել թուրքերին, այլ այն պատճառով, որ նրանք հայ են։

Պանթյուրքիստները սպանում էին մեր նախնիներին, որովհետև նրանք վախենում էին անկախ Արևմտյան Հայաստանից։ Պանթյուրքիստները վախենում էին, որ հայերը հույների և բուլղարացիների նման կվերականգնեն իրենց պետականությունը, ինչպես եղել է հայոց պատմության մեջ բազմիցս։ Թեև մինչև ցեղասպանությունը հայերը Օսմանյան կառավարությունից պահանջում էին միայն պահպանել իրենց քաղաքացիական իրավունքները։

Մասնավորապես, հայ ազատագրական շարժման առաջնորդներից Պողոս Նուբարը Փարիզում հավաստիացրել է Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Իզվոլսկուն․ «Թուրքիայի հայերը բոլորովին չեն ցանկանում բարձրացնել ինքնավարության կամ հպատակության փոփոխության հարցը։ Նրանք ցանկանում են միայն հասնել բարեփոխումների իրականացմանը, որոնք նախատեսված են Բեռլինի տրակտատով և մշակվել են 1895 թվականին Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի կողմից ու մինչ այժմ մնացել են միայն թղթի վրա: Ընդ որում, հայերը հույս ունեն Ռուսաստանից հզոր աջակցություն ստանալ և հաստատակամորեն մտադիր են ամեն ինչում հետևել ռուսական կառավարության հրահանգներին»։ 

Այն ժամանակվա հայ մտավորականները հասկանում էին, որ իրենց հայրենիքի անկախությունը չի մտնում Ռուսական կայսրության և եվրոպական գաղութային տերությունների ծրագրերի մեջ։ Դատելով մամուլում տեղ գտած նամակներից և հոդվածներից՝ հայերը չէին կասկածում, որ արտաքին խաղացողները Հայկական հարցը որպես մանրադրամ են օգտագործում Մերձավոր Արևելքում և Կովկասում իրենց խաղերում: Դա է հաստատում Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովի դիրքորոշումը, որի մասին նա հայտարարել է 1916 թվականի ապրիլին Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ․ «Եթե դուք պետք է խոսեք Հայաստանի ինքնուրույնության մասին, մեր միջև խոսակցություն չի կարող լինել...Մենք կարող ենք ավելի լայն ինքնավարություն տալ, քան նախկինում ասվել է»։

Անգլիացիներն ավելի լավը չէին։ 1916թ. մարտ ամսվա իր գրության մեջ Մեծ Բրիտանիայի կառավարության արտակարգ լիազոր Մարկ Սայքսը Պետրոգրադում անգլիական դեսպան Բյուքենենին գրել է, որ անհնար է համարում հայկական պետության ստեղծումը, ինչպես նաև Հայաստանի ամբողջական հանձնումը Ռուսաստանին: Չնայած նույն տարվա նոյեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Հենրի Ասքվիթը հայտարարեց, որ հայ ժողովրդի համար ստեղծվելու է «անկախ երկիր»։ Ի դեպ, այս թեզը 1918 թվականի հունվարին կրկնեց Բրիտանիայի մեկ այլ վարչապետ՝ Լլոյդ Ջորջը։

Ես վերապատմում եմ այս հանրահայտ փաստերը, որպեսզի հիշեցնեմ մի պարզ բան. օտարերկրացիները երբեք ավելի շատ հայ չեն լինի, քան իրենք՝ հայերը: Օտարերկրացիներն ունեն իրենց նպատակներն ու շահերը։

Կարևոր է հասկանալ ակնհայտ մի բան. թուրքերը հայկական ճակատագրում հայկական արարքների հետևանք են, այլ ոչ թե հայկական դժբախտությունների բուն պատճառ: Թուրքերը հսկիչներ են բանտում, որը հայերն ինքնակամ հիմնել են՝ իրենց արարքների արդյունքում հեռանալով Աստծո Լույսից։ Երբ հայերը վերադառնան Նրա Լույսին, թուրքերը նույնքան անսպասելի կգոլորշիանան, որքան Արևելքից եկող այն քամին, որը նրանց բերեց Անատոլիա։ Եվ այդ ժամանակ կկատարվի Սուրբ Պաիսիոսի մարգարեությունը, ով Թուրքիայի մասին ասել է հետևյալը․

«Այն կփլուզվի, և համաշխարհային քաղաքականության մեջ վճռորոշ դեր ունեցող պետությունները Կոստանդնուպոլիսը կտան մեզ։ Նրանք դա կանեն ոչ թե այն պատճառով, որ սիրում են մեզ, այլ այն պատճառով, որ Աստված ամեն ինչ դասավորելու է այնպես, որ նրանց ձեռնտու լինի, որ Կոստանդնուպոլիսը հունական լինի: Հոգևոր օրենքները կգործեն: Թուրքերը ստիպված կլինեն վճարել իրենց արածի համար, նրանք կկործանվեն, քանի որ առանց Աստծո օրհնության գրավեցին այս հողը: Նրանց վերջը մոտ է։ Բնակչության փոխանակումից քիչ առաջ Սուրբ Արսենիոսն ասում էր. «Մենք կկորցնենք մեր հայրենիքը, բայց հետո նորից կգտնենք այն… 

Եվրոպացիները հիմա հանուն թուրքերի անկախ են դարձնում տարածքներ, որտեղ մուսուլմաններ են ապրում (Բոսնիա, Հերցեգովինա)։ Սակայն տեսնում եմ, որ կբաժանեն Թուրքիան ազնվաբար․ կապստամբեն հայերն ու քրդերը, և եվրոպացիները կպահանջեն անկախ դարձնել այդ ժողովրդներին։ Թուրքիային այդ ժամանակ կասեն․ «Մենք ձեզ այնտեղ զիջեցինք, այժմ նույնակերպ պետք է անկախություն ստանան քրդերն ու հայերը»։ Այդպես «ազնվաբարո կերպով» մասերի կբաժանեն Թուրքիան»։

Հույն ծեր վանականի մարգարեությունը Աստծո կամքն է, որը ոգեշնչում է մեզ, բայց չպետք է հուսադրող լինի, քանի որ Աստծո կամքն իր իրականացումը գտնում է մարդկանց միջոցով՝ այն ժողովրդի ազատ կամքի միջոցով, որին ուղղված է: Եկեք, օրինակ, հիշենք Հայոց պատմությունը։ Չէ որ հայերի մեծ նվաճումները տեղի են ունեցել պատմական այն պահերին, երբ մենք հույսը դրել ենք միայն Աստծո և մեզ վրա, այլ ոչ թե առանձին երկրների բարի կամքի։

Եթե Մեսրոպ Մաշտոցը հույսը դներ օտարների վրա, ապա չէր հորինի այբուբեն, որն օգնեց հայերին պահպանել իրենց ինքնությունը: Չէ որ առանց այբուբենի Հայաստանը կլուծարվեր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև, որոնք հայերին պարտադրում էին սեփական գրային համակարգերը։ Մաշտոցը բառիս բուն իմաստով ստիպեց հայ գիտուններին ժողովրդի հետ խոսել հայերեն, որովհետև շատ իշխաններ խոսում էին ասորերեն և հունարեն և կտրված էին ժողովրդից:

Այսօր հայ իշխող դասը, շնորհիվ Մաշտոցի, ժողովրդի հետ խոսում է հայերեն։ Բայց այդ իշխող դասակարգն այդպես էլ իր ոգով հայ չդարձավ, քանի որ ժողովրդի հետ նույն սեղանի շուրջ չնստեց։ Իշխող դասը թաղված է շքեղության մեջ, թաղված է անպետք իրերի մեջ և անհույս հեռու է հասարակ ժողովրդից։ Աղքատները մտածում են օրվա հացը հայթայթելու, իսկ գերհարուստները՝ նոր պալատի մասին։ Նրանք երազում են տարբեր բաների մասին, ուստի չեն կարող համարվել մեկ ամբողջություն:

Ճակատագրից բողոքելու և մեզ զոհ անվանելու փոխարեն, եկեք ազնվորեն խոստովանենք ինքներս մեզ, որ մեր ժողովրդի ներսում տեղի ունեցող ապօրինությունները հեռացնում են հայկական հողերի վերադարձը: Յուրաքանչյուր ոք, ով անօրինություն է գործում իր ժողովրդի դեմ, ստանում է Աստծո պատիժը, այլ ոչ թե օգնություն արտերկրից: Աստված պատժում է մեզ ուխտադրուժ թշնամիներով, քանի որ մենք հեռացել ենք մեր Առաքելությունից: Եվ այդ Առաքելությունը շատ պարզ է՝ օրհնություն դառնալ ինքդ քեզ և, հետո արդեն, հարևան ժողովուրդների համար։

Աստվածաշունչը զգուշացնում է մեզ․ «Նա անեծք սիրեց, և հենց դա էլ եկավ նրա վրա, Նա ուրախություն չգտավ օրհնության մեջ, Եվ այն հեռացավ նրանից» (Սաղմոսարան 109:17)։ Օրհնությունը բառացիորեն նշանակում է բարի խոսք, այսինքն՝ երախտագիտություն ձեր մերձավորին և Բարձրյալին, և բառերը, ինչպես գիտեք, նյութական են: Այն հասարակությունը, որտեղ բոլորը գիտեն, թե ինչպես երախտապարտ լինել բոլորին, և միասին նրանք բոլորը շնորհակալ են Աստծուն, անհնար է հաղթել կրակով և սրով: Այն անպարտելի է:

Ինչպե՞ս է դա գործնականում աշխատում: Մենք պետք է սովորենք շնորհակալություն հայտնել ուսուցիչներին մեր երեխաներին կրթելու համար՝ ստեղծելով նրանց համար արժանապատիվ աշխատանքային պայմաններ: Մենք պետք է սովորենք շնորհակալություն հայտնել բժիշկներին մեր առողջության համար՝ ստեղծելով նրանց համար արժանապատիվ աշխատանքային պայմաններ: Մենք պետք է սովորենք շնորհակալություն հայտնել մեր զինվորներին՝ նրանց համար ստեղծելով արժանապատիվ կյանքի պայմաններ։ Մենք պետք է սովորենք շնորհակալություն հայտնել մեր հողագործներին՝ օգնելով նրանց մշակել հայրենի հողը, որը պահպանում է հայկական ինքնությունը և մարդկանց ապահովում սնունդով: Ուսուցիչներ, բժիշկներ, զինվորներ և հողագործներ. նրանք են այն հիմքը, որի վրա մեր ժողովրդին վիճակված է XXI դարում կառուցել Հայկական երազանքը: Ես այդպես եմ մտածում:

Ներկայիս անօրինականությունը կարող է կանգնեցնել միայն Հայկական երազանքը, քանի որ այն կառուցվում է սոցիալական արդարության գաղափարի վրա, որն ունիվերսալ է: Դա նման է կյանքին։ Դուք չեք կարող տանը նվաստացնել ձեր ընտանիքի անդամներին, իսկ փողոցում մնալ խիզախ տղա: Կա՛մ ճիշտ եք ապրում տանը և դրսում, կա՛մ դադարում եք ստել ինքներդ ձեզ և ձեր շրջապատին: 

Համաշխարհային քաղաքականության մեջ գործում են նույն օրենքները։ Աշխարհից արդարություն սպասելն անիմաստ է, հնարավոր չէ վերադարձնել ձեր նախնիների հողերը, քանի դեռ ձեր սեփական ժողովուրդն ապրում է աղքատության մեջ և նետվում է ճակատագրի քմահաճույքին: Մենք պետք է միմյանց խոստանանք, որ այսուհետ յուրաքանչյուր հայ կսովորի շնորհակալություն հայտնել իր մերձավորին։ Երբ մենք շտկվենք, աշխարհը Հայաստանի կարիքը կունենա։ Իսկ առայժմ ամեն ինչ հակառակն է՝ Հայաստանն աշխարհի կարիքն ունի։

Մաս III. Ի՞նչ անել: Հայկական երազանքի ուղին

Գրքի առաջին մասում բացատրեցի, որ հայ բառացի նշանակում է «ազնվաբարո մարդ» կամ «Աստծո ստեղծած մարդ», քանի որ «ազնվաբարո» բառը հոմանիշ է «Աստվածային» ածականին: Հետևաբար, Հայաստանը «Ազնվաբարո մարդկանց երկիր է»։ Ո՞րն է ազնվաբարո մարդկանց առաքելությունը գործնական իմաստով: Ազնվաբարո մարդկանց առաքելությունն Արարատյան Թագավորության վերածնունդն է։

Ժամանակը եկել է: Պատահական չէ, որ Արցախի պաշտպանության ուժերի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը «ИА Реалист» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Գողգոթայի դարաշրջանը հայության ճակատագրում փոխարինվում է նոր Հարության և Ժամանակների վերջի դարաշրջանով. «Կան ուժեր, որոնք ուզում են մեզ զոհաբերել, բայց ոչ իրենց ձեռքերով։ Նրանց թվում է, որ եթե դա անեն Հուդայի միջոցով, ապա կկարողանան խուսափել պատասխանատվությունից: Բայց դա այդպես չէ: Աստծուն չես խաբի: Եթե 1915-ին նրանք հատուցում չստացան, ապա հիմա դա նրանց չի հաջողվի։ Քանի որ Գողգոթայի դարաշրջանը փոխարինվում է նոր՝ Հարության և Ժամանակների վերջի դարաշրջանով: Իսկ Հուդայի դերը կատարում են տարբեր երկրներ»։

Հայաստանը Հավերժական Թագավորություն է, որն Աստծո կամքով պետք է վերականգնվի Ժամանակների վերջում: Եվ Ժամանակների վերջն արդեն եկել է։ Բայց ինչո՞ւ է հենց Հայաստանը Հավերժական Թագավորություն հանդիսանում։ Ամեն ինչ շատ պարզ է: Հայաստանը մարդկության պատմության մեջ միակ պետությունն է, որին հաջողվել է վերապրել բոլոր կայսրությունները՝ Ասորեստանից և Բաբելոնից մինչև Մարաստան, Պարսկաստան, Ալեքսանդր Մակեդոնացու կայսրություն, Բյուզանդիա, Արաբական խալիֆայություն, Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն և Խորհրդային Միություն: Այժմ մեր ժողովուրդը պետք է ոչնչացնի Երկրորդ Հռոմ և Երրորդ Հռոմ հանդիսացող Թուրքիայի և Ռուսաստանի՝ Բյուզանդիայի երկու ժառանգորդների ծրագրերը, որոնք իմպերիալիստական դավադրության արդյունքում հայերին վռնդում են Արցախից և Սյունիքից, իսկ բուն Հայաստանը համակարգված վերածում ռեզերվացիայի։

Իսլամական աստվածաբան Շեյխ Իմրան Հուսեյնը Հայաստանը համարում է ամենակարևոր քրիստոնեական երկիրը, քանի որ այն ամենաշատն է տուժել․

«Այժմ՝ իմ կյանքի այս փուլում, որպես իսլամական էսխատոլոգիայի հետազոտող, ես հասկացա, որ իմ գիտական գործունեության մեջ ինձ համար ամենակարևոր քրիստոնեական երկիրը Սերբիան չէ, Հունաստանը կամ Ռուսաստանը չեն: Ոչ, դա Հայաստանն է, որն ամենից շատ է տառապել։ 

Ոչ մի քրիստոնյա ժողովուրդ ավելի շատ չի տուժել, քան հայերը։ Եվ դա վկայում է Ժամանակների վերջում հայ ժողովրդի ռազմավարական կարևորության և նրա ունեցած ռազմավարական դերի մասին, որը նա ունենալու է Ժամանակների վերջում:

Ահա թե ինչու են նրանք այդքան տառապել: Եվ այսպես, Հայաստանն ինձ համար ամենակարևոր քրիստոնյա երկիրն է։ Այնպես որ, ես ուզում եմ անել հնարավոր ամեն բան, ղեկավարելով իսլամի աշխարհի ջանքերը, ազգերի միջև եղբայրություն ստեղծելու ուղղությամբ։ Իսլամի աշխարհի և ուղղափառ քրիստոնեության աշխարհի միջև»։

Հայաստանն այն թագավորությունն է, որի մասին իր գրքի երկրորդ գլխում խոսում է Դանիել մարգարեն՝ մեկնաբանելով Բաբելոնյան Նաբուգոդոնոսոր թագավորի երազը: Դանիելը տիրակալին պատմում է «քարե արձանի իմաստը, որի գլուխը մաքուր ոսկուց էր. Նորա կուրծքը եւ բազուկները՝ արծաթից, նորա մէջքն ու ազդրերը՝ պղնձից, սրունքները՝ երկաթից, նորա ոտները՝ մէկ մասը երկաթից մէկ մասը կաւից»։

«Դու տեսնում էիր մինչեւ որ մի քար կտրուեցաւ՝ առանց ձեռքի, եւ զարկուեցաւ արձանի ոտներին, որ երկաթից ու կաւից էին, եւ նորանց փշրեց։ Այն ժամանակ փշրուեցան միասին երկաթը, կաւը, պղինձը, արծաթը եւ ոսկին, եւ ամառուայ կալերի մղեղին պէս եղան, եւ քամին տարաւ նորանց, եւ բնաւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար. Բայց այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղաւ եւ լցրեց բոլոր երկիրը»,- գրել է Դանիելը։

Ի՞նչ է քարը: Մատթեոսի Ավետարանում (16:18) մեր Տեր Հիսուս Քրիստոսը բացահայտում է քարի փոխաբերական իմաստը. «Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դարպասները չեն հաղթահարի այն»։ Այսինքն՝ քար ասելով Դանիել մարգարեն նկատի ունի Աստծո եկեղեցին, իսկ լեռ ասելով՝ Արարատը, որի ինքնանունը հայերենից թարգմանաբար նշանակում է «Արարչագործություն»:

Արարատյան թագավորությունը, որը ստեղծվել է Հայկ Նահապետի կողմից չորս գետերի (Տիգրիս, Եփրատ, Կուր և Արաքս) սահմաններում, կենտրոնացել է Եդեմի պարտեզում [որը գտնվում էր Մուշի և Սասունի շրջանում], միակ և կենդանի Արարիչ Աստծո եկեղեցի է։ Ուստի մարդկային ցեղի կյանքը արարվեց Արարատի ստորոտին, ուր համընդհանուր Ջրհեղեղից հետո հանգրվանեց Նոյի տապանը։ Դրան հաջորդում է երրորդ իրադարձությունը, որը փոխում է պատմության ընթացքը՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը, նրա ուսմունքի ձևավորումը և Հայաստանի կողմից մեր Տիրոջ հավատքի ընդունումը որպես պետական կրոն: Այսպիսով, Արարատյան Թագավորությունը միավորում է մարդկության զարգացման երեք հիմնական դարաշրջանները։

Ի դեպ, Դանիել մարգարեն տալիս է իր մեկնաբանությունը հասկանալու բանալիները․ «Դու [Բաբելոնի թագավոր. - Հեղ.] ես նորա այն ոսկի գլուխը։ Եւ քեզանից յետոյ վեր է կենալու մի ուրիշ թագաւորութիւն և քեզանից ցած. Եւ մի ուրիշ երրորդ թագաւորութիւն պղնձից, որ կ’տիրէ բոլոր երկրին։  Եւ չորրորդ թագաւորութիւնը պինդ կ’լինի երկաթի նման. Ըստ որում երկաթը փշրում եւ ջարդում է ամեն բան, եւ սա էլ այս ամենը կոտրատող երկաթին նման կ’փշրէ եւ կ’կոտրատէ։  Եւ որ տեսար ոտները եւ մատերը՝ մի մասը բրուտի կաւից, եւ մի մասը երկաթից, դա մի բաժանուած թագաւորութիւն է լինելու, եւ երկաթի պնդութիւնիցն է ունենալու, որովհետեւ տեսար երկաթը տղմուտ կաւի հետ խառնուած։ Եւ ոտների մատերը՝ մի մասը երկաթից, մի մասը կաւից՝ սա է, թէ այն թագաւորութիւնը մասամբ պինդ է լինելու, եւ մէկ մասը դիւրաբեկ է լինելու»։

Գրի մեկնաբանները միակարծիք են, որ եթե Բաբելոնը ոսկե Թագավորություն է, ապա արծաթի թագավորությունը, ժամանակագրության տեսանկյունից, Պարսկական կայսրությունն է, պղնձի թագավորությունը՝ Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունը, իսկ երկաթի թագավորությունը՝ Հռոմը։

Դանիելի միջոցով Տերը մարգարեություն է տվել, որի վերջին մասն իրականացվում է մեր օրերում․ «Եւ այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ.  նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. Իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս։ Որովհետեւ դու տեսար որ սարիցը մի քար կտրուեցաւ առանց ձեռքի, եւ նա փշրեց երկաթը, պղինձը, կաւը, արծաթը եւ ոսկին»։

Բոլոր թագավորություններից ո՞րն է հավերժ կանգնած՝ պայքարելով ներկայիս և անցյալի կայսրությունների դեմ: Հայաստանն այն քարն է, որի վրա ջարդվում են անցյալի և ներկայի բոլոր կայսրությունները։ Իսկ լեռը, որից քարը պոկվեց, Արարատն է։

Հայաստանը բաժանված է եղել արտաքին ուժերի կողմից և մինչ օրս մնում է բաժանված՝ սկսած 387թ. Սասանյան Իրանի և Բյուզանդիայի միջև բաժանումից: Բայց հայերը, ի տարբերություն, օրինակ, իսրայելցիների, երբեք չեն կորցրել իրենց հայրենիքը, երբեք այն ամբողջությամբ չեն լքել՝ դրա տերը մնալով ընդհուպ մինչև Ցեղասպանություն։ Եվ նույնիսկ զանգվածային կոտորածը չկարողացավ հայ ժողովրդին զրկել Արարչագործության լեռան հետ կապից։ 1921 թվականին Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև բաժանված հայկական պետականությունը համառորեն երկրի երես է դուրս գալիս , ինչպես մի ծառ, որը պարբերաբար կտրվում է բարբարոսների կողմից, բայց իր արմատների շնորհիվ վերածնվում է կրկին ու կրկին: Բարբարոսները կտրում են մեր «Հայաստան» կոչվող ծառի ճյուղերն ու նույնիսկ բունը, բայց նրանց չի հաջողվում արմատախիլ անել այն, քանի որ այդ արմատները Արարչի կողմից դրվել են ի շահ մարդկային ցեղի:

Հայաստանի վերածննդի գործում առանձնահատուկ դեր ունի Արևելյան Հայաստանի մայրաքաղաք Երևանը: Քաղաքի ինքնանվանումը իր մեջ պահում է նրա նպատակը. Երևան նշանակում է «երևալ, դրսևորել» [երևանալ]։ Խոսքը վերաբերվում է Աստծո դրսևորմանը: Հետևաբար, քաղաքի խորհրդանիշը առյուծն է, որը ներկայացնում է Արարչի հավերժական հաղթանակը:

 XXI դարում Արարատյան Թագավորության վերակերտումը, «որը հավիտյան չի կործանվի» և «չի հանձնվի այլ ժողովրդի», հենց Հայկական հարցի լուծումն է հանդիսանում: XIX–XX դարերի սահմանագծին թուրք ֆաշիստները նպատակասլաց կերպով բնաջնջեցին հայ ժողովրդին, որպեսզի կանխեն Հայաստանի վերածնունդն իր բիբլիական սահմաններում՝ Մեծ Հայքն անվանելով Թուրանի վրա կառուցվող «տապանաքար»: Հայաստանի զավթիչները գիտեն նրա առաքելությունը։ Այդ իսկ պատճառով արդեն մեր օրերում՝ 2020 թվականից սկսած, Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները ձեռնամուխ են եղել Արցախում և Սյունիքում հայկական հողերի բաժանմանը, որպեսզի իրենց ենթարկեն միասնական Աստված-Արարչի եկեղեցու դարպասները։ Իմպերիալիստների նպատակը մնում է անփոփոխ. Հայաստանի հպատակեցման և ոչնչացման միջոցով նրանք փորձում են հետաձգել Դանիելի «երկաթը ջարդող քարի» մարգարեության իրականացումը։ Քանի որ Կոստանդնուպոլիսը և Մոսկվան Երկրորդ Հռոմի և Երրորդ Հռոմի մայրաքաղաքներն են, և Հռոմն ինքնին «երկաթի թագավորություն» է, որին վիճակված է անկում ապրել Ժամանակների վերջում:

Եթե Թուրքիան երկրորդ Հռոմն է, իսկ Ռուսաստանը՝ երրորդ Հռոմը, ապա դժվար չէ կռահել, թե որտեղ է գտնվում Առաջին Հռոմը։ Խոսքը ժամանակակից Իտալիայի մայրաքաղաքի մասին է, որը մարմնավորում է Եվրամիությունը՝ Հին Հռոմի և գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության ժառանգորդը։ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը, ռուս-ուկրաինական զինված հակամարտությունը և փետրվարյան երկրաշարժը Թուրքիայում [2023թ․] սկիզբ դրեցին Առաջին Հռոմի, Երկրորդ Հռոմի և Երրորդ Հռոմի անկմանը:

Հայ ժողովուրդը Հռոմի հետ հարատև պատերազմ է մղում Տիգրան Բ Մեծ արքայի ժամանակներից (Ք.ա. 140-55 թթ.)՝ արդեն ավելի քան երկու հազար տարի։ Այս իմաստով Մեծ Հայքի կողմից քրիստոնեության ընդունումը պայքարի շարունակությունն էր [արդեն գաղափարական հարթության մեջ], ինչին ի պատասխան հեթանոսական Հռոմը Հայքի ժառանգներին հայտարարեց կրոնական պատերազմ։ Բայց նույնիսկ Բյուզանդիայի քրիստոնեացումից հետո հռոմեացիները ամեն հարմար առիթի դեպքում Հայաստանը կիսում էին մեկ այլ տերության հետ, քանի որ նրանց առաջնորդում էր իմպերիալիզմի գաղափարը՝ մի ժողովրդի գերակայությունը մյուսի նկատմամբ, այլ ոչ թե Հիսուս Քրիստոսի պատվիրանները, ով խաչվեց Հռոմի փոխարքա Պիղատոսի համաձայնությամբ։ Այնուհետև Բյուզանդիային փոխարինեց Օսմանյան կայսրությունը, որն իրեն համարում էր մահմեդական Հռոմ [սուլթանն իրեն անվանում էր Հռոմի կայսր՝ «Կայսեր-ի-Ռում»] ՝ շարունակելով ինչպես հռոմեացի հույների, այնպես էլ արաբական խալիֆայության ավանդույթները։ Եվ ամեն անգամ Հայկի հետնորդները կռվում էին նրանց դեմ, ովքեր իրենց համարում էին Հռոմեական կայսրության հետնորդներ։

Հայաստանի Առաջին Հանրապետության ճակատագիրը դրա վառ օրինակն է. երկրորդ Հռոմը և երրորդ Հռոմը միավորվեցին ընդդեմ հայերի, որոնք փորձեցին վերականգնել Արարատյան Թագավորությունը կայսրությունների փլատակների վրա: Լինելով Սուրբ Գրքի գիտակ՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը հասկանում էր Հայաստանի ճակատագիրը Ժամանակների վերջում։ Ուստի իր արբիտրաժում ամերիկյան առաջնորդը Մեծ Հայքը մոտեցրեց նրա աստվածաշնչյան սահմաններին՝ ի հեճուկս Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի։ Ճիշտ է, միայն թղթի վրա։ Քանի որ Առաջին աշխարհամարտը սկսեց ապագաղութացումը, ժողովուրդների ազատագրման պատմական գործընթացը, որը ձգձգվեց մինչև երեք գործողություն [Երկրորդ աշխարհամարտը երկրորդ գործողությունն է, իսկ երրորդ գործողությունը՝ Երրորդ աշխարհամարտն է, որը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին], որը պետք է ավարտվի մեր օրերում՝ «երկաթի դարաշրջանի» հետ միասին:

Ո՞րն է հայ ժողովրդի դերը։ «Հայ ծնվելը պատիվ էր, ապրելը՝ պայքար, իսկ մեռնելը՝ հաղթանակ»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն: Ինչո՞ւ է այդպես:

Որովհետև աշխարհի ազատագրումը պետք է սկսվի Հայաստանի ազատագրումից։ Որովհետև իսկական հայը նա է, ում համար ընդհանուրն ավելի կարևոր է, քան մասնավորը, քանի որ ծառի բունն ավելի կարևոր է, քան ճյուղերը: Ծառը կարող է շատ ճյուղեր ունենալ, բայց կա միայն մեկ բուն: Ուստի հայի համար Հայրենիքի ազատությունն ու նրա ինքնարժեքը միշտ պետք է վեր կանգնեն ցանկացած մասնավոր շահերից։

Հայաստանը միակ ժառանգորդն է Արարատյան թագավորության, Մեծ Հայքի և նրա բոլոր 15 նահանգների՝ Բարձր Հայք (Կարինի Երկիր), Տայք (հետագայում Ախըլցխա), Գուգարք (գտնվում է Կուրի վերին հոսանքներում), Ուտիք, Չորրորդ Հայք (կամ Սոֆենա), Տուրուբերան (գտնվում է Վանա լճի արևմուտքում, նահանգն ավելի հայտնի է իր Տարոն գավառով), Այրարատ (Հայաստանի սիրտ), Վասպուրական (Մեծ Հայքի հարավ), Սյունիք (այլ կերպ ասած՝ Սիսական), Արցախ, Փայտական (ներառում է Շիրվանը, որը հայերի մոտ կոչվում էր Խորին Հայք), Աղձնիք (Սասունից հարավ գտնվող նահանգ), Մոկք, Կորճայք (կամ Քուրդ-Հայք, նահանգը գտնվում էր Վանա լճից հարավ) և Պարսկահայք։ Բոլոր գրավյալ նահանգները պետք է վերադառնան Մեծ Հայքի ծոցը։ Արցախի և Սյունիքի ազատագրումը անքակտելիորեն կապված է Ուտիքի, Նախիջևանի, Այրարատի և ժամանակավորապես օկուպացված հայկական այլ հողերի ազատագրման հետ:

Հայ ժողովրդի թշնամիների համար Հայկական հարցի լուծումը նշանակում է նրանց գաղութային իշխանության և արտոնությունների վերացում: Իսկ հենց հայերի համար Հայկական հարցի լուծումը Հայկական երազանքի դրույթների իրականացումն է, որը ենթադրում է Աստծո հետ Ուխտի վերականգնում։

Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Հայերը երազում են Արարատյան Թագավորության վերածննդի մասին, իսկ Տերը երազում է, որ հայերը կատարեն Իր պատվիրանները: Հետևաբար, հայերը պետք է կատարեն Արարչի պատվիրանները, որպեսզի կրկին տեր կանգնեն Մեծ Հայքի բոլոր նահանգներին: Եվ այդ ժամանակ կաշխատի ֆիզիկայի համընդհանուր օրենքը, որին մենք բախվում ենք, օրինակ, սովորական մարտկոցների գործունեության մեջ. Արարիչը ներկայացնում է երկինքը, այսինքն՝ պլյուսը, իսկ երկիրը՝ մինուսը: Իսկ որտե՞ղ է գտնվում մարդը: Նա գտնվում է երկնքի և երկրի միջև ընկած տարածության մեջ: Ինչպես հայտնի է, հոսանքը դրական բևեռից անցնում է բացասականին, եթե մարտկոցին միացված է բեռնվածություն կամ էլեկտրական շղթա։ Մեր դեպքում «բեռնվածությունը» հենց մարդն է։ Ուստի հայ ժողովուրդը կապող օղակ է Աստծո և Արարատյան Թագավորության միջև։ Իսկ եթե հայերին հանենք շղթայից, ապա էկոհամակարգը քանդվում է այնպես, ինչպես պլյուս և մինուս մետաղալարերի հասարակ միացումը անխուսափելիորեն հանգեցնում է կարճ միացման։

Վերջին հարյուրամյակների ընթացքում հայերը սիրել են աշխարհը, հորինել ու արարել հանուն դրա, եղել ու մնում են օրհնություն այլ ազգերի համար: Բայց հիմա հայերը պետք է սիրեն իրենց և իրենց Հայրենիքը։ Հայերը պետք է օրհնություն դառնան իրենք իրենց համար։ Իսկ դա նշանակում է, որ ժամանակն է վերակենդանացնել սեփական երկիրը։ Հայաստանում արդար հասարակական-տնտեսական կառուցվածք ձևավորելը բխում է բազմակրոն հայ ժողովրդի մեծամասնության շահերից։

Հայաստանն ու հայ ժողովուրդն այս աշխարհի հայելին են։ Հայաստանն ունի երկունքի նույն վնասվածքները, ինչ աշխարհը։ Իր հերթին աշխարհն ունի երկունքի նույն վնասվածքները, ինչ Հայաստանը։ Արարատյան թագավորությունը բաժանված է ճիշտ այն չափով, որով բաժանված է մնացած աշխարհը։ Ուստի հայի հաղթանակն իր արատների նկատմամբ ոչ միայն Հայաստանի, այլև մնացած աշխարհի վերածննդի բանալին է:

Ժամանակն է, որ հայը փոխվի, և այդ ժամանակ կսկսեն փոխվել իրադարձություններն ու շրջապատող ժողովուրդները։ Բայց նախ պետք է ձերբազատվենք այն սիմվոլներից ու պատկերներից, որոնք նեյրոլեզվաբանական ծրագրավորման միջոցով ավելի քան երեք տասնամյակ ժողովրդի ենթագիտակցության մեջ ներդնում են արտաքին կառավարման, արցունքների, տառապանքի ու մահվան «անխուսափելիության» մասին ստահոդ նարատիվներ:

Ես նկատի ունեմ Հայաստանի զինանշանը և օրհներգը։ Սկսենք զինանշանից, որի վրա առյուծն ու արծիվը պատկերված են կապանքներով։ Դա անհեթեթություն է։ Ինչպե՞ս կարելի էր կապել այս արքայական ստեղծագործությունները:

Առյուծը կանգնած է ոչ թե չորս թաթերի վրա, ինչպես վայել է տիրոջը, այլ երկու թաթերի վրա՝ կրկեսի կենդանու նման: Արծիվն ու առյուծը նեղացած նայում են տարբեր ուղղություններով, ինչը նշանակում է Հայաստանի բաժանում Արևմուտքի և Արևելքի միջև։ Այսինքն՝ զինանշանը մեր գիտակցությունը դատապարտում է բուֆերային պետության մտածողությանը, որն իրականացնում է այլ պետությունների երազանքները, բայց մոռացել է Հայկական երազանքի մասին։ Ավելին, արծվի և առյուծի բերանները փակ են. նրանց վերագրել են ստրկական հնազանդություն, որը բնորոշ չէ ո՛չ առյուծին, ո՛չ արծվին։ Ուշադրություն դարձրեք վահանի վրա, որը ներքևից սուր է ծակում, ասես կտրելով մեջտեղում գտնվող Արարատը և հայկական թագավորական տոհմերի զինանշանները: Նայեք արծվի և առյուծի այս թշվառ, հազիվ նկատելի ճանկերին, ինչպես նաև առյուծի կծկված պոչին՝ անզորության և մշտական վախի զգացում: Նման զինանշանով ժողովուրդը դատապարտված է հավերժական կախվածության ուժի արտաքին կենտրոններից։ Վաղուց ժամանակն է փոխել այն։

Հայերի համար ոգեշնչող օրինակ կարող է լինել Էրեբունու հիմնադիր Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ի (Ք.ա. 786-764թթ.) զինանշանը, որի վրա երկու հպարտ առյուծներ են ուղղված միմյանց: Նրանք չեն կանգնում հետևի ոտքերի վրա, այլ տիրաբար չորս թաթերի վրա քայլում են գետնով՝ սպասելով արքայական որսին՝ ցույց տալով իրենց ժանիքներն ու հզոր ճանկերը: Բայց ամենակարևորը՝ կենտրոնում երկու առյուծների միջև կա մի շրջան, որի ներսում կա ութ կապույտ ծաղկաթերթ և ութ մուգ կարմիր ծաղկաթերթ: Շրջանը տեղադրված է շեղանկյան մեջ, որը շրջապատում են փոքր կոմպոզիցիաները ամբողջ պարագծի շուրջ, մեջտեղում մի կետ է և դրա շուրջ ութ ծաղկաթերթ: Ութ թիվը կրկնող այս կոմպոզիցիան խորհրդանշում է արևը և հավերժական կյանքը, քանի որ ութը նշանակում է անսահմանություն: Արգիշտիի առյուծները նայում են դեպի հավերժություն, նրանք օգնության ակնկալիքով չեն նայում շուրջը, այլ զբաղված են իրենց կոչումով՝ Հավերժական [Արարատյան] թագավորության պահպանությամբ, որտեղ Տերը ստեղծել է առաջին մարդուն՝ Ադամին:

Մի՞թե կարելի է արվեստի այնպիսի գործը համեմատել Հայաստանի Հանրապետության տձև զինանշանի հետ, որի վրա անգամ չեն բարեհաճել խնամքով գծել Արարատը և թագավորական տոհմերի զինանշանները:

Ի՞նչ է նշանակում առյուծը: Հին Կտակարանում և Նոր Կտակարանում առյուծը խորհրդանշում է ինչպես Հայր Աստծուն, այնպես էլ Աստծո Որդուն: «Որովհետև այսպես ասաց ինձ Տերը. «Ինչպես որ առյուծը կամ կորյունը մռնչում է իր որսի համար, ու նրա դեմ հովիվների բազմություն է կանչվում, բայց նա չի ահաբեկվում նրանց աղաղակից ու չի խռովվում նրանց աղմուկից, այդպես էլ իջնելու է Զորությունների Տերը՝ պատերազմելու Սիոն լեռան և նրա բլրի համար»,- ասում է Եսայի մարգարեն [31: 4]: Հովհաննեսի հայտնության մեջ [5:5] առյուծ է կոչվում մեր Տեր Հիսուս Քրիստոսը. «Եվ երեցներից մեկն ասաց ինձ. լաց մի լինի, ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղիցն է՝ Դավթի Արմատը, որ գիրքը բանա և նրա յոթը կնիքները լուծի»։

Ստացվում է, որ Արգիշտի թագավորի զինանշանի երկու առյուծները, որոնք պատկերվել էին Հին Կտակարանից և առաջին քրիստոնյաների հայտնվելուց շատ առաջ, ամբողջությամբ արտացոլում էին Հայաստանի՝ որպես Աստծո եկեղեցու նպատակը, որը պահպանում է կյանքի ակունքները երկրի վրա: Ուրարտուում մարդիկ տիրապետում էին այդ գիտելիքներին։ Հակառակ դեպքում նման խորաթափանցությունը հնարավոր չէ բացատրել։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության օրհներգին, ապա այն հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ, քանի որ նրա խոսքերը մարդկանց գիտակցության մեջ ձևավորում են տառապանքի և մահվան պաշտամունք:

«Ամենայն տեղ մահը մի է

Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,

Բայց երանի՝ որ յուր ազգի

Ազատության կզոհվի»։

Եվ արցունենքեր, շա՜տ, անչա՜փ արցունքներ․

«Ահա եղբայր քեզ մի դրոշ,

Զոր իմ ձեռքով գործեցի

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի»։

Ինչո՞ւ չի կարելի դրոշը կապել ուրախության և երջանկության հետ: Որտե՞ղ է բազմաթիվ հաղթանակների ուրախությունը: Ո՞ւր են հիշատակումները այն քաջության ու արիության մասին, որով հայերը հազարամյակներ շարունակ պայքարում են իրենց հայրենիքի համար՝ վերապրելով Հին աշխարհի ու նոր ժամանակների բոլոր կայսրությունները: Ինչո՞ւ է երանելի միայն նա, ով զոհվում է: Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր ողջ են մնացել: Նրանք երանելի չե՞ն։

Օրհներգի տեքստում չկա հիշատակություն Աստծո և Նրա սիրո մասին։ Հայոց հաղթական ու հերոսական բանակի մասին հիշատակում չկա: Հիշատակում չկա հայության հոգևոր Առաքելության և մարդկության զարգացման գործում նրա ստեղծագործական ներդրման մասին: Հազար անգամ իրավացի է հայ զորավար Արարատ Ծատուրյանը, երբ ասում է, որ «Հայաստանը թաղման բյուրո կամ գերեզմանատուն չէ, այլ երկիր, որտեղ պետք է ապրել, երկիր, որտեղ ծնունդ է առել կյանքը երկրի վրա»։

Եկել է արմատական փոփոխությունների ժամանակը։ Հայ ժողովրդի ճակատագիրը Արարատյան թագավորության հաղթանակն ու վերածնունդն է, որն իր հաղթանակներով փառավորելու է Աստծուն և Նրա նախախնամությունը: Հայ ժողովրդի ճակատագիրը Հայկական երազանքն է, որը թույլ կտա հայերին ծառայել իրենք իրենց, այլ ոչ թե օտարներին։

Գլուխ 15. Սեր, կամք եւ արդարություն՝ Հայկական երազանքի երեք սյուները

Ժողովուրդն իր ինքնատիպությունը և պետականությունը պահպանում է ուղիղ այնքան ժամանակ, քանի դեռ երազել գիտի։ Ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ պատրաստ է ջանքեր գործադրել երազանքին հասնելու համար: Հայկական երազանք ասելով ես հասկանում եմ ոչ թե վերացական իմաստնություններ ու ցանկություններ, այլ ներառական գաղափար, որն իր մեջ կրում է հանրային բարիք և ենթադրում է ակտիվ գործողություններ՝ ամենօրյա աշխատանք հանուն ազգային ազատագրման: Երազանքը ազատագրական շարժման հաջողության գրավականն է, բայց միայն այն դեպքում, եթե մեզանից յուրաքանչյուրը հրաժարվի անձնական եսասիրությունից՝ հօգուտ ազգայինի եսասիրության: Յուրաքանչյուրի անձնական կամքը, ինչպես մետաղի կտորը, պետք է ձուլվի ժողովրդական կամքի մեջ, որը ճեղքելու է դեպի ազատություն տանող ճանապարհը:

Ուստի հայ փիլիսոփա Դավիթ Անհաղթը «Փիլիսոփայության սահմանումներ» տրակտատում գրել է, որ «ընդհանուրը նախորդում է մասնավորին». «Եթե ընդհանրապես ծառ գոյություն չունենար, ապա չէր լինի նաև առանձին ծառ, այսինքն՝ ընկուզենի կամ շիմշատ»: Անհաղթի թեզը Հայկական երազանքի բաղկացուցիչ տարրն է, որը սկզբունքային անալոգիայի է բերում. հայությունն այն ծառն է, որը խոր արմատներ ունի հողի մեջ: Ծառի բունը ներկայացնում է ընդհանուրը, իսկ նրա ճյուղերը՝ մասնավորը։

Ընդհանուրը կարող է գոյություն ունենալ առանց ճյուղերի, բայց ճյուղերը դատապարտված են մահվան առանց բնի, որի շնորհիվ ճյուղերը սնվում են գետնից: Եթե հայը մասնավորը վեր է դասում ընդհանուրից, ապա նա իր մտքերով արդեն ժխտում է հայկական ճակատագրին պատկանելը։ Այստեղ գործում է հետևյալ կապը. եթե դու հավատում ես հայկական ճակատագրին, ապա հասկանում ես Հայկական երազանքը։ Եթե դու հասկանում ես Հայկական երազանքը, ապա սկսում ես կառուցել արդար հայ հասարակություն՝ հենվելով պետության վրա, որը բխում է ժողովրդի, այլ ոչ թե օլիգարխների ու գաղութատիրական կուսակալների շահերից։

Այս իմաստով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից այբուբենի գյուտը կարելի է համարել սխրանք հանուն Հայոց երազանքի պահպանման, քանի որ իր արտաքին տեսքով հայոց գիրը կրել է ազատագրական և, հետևաբար, հակագաղութային բնույթ: V դարում ազգային այբուբենի հայտնվելուն նախորդած հազար տարիների ընթացքում հայերն իրենց պետական տարեգրությունները վարել են նախ խուռիերենով (Ուրարտուի ժամանակաշրջանում), ապա անցել պարսկերեն, արամեերեն և հունարեն լեզուների: Հատկանշական է, որ այբուբենի հեղինակը ոչ թե պարթև Գրիգոր Լուսավորիչն է, այլ հենց հայ գիտնականը։ Դրանով հայերը տարբերվում էին սլավոնական ժողովուրդներից, որոնց համար գիրը հորինել էին քրիստոնեության հույն քարոզիչներ Կիրիլն ու Մեթոդիոսը, ինչպես նաև տարբերվում էին գոթերից, որոնց գիր էր տվել Վուլֆիլան։

Լինելով տրինիտարիզմի, այսինքն՝ Երրորդության վարդապետության կողմնակից՝ Մաշտոցն այն բացատրում է Արեգակի և նրա երեք հատկությունների՝ լույսի, ջերմության և կրակի օրինակով․ «Եղե՞լ է երբևէ արեգակն առանց իր լույսի և ջերմության, կամ եղե՞լ է երբևէ հուրն առանց իր լույսի կամ տապի, կամ եղե՞լ է երբևէ (ջրի) աղբյուրն առանց իր բխման և խոնավության, կամ եղե՞լ է երբևէ հոգին առանց խոսքի և առանց մտքի։ Այսպես և չի եղել (երբևէ) Հայրն առանց իր Որդու և Սուրբ Հոգու»։ Ընդ որում, այս եռամիասնությունը հայ Լուսավորիչը տեսնում է ոչ միայն աստվածային բնության մեջ, այլև հենց մարդու մեջ, ով աշխարհը ճանաչում է տեսողական պատկերների (աչքերի), հնչյունների (ականջների) և հոտերի (հոտառության) միջոցով: «Բոլոր զգայարաններից ամենամաքուը, բարձրը և անաղարտը տեսողությունն է, ինչպես այդ սահմանված է Աստծուց․․․ Ամեն մի զգայարան հոգու համար կատարում է (միայն) իր համար սահմանված պաշտոնը, անկարող լինելով կատարել իր ընկերոջ գործը։ Այսպես, աչքը չի կարող լսել, ականջը՝ տեսնել, իսկ լեզուն՝ հոտոտել... Ամեն մեկը կապված է որոշակի գոյի հետ»,- պնդում է Մաշտոցը։

Նրա խոսքով՝ «Աստված աշխարհը ստեղծել է դպրոցի նման», որպեսզի մարդիկ կարողանան ինքնուրույն ճանաչել Նրա ստեղծածը։ Իսկ մարդը կարող է ճանաչել երեք զգայարանների շնորհիվ՝ տեսողություն, լսողություն և հոտառություն:

Վերացարկվելով տրինիտարիզմի կրոնական ակունքներից՝ Հայկական երազանքը հիմնվում է երեք սյուների վրա՝ Սեր, Կամք և Արդարություն: Ի՞նչ է սերը: Դա հանուն մերձավորի ինքնազոհության ունակությունն է՝ նրա հետ մի կտոր հաց կիսելը, նրա վրա ժամանակ և ուժ ծախսելը, անհրաժեշտության դեպքում՝ նրա համար սեփական կյանքը տալը։ Առանց սիրո, որը Երկիրն արարած սկզբնական էներգիան է, կամք չի լինի, իսկ առանց կամքի չի կարող լինել նաև արդարություն, քանի որ արդարությունը ստատիկ վիճակ չէ, այլ մշտական պայքար է չարի և մարդկային արատների դեմ: Եթե մարդը սիրում է, ապա նա օրհնություն է ստանում և կամք է ձեռք բերում արդար ապրելու համար [բառացիորեն՝ «ճշմարտությամբ»]: Իսկ ճշմարտությունը Աստված է, քանի որ Աստծուց դուրս ճշմարտություն չկա:

Ըստ Մաշտոցի՝ մարդկանց ստեղծելով՝ Աստված նրանց օժտել է «ինքնիշխանությամբ»՝ ազատ կամքով և ընտրության ազատությամբ, որը կարող է տանել դեպի բարին կամ չարը. Աստված մարդուն պարգևել է բանականություն և ազատ կամք, «որպեսզի նա իմանա, թե ինչպես խուսափել չարից և ընտրել բարին... իր ազատ կամքով»։ Հետևաբար, Հայկական երազանքը ազատ կամք է [լատ. liberum arbitrium], ուղղված դեպի ապագա, որը ժողովրդին տանում է դեպի լավը: Ինչպե՞ս տարբերել բարին չարից: Ըստ Մաշտոցի՝ բարին մի բան է, որը չի հակասում Աստծո կամքին և ուղղված չէ Աստծո դեմ։ Միևնույն ժամանակ, բարին շնորհում է մարդուն երանություն և փրկություն, իսկ «չարը, որը բխում է ազատ կամքից, հանգեցնում է յուրաքանչյուրի անհատական մահվան»:

Բարու և չարի միջև հավասարակշռություն պահպանելու համար հայ ժողովուրդը պետք է ստեղծի հատուկ մարմին, որն իր վերջնական վճիռը կկայացնի Հայաստանի կառավարության և խորհրդարանի բոլոր գործողությունների վերաբերյալ՝ Հայկական երազանքին դրանց համապատասխանության չափով: Ի՞նչ է դա: Գործնականում դա նշանակում է Փորձագետների խորհրդի ստեղծում, որտեղ 10 տարի ժամկետով համընդհանուր քվեարկությամբ կընդգրկվեն 23 ամենահեղինակավոր հայերը, որոնց Հայկական երազանքի պահպանման պայմանով կշնորհվի պաշտոնում անսահմանափակ վերընտրվելու իրավունք: Նրանք կարող են լինել ցանկացած մասնագիտության մարդիկ՝ անկախ իրենց ծննդյան վայրի և բնակության երկրի: Ընտրվելու դեպքում Խորհրդի անդամը, եթե բնակվում է Հայաստանից դուրս, պարտավորվում է մշտական բնակության տեղափոխվել Հայաստան:

Խորհրդի անդամի թեկնածության առաջադրման չափանիշը հայկական Հայրենիքի առջև ակնառու վաստակի առկայությունն է, որը ժողովրդին տանում է դեպի Հայկական երազանքի իրականացում: Խորհրդի անդամներն իրենց կազմից ընտրում են նախագահ՝ տասը տարի ժամկետով, ում խորհրդի կողմից ցանկացած որոշում ընդունելիս տրվում է որոշիչ ձայնի իրավունք: Նա նաև իրավունք ունի մերժել կամ չեղյալ հայտարարել Խորհրդի՝ ձայների մեծամասնությամբ ընդունված ցանկացած որոշում, եթե այն հակասում է Հայկական երազանքին:

Ես օտար նորամուծություն չեմ առաջարկում։ Փորձագետների խորհրդին նման խորհրդակցական ինստիտուտ հայ ժողովրդի մոտ գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից։ Այն կոչվել է Երեցների ժողով, որը բարձրագույն խորհրդակցական մարմին է եղել Արատտայի ժամանակներից՝ (Ք․ա․ XXVIII–XXVII դարեր)՝ այսպես են շումերական աղբյուրներում անվանել Արարատյան թագավորությունը։ Երեցների ժողովը հետագայում հիշատակվում է նաև Հայասա-Ազզի (Ք․ա․ XV–XIII դարեր) և Վանի թագավորություններում (Ք.ա. IX–VII դարեր): Պատահական չէ, որ մատենագիր Մովսես Խորենացին նկարագրել է մի իրավիճակ, երբ Հայկ Նահապետին հայտնել են Բաբելոնյան թագավոր Բելի՝ հայերի վրա սպասվող հարձակման մասին: Հայերի նախահայրը հավաքում է տոհմերի ղեկավարներին և նրանց դնում ընտրության առաջ. կա՛մ հայերը ենթարկվում են Բաբելոնյան զորքին, կա՛մ կռվում են մինչև հաղթական ավարտը: Ժողովուրդն ընտրում է իր թագավորության ազատությունը և իր երկրից վտարում զավթիչին։ Ի՞նչ կասեք նման օրինակի մասին։

Փորձագետների ապագա խորհուրդն իր աշխատանքում պարտավոր է առաջնորդվել սիրով, կամքով և արդարությամբ, այն սկզբունքներով, որոնք թույլ կտան վերածնել Մեծ Հայքը՝ Եփրատից մինչև Կուր սահմաններով: Մենք պետք է վերականգնենք հայոց պատմության կտավը, որը սկիզբ է առել Հայկից և նրա ստեղծած Արարատյան Թագավորությունից, այնուհետև շարունակվել Մեծ Հայքի և Հայաստանի Հանրապետության դրոշների ներքո: Բայց ինչպե՞ս:

Հայ ժողովուրդը, առաջնորդվելով Մեծ Հայքի բոլոր 15 նահանգների ժառանգների ազատ կամքով, պետք է հավաքվի Աշխարհաժողովի [Համահայկական ժողով], որպեսզի վերաստեղծի Հայաստանը և մերժի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ստրկացնող դրույթները, որոնք մեզ հեռացրին Հայկական երազանքից: Մենք ազգովի պարտավոր ենք պայքարել մեր հողերի ազատագրման համար այն բոլոր միջոցներով, որոնք ունենք և կունենանք:

Գլուխ 16. Աշխարհաժողով. Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի ժառանգորդների համահայկական ժողով

Աշխարհաժողովն Արևմտյան և Արևելյան Հայաստանի ժառանգների Համահայկական ժողովն է, հայկական ուղիղ ժողովրդավարության հնագույն ձևը։ Այն ժողովրդական ներկայացուցչության Գերագույն մարմինն է, որն ավանդաբար գումարվել է Մեծ Հայքի թագավորի և [Հայաստանի մկրտությունից հետո] Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։ Հազարամյակների ընթացքում, հատկապես ճգնաժամային ժամանակաշրջաններում, համահայկական ժողովն իր թևի տակ համախմբել է բոլոր դասերը՝ հաստատելու նոր օրենքներ և ազգաշինության ծրագրեր: Ի դեպ, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը նույնպես քննարկվել է Աշխարհաժողովում։ Նման նշանակալի առիթով Մեծ Հայքի թագավոր Տրդատ Գ-ն 301 թվականին հատուկ գիր է ուղարկել «երկրին, մարզերին, նախարարներին, զորքերին, գյուղացիներին և մյուսներին»։

Աշխարհաժողովն անցկացվում էր տարեկան կտրվածքով։ Աշխարհներ հայերը կոչում էին Մեծ Հայքի նահանգները՝ վարչատարածքային բաժանման ամենամեծ միավորները, որոնք կոչվում էին նաև նահանգներ։ Աշխարհներն իրենց հերթին բաժանվում էին գավառների։

Աշխարհաժողովը, որպես համաժողովրդական ներկայացուցչության ինստիտուտ, հայերի մոտ գործել է Արտաշեսյանների [մ.թ.ա. 190թ․-մ.թ.12թ.] և Արշակունիների [մ.թ. 52-428թ.] թագավորությունների օրոք։ Այսինքն՝ հայերը խորհրդարան ունեին Եվրոպայում առաջին խորհրդարանի գումարումից ավելի քան հազար տարի առաջ, որը Անգլիայում հայտնվեց միայն 1265 թվականին։

Պատմաբան Արտակ Մովսիսյանը հիշեցնում է, որ Աշխարհաժողովն իրավասու էր պատերազմ հայտարարել, պաշտոններից հեռացնել երկրի անարժան աշխարհիկ և հոգևոր առաջնորդներին, կազմակերպել կաթողիկոսի ընտրություններ, ինչպես նաև սահմանել համընդհանուր օրենքներ և կանոններ: Այսպես, մ.թ․ 16 թվականին Նպատ լեռան մոտ Աշխարհաժողով էր հրավիրվել՝ տապալելու հռոմեական դրածո Վոնոն Արշակունուն, ով գրավել էր Հայաստանի գահը։ Եվ ժողովի մասնակիցները հասան իրենց նպատակին:

Ի սկզբանե Աշխարհաժողովի տեղը եղել է Նպատ լեռան ստորոտը [Արարատի մարզ, Բագրևանդի գավառ], որի անվանումը, ըստ Նիկիֆոր վարդապետի (Բազանով) մեկնաբանության, սկիզբ է առել Նոյի երրորդ որդի Հաբեթից, որից սերում է Թորգոմը՝ Հայկի հայրը։ Հետագայում աշխարհաժողովներն անցկացվել են Վաղարշապատում, Շահապիվանում և այլ քաղաքներում։ Հայկական ժողովրդավարության պատմության մեջ իր ուրույն ներդրումն է ունեցել Պարտավ քաղաքը [արաբներն իրենց լեզվի հնչյունաբանության պատճառով Բարդա էին անվանում], որը գտնվում է Կուրի ձախ ափին, որտեղից 487-510 թվականներին Արցախը և Ուտիքը կառավարել է Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը։ Ի դեպ, Վաչագանի հրավիրած Աշխարհաժողովի ընտրությունների արդյունքում լույս աշխարհ եկավ հայոց պատմության մեջ առաջին Սահմանադրությունը («Սահմանադրական կանոնագիրք»), որը ստեղծվել էր ժամանակի նշանավոր մտածողների մասնակցությամբ, որոնք հենվել էին Ներսես Մեծ կաթողիկոսի (353-373թթ.) օրինաստեղծ ժառանգության վրա:

Հատկանշական է, որ հայկական Սահմանադրությունն առաջ է անցել Հուստինիանոսի օրենսգրքից, որը ձևավորվել է 529-534 թվականներին բյուզանդական կայսեր հովանու ներքո՝ հետագայում դնելով քաղաքացիական իրավունքի հիմքը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս: Պատմիչ Մովսես Կաղանկատվացու վկայությամբ՝ Հայոց առաջին օրենքները Վաչագանը հաստատել է 488 թվականին Աղվենի թագավորական ամառային նստավայրում՝ «բազմամարդ ժողովում», որտեղ մասնակցել են բոլոր դասերի ներկայացուցիչները։ Բացի աշխարհիկ իշխանություններից և հոգևորականներից, այնտեղ ներկա էին «Արցախի ազատ մարդիկ և հայրապետներ և շատ ուրիշներ»։

«Բազմամարդ ժողովների» ինստիտուտն ապահովում էր ազգային խնդիրների ներառական լուծումը, քանի որ դրանցում ներկայացված էին Մեծ Հայքի բոլոր դասերը՝ ազնվականությունից մինչև գյուղացիություն։ Մասնակիցները ընդունված փաստաթղթի տակ դնում էին իրենց կնիքները և դրանով իսկ ստանձնում դրա կատարման պարտավորությունները: Սա էր հանրային գլխավոր ապահովիչներից մեկը, որը իշխաններին հետ էր պահում հակաժողովրդական որոշումներ կայացնելուց և թույլ չէր տալիս օտար իշխաններին օտար երազանք պարտադրել հայերին։

Աշխարհաժողովին հիմնավորված գնահատական է տալիս Պատմաբան Կիմ Ղահրամանյանը՝ այն անվանելով «հայ ժողովրդի ինքնակազմակերպման արմատային կարողություն»․ «XIX–XX դարերի ընթացքում թուրքական և ռուսական իշխանություններն աստիճանաբար արմատախիլ արեցին համաժողովրդական աշխարհաժողովների գումարման ավանդույթը. ոչնչացվեց հայկական ինքնության բուն կարևորագույն գործոնը, որն ապահովում էր էթնոսի կենսունակությունը, բայց այն, այնուամենայնիվ, պահպանվեց առանձին համայնքների շրջանակներում։ Գյուղերում կար հասարակական որոշումների ընդունման կարգ, ինչպես նաև հատուկ տեղեր հատկացվեցին Ժողովրդական ժողովների համար, ինչը կարևոր դեր խաղաց XX դարի առաջին տասնամյակներում ինքնապաշտպանության կազմակերպման գործում։ Արցախում համաժողովրդական ժողովի ավանդույթն ավելի երկար է պահպանվել և համեմատաբար ավելի ամուր է եղել, և որոշումների կայացման նման մեխանիզմի կիրառումը տվել է անհերքելի դրական արդյունքներ ինչպես 1918-1923 թվականներին, այնպես էլ 1988 թվականին... Այսօր առավել քան երբևէ հրատապ անհրաժեշտություն է դարձել վերականգնել մեր ազգային հնադարյան որակները և, մասնավորապես, վերականգնել աշխարհաժողովների ավանդույթները, ինչը թույլ կտա համախմբել ազգային ողջ ներուժը և ծառայեցնել այն համաժողովրդական նպատակներին»։

Իրանական, ռուսական և սովետական իշխանության ժամանակաշրջանում աշխարհաժողովների ինստիտուտը արգելված էր: Գաղութարարներն այն գիտակցաբար ջնջեցին հայ հասարակական-քաղաքական կյանքից, քանի որ ժողովրդի ինքնակազմակերպման մեջ ուղղակի սպառնալիք էին տեսնում։ Չէ՞ որ հայերի ինքնակազմակերպումը զավթիչների գլխավոր թշնամին է։ Ոչնչացնելով ժողովրդավարական հարթակը՝ զավթիչները հայերին զրկեցին իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու հնարավորությունից։

1991 թվականին «անկախացումից» հետո հայկական իշխանությունները ոչ մի Աշխարհաժողով չեն հրավիրել, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխող դասակարգն իր երկիրը դիտարկում էր ոչ թե որպես ինքնիշխան կազմավորում, այլ որպես «ռուսական նահանգներից» մեկը, որտեղ օդային սահմանները, հատուկ ծառայությունները և «պետական սահմանները» վերահսկվում են Ռուսաստանի ԱԱԾ ուժերի կողմից։ Եվ այդ գաղութային կախվածությունը Կրեմլից քողարկվում էր Սահմանադրության բազմաթիվ փոփոխություններով և բուտաֆորիկ «ռազմական դաշինքներով», որոնք ձեռնտու էին հայ ժողովրդի թշնամիներին։ Հայաստանի իշխող դասը հրաժարվեց Համահայկական ժողովից իշխանությունը տասնամյակներ շարունակ յուրացնելու համար, և դրանով իսկ լիովին սպառեց իրեն։ Իշխող դասը չի ուզում, չի կարող և չգիտի, թե ինչպես երկիրը դուրս բերել համակարգային ճգնաժամից։

Ուստի Սփյուռքն ու ողջախոհ մարդիկ Հայաստանում չպետք է ձեռքերը ծալած նստեն։ Ընդհակառակը, նրանք պետք է պատրաստեն ապագա Աշխարհաժողովը, նրա համար ամբողջ աշխարհից ընտրեն ազնիվ և պարկեշտ մարդկանց, որպեսզի համայն հայության ջանքերով համակարգային ճգնաժամի հաղթահարման լեգիտիմ ծրագիր մշակեն։

XXI դարում հայկական երազանքը կայանում է նրանում, որ վերածնվի Մեծ Հայքը նոր ներառական սկզբունքների վրա, այն Մեծ Հայքը, որը հենվելու է հայ ժողովրդի մեծամասնության, այլ ոչ թե տարբեր արտաքին ուժերի շահերի վրա: Ինչի՞ց է պետք սկսել:

Պետք է սկսել Արևելյան և Արևմտյան Հայաստանի ժառանգների համահայկական ժողովից։ Այսինքն պատվիրակներ պետք է հավաքել Մեծ Հայքի բոլոր տասնհինգ նահանգների ներկայացուցիչներից։ Արևմտյան և Արևելյան Հայաստանի ժառանգները պետք է հավաքվեն Երևանում՝ համահայկական ամենամյա ժողովին, որպեսզի վերագտնեն հայկական պետությունը: Աշխարհաժողովի պատվիրակներին պետք է ընտրել հինգ տարի ժամկետով՝ ուղիղ գաղտնի քվեարկությամբ, որը պետք է կազմակերպվի Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում՝ Արցախում, ինչպես նաև ամբողջ աշխարհում Հայաստանի արտասահմանյան ներկայացուցչություններում և դեսպանատներում: Կախված հայերի թվից՝ Սփյուռքի յուրաքանչյուր երկիր կունենա իր քվեները Աշխարհաժողովում տեղերի քանակի համար. ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Իրանում կամ այլ երկրներում բնակվող յուրաքանչյուր 40 հազար հայ իրավունք կստանա իր տարածաշրջանային համայնքից ընտրել համահայկական ժողովի մեկ պատվիրակ:

Ընդ որում, պատվիրակ ընտրող համայնքը նրան հետ կանչելու իրավունքով օժտված կլինի այն դեպքում, եթե պատվիրակը խախտել է Հայաստանի օրենքները կամ Հայկական երազանքի սկզբունքները: Բայց ո՞վ է վերահսկելու Հայկական երազանքի սկզբունքների պահպանումը։

Վերահսկողական գործառույթները վերապահվելու են Փորձագետների խորհրդին (դրա մասին խոսվում է նախորդ գլխում)՝ ազգի հոգևոր առանցքին, որն իրավունք կստանա առաջադրելու Համահայկական ժողովի նախագահի թեկնածությունը և ընտրելու նրան հինգ տարի ժամկետով:

Աշխարհաժողովում ըստ երկրի բաժանում չի լինի։ Աշխարհաժողովը բաղկացած է տասնհինգ խմբակցություններից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է Մեծ Հայքի տասնհինգ նահանգներից մեկը։ Յուրաքանչյուր հայ գիտի իր արմատները, գիտի, թե որ նահանգից են գալիս իր պապերն ու նախապապերը։ Օրինակ՝ աշխարհի տարբեր երկրներում բնակվող Մուշից, Կարսից, Կարինից կամ Սյունիքից եկած հայերը, Աշխարհաժողով ընտրված լինելով, Համահայկական ժողովում ներկայացնելու են ոչ թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը կամ Բրազիլիան, այլ հենց այն խմբակցությունը, այն նահանգը, որտեղից իրենք են: Այսինքն՝ Մուշը, Կարսը, Կարինը կամ, օրինակ, Սյունիքը։

Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Աշխարհաժողովը կոչված է հավաքելու Մեծ Հայքի բոլոր արժանի ժառանգներին, որպեսզի արդեն նրանց վրա հենվելով՝ վերածնի Հայաստանը Եփրատից մինչև Կուր ընկած սահմաններում։ Այդ ժամանակ հայկական գենոֆոնդն ու ստեղծագործ ուժը, որոնք շարունակաբար փոշիանում են մոլորակի վրա 387 թվականի Հայաստանի բաժանումից ի վեր, կհավաքվեն Աշխարհաժողովի միասնական հարթակում։ IV դարի վերջից ի վեր առաջին անգամ Մեծ Հայքի բոլոր տասնհինգ նահանգներից հայերը կհավաքվեն իրենց հայրենիքի վերածննդի և նրա հողերի վերամիավորման գաղափարի շուրջ:

Նման բան ժամանակին արել են Եվրախորհրդարանի ստեղծողները, որոնք ԵՄ բոլոր երկրների ներկայացուցիչներին բաժանել են ութ խմբակցությունների։ Եթե նրանք կարողացել են, հայերն էլ կկարողանան։ Առավել ևս, որ մենք ունենք պատմական և գենետիկական փորձ. աշխարհաժողովները դարեր շարունակ հավաքվել են Մեծ Հայքի տասնհինգ նահանգներին պատկանելու հիման վրա։ Ի տարբերություն Եվրախորհրդարանի պատգամավորների՝ Աշխարհաժողովի պատվիրակներին կարգելվի ներկայացնել ցանկացած կուսակցություն և հասարակական կազմակերպություն։ Այսուհետ հայը կունենա միայն մեկ «կուսակցություն»՝ նրա անբաժանելի հայրենիքը, որին վիճակված է Ժամանակի վերջում ազատություն ձեռք բերել:

Նոր Սահմանադրության համաձայն, որը պետք է մշակվի Հայկական երազանքի սկզբունքների հիման վրա, Հայաստանի կառավարությունը Աշարհաժողովի հետ կհամաձայնեցնի ազգային զարգացման հնգամյա ծրագրերը: Նախարարների կաբինետը կատարած աշխատանքների մասին տարեկան կտրվածքով հաշվետու է լինելու Համահայկական ժողովին, որտեղ իրավահավասար սկզբունքներով ընդգրկվելու են Հայաստանի, Արցախի և ամբողջ Սփյուռքի ներկայացուցիչները: Աշխարհաժողովը և՛ վերահսկող, և՛ գործադիր մարմին է։ Բացի իրավունքներից, ժողովի անդամները Հայաստանի առջև ունեն նաև պարտականություններ՝ կապված բնակության երկրներում Հայաստանի շահերի առաջխաղացման հետ:

Պարտականությունները կներառեն հետևյալը կետերը՝

  • Օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններում հայ ժողովրդի շահերին համապատասխանող նախաձեռնությունների լոբբինգ, աջակցություն Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում այն երկրում, որտեղից ընտրվել է Աշխարհաժողովի պատվիրակը:

  • Դեպի Հայաստան ներդրումների ներգրավում, Համահայկական բանկի պահուստների համալրում, որը պետք է ստեղծվի Աշխարհաժողովի հովանու ներքո՝ արտաքին աշխարհի հետ Հայաստանի ֆինանսական հարաբերությունների համակարգման և թափանցիկության համար:

  • Համահայկական զինվորական ծառայություն՝ աշխարհասփյուռ հայության մասնակցություն Հայաստանի սահմանների պաշտպանությանը և հայկական բոլոր տասնհինգ նահանգների ազատագրմանը:

Այս պարտականությունները համաշխարհային հայության ջանքերը կդարձնեն համակարգային և սինխրոն։ Քանի որ այն մարդիկ, ովքեր պատվիրակվելու են Աշարհաժողով, ամենամյա նիստից հետո վերադառնալով իրենց բնակության երկրներ, կզբաղվեն իրենց պարտականությունների իրականացմամբ։ Իսկ արդեն տարեկան աշխատանքի արդյունքներով նրանք զեկուցումներով հանդես կգան Համահայկական ժողովի առջև։ Այսինքն՝ անձնական և հրապարակային պատասխանատվություն կկրեն կատարված աշխատանքի համար։

Ստացվում է սիմբիոզ և փոխլրացում. Հայաստանի կառավարությունը հաշվետու է լինելու Համահայկական ժողովին՝ երկրի զարգացման հնգամյա ծրագրի իր մասի իրականացման համար, իսկ Համահայկական ժողովի պատվիրակները՝ ծրագրի իրենց մասի իրականացման համար:

Աշխարհաժողովը մի շփոթեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ, որտեղ ընտրվում են միայն նախկին Հայկական ԽՍՀ տարածքը ներկայացնող պատգամավորներ: 2023 թվականի դրությամբ Ազգային ժողովը չի ներկայացնում ո՛չ Արցախը, որտեղ արցախցիներին արգելված է ընտրվել, ո՛չ էլ բուն Սփյուռքը:

Ավելին, 2023 թվականի ամռան դրությամբ արցախցիները զրկված են Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքից, թեև պաշտոնապես նրա քաղաքացիներն են։ Հայաստանի իշխող դասը արցախահայությանը վերածեց իրավազուրկ ռեզերվացիայի՝ մերժելով Միացումը [Վերամիավորումը]։ Իսկ Սփյուռքը, որն առաջացել է Հայոց ցեղասպանության, ԽՍՀՄ փլուզման և Հայաստանում ավազակապետական կապիտալիզմի արդյունքում, իշխող դասակարգն ընդհանրապես դարձրել է իրավազուրկ դրամապանակ, որը պետք է միայն վճարի, բայց իրավունք չունի իշխանությանը հարցեր ուղղել անգործության, սխալների և դավաճանության համար։ Ակնհայտ է, որ Ազգային ժողովն իր ներկայիս տեսքով չունի համաժողովրդական մանդատ՝ լուծելու Արցախյան խնդիրը, որը Հայկական Հարցի մաս է կազմում:

Աշխարհաժողովը ինստիտուտ է, որը կօգնի հայերին վերակենդանացնել Մեծ Հայքը։ Նախ՝ Համահայկական ժողովի տեսքով, ապա՝ 387 թվականից բռնազավթված բոլոր հողերի վերադարձի միջոցով։ Երբ Հայոց թագավորները չէին խորհրդակցում իրենց ժողովրդի տարբեր դասերի հետ, մենք կորցնում էինք հողերը, կորցնում էինք մեր ժողովրդին և մեր ինքնությունը։

Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ շատ արտաքին ուժային կենտրոններ հանդես կգան համաշխարհային մասշտաբով հայ ժողովրդի ինքնակազմակերպման դեմ։ Բայց դրանք նրանց խնդիրներն են, ոչ թե մերը: Մենք պետք է մեկընդմիշտ մեզ համար որոշենք, որ հայերի ճակատագիրը որոշելու են հայերը, այլ ոչ թե արտաքին խաղացողները։

Հայերի ճակատագիրը պետք է որոշի ոչ թե գաղութարարն ու զավթիչը, այլ Տերն ու Նրա կամքը, ով իր պատվիրանների կատարման միջոցով մեզ առաջնորդում է դեպի Հայկական երազանք՝ դեպի Արարատյան թագավորության վերածնունդ: Թո՛ղ այդպես լինի:

Վերջաբանի փոխարեն

Ես փորձեցի հակիրճ լինել: Այնուամենայնիվ, ընթերցողներից որևէ մեկին, հավանաբար, կթվա, որ գիրքը շատ բաների մասին չի պատմել: Իսկ ինչ-որ մեկին կթվա, որ չափից դուրս մանրամասն է պատմվել։ Երկու կարծիքներն էլ ընդունում եմ երախտագիտությամբ և մաքուր սրտով, քանի որ իրագործվել է իմ գլխավոր նպատակը, հանուն որի առաջացել է գրքի գաղափարը` տրվել են երեք հարցերի անկեղծ պատասխաններ․

  • Ովքե՞ր են հայերը։

  • Ինչպե՞ս են հայերն ու աշխարհն ազդում միմյանց վրա:

  • Ի՞նչ սկզբունքներով պետք է վերականգնվի Մեծ Հայքը։

Հայերը երազել գիտեն։ Ուստի հազարամյակներ շարունակ մեր ժողովրդի մեջ հանդիպում են ականավոր բանաստեղծներ և արձակագիրներ, մտածողներ և գիտնականներ, հրամանատարներ և գյուտարարներ։ Գիտության և արվեստի գրեթե բոլոր նշանակալի ուղղություններում կան հայկական մեծ անուններ։ Մենք եղել և մնում ենք օրհնություն այլ ազգերի համար։ Բայց սա արդեն անցյալ փուլն է։ Այժմ հայերը պետք է օրհնություն դառնան իրենք իրենց համար։ Ժամանակն է, որ յուրաքանչյուր հայ ընտրություն կատարի` ինքը ծառայում է Հայկական երազանքին կամ ծառայում է այլ ազգերի երազանքներին: Առանց որևէ «չեզոքության» և վերապահումների:

Պոնտացի Պիղատոսը, ով ձեռքերը լվացել էր բառացի և փոխաբերական իմաստով, ցանկանում էր չեզոք թվալ, բայց նա, միևնույն է, մարդկության պատմության մեջ մնաց որպես մեր Տեր Հիսուս Քրիստոսի դավաճան: Քանզի չի կարելի չեզոք լինել չարի նկատմամբ. եթե չեզոք ես, ուրեմն ընդունում ես չարը:

Յուրաքանչյուր հայ պետք է ինքնորոշվի Արարատյան թագավորության` այն նույն Արարիչ-Աստծո եկեղեցու հարցում, որը երեք անգամ նոր կյանք է պարգևել աշխարհին, այն նույն եկեղեցու, որը 2023 թվականի դրությամբ օտարների կողմից օկուպացված է գրեթե 90 տոկոսով: Դու կա՛մ Արարատյան թագավորության ազատության մարտիկն ես, կա՛մ հայկական հողերի օկուպացիայի [հայախոս] մասնակիցը։

Մենք նաև պետք է խնամքով վերաբերվենք այն ժողովուրդներին և նրանց առանձին ներկայացուցիչներին, ովքեր մեզ հետ միասին պայքարում են և կպայքարեն Հայաստանի ազատագրման համար, քանզի նրանք իրենց սիրով Տիրոջ առաջ հավիտենական փառք կժառանգեն:

Հայկական երազանքը հավաքական հայկական հոգու ձուլվածք է` ուղղված ապագային: Հայկական երազանքը սկսվում է հավատքից։ Եթե հավատում ես, ուրեմն ապրում ես և, ի վերջո, հաղթում ես: Իրականությունը պլաստիլինի նման է. կամ դու ինքդ ես քանդակում այն, կամ մեկ ուրիշը քանդակում է այն քո փոխարեն՝ օգտագործելով քեզ իր շահադիտական նպատակների համար:

Գրքում ես հաճախ եմ անդրադարձել պատմական փաստերին, բայց ոչ թե հանուն բուն պատմության, որն այլևս հնարավոր չէ փոխել, այլ հանուն նրա, որ ճշմարտությունը լցնի հայկական ներկան և հայկական ապագան:

Ինչպե՞ս հետևել Հայկական երազանքին։ Յուրաքանչյուր հայ կամ հայուհի պետք է հիշի, որ նա է այն քարը, որի վրա կվերածնվի Արարատյան թագավորությունը: Եվ այդ քարը պետք է սրբատաշվի, որպեսզի կատարի իր նախախնամությունը Աստծո հետ Ուխտի շրջանակներում:

Եթե ուսուցիչ ես, ով կրթություն է տալիս հայ երեխաներին, նվիրիր նրանց ոչ միայն գիտելիք, այլև քո սերը հայրենիքի հանդեպ, առանց որի գիտելիքը կորցնում է իր իմաստը: Եթե դու զինվոր ես, ով պաշտպանում է Հայաստանը, օրինակ եղիր քո մերձավորի համար, սովորեցրու նրան քո տիրապետած հմտությունները, և վաղը դուք մեկ ամբողջություն կլինեք` անհաղթ առյուծներ, ովքեր հսկում են Հավիտենական Թագավորության դարպասները: Եթե հողագործ ես, ով ազնիվ աշխատանքով հացահատիկ է աճեցնում իր և իր մերձավորների համար, իմացիր՝ Հայկական երազանքը պատկանում է նրանց, ովքեր ոչ միայն արյունով, այլև իրենցով քրտինքով  են ջրում այն: Եթե բժիշկ ես, ով բուժում է մարդկանց, իմացիր` ձեռքերդ մոտեցնում են այն մեծ օրը, երբ մեզնից յուրաքանչյուրը քար կդնի Արարատյան թագավորության հիմքում:

Մենք բոլորս միասին Մեծ Հայքի 15 նահանգներից սերած, իրարից տարբեր, հայոց լեզվի տարբեր բարբառներով խոսող, տարբեր կրոններ դավանող Հայկական գետն ենք, որը հոսում է դեպի Արարչագործության Լեռը`այնտեղ, որտեղ կնքվել է պատմության մեջ առաջին Ուխտը մարդու և Աստծո միջև։